Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գործազրկության մակարդակի նվազման անհասկանալի պատճառը

Վերադարձ լուրերի բաժին

09:25 , 05 Հոկտեմբեր 2017

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն անցած շաբաթվա վերջին հրապարակեց 2017 թվականի երկրորդ եռամսյակի գործազրկության մակարդակի ցուցանիշը։ Միանգամից նշենք, որ այն նվազել է թե՛ այս տարվա առաջին եռամսյակի համեմատ, թե՛ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։

Այսպես, 2017 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկության մակարդակը Հայաստանում 17.8% է, մինչդեռ 2016 թվականի երկրորդ եռամսյակում այն 18.4% էր, իսկ այս տարվա առաջին եռամսյակում հասել էր 19%-ի։

Թվում է՝ սա նորմալ է. այս տարվա առաջին կիսամյակում տնտեսությունն աճել է 6%-ով, և սա իր հետ պետք է բերեր նաև գործազրկության կրճատման կամ զբաղվածության աճի։ Ցանկության դեպքում կարելի է բացատրություն գտնել, թե առաջին եռամսյակում տնտեսական աճին զուգահեռ՝ գործազրկությունն ինչո՞ւ ոչ միայն չէր նվազում, այլ հակառակը՝ աճում էր։ Դա նախ՝ կարելի է պայմանավորել օպտիմալացման արդյունքում պետական համակարգի աշխատողների կրճատմամբ, և այն հանգամանքով, որ տնտեսական աճի ազդեցությունը զբաղվածության մակարդակի վրա միանգամից չի դրսևորվում։ Աշխատանքի շուկան 2017 թվականի երկրորդ եռամսյակում ունի հետևյալ պատկերը. ՀՀ մոտ 3 մլն բնակիչներից 2 մլն 94.1 հազարը համարվում են աշխատանքային ռեսուրսներ (մնացածի մեջ են մտնում անչափահասները, թոշակառուները և այլք)։

Աշխատանքային ռեսուրսները բաժանվում են տնտեսապես ակտիվ և ոչ ակտիվ բնակչության։ 2017 թվականի երկրորդ եռամսյակում տնտեսապես ոչ ակտիվ բնակչության թիվը կազմել է 826.7 հազար մարդ, տնտեսապես ակտիվ բնակչությանը՝ 1 մլն 267.4 հազար մարդ (տես գծապատկերը)։

ashx-shuka

Տնտեսապես ակտիվ բնակչությունն էլ իր հերթին՝ բաժանվում է զբաղվածների և գործազուրկների։ 1 մլն 267.4 հազար հոգուց 1 մլն 41.5 հազարը եղել են զբաղված, 225.9 հազարը՝ գործազուրկ։ Իսկ գործազրկության մակարդակը ցույց է տալիս գործազուրկների թվի և տնտեսապես ակտիվ բնակչության հարաբերակցությունը (225.9 հազարը 1 մլն 267.4 հազարի 17.8%-ն է)։

Ինչպես նշեցինք, գործազրկության մակարդակը 2017 թվականի 1-ին եռամսյակի 19%-ից նվազել է մինչև 17.8%։ Մեկ եռամսյակի ընթացքում գործազրկության մակարդակը 1.2 տոկոսային կետով նվազեցնելը լուրջ ձեռքբերում է։

ԱՎԾ զեկույցը ցույց է տալիս, որ զբաղվածների թիվը 2017 թվականի առաջին եռամսյակում 974.5 հազար էր, իսկ երկրորդ եռամսյակում՝ 1 մլն 41.5 հազար։ Այսինքն, միայն երկրորդ եռամսյակի ընթացքում զբաղվածների թիվը Հայաստանում ավելացել է 67 հազարով։ Սա ընդհանրապես ռեկորդային ցուցանիշ է։

Սակայն կա մի հակասություն, որը թույլ չի տալիս լիարժեք ոգևորվել գործազրկության մակարդակի նվազմամբ։ Առաջին հայացքից պարզ թվացող մի հարց տանք՝ եթե զբաղվածների թիվը 67 հազարով ավելացել է, ուրեմն որքանո՞վ պետք է նվազած լինի գործազուրկների թիվը։ Կարծում եք՝ նույն չափո՞վ, կամ գոնե դրան մո՞տ չափով։ Մենք նույնպես այդպես էինք կարծում, սակայն վիճակագրությունն այլ բան է ասում. 2017 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը Հայաստանում նվազել է ընդամենը 2.5 հազարով՝ 228.4 հազարից հասնելով 225.9 հազարի։

Ինչպե՞ս կարող է զբաղվածների թիվն ավելանալ 67 հազարով, իսկ գործազուրկների թիվը նվազել ընդամենը 2.5 հազարով։ Իսկ այն մնացած 64.5 հազար ավելի աշխատատեղերն ովքե՞ր են լրացրել։ ԱՎԾ-ի զեկույցից ստացվում է, որ դա տեղի է ունեցել տնտեսապես ակտիվ բնակչության աճի հաշվին։ Ըստ զեկույցի՝ տնտեսապես ակտիվ բնակչության թիվն առաջին եռամսյակի 1 մլն 202.9 հազարից հասել է 1 մլն 267.4 հազարի։ Իսկ տնտեսապես ակտիվ բնակչության թի՞վն ինչու է ավելացել 64.5 հազարով։ Դրանցից 12.6 հազարը տեղի է ունեցել ոչ ակտիվ բնակչության նվազման հաշվին։ Այսինքն, տնտեսապես ոչ ակտիվ հատվածի մի մասը սկսել է աշխատել և համալրել ակտիվների շարքերը (ասենք, տնային տնտեսուհիները որոշել են աշխատել)։

Մնաց հասկանանք 52 հազարի հարցը։ ԱՎԾ զեկույցից ստացվում է, որ հենց այդքանով՝ 52 հազարով, ավելացել են աշխատանքային ռեսուրսները. առաջին եռամսյակում աշխատանքային ռեսուրսները կազմել են 2 մլն 42.1 հազար մարդ, երկրորդ եռամսյակում՝ 2 մլն 094.1 հազար մարդ։

52 հազարով աշխատանքային ռեսուրսների ավելացումը, այն էլ՝ մեկ եռամսյակի ընթացքում, Հայաստանի նման փոքր բնակչություն ունեցող երկրի համար լրջագույն շարժ է։ Սակայն հենց այստեղ էլ թաքնված է գլխավոր հակասությունը։

Այսպես, ըստ նույն ԱՎԾ-ի տվյալների՝ 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 981.5 հազար մարդ, հուլիսի 1-ի դրությամբ՝ 2 մլն 979.9 հազար մարդ։ Այսինքն՝ երկրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է 1.6 հազարով։

Ամենակարևոր հարցը, որն այս պահին պարզաբանման կարիք ունի, հետևյալն է՝ ինչպե՞ս կարող է բնակչության թիվը նվազել 1.6 հազարով, իսկ աշխատանքային ռեսուրսների քանակն ավելանալ 52 հազարով։ Հենց այս անհասկանալի հակասության մեջ է թաքնված գործազրկության մակարդակի նվազման գաղտնիքը, որը, հուսով ենք, պատկան կառույցները հարկ կհամարեն պարզաբանել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է