Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բուքմեյքերական ընկերությունների օգուտն ու վնասը. խաղադրույքների աճը ՀՀ-ում՝ ըստ եռամսյակների

Վերադարձ լուրերի բաժին

16:02 , 05 Նոյեմբեր 2018

Վերջին  օրերին բուռն քննարկման առարկա է դարձել Հայաստանի բուքմեյքերական ընկերությունների կողմից ընդունվող խաղադրույքների կտրուկ աճի թեման։ Բանն այն է, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեն հոկտեմբերի 31-ին հրապարակեց «Հայաստանի սոցիալ-տնտեսակական վիճակը 2018 թվականի հունվար-սեպտեմբերին» զեկույցը, որտեղ առկա որոշ թվեր պարզապես անակնկալ էին մեր հայրենակիցներից շատերի համար։

Այսպես, ծառայությունների ոլորտի տվյալներն արտացոլող բաժնում առանձին նշվում է նաև շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) այս ոլորտի շրջանառությունը կտրուկ աճել է՝ 35.6%-ով, և կազմել 267.3 մլրդ դրամ։

Արդյունքում՝ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ շահումով խաղերի կշիռը ծառայությունների մեջ գերազանցել է ֆինանսական ոլորտի ծառայություններին (21.9%-ը՝ 21%-ի դիմաց)։ Նշենք, որ ընդհանուր ծառայությունների ոլորտն այս տարվա հունվար-սեպտեմբերին աճել է 18.8%-ով, և այդ աճի մեջ ամենամեծ նպաստումն ունեն հենց մոլախաղերը։ Շահումով խաղերի մեջ առանձին տողերով նշվում են նաև դրանց տեսակներն ու թվերը։

Օրինակ, խաղատների շրջանառությունը նշված ժամանակահատվածում աճել է 8.9%-ով և կազմել 53.5 մլրդ դրամ։ Իսկ բուքմեյքերների շրջանառությունը (վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլախաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպում) աճել է մոտ 45%-ով և կազմել 213.8 մլրդ դրամ։ Հենց այս թիվն է շատերին մտահոգում. Հայաստանում 9 ամսում կատարվել է 213.8 մլրդ դրամի (մոտ 440 մլն դոլարի) խաղադրույք։

Ինչու է աճել այս թիվը, և ինչ է դա նշանակում

Ինչպես նշեցինք, բուքմեյքերական ոլորտի կտրուկ աճը, որքան էլ անցանկալի երևույթ ընկալվի, ներառվում է ծառայությունների ոլորտի մեջ և, ի վերջո, բարելավում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ոչ թե տնտեսությունը, այլ ցուցանիշը)։

Հունիս և հուլիս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշների մասին մեր նախկին հրապարակումներում բազմիցս նշել ենք, որ այդ ամիսների կտրուկ աճը պայմանավորված է հիմնականում Ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ, որի ժամանակ մեծ ծավալի խաղադրույքներ են կատարվել։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում նույնպես մի քանի անգամ խոսել է այս երևույթի դերի մասին և նախօրեին ԱԺ-ում ունեցած իր ելույթի ժամանակ նույնպես անդրադարձավ խաղադրույքների թեմային։ «Իրավիճակը հասկանալու համար եկեք դիտարկենք, թե ի՞նչ տեղի ունեցավ հունիս ամսին, երբ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշն աննախադեպ բարձր թվի հասավ՝ հասնելով 11,1 տոկոսի: Ի՞նչ էր տեղի ունեցել, տեղի էր ունեցել հետևյալը, որի մասին արդեն առիթ ունեցել եմ ասելու. ընթանում էր ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը և պարզվում էր, որ մեր ժողովուրդը, մեր երիտասարդությունը, և ոչ միայն՝ երիտասարդությունը, զանգվածաբար զբաղված էր խաղադրույքներ կատարելով: Եվ այս ցուցանիշներն արձանագրվեցին մեր վիճակագրության մեջ՝ որպես ծառայությունների շեշտակի աճ, և մեկ ամսվա ընթացքում մենք մոտավորապես հինգ տոկոսի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ ունեցանք միայն խաղադրույքներ կատարելու հաշվին»,- ասել է Փաշինյանը։

Սակայն արդյո՞ք միայն ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է այս աճի պատճառը։ Դա հասկանալու համար՝ մենք մի թեթև մշակել ենք վիճակագրության տվյալները և ներկայացրել դրանք՝ ըստ եռամսյակների։ Հատուկ ընդգծենք, որ 2016 թ. ցուցանիշները ինքնուրույն ենք հաշվել (հիմնվելով 2017-ի ցուցանիշների և աճերի վրա), քանի որ շահումով խաղերի վիճակագրությունն առանձին սկսել է հրապարակվել միայն 2017-ից սկսած (դրամական շահումով խաղային ավտոմատների տվյալները գծապատկերում չկան՝ չափազանց փոքր արժեքի պատճառով)։

