Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Գիտություն-բիզնես» ժամանակակից պարադիգմը կամ ինչպե՞ս են մեր օրերում խոշոր կորպորացիաները նպաստում գիտության զարգացմանը

Վերադարձ լուրերի բաժին

«Կորպորատիվ գիտությունը» գնալով գերիշխող դեր է ստանձնում։ Ըստ UNESCO-ի տվյալների՝ 2016 թ., աշխարհում R&D գործունեության 82.9%-ը ֆինանսավորել է հենց բիզնեսը։ Այս առումով Հայաստանում կարիք կա նորովի վերաիմաստավորելու կրթությունն ու գիտությունը և «բացելու դռները» բարձրակարգ գիտական հետազոտությունների համար։

«Տվե՛ք փող, տանք կիրառական գիտական արդյունք», «տվե՛ք կիրառական գիտական արդյունք, տանք փող»։ Եթե ամփոփ ներկայացնելու լինենք գոնե վերջին 10 տարվա կառավարություն-գիտություն երկխոսությունը Հայաստանում, ապա պետք է հանգենք այս երկու նախադասությանը։ Առհասարակ, մեր գիտնականները շատ են սիրում բերել Իսրայելի կամ Հարավային Կորեայի օրինակը, որտեղ գիտության վրա կատարված ծախսերը կազմում են համապատասխանաբար ՀՆԱ-ի 4.2%-ը և 4.3%-ը։ Իսկ մեր պաշտոնյաներն էլ սիրում են հակադարձել նույն երկրների օրինակով՝ ասելով, որ Իսրայելի և Հարավային Կորեայի գիտնականները ԱՀՊ (ԱՀՊ – Արտոնագրային համագործակցության պայմանագիր (PCT)) ընթացակարգով գյուտի գրանցման համապատասխանաբար 1,817 և 15,752 միջազգային հայտ են ներկայացրել, իսկ դուք ընդամենը 5-ը (2017 թ.)․․․ Քանի որ երկու կողմերն էլ, ըստ էության, ճիշտ են իրենց պնդումներում, այս երկխոսությունը վերածվում է անընդհատ կրկնվող փակ ցիկլի, այնինչ աշխարհը վաղուց այլ «ճանապարհով» է գնում։

Գիտություն «Сделано в СССР» մակնշմամբ
Թեև ԽՍՀՄ-ի փլուզումից անցել է համարյա 30 տարի, Հայաստանում գիտությունը դեռևս կրում է խորհրդային «կնիքը»՝ համապատասխան մշակույթով և մտածելակերպով։ Ի տարբերություն ԱՄՆ-ի և Ճապոնիայի, որտեղ R&D ծախսերի մեծ մասն ուղղվում էր փորձակոնստրուկտորական աշխատանքներին, ԽՍՀՄ-ում շեշտը դրվում էր հիմնարար և կիրառական գիտությունների զարգացման վրա։ Դա է հիմնական պատճառը, որ նույնիսկ տասնամյակներ անց հետխորհրդային տարածքում գիտություն-բիզնես կապը խարխլված է․ շուկայական տնտեսության պայմաններում մեր գիտնականները (չնչին բացառություններով) չեն կարողանում բիզնեսի հետ «ընդհանուր լեզու» գտնել և, վաղեմի սովորության համաձայն, ակնկալում են պետության անվերապահ և ըստ պահանջի ֆինանսավորումը։

Graph 1
«Կորպորատիվ գիտությունն» ավելի ու ավելի գերիշխող դեր է ստանձնում
UNESCՕ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2011-2016 թթ. ընթացքում R&D ընդհանուր ծախսերի կառուցվածքում բիզնեսի կատարած ծախսերի մասնաբաժինը 79.4%-ից հասել է 82.9%-ի։

Graph 2

Այսպիսի իրավիճակը մի օրում չի ձևավորվել․ սա տասնամյակների էվոլյուցիոն զարգացման արդյունք է, օրինակ՝ ԱՄՆ-ում 1953թ-ին բիզնեսի մասնաբաժինը R&D ծախսերի կառուցվածքում եղել է 43.8%, 1985թ-ին 48.6%-ի, իսկ արդեն 2016թ-ին՝ 78.3%-ի։ Ինչպես երևում է, այս միտումը վերջին 30 տարիներին աննախադեպ արագացում է ունեցել։ Ավելին, ԱՄՆ-ն այս առումով զիջում է այնպիսի երկրների ինչպիսիք են Իսրայելը, Հարավային Կորեան, Գերմանիան, Շվեդիան, որտեղ բիզնեսի մասնաբաժինը ընդհանուր R&D ծախսերի կառուցվածքում հասնում է համապատասխանաբար՝ 95.8%-ի, 84.1%-ի, 83.2%-ի և 94.8%-ի։ Շատերը միգուցե հակադարձեն, որ կորպորացիաները չեն կարող հիմնարար և կիրառական հետազոտություններ կատարել։ Այնինչ, ինչպես վկայում են Ռոջեր Գեյգերի ուսումնասիրությունները, կորպորացիաները ևս ինտենսիվորեն հիմնարար և կիրառական հետազոտություններ են անում, սակայն, ելնելով բիզնեսի շահերից` ոչ միշտ են իրենց գիտական բացահայտումները հրապարակայնացնում։ Ավելին, ըստ հեղինակի հաշվարկների՝ բիզնեսի ֆինանսավորած հիմնարար և կիրառական հետազոտությունների 94%-ը կատարվում է կորպորացիաների ներսում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, մասնավոր հատվածի կատարած R&D ծախսերի պաշտոնական վիճակագրական հաշվառում չի իրականացվում, այնուամենայնիվ, Հայաստանում ևս կան միջազգային կորպորացիաների ներկայացուցչություններ, որոնք իրականացնում կամ արտապատվիրում են R&D գործունեություն, օրինակ՝ Synopsys-ը, National Instruments-ը, VM ware-ը, Mentor Graphics-ը, Philip Morris International-ը, AZAD-ը և այլն, սակայն հետազոտական ուղղությունները շատ քիչ են դիվերսիֆիկացված։

