Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գործադիրի միլիոնները. դրամական միջոցների և եկամուտների մանրամասն վերլուծություն

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

10:01 , 06 Հունիս 2016

Վերջին շրջանում մեծացել է հետաքրքրությունը առանձին պաշտոնյաների գույքի, դրամական միջոցների և եկամուտների նկատմամբ։ Լրատվամիջոցները ժամանակ առ ժամանակ հրապարակում են այս կամ այն պաշտոնյայի՝ գույքի և եկամուտների հայտարարագրի տվյալները։

Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունը այդ թեմայի նկատմամբ՝ մենք որոշեցինք մանրամասն անդրադառնալ այդ թեմային։ B4B.am-ը մշակել է գործադիր իշխանության 25 բարձրաստիճան պաշտոնյաների դրամական միջոցների ու եկամուտների տվյալները։

Ներկայացված են թե առանձին պաշտոնյաների դրամական միջոցների ու եկամուտների շարժը, թե ընդհանուր պատկերն ու փոփոխությունները։

Մենք ուսումնասիրել ենք ոչ միայն կոնկրետ պաշտոնյայի, այլ նաև նրա հետ փոխկապակակցված անձանց հայտարարագրերը և ներկայացրել դրանք միասին։ Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ պաշտոնյաների փոխկապակցված անձանց բաժին է ընկնում ընդհանուր դրամական միջոցների 40%-ից ավելին։ Այնպես որ, պատկերն ավելի ճշգրիտ ստանալու համար մենք կոնկրետ պաշտոնյայի հետ միասին ներառել ենք նաև նրա հետ փոխկապակցված անձի դրամական միջոցները։

25-dram-ownership
Հոդվածի վերջում ներկայացված է մանրամասն աղյուսակ, որտեղ կարող եք տեսնել՝ ովքեր են փոխկապակցված անձինք, և որքան է նրանց ունեցվածքը՝ ըստ արժույթների։

Տվյալները վերցված են պաշտոնյաների՝ 2015 թվականի պաշտոնական հայտարարագրերից։ Միայն Դավիթ Լոքյանի և Լևոն Մկրտչյանի դեպքում վերցրել ենք 2016 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, քանի որ նրանք 2015-ին տարեկան հայտարարագիր չեն լրացրել։

Եվ այսպես, գնացինք։

ՈՎ ՈՐՔԱՆ ՓՈՂ ՈՒՆԻ

2015 թվականի վերջի դրությամբ ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ իր կնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի հետ միասին։ Վարչապետը հայտարարագրել է 180 մլն դրամ և 1.6 մլն դոլար, իսկ նրա կինը՝ 210 մլն դրամ և 2 մլն 670 հազար դոլար։ Ամուսինների ընդհանուր դրամական միջոցները, այսպիսով, դոլարային արտահայտությամբ գերազանցում են 5 մլն դոլարը։

Երկրորդ տեղում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է, ով իր կնոջ հետ միասին հայտարարագրել է 582.8 մլն դրամ և 3 մլն 162 հազար դոլար։ Ընդամենը դոլարային արտատահայտությամբ՝ ավելի քան 4.3 մլն դոլար։
Դրամական միջոցների ծավալով երրորդը բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն է՝ 3.5 մլն դոլար։

Նրան հաջորդում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ 3.3 մլն դոլար։
Դոլարային միլիոնատեր-պաշտոնյաների հնգյակը եզրափակում է ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը՝ 2.2 մլն դոլար։

Ընդհանուր առմամբ, նշված 25 պաշտոնյաները՝ իրենց հետ փոխկապակցված անձանց հետ միասին, 2015-ի վերջին հայտարարագրել են շուրջ 9.8 մլրդ դրամին կամ 20.3 մլն դոլարին համարժեք դրամական միջոցներ։

Կրկին նշենք, որ այստեղ և այսուհետ ներկայացվող բոլոր թվերը պաշտոնյաների և փոխկապակացված անձանց միասնական տվյալներն են (մանրամասն աղյուսակը՝ հրապարակման վերջում):

25-dramakan-mijocnerP

ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՃԸ ԵՎ ՆՎԱԶՈՒՄԸ

2015 թվականի ընթացքում ամենից շատ ավելացել են ՊԵԿ նախագահի դրամական միջոցները՝ 424.4 հազար դոլարին համարժեք չափով։
Ֆինանսների նախարարի դրամական միջոցներն աճել են 89.3 հազար դոլարին համարժեք չափով, բնապահպանության նախարարինը՝ 27 հազար դոլարի չափով։

Ամենից շատ նվազել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի դրամական միջոցները, համապատասխանաբար, 319 և 312 հազար դոլարին համարժեք գումարի չափով։

Ընդհանուր առմամբ, նշված 25 պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց դրամական միջոցները 2015-ի ընթացքում աճել են շուրջ 11.6 մլն դոլարին համարժեք դրամով։

