Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բուքմեյքերների գործոնը. ինչի հաշվին է արագացել տնտեսական ակտիվության աճը

Վերադարձ լուրերի բաժին

11:36 , 02 Օգոստոս 2018

ՀՀ վիճակագրական կոմիտեն դեռ հուլիսի 20-ին հրապարակել էր նախնական մակրոտնտեսական ցուցանիշները՝ այս տարվա առաջին կիսամյակի համար, որտեղից երևում էր, որ ապրիլ և մայիս ամիսների աճի դանդաղումից հետո՝ հունիսին, տնտեսական ակտիվության աճը կրկին արագացել է։

Այսպես, եթե 2018 թվականի մարտին՝ 2017 թվականի մարտի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը 10.9% էր, ապրիլին (ապրիլի համեմատ) այն նվազեց մինչև 7.2%, իսկ մայիսին հասավ 5.4%-ի։ Հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, ՏԱՑ հավելաճի տեմպը կրկին արագացավ և կազմեց 9.6%։

Արդյունքում՝ տարվա առաջին կիսամյակի կտրվածքով գրանցվեց տնտեսական ակտիվության 8.9%-անոց աճ (նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ), ինչը վերջին տարիների կտրվածքով՝ կիսամյակային ամենաբարձր աճն է։

Դեռ նախնական թվերի հրապարակման ժամանակ գրել էինք, որ տնտեսական աճի արագացումն ապահովել են հիմնականում երկու ոլորտներ՝ գյուղատնտեսությունը և ծառայությունները։ Գյուղատնտեսության մասով նշել էինք, որ մասնագետներն այս ոլորտի երկնիշ՝ 14% աճը հունիսին բացատրում են այն հանգամանքով, որ եղանակային պայմանների արդյունքում՝ գյուղատնտեսական սեզոնը 1 ամսով առաջ է ընկել։

Ծառայությունների ոլորտն այս տարվա հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, աճել էր 21.2%-ով։ Հունիս ամսվա ընթացքում ծառայությունների ծավալը կազմել է 151.1 մլրդ դրամ՝ ավելի շատ, քան արդյունաբերությունը։ Այսինքն, տնտեսական ակտիվության տպավորիչ աճը պայմանավորված է հիմնականում ծառայությունների ոլորտով։

Քանի դեռ մանրամասն բացվածքը չէր հրապարակվել, չէինք կարող վստահ ասել, թե հիմնականում ինչի՞ հաշվին է արագացել ծառայությունների ոլորտի աճը։ Սակայն ենթադրել էինք, որ դա տեղի է ունեցել զբոսաշրջության և բուքմեյքերական ընկերությունների գործունեության ակտիվության հաշվին (հաշվի առնելով այն, որ հունիսի 15-ին մեկնարկած Աշխարհի առաջնության օրերին Հայաստանում մեծ ծավալով խաղադրույքներ են կատարվել)։

Այժմ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է առանձին ոլորտների մանրամասն տվյալները, որից երևում է, որ մեր ենթադրությունը ճիշտ էր։

Այսպես, 2018 թվականի հունիսին, ինչպես նշեցինք, ծառայությունների ոլորտի ծավալը կազմել է 151.1 մլրդ դրամ, իսկ հունվար-հունիսին՝ 777.8 մլրդ դրամ, որը 18.1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Իսկ ի՞նչ կառուցվածք ունի ծառայությունների ոլորտը։ Դա երևում է ներկայացված գծապատկերում։

Ամենամեծ կշիռն ունի ֆինանսական և ապահովագրական ծառայությունների խումբը. այստեղ հունվար-հուլիսին ծավալը կազմել է 171.4 մլրդ դրամ, որն ընդհանուր ծառայությունների ոլորտի 22%-ն է։

Երկրորդ տեղում, այսպես կոչված, «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ծառայությունների խումբն է, որի հասույթը կազմել է 163.3 մլրդ դրամ կամ ընդհանուր ծառայությունների 21%-ը։

Իսկ այդ խմբի մեջ է մտնում շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը։ Ոչ թե պարզապես մտնում է, այլ այդ խումբը գրեթե ամբողջությամբ շահումով խաղերն են։ Վերը նշված 163.3 մլրդ դրամից 158.9 մլրդ դրամը շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունն է։ Դա ամբողջ ծառայությունների ոլորտի 20.4%-ն է։

service1

Այլ կերպ ասած, ՀՀ ծառայությունների ոլորտում ամեն 5 դոլարից 1 դոլարն ապահովվում է խաղատների, վիճակախաղերի և մոլախաղերի հաշվին։

Ընդհանուր առմամբ, շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության ոլորտի շրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 158.9 մլրդ դրամ, ինչը 33.5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Իսկ միայն այս տարվա երկրորդ եռամսյակում՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ, շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության ոլորտի շրջանառությունն աճել է 46%-ով։

Սակայն սա ամենատպավորիչ աճը չէ։ Վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլախաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների հասույթը 2018 թվականի միայն հունիսին կազմել է 27.1 մլրդ դրամ։ 2017 թվականի հունիսի համեմատ այդ ցուցանիշն աճել է 59.1%-ով։ Բուքմեյքերների շրջանառության կտրուկ աճը, ըստ ամենայնի, պայմանավորված է հունիսի կեսին մեկնարկած Ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ, որի ընթացքում մեծ ծավալով խաղադրույքներ են կատարվել։

Կիսամյակի կտրվածքով՝ բուքմեյքերների և վիճակախաղերի ոլորտի շրջանառությունը կազմել է շուրջ 125 մլրդ դրամ, ինչը 44%-ով ավելի է 2017 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշից։

Բացի բուքմեյքերներից, հունվար-հունիսին 34 մլրդ դրամի շրջանառություն են ունեցել նաև խաղատները (աճը՝ 6.3%)։

Նշենք, որ ծառայությունների մյուս տեսակները նույնպես տպավորիչ աճ են գրանցել։ Օրինակ, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, աճել է 27.1%-ով (ծավալը հունիսին՝ 13.4 մլրդ դրամ), տեղեկատվության և կապի ոլորտն աճել է 12%-ով (ծավալը հունիսին՝ 21.8 մլրդ դրամ), ֆինանսական և ապահովագրական գործունեությունն աճել է 16.8%-ով (ծավալը հունիսին՝ 30 մլրդ դրամ)։ Սակայն սրանք անհամեմատելի են շահումով խաղերի 59%-անոց աճի հետ։

Լա՞վ է սա, թե՞ վատ՝ դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ մեր տնտեսական աճի ցուցանիշը 1.5-2 տոկոսային կետով պայմանավորված է շահումով խաղերով։

Ուշագրավն այն է, որ այժմ միաժամանակ մի քանի հոգի (թե՛ իշխանությունից, թե՛ ընդդիմությունից) զբաղվում են բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը Հայաստանում արգելելու կամ խիստ սահմանափակելու օրենսդրական նախաձեռնությամբ։ Սակայն ընդդիմախոսները նշում են, որ դա բացասաբար կազդի տնտեսական աճի ցուցանիշի վրա։ Բացի այդ՝ կարևոր է նաև, թե խաղացողների մեծ մասը ՀՀ ռեզիդենտնե՞ր են, թե՞ օտարերկրացիներ։ Եթե պարզվի, որ հայաստանյան բուքմեյքերական ընկերությունների ծառայություններից օգտվում են հիմնականում օտարերկրացիները, ապա դա ինչ-որ առումով ծառայությունների արտահանում է, և արգելելը նպատակահարմար չի։ Ամեն դեպքում, այս հարցում ցանկացած որոշում ընդունելուց առաջ հարկավոր է մանրամասն ուսումնասիրել բոլոր հանգամանքները։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը մեկնարկել է

Հանրահավաքի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ երթով Արցախի պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Հայաստանի հանքարդյունաբերողներն ու նրանց վճարած հարկերը

Մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող 10 խոշորագույն ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել մոտ 55 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց՝ 77.2%. օնլայն հարցման արդյունքները

Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։