Ինչքա՞ն են ծախսում խոշոր կորպորացիաները R&D-ի վրա
Ըստ PwC-ի Global Innovation 1000 հետազոտության՝ 2018 թ-ին աշխարհի առաջատար նորարարական ընկերությունները (Որոնք հանրայնացնում են իրենց ֆինանսական հաշվետվությունները: Կան ընկերություններ, որոնց ֆինանսական հաշվետվությունները չեն հրապարակվում, և իրենց R&D գործունեության մասին տեղեկատվությունը հասնելի չէ, օրինակ՝ Uber-ը:) կատարել են համաշխարհային R&D ծախսերի 40%-ը։ Կորպորացիաներից առաջատարը Amazon-ն է $22.6 մլրդ դոլարով, որին հաջորդում են Google-ի մայրական ընկերություն Alphabet-ը և Volkswagen-ը՝ $16.2 և $15.8 մլրդ ծախսով։ Համեմատության համար, 2016 թ-ին Volkswagen-ը $13.2 մլրդ դոլար է ծախսել R&D-ի վրա, իսկ Ռուսաստանի կառավարությունը՝ $4.07 մլրդ։ Նույնսիկ եթե գնողունակության համարժեքությունը հաշվի առնենք, միևնույն է Volkswagen-ն ավելի շատ է ծախսել։

Table 1

Իսրայելի փորձը խոշորացույցի տակ
Շնորհիվ աշխարհասփյուռ հրեական համայնքների, խթանող հարկային միջավայրի, որակյալ մարդկային կապիտալի և վերազգային կորպորացիաների նկատմամբ որդեգրած բարենպաստ պետական քաղաքականության` վերջին տասնամյակներում Իսրայելը վերածվել է խոշոր R&D կենտրոնի, որտեղ իրենց R&D գրասենյակներն են տեղակայում այնպիսի տեխնոլոգիական հսկաներ ինչպիսիք են՝ Intel-ը, IBM-ը, Google-ը, 3M-ը, General Electric-ը, Apple-ը, նույիսկ Huawei-ն ու Samsung-ը: Ընդհանուր առմամբ, այս վերլուծականը գրելու պահին, Start-Up Nation Finder-ի տվյալների համաձայն, Իսրայելում R&D գրասենյակներ ունեն 360 վերազգային կորպորացիաներ, ընդ որում՝ 2014 թ-ից ի վեր, տարեկան վերազգային կորպորացիաներին պատկանող միջինում 23 R&D գրասենյակ է բացվում։

Շնորհիվ իր մոտեցումների, Իսրայելում 2016 թ-ին բիզնեսը ֆինանսավորել է $11.6 մլրդի R&D աշխատանք (գնողունակության համարժեքով, PPP)։ Իսրայելն այսօր առաջատար է 1 մլն բնակչի հաշվով հետազոտողների քանակով` 8250, համեմատության համար՝ երկրորդ տեղում գտնվող Դանիայում նրանց քանակը 7311-ն է։

Վերջաբանի փոխարեն
Թեև այս թեման ավելի խոր ուսումնասիրության կարիք ունի, բայց սահմանափակվելով այս կարճ վերլուծականի շրջանակում, պետք է ընդհանուր գծերով նշել, որ այսօր կարիք կա վերաիմաստավորելու գիտությունն ու կրթությունը Հայաստանում, բարելավելու/ձևավորելու համապատասխան էկոհամակարգը, և իհարկե, մշակելու խոշոր վերազգային կորպորացիաների ներգրավման ազգային պլան՝ յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերելով անհատական մոտեցում և ընդգծված բարեհամբույր վերաբերմունք։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գնաճը կառավարելի է

Ներսես Երիցյանը նկատել է, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։

Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 3.4 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջին ցուցանիշին

2018 թ. առաջին եռամսյակին այս ցուցանիշը՝ 494 մլն դրամ, ևս գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 49 մլն դրամ:

Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը

2018 թ. նոյեմբերից աշխատում է ՎՏԲ խմբում: