Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գների կայունությունը և Կենտրոնական բանկի անկախությունը

Վերադարձ լուրերի բաժին

17:18 , 12 Մարտ 2018

տ.գ.դ. պրոֆեսոր Հ.Լ.Սարգսյան

տ.գ.դ. պրոֆեսոր Ռ.Ա.Գևորգյան

Տարեսկզբին որոշ ապրանքատեսակների թանկացումից հետո հասարակական լայն քննարկման առարկա դարձավ գների կայունության հիմնախնդիրը: Իսկապես, Հայաստանի նման փոքր երկրի  համար այդ խնդիրը չափազանց մեծ կարևորություն է ստանում, քանի որ տնտեսության բաց լինելը հանգեցնում է արտաքին շոկերի ուղղակի ազդեցությանը տարբեր ոլորտների վրա և հանդիսանում է գնաճի պատճառ, իսկ տնտեսության փոքր լինելը բերում է այդ շոկերը մարելու շուկայական ինքնակարգավորման մեխանիզմների սահմանափակմանը:

Գների կայունացման հարցի շուրջ Խորհրդարանում կայացած  լսումների և այլ հարթակներում հարցի քննարկման ժամանակ խոսվել է տարբեր հնարավորությունների և մեխանիզմների մասին, որոնք կարող են ապագայում մեղմել գների կտրուկ փոփոխման հետևանքները, իսկ որոշ դեպքերում նաև՝  կանխել այդ իրավիճակների զարգացումը: Օրինակ, շատ լուրջ քննարկման առարկա դարձավ մրցակցության բարձրացման և մրցակցային հավասար պայմանների ստեղծման անհրաժեշտության հիմնահարցը: Անկասկած, գների կայունությունն ապահովելու համար դա շատ կարևոր գործոն է, սակայն պետք է հասկանալ, որ փոքր տնտեսությունների առկայության պարագայում մրցակցային շուկայի ազդեցությունը գների կայունության վրա խիստ սահմանափակված է հենց տնտեսության չափերով: Անդրադարձը գների կայունության ապահովման մեկ այլ՝ ինստիտուցիոնալ հնարավորությանը մենք կարևորում ենք այն պատճառով, որ բոլոր քննարկումների ընթացքում վերջինս երկրորդ պլան է մղվում:

Հայտնի է, որ Կենտրոնական բանկի գլխավոր նպատակը գների կայունության ապահովումն է, որը  սահմանված է ՀՀ  Սահմանադրության 200-րդ հոդվածի 2-րդ կետով, իսկ նույն հոդվածի 1-ին կետով սահմանվում է, որ իր գործառույթները իրականացնելիս Կենտրոնական բանկն անկախ է: Մեր կարծիքով, ԿԲ-ի անկախությունը գների կայունության կարևորագույն գործոն է, հատկապես փոքր շուկայական տնտեսություն ունեցող երկրներում: Այդ մասին են վկայում բազմաթիվ հեղինակավոր հետազոտությունները:

Զարգացած երկրների համար այս օրինաչափությունը հայտնաբերվել է դեռևս նախորդ դարի 80-ական թվականների վերջին: Մասնավորաբար, Կուկերմանի աշխատություններում ցույց է տրված, որ զարգացած երկրներում գոյություն ունի հստակ ուղիղ գծային կապ կենտրոնական բանկերի անկախության համաթվի և գնաճի միջև: Նմանատիպ աշխատություններում նշվում է, որ գոյություն ունի տարբերություն կետրոնական բանկերի դե-յուրե և դե-ֆակտո անկախությունների միջև: Եթե զարգացած երկրներում դե-յուրե անկախության և գնաճի միջև կապը միանշանակ է, ապա զարգացող երկրներում այդ կապը ավելի թույլ է արտահայտված, քանի որ դե-յուրե անկախությունը դեռևս չի նշանակում դե-ֆակտո անկախություն: Այս հանգամանքը պայմանավորված է զարգացող երկրներում ինստիտուտների ցածր զարգացվածության մակարդակով:

Կենտրոնական բանկերի անկախության և գնաճի միջև կապը ուսումնասիրվել է նաև անցումային երկրների համար: Այս հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ անցումային շրջանի առաջին տարիներին կենտրոնական բանկերի անկախության և գնաճի միջև վիճակագրորեն նշանակալի կապ գոյություն չի ունեցել: Միևնույն ժամանակ, կենտրոնական բանկերի դե-յուրե և գնաճի ցուցանիշների միջև հայտնաբերվել է նշանակալի գծային կապ անցումային շրջանի վերջին տարիներին՝ 2009-2016թթ.: Ավելին, այդ կապը ժամանակի ընթացքում անցումային երկրների համար ավելի ու ավելի արտահայտված է դրսևորվում:

Այս ամենը վկայում է այն մասին, որ փոքր բաց շուկայական տնտեսություններում, ինչպիսին Հայաստանն է, Կենտրոնական բանկի անկախությունը դառնում է մակրոտնտեսական և ֆինանսական կայունության կարևորագույն գործոն: Նոր սահմանադրության ընդունումը և կառավարման նոր համակարգի անցումը պետք է իրականացվի այնպես, որ Կենտրոնական բանկը շարունակի մնալ անկախ, ինչը և գների կայունության կարևորագույն նախադրյալն է:

Երբ մենք խոսում ենք, ընդհանրապես, տնտեսական խնդիրների տնտեսաիրավակարգավորումների մասին, պետք է նկատենք, որ ոլորտներն և ինստիտուտները բազմազան են: Օրինակներից մեկն այն է, որ նոր Սահմանադրության շրջանակներում փոփոխության են ենթարկվում Կենտրոնական բանկի նպատակները: Ինչպես խոսվել է, գների կայունության ապահովման հիմնական նպատակին ավելանում է նաև ֆինանսական կայունության հիմնական նպատակը: Փոխվում են նաև Կենտրոնական բանկի ղեկավարության նշանակման մոտեցումները, և Կենտրոնական բանկի ղեկավարների թեկնածություններն առաջադրում է իշխող կուսակցությունը:

Այստեղ թվում է, թե կարող է սահմանափակվել Կենտրոնական բանկի գործառույթների իրականացման անկախությունը, որպեսզի կառավարությունների համար կարճ ժամկետում ապահովվի տնտեսական աճ, զբաղվածություն: Վերջիններիս հասնելու համար անհրաժեշտ կլինի էժանացնել փողը տնտեսությունում: Եթե Կենտրոնական բանկը գնա այդ քայլին, կարևորելով կառավարության կարճաժամկետ առաջնահերթությունները, վաղ թե ուշ, կհանգի բարձր գնաճի խնդրին: Այս իրավիճակը կդիտվի Կենտրոնական  բանկի անկախությունը կրճատելու փորձ: Ներկայումս հետազոտություններ են ծավալվում, թե ինչպես անել, որ անկախության սահմանափակման գայթակղությունները չգերակայեն տնտեսական անհրաժեշտություններին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Diaspora bonds. Ինչպե՞ս սփյուռքից ներդրումներ ներգրավել

Հայաստանը` որպես պետություն, նոր ուղիներ/ ֆինանսական գործիքներ ստեղծելու անհրաժեշտություն ունի Սփյուռքի ֆինանսական/ներդրումային ներուժը իրացնելու համար

Չափազանցված սպասումների վտանգը

Շատերը սպասում են, որ շատ արագ իրենց սոցիալական վիճակը բարելավվելու է, թոշակները բարձրանալու են, աշխատավարձերը աճելու են

Բիզնեսի հետ խոսելու ժամանակը

Տարիներ շարունակ միշտ նշվել է, որ պետությունը և բիզնեսը պետք է ոչ թե մեկը մյուսին հակառակորդ դիտարկեն, այլ՝ գործընկեր