Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Գարեջրային կրքեր կամ՝ ինչու է «փրփրել» ՏՄՊՊՀ-ն

Վերադարձ լուրերի բաժին

11:06 , 25 Նոյեմբեր 2016

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով-տեղական գարեջրագործներ հակամարտությունը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովը նոյեմբերի 16-ին ներկայացրեց գարեջրի շուկայի ուսումնասիրության արդյունքները։ Մասնավորապես, որոշվեց «Երևանի Գարեջուր» ընկերությունից բռնագանձել 110 մլն դրամ` ընկերության կողմից արտադրվող գարեջրի գնի` 1 լիտրի հաշվով 30 դրամի չափով բարձրացման պատճառով։

Իսկ «Գյումրի Գարեջուր» ընկերության հետ կապված` ՏՄՊՊՀ-ն հայտարարեց, որ ընկերությունը նվազեցրել է հարկային պարտավորությունները, և գործն ուղարկեց ՊԵԿ։ Ինչպիսին է իրավիճակը գարեջրի շուկայում, ինչ փոփոխություններ են գրանցվել, և ինչին է նպաստում կամ խանգարում ՏՄՊՊՀ-ի այս քայլը։

Գարեջրի հայաստանյան շուկան

Գարեջրի շուկայում գործում են շուրջ 2 տասնյակ տնտեսվարող սուբյեկտներ։ Դրանցից 4-ը տեղական արտադրողներ են։ Դրանք են` «Երևանի Գարեջուր» ընկերությունը (Կիլիկիա), «Գյումրի Գարեջուրը»` (Գյումրի, Ալեքսանդրապոլ, Էրեբունի և այլն), «Կոտայք» Գարեջրի Գործարանը և «Լիհնիտիս» ՍՊԸ-ն (նույն Սևանի գարեջրի գործարանն է, որն արտադրում է Kellers գարեջուր)։

Բացի տեղական արտադրողներից` Հայաստան գարեջուր են ներմուծում 10-ից ավելի ընկերություններ («Քեթրին գրուպ», «Ադամիում», «Սարգիս Կարոլինա» և այլն)։
Հայկական արտադրության գարեջրի գինը հիմնականում նույն դիապազոնում է` «Երևանի Գարեջուր», «Գյումրի Գարեջուր» և «Կոտայք» ընկերությունների կողմից արտադրվող 0,5լ տարողությամբ շշալցված գարեջուրը վաճառվում է միջինը 370-410 դրամ մանրածախ գնով։
Սևանի գարեջրի գործարանի Kellers-ն ավելի թանկ սեգմենտում է. 0,33լ տարողությամբ Kellers Rich Premium-ը վաճառվում է 490 դրամով։

Ներմուծվող գարեջուրը վաճառվում է 500-ից մինչև 1500 դրամով (խոսքը 0.5լ տարողությամբ շշի մասին է)։ Վրացական Natakhtari գարեջուրը վաճառվում է 430-440 դրամով։

Կարճ ասած, սպառողը գարեջրի մեծ ընտրության հնարավորություն ունի` ամենատարբեր գնային սեգմենտներում։

Ով որքան կշիռ ունի շուկայում

Այս հարցի պատասխանն ունենալու համար շուկայի հետազոտություն է անհրաժեշտ անցկացնել։ Իհարկե, շուկայում գործող ընկերություններն իրենց ներքին օգտագործման համար պարբերաբար նման հետազոտություններ անցկացնում են, սակայն դրանք չեն հրապարակվում։

Միակ աղբյուրը ՏՄՊՊՀ-ն է։ Ինտերնետն ու ՏՄՊՊՀ-ի կայքը տակնուվրա անելուց հետո ամենաթարմ փաստաթուղթը, որ գտանք, սա էր` «ԳԱՐԵՋՈՒՐ» ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (2012թ. մարտ)։

Շուկայի խոշորագույն խաղացողը «Երևանի Գարեջուր» ընկերությունն է, որին բաժին է ընկնում հայաստանյան շուկայում սպառվող գարեջրի մոտ 47%-ը (Կիլիկիա)։ «Գյումրի Գարեջուր» ընկերության կշիռը 18.3% է, «Կոտայք» գարեջրի գործարանինը` 13.8%։

beer-share
Սևանի գարեջրի գործարանի և ներմուծող ընկերությունների առանձին կշիռները ներկայացված չէին։ Միասին` նրանց բաժին էր ընկնում շուկայի 21.1%-ը։

Կրկնենք, այս տվյալները հրապարակվել են 2012 թվականին` 2011 թվականին արված ուսումնասիրությունների հիման վրա։ Սակայն դատելով գարեջրի արտադրության ու ներմուծման տվյալներից, ինչպես նաև ՏՄՊՊՀ այն ձևակերպումից, որ «Երևանի Գարեջուր»-ին բաժին է ընկնում շուկայի մոտ կեսը, կարելի է եզրակացնել, որ այս պատկերն էական փոփոխություն չի կրել։

Տեղական գարեջուրը զիջում է դիրքերը

Ինչպես երևում է պաշտոնական ցուցանիշներից, տեղական գարեջրագործության համար դժվարին ժամանակներ են սկսվել։

2015 թվականին գարեջրի արտադրության ծավալը կազմել է 20 մլն 686.5 հազար լիտր, դա ավելի քան 3 մլն լիտրով կամ 12.8%-ով քիչ է 2014 թվականի ծավալից։

Անկման միտումը շարունակվում է նաև այս տարի։ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 16 մլն լիտր գարեջուր` նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի 17.9 մլն լիտրի դիմաց։ Արտադրության ծավալները նվազել են 1.9 մլն լիտրով կամ 10.7%-ով։

beer-prod
Եթե անկումը նույն տեմպով շարունակվի նաև տարվա վերջին եռամսյակում, ապա տարեվերջին արտադրված գարեջրի ծավալը չի գերազանցի 18.5 մլն լիտրը։

Ներմուծման դեպքում հակառակն է` ծավալներն աճում են։ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության տվյալներով` 2013 թվականին Հայաստան է ներմուծվել 2 մլն 346.4 հազար լիտր գարեջուր, 2014 թվականին` 2 մլն 837.5 հազար լիտր, 2015-ին` 3 մլն 379.6 հազար լիտր։

2016 թվականին աճի միտումը պահպանվում է։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 2 մլն 219.7 հազար լիտր գարեջուր։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ` գարեջրի ներկրումն ավելացել է 36%-ով։ Եթե աճի այս տեմպը պահպանվի, տարեվերջին ՀՀ ներկրված գարեջրի ծավալը կգերազանցի 4.5 մլն լիտրը։

beer-imp

Գարեջրի արտահանմանն առանձին չենք անդրադառնում, քանի որ հրապարակումը ներքին շուկայի մասին է։ Ամեն դեպքում նշենք, որ Հայաստանից գարեջրի արտահանման ծավալները քիչ են ներկրումից, և նախորդ տարվա համեմատ այս ուղղությամբ նույնպես անկում ունենք։

Մի հետաքրքիր հանգամանք ևս։ Ինչպես երևում է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության կողմից ներկրված գարեջրի մաքսային արժեքի և բնեղեն ծավալների համեմատությունից, վերջին տարիներին ներմուծվող գարեջրի գինը նվազում է։ 2014-ին 1 լիտր գարեջրի մաքսային արժեքը կազմել է միջինը 98 սենթ, 2015-ին` 73 սենթ, 2016թ. առաջին կիսամյակում` 58 սենթ։ Այսինքն, ներմուծվող գարեջուրն էժանացել է։

Սրանից մի տեսակ դեմպինգի «հոտ է գալիս»։ Սակայն ՏՄՊՊՀ-ն այս հարցով դժվար թե զբաղվի, քանի որ ներմուծվող գարեջուրը գերիշխող դիրք չունի (նույն պատճառաբանությամբ այս կառույցը հրաժարվում էր զբաղվել «Յանդեքսով»)։

Եթե անգամ ներմուծող ընկերություններից մեկը գերիշխող դիրք ունենար, առավելագույնը, որ կարող էր անել ՏՄՊՊՀ-ն, գնման և տրանսպորտային ծախսերի վերլուծությունն էր լինելու։ Իսկ երբ ՏՄՊՊՀ-ն բացատրություն պահանջի օտարերկրյա արտադրող ընկերությունից` գնագոյացման պրոցեսն ուսումնասիրելու համար, այս կառույցին կուղարկեն բավականին հեռու մի տեղ։

Այսինքն, ՏՄՊՊՀ-ի ուժը պատում է հիմնականում տեղական արտադրողի վրա։

ՏՄՊՊՀ-ն` ընդդեմ հայրենի գարեջրագործների

Գարեջրի արտադրության ծավալների անկում և ներմուծման աճ։ Ի՞նչ պետք է անի պետությունը նման դեպքերում։ Աջակցի՞ տեղական արտադրող/արտահանողին, կամ գոնե լրացուցիչ խնդիրներ չստեղծի՞ նրանց համար։ Ճիշտ եք։

Սակայն, արի ու տես, որ ՏՄՊՊՀ-ն անում է ճիշտ հակառակը` խնդիրներ է ստեղծում առանց այն էլ դժվար վիճակում հայտնված «Գյումրի գարեջուր» և «Երևանի գարեջուր» ընկերությունների համար։ Մասնավորապես, «Երևան գարեջուրը» տուգանվել է 110 մլն դրամով` գարեջուրը 30 դրամով թանկացնելու համար։

Նշված երկու ընկերություններն էլ բավականին կոշտ կերպով արձագանքել են ՏՄՊՊՀ-ի որոշումներին։ «Երևան գարեջուրը» տեղի ունեցածը համարում է դավադրություն և պատրաստվում է դատի տալ ՏՄՊՊՀ-ին։ ՏՄՊՊՀ-ն իր հասցեին հնչող մեղադրանքները չի ընդունում և հղում անելով օրենսդրությանը` նշում է, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է կատարվել։

Չենք կարող ասել` ՏՄՊՊՀ-ի այս քայլն օրենքին հակասո՞ւմ է, թե՞ ոչ, սակայն տրամաբանությանը հաստատ հակասում է։ Մասնավորապես, «Երևան գարեջուրը» մոնոպոլիստ չէ, գարեջուրն առաջին անհրաժեշտության ապրանք չէ, շուկայում էլ թեժ մրցակցություն է։ Ու եթե այս պայմաններում ընկերությունը բարձրացնում է ապրանքի գինը և շուկա չի կորցնում, ուրեմն ամեն ինչ ճիշտ է անում։

ՏՄՊՊՀ-ի միջամտությունն արդարացված կլիներ, եթե «Երևան գարեջուրը» չհիմնավորված ցածր գին սահմաներ և դեմպինգի գնար` շուկայից դուրս մղելով գնային նույն սեգմենտում գործող տեղական արտադրողներին և ներմուծողներին։ Սակայն գին բարձրացնելու համար պատժելն անհասկանալի է։

Ավելին, ընկերությունը կարող էր ոչ թե 30, այլ 300 դրամով բարձրացնել գարեջրի գինը։ Միակ պատճառը, որը ընկերությանը թույլ չի տա նման բան անել, պահանջարկն է` սպառողներն այդ դեպքում Kilikia-ի փոխարեն Heineken կամ Carlsberg կխմեն։

Միտո՞ւմ
Ամենազավեշտալին այն է, որ ՏՄՊՊՀ-ն իր որոշումը համեմում է գեղեցիկ արտահայտություններով` մրցակցային միջավայրի և սպառողների շահերի մասին։
Իրականում, նման գործելաոճը միայն խաթարում է մրցակցային միջավայրը, որովհետև թույլ չի տալիս մասնավոր ընկերությանը եկամուտ ունենալ և զարգանալ։

Միգուցե խնդիրն օրենսդրության մեջ է, ըստ որի` տեղական շուկայի մասշտաբներով գերիշխող, սակայն միջազգային չափանիշներով փոքր ընկերությունն ավելի խոցելի է կարգավորիչի գործողությունների նկատմամբ, քան, ասենք, Efes-ը կամ Miller-ը։

Իսկ սպառողների շահերի մասին հայտարարությունները զավեշտալի են հնչում, երբ հիշում ենք ՏՄՊՊՀ-ի անատամ մոտեցումները, ասենք, շաքարավազի և բենզինի շուկաներում դժգոհություններին ի պատասխան։

Գարեջրի հարցում ցուցաբերվող աննախադեպ վճռականությունից ու խստությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս կառույցն ամեն ինչ անում է, որպեսզի գարեջրի տեղական արտադրությունը դիրքերը զիջի ներմուծմանը։ Միտումնավո՞ր, թե՞ ոչ` այս պահին դժվար է ասել, բայց այս քայլերի արդյունքը դրան է տանում։

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել էր ՏՄՊՊՀ-ի այդ որոշմանը` նշելով, որ թեպետ հանձնաժողովն օրենքով ստեղծված անկախ մարմին է, և կառավարությունն այստեղ ազդեցության լծակներ չունի, բայց դա չի զրկում իրենց կարծիք արտահայտելու հնարավորությունից։

«Ուստի, պարոն Շաբոյանին և ՏՄՊՊՀ-ին հորդորում ենք իրենց ջանքերն առաջին հերթին` կենտրոնացնել առաջնային սպառման ապրանքների շուկային, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգություններն ավելի շատ են»,- ասել էր վարչապետը` նշելով, որ դա շատ ավելի առաջնահերթ խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ կան մեծ թվով գարեջուր արտադրողներ և ներմուծողներ, կա լուրջ մրցակցություն։ «Ես հանդիպել եմ այդ գործարարների հետ, իրենք հիմնավորում են, որ շահութաբաժինն առավել չեն դրել։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ` մաքսիմալ ուշադիր վերաբերվել այս հարցերին»։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

«Հայաստան-2050»-ի մեր տեսլականը, չնայած պատերազմի արհավիրքին, միևնույն է, ես պահելու եմ մեր ուշադրության կիզակետում: Դա լինելու է այն ուղենիշը, որով մենք պետք է շարժվենք՝ միջինում 10 տոկոս տնտեսական աճ և այլն: Մենք այլ տարբերակ չունենք, քան հաջողության հասնելը»,- ասել է նորանշանակ նախարարը:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։