Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է. ԿԲ խորհրդի անդամ

Վերադարձ լուրերի բաժին

09:12 , 05 Դեկտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն արձանագրում է, որ այսօր գնաճի ցուցանիշները իրենց կանխատեսումներից ցածր են: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Արթուր Ստեփանյանն ընդգծում է, որ գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է և միջնաժամկետ հատվածում արդեն կկայունանա իր նպատակի՝ 4 տոկոսի շուրջ: Սա թույլ է տալու, որ Կենտրոնական բանկը ավելի երկար պահի իրականացվող ընդլայնող դրամավարկային քաղաքականության դիրքը՝ նպաստելով տոկոսադրույքների մակարդակի հետագա իջեցմանը և հետևապես նաև վարկավորման ծավալների ավելացմանը:

– Հայտնի է, որ Կենտրոնական բանկը եռամսյակային պարբերականությամբ հրապարակում է գնաճի հաշվետվություն փաստաթուղթը: Ի՞նչ նպատակ է այն հետապնդում և ի՞նչ տնտեսական ցուցանիշներ են ներկայացվում փաստաթղթում:

Դրամավարկային քաղաքականության ծրագիրը կամ գնաճի հաշվետվությունը Կենտրոնական բանկի գործունեությունը ներկայացնող հիմնական փաստաթուղթն է, որը նաև հասարակության հետ հաղորդակցման գլխավոր միջոց է հանդիսանում: Այս փաստաթղթի հիմնական նպատակն է բիզնեսի ներկայացուցիչներին, ֆինանսական շուկայի մասնակիցներին և հասարակությանը տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ինչպես է Կենտրոնական բանկը տեսնում գնաճի զարգացումները առաջիկա 36 ամիսների կտրվածքով և համապատասխան ինչ քաղաքականություն պետք է իրականացնի, որպեսզի կարողանա ապահովել ԿԲ հիմնական նպատակներից մեկը՝ գների կայունությունը:

Կենտրոնական բանկը գնաճի զարգացումների վերաբերյալ կանխատեսումները ներկայացնում է գնաճի կանխատեսման հավանականությունների բաշխման միջոցով: Բնականաբար, դիտարկվում և գնահատվում է տնտեսական ցուցանիշների լայն խումբ գնաճի ապագա զարգացումները ճշգրիտ կանխատեսելու նպատակով: Դրանց թվում են տնտեսական աճի ապագա զարգացումները, մեր գործընկեր երկրների տնտեսությունների ապագա կանխատեսվող զարգացումները, հարկաբյուջետային քաղաքականության հետագա դիրքը, երկրի վճարային հաշվեկշռի տարատեսակ ցուցանիշներ և այլն:

Որպես օրինակ կարող եմ ներկայացնել տնտեսական աճի կամ ՀՆԱ-ի կանխատեսումները, որոնց համար առանձնացնում ենք կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածներ: Կարճաժամկետ՝ մինչև մեկ տարի ժամկետով ՀՆԱ-ի կանխատեսումները հիմնված են գլխավորապես ներկա իրավիճակի, ընթացիկ զարգացումների և, ըստ էության, մոտակա մեկ տարվա կտրվածքով ապագային նայող որոշակի տեղեկատվության վրա: Գաղտնիք չէ, որ մեր տնտեսությունում այժմ անորոշությունների մեծ մասնաբաժին կա՝ կապված հանքարդյունաբերության ոլորտի ապագա զարգացումների, գյուղատնտեսության ոլորտում առկա որոշակի վիճակագրական և ներճյուղային խնդիրների հետ: Մեր կանխատեսումներում, բնականաբար, հաշվի ենք առնում նաև այս անորոշություններ:

ՀՆԱ-ի երկարաժամկետ՝ 2-3 տարվա կանխատեսումները, որոնք հիմնականում արտացոլում են տնտեսության ներուժային մակարդակը, հիմնված են ներկա և ապագա կապիտալի, աշխատուժի, տեխնոլոգիաների ցուցանիշների վրա: Այստեղ ևս այսօրվա տեղեկատվությամբ ենք փորձում գնահատել այն ներուժային մակարդակը, որը մի քանի տարի հետո կարող է լինել: Իրականացվում է ընթացիկ մշտադիտարկում, թե ինչ տեսակի ներդրումներ, տեխնոլոգիական ինչպիսի նորարարություններ, աշխատուժի մասնագիտացման ինչ մակարդակի փոփոխություններ կարող են տեղի ունենալ տնտեսությունում կամ տնտեսության կառուցվածքի ինչպիսի փոփոխություններ կարող են ապագայում տեղի ունենալ:

ՀՆԱ-ի և տնտեսական այլ ցուցանիշների վերաբերյալ դատողություններն իրականացնելիս մենք պարտավոր ենք ցուցաբերել պահպանողական, պրագմատիկ մոտեցում, այսինքն՝ զերծ մնալ լավատեսական կամ վատատեսական գնահատականներից, որպեսզի կարողանանք ավելի ճշգրիտ կառուցել մեր քաղաքականությունը՝ հասնելով կայունության այն ցուցանիշներին, որոնք կենտրոնական բանկի համար հանդես են գալիս որպես հիմնական նպատակ:

Այս առումով կարևոր է, թե ինչու ենք ընտրել հաշվետվության ներկայացման եռամսյակային պարբերականությունը: Ժամանակի ընթացքում մշտապես հրապարակվում է նոր տեղեկատվություն, որի պատճառով մենք պետք է մշտապես որոշակի ճշգրտումներ իրականացնենք մեր կանխատեսումների, և անհրաժեշտության դեպքում նաև դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունների առումով:

Ամփոփելով՝ նշեմ, որ հաշվետվության հիմնական նպատակն է տալ գնաճային զարգացումների այն հիմնական սցենարը, որին համապատասխան Կենտրոնական բանկը պետք է արձագանքի իր դրամավարկային քաղաքականությամբ:

– Վերջերս հրապարակվեց այս տարվա վերջին եռամսյակի գնաճի հաշվետվությունը: Ի՞նչ հիմնական ուղերձ է այն պարունակում:

Այսօր, ըստ էության, մենք ունենք գնաճի այնպիսի ցուցանիշներ, որոնք մեր կանխատեսումներից ցածր են: Մեր ապագա ենթադրություններն ու կանխատեսումները հետևյալն են. գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է և միջնաժամկետ հատվածում արդեն կկայունանա իր նպատակի՝ 4 տոկոսի շուրջ: Սա թույլ է տալու, որ Կենտրոնական բանկը ավելի երկար պահի իրականացվող ընդլայնող դրամավարկային քաղաքականության դիրքը՝ նպաստելով տոկոսադրույքների մակարդակի հետագա իջեցմանը և հետևապես նաև վարկավորման ծավալների ավելացմանը: Հիշեցնեմ, որ արդեն երկար ժամանակ է, որ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահում է բավական ցածր՝ 6 տոկոս մակարդակի վրա

– Հաշվի առնելով մեր երկրի անցած ուղին և գործող ներկան, կարո՞ղ եք ներկայացնել Հայաստանի տնտեսության ապագայի վերաբերյալ Կենտրոնական բանկի տեսլականը:

2014թ. դեկտեմբերին, երբ խոշորացույցով հնարավոր չէր գտնել որևէ մեկին, ով կհավատար, որ մեր երկիրը, տնտեսությունը և, հատկապես, ֆինանսական համակարգը նորից կվերադառնան իրենց կայուն մակարդակին, կենտրոնական բանկը, հավատալով իր ուժերին, համապատասխան գործառույթներ իրականացրեց, և մենք տեսանք, թե ինչպես վերականգնվեց այդ կայունությունը: Նույնը տեղի ունեցավ նաև 2018թ. ապրիլ-մայիսի ամիսներին: Ներքաղաքական զարգացումների ողջ ընթացքում կենտրոնական բանկը հավատաց իր ուժերին և իրականացրեց բոլոր այն գործողությունները, որոնք թույլ տվեցին պահպանել մեր երկրի ֆինանսական կայունությունը և տնտեսական զարգացումները: Կենտրոնական բանկը հավատում և վստահեցնում է, որ մշտապես կանի ամեն ինչ, որպեսզի մեր երկրում ապահովվեն և ֆինանսական, և գների կայունությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո:

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։