Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բյուջե-2019-ի առանձնահատկությունները

Վերադարձ լուրերի բաժին

13:56 , 29 Հուլիս 2018

Ինչպես օրերս տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարությունը, մեկնարկել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնց մասնակցում են պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներ։

Քննարկումները վերաբերում են ոլորտային հարցերին (ներառյալ՝ բյուջեին ուղղակիորեն չառնչվող՝ պետական մասնակցությամբ ընկերությունները, պետության հիմնադրած ՊՈԱԿ-ները, ծրագրերի իրականացման գրասենյակները, հիմնադրամները և այլն), որոնց ընթացքում առանձնացվում են նաև ՀՀ վարչապետին ներկայացվող խնդիրները: Հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ շեշտը դրվում է ծախսերի նպատակային ուղղվածության վրա՝ հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար:

2019 թվականից Հայաստանն անցնում է ծրագրային բյուջետավորման ձևաչափին, ինչը ենթադրում է, որ ծախսվող ֆինանսական միջոցներից զատ, առավել կարևորվելու են դրանց դիմաց ստացվող արդյունքները։

Բյուջեն պետք է ապահովի ծախսվող միջոցների դիմաց առավելագույն արդյունքի ստացումը՝ կանխելով պետության ֆինանսական միջոցների ոչ արդյունավետ բաշխումը:

Ծրագրային բյուջետավորումը, բացի այն, որ պատասխանում է «ո՞ր ոլորտ» (գործառական), «ո՞ւմ միջոցով» (գերատեսչական) կամ «ի՞նչ ռեսուրս» (տնտեսագիտական) հարցերին, պատասխանում է նաև նոր հարցերի՝ «ի՞նչ», «որքա՞ն» և «ինչո՞ւ»։ Այսինքն՝ տեղեկատվությունը ներկայացվում է՝ ըստ նպատակների, շահառուների (օգտագործողների) և չափելի արդյունքների։

Նշենք նաև, որ «ՀՀ Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքն ԱԺ-ն ընդունեց 2013 թվականին, որով առաջին անգամ ամրագրվեց և պարտադիր դարձավ Հայաստանում «ծրագրային բյուջետավորման» իրականացումը, այդ ձևաչափով տեղեկատվության ներկայացումը ՀՀ Ազգային ժողով:

Սա (ծրագրային բյուջետավորումը), ըստ էության, Բյուջե 2019-ի առաջին առանձնահատկությունն է։

Սակայն մեկ այլ, գուցև ավելի կարևոր առանձնահատկություն է այն, որ 2019 թվականի պետբյուջեն քննարկվելու և ընդունվելու է նոր քաղաքական իրավիճակում։

Վերջին 2 ամիսներին, ինչպես գիտեք, ընթանում է ստվերի և կոռուպցիայի դեմ ինտենսիվ պայքար։ 1,5 ամսվա ընթացքում միայն տնտեսվարող սուբյեկտների մասով բացահայտվել է մոտ 20 մլրդ դրամի չափ պետությանը պատճառված վնաս, որը պետք է վերադարձվի բյուջեին։ Ինչպես նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այժմ ախտորոշման փուլ է՝ կառավարությունը փորձում է հասկանալ տնտեսության իրական վիճակը, խնդիրներն ու հնարավորությունները։

Ու հատկապես այս տեսանկյունից՝ բյուջե 2019-ը առավել հետաքրքիր է դառնում։ Այն կոնկրետ փաստաթուղթ է՝ հստակ թվերով, որը ցույց է տալիս, թե կառավարությունն ինչ է սպասում 2019 թվականին։

Այսինքն՝ անկախ նրանից, թե կառավարությունն ինչ խոստումներ է հնչեցնում և ինչ հեռանկարների մասին է խոսում՝ բյուջեն շատ ավելի հստակ մեսիջ է լինելու, որտեղ նշված է լինելու թե՛ ՀՆԱ-ի կանխատեսվող աճը 2019 թվականին, թե՛ սպասվող ներդրումների ծավալը, թե՛ պետբյուջեի եկամուտները՝ թե՛ հարկերի, թե՛ պարտքերի հաշվին։

Շատերն արդարացիորեն ակնկալում են, որ հաջորդ տարի ունենալու ենք լայնամասշտաբ ներդրումներ, թռիչքային տնտեսական աճ, ու այս ամենի և ստվերի կրճատման արդյունքում՝ պետական բյուջեի եկամուտների կտրուկ աճ։ Սակայն համարձակվենք ենթադրել, որ թռիիչքաձև աճն արտացոլված չի լինելու հաջորդ տարվա բյուջեում։ Պարզաբանենք։

2 օր առաջ լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեցին, թե արդյոք 2019 թվականին աշխատավարձերի և թոշակների աճ նախատեսվո՞ւմ է։ Պրն Ջանջուղազյանն ի պատասխան՝ նշել էր, որ 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծախսերում ծրագրում առայժմ բարձրացում չի նախատեսվում։

Ի՞նչն է այստեղ ուշագրավ։ ՀՀ նոր կառավարությունը միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ) հաստատել է բոլորովին վերջերս՝ հուլիսի 10-ին։ Այդ փաստաթուղթը մշակվել էր դեռ նախորդ կառավարության կողմից և չէր արտացոլում քաղաքական փոփոխություններն ու դրանց արդյունքում ակնկալվող տնտեսական արդյունքները։