25-dram-popoxutyunP

ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԴՈԼԱՐԸ

Դրամական միջոցների վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ազգային դրամին այնքան էլ չեն վստահում։ 25 պաշտոնյաների դրամական միջոցներից ընդամենը 34%-ն է ՀՀ դրամով։

Գումարների մեծ մասը՝ 65%-ը, պահվում է ԱՄՆ դոլարով, 1%-ը՝ եվրոյով։

Մեծահարուստ պաշտոնյաներից միայն Արամայիս Գրիգորյանն է իր միջոցների մեծ մասը պահում ՀՀ դրամով։ Նա նաև այս 25-ից միակն է, ով հայտարարագրել է նաև ռուբլով դրամական միջոցներ (300 000 ռուբլի):

25-dram-currency

 

ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Խոսքը վերաբերում է պաշտոնյաների կողմից հանձնված փոխառություններին, որոնց մեջ մտնում են նաև բանկերում դրված ավանդները։
Այսինքն, սրանք այն գումարներն են, որոնք «քնած» չեն և որոնց դիմաց կարելի է տոկոսներ ստանալ։

Պաշտոնական հայտարարագրերում փոխառությունները նշվում են դրամական միջոցներից առանձին։ Սակայն դրամական միջոցների մասին առավել ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է դիտարկել նաև փոխառությունները։

Մեր դիտարկած 25 պաշտոնյաներից 6-ն են 2015-ի վերջին հանձնած փոխառություններ հայտարարագրել։
Ամենից շատ փոխառություն ունի Հովհաննես Հովսեփյանը՝ 2 մլն դոլար (դոլարային փոխառություն):
1 միլիոնից ավելի դոլարային փոխառություն է հայտարարագրել նաև Գագիկ Խաչատրյանը։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը (և փոխկապակցված անձը) 2015 թվականի տարեկան հայտարարագրում հանձնած փոխառություններ չեն նշել, սակայն նույն տարում որպես եկամուտ նշել են նաև փոխառությունների դիմաց ստացված հատուցում։

25-poxarutyun

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

2015 թվականի ընթացքում ամենից շատ եկամուտ ունեցել է ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը՝ 352 մլն դրամ։ Հովսեփյանի եկամտի հիմնական մասը գոյացել է նվիրատվություններից (164.2 մլն դրամ) և գույքի օտարումը (120.7%):

Երկրորդ տեղում ֆինանսների նախարարն է: Գագիկ Խաչատրյանն անցած տարվա ընթացքում ստացել է 183.2 մլն դրամի եկամուտ, որի մեծ մասը եղել են տրված փոխառությունների դիմաց տոկոսները։

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ունեցել է 123.8 մլն դրամի եկամուտ, որից 31.7 միլիոնը՝ շահաբաժիններ, 85 միլիոնը՝ այլ եկամուտ։

Պաշտոնյաներից 8-ը որպես եկամտի միակ աղբյուր նշել են աշխատավարձը։

25-income-in-detail

Նշենք, որ 25 պաշտոնատար անձանցից երկուսը՝ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ստացել են նաև կենսաթոշակ։

Ընդհանուր առմամբ, նշված 25 պաշտոնատար անձինք միասին 2015 թվականին ստացել են 1 մլրդ 144.5 մլն դրամի եկամուտ։

25-income-sources

 

Եկամուտների 22%-ը գոյացել է աշխատավարձերից։ Երկրորդ խոշորագույն աղբյուրը հանձնված փոխառությունների դիմաց ստացված տոկոսներն ու հատուցումներն են (20%)։

Եկամուտների 19%-ը գոյացել է նվիրատվություններից, 16%-ը՝ գույքի օտարումից։

Վարձակալությունից ստածված գումարները կազմել են ընդհանուր եկամուտների 5%-ը, շահաբաժինները՝ 4%-ը, ստացված վարկերը՝ 2%-ը, կենսաթոշակը՝ 1%-ը։ 11%-ը այլ եկամուտներ են։

Հ.Գ. – Իհարկե, առավել ամբողջական պատկեր ստանալու համար կարելի էր վերլուծել նաև պաշտոնյաների շարժական ու անշարժ գույքի, ինչպես նաև բաժնետոմսերի և այլ արժեթղթերի շարժը, սակայն դա լրացուծիչ լուրջ աշխատանք է պահանջում, որին առաջիկայում նույնպես կանդրադառնանք։

 

25 պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց դրամական միջոցների մանրամասն տվյալները՝ 2015 թվականի վերջի դրությամբ

25-dramakan-mijocner-manramasn

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տուրիստական նոր միտում՝ օրավարձով բնակարաններ

Հայկական ստարտափը սահմանել է բնակարանների օրավարձով տրամադրման նոր չափորոշիչներ՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը: Hhoonj.com՝ օրավարձով բնակարանների նոր հասցեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ուկրաինան և Հայաստանը միմյանց հետ գրեթե չունեն տնտեսական հարաբերություններ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Որո՞նք են հաջողակ գործարարի թալիսմանները

Անիմացիոն հոլովակ, որը պատմում է, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում: