Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գնաճը հունվարին. բա՞րձր էր, թե՞…

Վերադարձ լուրերի բաժին

14:20 , 18 Մարտ 2018

Հայկ Մնացականյան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարվման ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ

2017 թվական տարեվերջին գրեթե ամեն օր մամուլում շրջանառվում էր բարձր գնաճի թեման: Ընդ որում, հասարակության համար մտահոգիչ էր ոչ թե՝ գների դեկտեմբերյան սեզոնային աճը, այլ՝ թե ինչ է լինելու առաջիկա ամիսներին: Տնտեսագետների մի շրջանակ պնդում էր, որ հունվարից շատ բարձր գնաճ է գրանցվելու, քանի որ սպասվում է 800 ապրանքատեսակների գծով մաքսատուրքերի աճ, ակցիզային հարկի դրույքաչափ է փոխվելու վառելիքի որոշ տեսակների համար: Գնահատվում էր, որ այս ամենն իր հետ կբերի երկրորդային ազդեցություններ, և գնաճը շատ բարձր կլինի:

Այն, որ Հայաստանում դեկտեմբեր և հունվար ամիսներին պատմականորեն բարձր գնաճ է արձանագրվում, գաղտնիք չէ: Դա սեզոնային պարենային ապրանքների գնաճով է պայմանավորված. բոլորս էլ տեսնում ենք դա տարիներ շարունակ:

Սակայն բազմաթիվ հրապարակումներում խոսքը գնաճի շատ բարձր ցուցանիշների մասին էր:

Հետաքրքիրն այն էր, որ այդ ժամանակահատվածում Կենտրոնական բանկը «քչախոս» էր. հրապարակել էր գնաճի իր կանխատեսումը, որը բարձր չէր, նաև՝ հպարարակել էր իր գնահատականը մաքսային և հարկային օրենսդրության ազդեցության չափի վերաբերյալ, որը կրկին բարձր չէր: Նույնիսկ այնքան վստահ էր իր գնահատականներում, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացրեց դեկտեմբերին գնաճի հեռանկարի վերաբերյալ այդ «իրարանցման» ընթացքում և հայտարարեց, որ սպասումները հիմնավոր չեն:

Ինչ ունենք հունվարին. Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց, որ հունվարին դեկտեմբերի նկատմամբ գնաճը կազմել է 2,7%, այնուհետև Կենտրոնական բանկը հրապարակեց, որ այդ 2,7%-ի միայն 0,4 տոկոսային կետն է կազմում վառելիքի վրա ակցիզային դրույքաչափի փոփոխության ազդեցությունը: Իսկ մնացած մա՞սը: Տվյալները փաստում են, որ դա սեզոնայնության գործոնի ազդեցության հետևանք է: Պատմական անդրադարձը հունվարյան գնաճներին ապացուցում է դա:

chart-01

Տարվա ընթացքում սեզոնային ապրանքների գների փոփոխությունները ամենամեծ չափով արտացոլվում են աճի ուղղությամբ՝ հունվար, դեկտեմբեր ամիսների ցուցանիշներում, իսկ նվազեցման ուղղությամբ՝ հունիս, հուլիս ամիսների ցուցանիշներում: Ընդ որում, եթե վերլուծենք սեզոնայնության ազդեցությունը հունվարի գնաճի ցուցանիշին, 2010-2017 թվականների տվյալներով այն գնահատվում է ավելի քան 2 տոկոսային կետ: Եթե համեմատենք 2018 թվականի հունվարի գնաճը 2010 թվականից ի վեր հունվար ամիսների գնաճների միջին թվաբանական ցուցանիշի հետ, այն համընկնում է միջին՝ 2.7% ցուցանիշի հետ:

Թերևս, այն, որ բարձր գնաճ չեղավ, ակնհայտ է: Սակայն այդ ամենից հետո էլ, բարձր գնաճի կանխատեսումների արդարացում փնտրելով, համեմատական է տարվում այլ երկրների հունվարի գնաճի ցուցանիշի հետ. «հունվարին ԱՊՀ երկրների շարքում Հայաստանում ամենաբարձր գնաճն է արձանագրվել»:

Մինչ մեկնաբանելը նշեմ, որ շատ կարևոր է, թե ինչ ցուցանիշներ են համադրվում: Ամսական կամ նախորդ ամսվա նկատմամբ գնաճներով երկրների միջև համեմատություն անելը, որպես կանոն, ճիշտ պատկեր չի տալիս, քանի որ ամսական գնաճի ցուցանիշներն իրենց մեջ սեզոնայնության տարր են պարունակում: Ինչո՞ւ: Քանի որ համեմատվող երկրները, մեծ հավանականությամբ, տարբեր սեզոնայնություններ կարող են ունենալ: Բացի այդ, ամսական գնաճի վրա մեծ է կոնկրետ այդ ամսվա ընթացքում տարբեր, այսպես կոչված, «պատահական» գործոնների ազդեցությունը: Հետևապես, տարբեր սեզոնային և պատահական գործոնների ազդեցության փաստը անիմաստ է դարձնում տարբեր երկրների ամսական գնաճերի համեմատումը և տնտեսագիտական դատողությունների կատարումը:

Ավելի կարևոր հանգամանք է այդ երկրների սպառողական զամբյուղի կառուցվածքը, որը չի համընկնում ցանկացած երկու երկրներում:

Թվային մեկնաբանություններով ապացուցեմ վերոնշյալը:

Հայաստանում, սպառողական զամբյուղում սննդամթերքի տեսակարար կշիռը կազմում է 41%: Այսինքն, միջին սպառողն իր ծախսումների 41%-ն ուղղում է սննդամթերքի ձեռքբերմանը: Վրաստանում՝ 30%-ն է, Ռուսաստանում՝ 31%-ը, Ղազախստանում՝ 33,4%-ն է, Բելառուսում՝ 37,8%-ը, և այլն: Այսինքն, սննդամթերքի գների աճը Հայաստանում ավելի մեծ չափով է նպաստում գնաճի ընդհանուր ցուցանիշին, քան Վրաստանում սննդամթերքի նույնչափ աճը: Օրինակ բերեմ. 2017 թվականին Հայաստանում սննդամթերքի 5,5%-ով գների միջին աճը հանգեցրել է 2,3 տոկոսային կետ գնաճի, իսկ Վրաստանում ավելի բարձր՝ 7,3% աճը հանգեցրել է ավելի ցածր՝ 2,2 տոկոսային կետ գնաճի: Նման պատկեր է ստացվում, երբ համեմատում ենք տարածաշրջանի մյուս երկրների հետ:

Հայաստանում հունվարին գրանցվեց 2,7%: Եթե բացառենք հարկային և մաքսային օրենսդրության փոփոխության ազդեցությունը, գնաճի մնացած մասը բաժին է ընկնում սեզոնային պարենային ապրանքներին: Եվ քանի որ Հայաստանում սպառողական զամբյուղի կառուցվածքում հարաբերականորեն բարձր է սեզոնային պարենային ապրանքների տեսակարար կշիռը, հետևաբար, գնաճի ցուցանիշի վրա այդ ապրանքների գների փոփոխություններն ավելի մեծ չափով են ազդում: Այո, այդպես էլ սպասվում էր, վիճակագիրների և տնտեսագետների համար դա բացատրելի է: Ամռան ամիսներին կտեսնենք հակառակ պատկերը՝ խորը գնանկման ցուցանիշներով:

Բերված գծապատկերները 2015-2017 թվականների համար ապացուցում են վերը նկարագրվածը:

chart-02 chart-03 chart-04

Գծապատկերներից ակնհայտ է, որ Հայաստանում, ի տարբերություն շատ երկրների, դեկտեմբեր և հունվար ամիսներին արձանագրվող բարձր գնաճը փոխհատուցվում է հուլիսի խորը գնանկմամբ: Ընդ որում, երկրներից ամենախորը գնանկում հուլիսին արձանագրվում է Հայաստանում:

2017 թվականի հունվարին Հայաստանում գնաճը կազմել է 2,6%, հուլիսին՝ -2,6, օգոստոսին՝ -0,4%: Բելառուսում հունվարին արձանագրվել է ավելի ցածր՝ 0,9% գնաճ, բայց հուլիսին և օգոստոսին շատ ավելի քիչ գնանկում՝ -0,1% և -0,8%: Ղազախստանում 2017 թվականի հունվարին գնաճը կազմել է 0,8%, և ոչ թե՝ գնանկում, այլ՝ գնաճ է արձանագրվել նաև հուլիսին՝ 0,1%, ևս 0,1%՝ օգոստոսին:

Հետևաբար՝ ճիշտ չէ համեմատել ամսական գնաճները:

Այլ է պատկերը, երբ դիտարկում ենք 12-ամսյա գնաճի վարքագիծը, որտեղ արդեն չեզոքացվել են սեզոնային թռիչքներն ու անկումները: 12-ամսյա գնաճն առավել ճշգրիտ է բացահայտում սպառողական գների ընդհանուր մակարդակի միտումների օրինաչափությունները և համարվում է միջազգային համեմատությունների համար համադրելի ցուցանիշ:

chart-05

Ավելին, այն Հայաստանում ավելի քիչ տատանողական և հարթ հետագիծ ունի, քան ԱՊՀ շատ երկրներում, նաև՝ ցածր է այդ երկրների 12-ամսյա գնաճներից: Թերևս, այս պատճառով Կենտրոնական բանկը իր հրապարակումներում միշտ ներկայացնում է 12-ամսյա ցուցանիշը:

 

Հ.Գ. – Մինչ հոդվածը պատրաստվում էր տպագրության, հրապարակվեց նաև փետրվար ամսվա գնաճի ցուցանիշը, որը կազմում է -0,5%` 2018 թվականի հունվարի նկատմամբ: 12-ամսյա գնաճը փետրվարին կազմում է 3,3%:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