ՄԺԾԾ-ի ներածության մեջ էլ նշվում էր, որ հեղափոխության գաղափարների իրագործումն ինքնին հանգեցնելու է տնտեսական զարգացման, սակայն 2017 թվականի դեկտեմբերին սկսված բյուջետային գործընթացի շրջանակում մշակված 2019-2021թթ. ժամանակահատվածի բյուջետային շրջանակը՝ ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, այս պահին տեխնիկապես այլընտրանք չունի:

Սա նշանակում էր հետևյալը. այս պահին պարզապես ընդունում ենք միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ զուտ այն պատճառով, որովհետև այդպես է պետք, բայց հետո այն կփոփոխենք։ «Տնտեսական զարգացման քաղաքականությունը կմշակվի բոլոր շահագրգիռ և կարող ուժերի ներգրավմամբ, ինչպես նաև լավագույնս կօգտագործվեն ժամանակակից աշխարհում կուտակված հսկայածավալ գիտելիքն ու փորձը՝ նպատակ ունենալով լայն հանրային քննարկումների արդյունքում ձևավորել տնտեսական քաղաքականության նոր մոդել»,- նշված էր ներածականում։

Սրանից կարելի էր ենթադրել, որ ՄԺԾԾ-ն ընդունվել է՝ զուտ ընդունվելու համար, բայց այնտեղ նշված ցուցանիշներն ու կանխատեսումները փոփոխման ենթակա են։ Կարճ ասած, կարելի էր ենթադրել, որ ՄԺԾԾ-ին մեծ կարևորություն պետք չի տալ։

Սակայն Ատոն Ջանջուղազյանի խոսքերից ստացվում է, որ 2019 թվականի բյուջեն կազմվելու է հենց միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիման վրա։

Իսկ ի՞նչ կանխատեսումներ կան ՄԺԾԾ-ում։ Ըստ այդ փաստաթղթի՝ 2019 թվականին տնտեսական աճը կկազմի 5.3%, 2020 թվականին՝ 5.5%, 2021 թվականին՝ 5.6%։ Իսկ ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2019-2021 թվականներին կանխատեսվել են համապատասխա­նա­բար` 1 տրլն 454.1 մլրդ, 1 տրլն 593.6 մլրդ և 1 տրլն 777.9 մլրդ դրամի չափով:

budget2019

Այսինքն՝ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կլինի 1 տրլն 454.1 մլրդ դրամի չափով։

Այս թիվը, իհարկե, կարող է ճշգրտվել՝ հաշվի առնելով ընթացիկ տարվա տնտեսական իրողություններն ու հարկերի հավաքագրման փաստացի ցուցանիշները։ Սակայն ընդհանուր առմամբ՝ թվերը լինելու են ՄԺԾԾ-ում նշված սահմաններում։

Օրինակ, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մասին ՄԺԾԾ-ի ներածական մասում նշվում է. «Թեպետև միջնաժամկետ ծախսերի ծրագրում 2019 թվականին 2018 թվականի հետ համեմատած կանխատեսվում է հարկեր/ՀՆԱ ցուցանիշի ընդամենը 0.4 տոկոսային կետով բարելավում (այն կկազմի 21 տոկոս) և անվանական հարկերի 143.5 մլրդ դրամով աճ, այնուհանդերձ, պետք է ամրագրել, որ քաղաքական նոր իրողությունն այլ գործողություններ և այլ ցուցանիշներ է պարտավորեցնում։

Այս առումով, պետք է նկատել, որ ծրագրում ամրագրված են մինչև քաղաքական փոփոխություններն արձանագրված վիճակագրական տվյալների կիրառմամբ տնտեսագիտորեն հիմնավորված կանխատեսումների հենքի վրա կառուցված բյուջետային ցուցանիշները, ինչը տրամաբանորեն չէր կարող արտացոլել քաղաքական փոփոխությունների ազդեցություններն առնվազն երկու պատճառով.

1) այդ ազդեցությունները դեռևս շարունակվում են, և

2) դրանց չափը դեռևս հայտնի չէ։

Այլ կերպ ասած, ՀՀ-ում քաղաքական փոփոխություններն ավելի կիմաստավորվեն, երբ դրանց արդյունքները կդառնան չափելի, և հնարավոր կլինի դրանք ուղղակիորեն ծառայեցնել երկրի հզորացմանը, ինչը ՄԺԾԾ տեսակետից կարելի է դիտարկել՝ որպես հնարավորությունների ընդլայնմանը նպաստող գործոն»:

Ստացվում է՝ Բյուջե-2019-ն էլ, ՄԺԾԾ-ի նման, փոփոխման ենթակա ծրագիր է։ Ինչ թվեր էլ այնտեղ տեղ գտնեն՝ դրանք հետագայում լուրջ ճշգրտումների են ենթարկվելու։

Հայաստանում սիրում են բյուջեներին տարբեր անվանումներ տալ՝ սոցիալական բյուջե, հավակնոտ բյուջե, զարգացման բյուջե, զգուշավոր բյուջե։ Իսկ Բյուջե-2019-ին ամենից շատ սազելու է «թերագնահատված» անվանումը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը մեկնարկել է

Հանրահավաքի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ երթով Արցախի պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Հայաստանի հանքարդյունաբերողներն ու նրանց վճարած հարկերը

Մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող 10 խոշորագույն ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել մոտ 55 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց՝ 77.2%. օնլայն հարցման արդյունքները

Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։