Ինչպես տեսնում եք գծապատկերում, 2018 թ. երրորդ եռամսյակում, իրոք, շահումով խաղերի ոլորտի աննախադեպ բարձր ցուցանիշ է գրանցվել։ Ոլորտի շրջանառությունը կազմել է 108.4 մլրդ դրամ՝ 2017թ. 3-րդ եռամսյակի 77.7 մլրդ դրամի դիմաց։ Այդ թվում, բուքմեյքերների շրջանառությունն աճել է մոտ 50%-ով՝ 60.5 մլրդ դրամից հասնելով 88.9 մլրդ դրամի։ Ինչ խոսք, երրորդ եռամսյակի աճի մեջ մեծ դեր ունի աշխարհի առաջնությունը։

BOOKM

Տարվա երկրորդ եռամսյակը՝ 2017-ի նույն եռամսյակի համեմատ, նույնպես աճել է։ Բուքմեյքերների հասույթը 43.7 մլրդ դրամից հասել է 71.1 մլրդ դրամի, ինչը նույնպես կարելի է պայմանավորել ֆուտբոլի աշխարհի առաջնության գործոնով։ Սակայն տվյալներից երևում է, որ բուքմեյքերների շրջանառության աճի միտումը նոր չէ։ Օրինակ, 2018 թ. առաջին եռամսյակում, երբ ֆուտբոլի աշխարհի առաջնություն չկար, բուքմեյքերների շրջանառությունը կազմել է 53.8 մլրդ դրամ՝ 2017 թ. առաջին եռամսյակի 42.9 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 25%)։ Ավելին, բուքմեյքերների աճի միտումը նկատելի է դարձել դեռ 2017-ից։ 2017թ.՝ 2016թ. համեմատ, բուքմեյքերների շրջանառությունն աճել է 35%-ով և կազմել 208.9 մլրդ դրամ։ Այնպես որ, մոլախաղերի շուկան Հայաստանում աճում է՝ աշխարհի ընդհանուր տենդենցներին համահունչ։ Հնարավոր է՝ 4-րդ եռամսյակում աճը դանդաղի, սակայն ընդհանուր առմամբ ոլորտի հասույթը դժվար թե նվազի։

Պայքարե՞լ, թե՞ ոչ

Ինչպես նշեցինք, 9 ամսվա ընթացքում 213.8 մլրդ դրամի խաղադրույքների ցուցանիշը Հայաստանում շատերին է անհանգստացրել։ Մինչ այս թվերի հրապարակումն էլ ԱԺ պատգամավորներն օրենսդրական նախաձեռնություն էին ներկայացրել՝ առաջարկելով ընդհանրապես արգելել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը Հայաստանում։

Կառավարությունն այդ առաջարկությանը բացասական եզրակացություն տվեց՝ այն պատճառաբանությամբ, որ տեխնիկապես գրեթե անհնար է ոլորտը վերահսկել (քանի որ խաղադրույքների մի զգալի մասը կատարվում է ինտերնետի միջոցով), և դա ընդամենը կնպաստի տվյալ ոլորտում ստվերի ձևավորմանը։ Սակայն կառավարությունը կիսում է այս ցուցանիշների հետ կապված մտահոգությունները, և վարչապետն էլ իր ելույթում նշեց, որ այս ոլորտում նոր ներդրումներ չպետք է արվեն, և Հայաստանի տնտեսական աճը չպետք է պայմանավորված լինի այս խաղադրույքներով։

Սակայն այստեղ կա մի շատ կարևոր պահ։ Շատերին թվում է, թե այդ 213.8 մլրդ դրամի խաղադրույքներն ամբողջությամբ կատարվել են հայաստանցիների կողմից։ Սակայն դա այդպես չէ, քանի որ մեծ թվով օտարերկրացիներ խաղադրույքներ են կատարում ՀՀ բուքմեյքերական ընկերության կայքերում՝ ինտերնետի միջոցով։ Տեղի ու դրսի խաղադրույքների հարաբերակցությունը հայտնի չէ։ Սակայն, եթե պարզվի, որ այս թվի մեծ մասը պայմանավորված է արտերկրից կատարվող խաղադրույքներով, ապա դա վատ չէ։

Դա, մեծ հաշվով, նշանակում է՝ ծառայությունների արտահանում։ Դրսից եկած փողերի հաշվին բուքմեյքերական ընկերությունները կարողանում են շահույթ գեներացնել, ստեղծել ՏՏ ոլորտի հարակից ընկերություններ և աշխատատեղեր ապահովել։ Այսինքն, այս ոլորտի կարգավորումների առումով կտրուկ քայլերից առաջ՝ նախ պետք է հասկանալ շուկայի բոլոր մանրուքները ու ըստ այդմ որոշում ընդունել։ Միգուցե տեղական շուկայի մասով սահմանափակող քայլեր պետք են (օրինակ, գովազդի արգելման միջոցով), սակայն դրսից ստացվող եկամուտների գծով միգուցե հակառակը՝ պետք է որոշ արտոնություններ սահմանել և թույլ տալ, որ տեղական բուքմեյքերներն ամրապնդեն դիրքերը միջազգային շուկայում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվելու 2019թ. պետբյուջեի նախագիծը (ՈՒՂԻՂ)

Ազգային ժողովն այսօր վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստի ընթացքում քվեարկության է դրվելու 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Հայաստանի տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը ցածր արտադրողականությունն է (տեսանյութ)

Մրցունակ մասնավոր հատված ունենալու համար կազմակերպությունները պետք է անցնեն երկար ճանապարհ։