Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բյուջետային ավիաընկերությունների բիզնես մոդելը

Վերադարձ լուրերի բաժին

Բյուջետային ավիաընկերությունների մուտքը հայկական ավիացիոն շուկա տարաբնույթ քննարկումների տեղիք տվեց: Մասնավորապես, հանրության լայն շրջանակի համար անհասկանալի է թե ինչպես են աշխատում այս ավիաընկերությունները, ինչպես են գեներացնում իրենց շահույթն այն պարագայում, երբ ավիատոմսերը կարող են անգամ ինքնարժեքից ցածր լինել: Սա այն հիմնական մտագոհությունն է, որով, կարծես, կասկածի տակ է դրվում այս ավիաընկերություններով իրականացվող չվերթների ապահովությունը: Ստորև ներկայացված են բյուջետային ավիաընկերությունների բիզնես մոդելի հիմնական առանձնահատկությունները և սխեմաները, որոնց կիրառմամբ մինչև հիմա նրանք այդ չափազանց բարդ և մրցակցային ոլորտում դիմակայում են ուժեղ մրցակցությանը։

Բյուջետային ավիաընկերությունների ամենամեծ առավելությունը հենց էժան ավիատոմսերն են։ Լոուքոսթերների գործունեության ոլորտում եկամուտներ կարող են ստանալ միայն այն ավիաընկերությունները, որոնք ունեն մանրակրկիտ մշակված բիզնես մոդել և չափազանց արդյունավետ գործունեություն են իրականացնում։

Ինչպես է նրանց դա հաջողվում

Բիզնեսի մոդելի հիմքում ընկած է «ծախսերի կրճատման հաշվին սպառողներին առաջարկել ցածր գներով ծառայություն` բավարարելով անհրաժեշտ նվազագույն պայմանները» կարգախոսը, այլ կերպ ասած՝ «Մենք միայն տալիս ենք թռչելու հնարավորույթուն, մնացածի համար պետք է վճարեք»:

1

Ուղեվարձի խնայողությունների բիզնես մոդելը կառուցված է ծախսերի զսպման որոշ սկզբունքների հիմա վրա: Ստանդարտացված ինքնաթիռները նվազեցնում են մարզման և սպասարկման ծախսերը: Բյուջետային ավիաընկերությունները հետևում են ինքնաթիռների միատեսակության բարձր աստիճանին: Օրինակ՝ ներկայում իռլանդական RyanAir ընկերությունն ունի 83 բազա Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում և շահագործում է ավելի քան 450 Boeing 737-800 շարքի ինքնաթիռ, որոնց միջին տարիքը մոտավորապես 6.5 տարի է, ունեն նաև 210 նոր ինքնաթիռների պատվերներ, որոնք շուտով կհամալրեն առկա տեսականին: Մեկ տեսակի ինքնաթիռ ունենալու առավելությունն այն է, որ ինքնաթիռը սպասարկող անձնակազմին ավելի հեշտ և արագ է լինում վերապատրաստել: RyanAir-ի աշխատակիցները սովոր են աշխատել նույն տեսակի ինքնաթիռներում՝ օդաչուներից մինչև մաքրող անձնակազմ: Արդյունքում աշխատակիցները հանգիստ կարող են փոխարինել մեկը մյուսին, քանի որ սպասարկումը յուրատեսակ հմտություններ չի պահանջում:

Համագործակցություն երկրորդային նշանակության օդանավակայանների հետ

Բյուջետային ավիաընկերությունների բիզնես մոդելի կարևոր բաղադրիչ է նաև տարբերվող քաղաքականությունը օդանավակայանների հետ: Նախ՝ նրանք նախընտրում են իրենց ինքնաթիռները միշտ օդում պահել, դադարներ գրեթե չեն ունենում, առավելագույնը՝ 30 րոպե, բացառությամբ մաքրելու և սպասարկելու նպատակով: Ինքնաթիռների կահավորման ստանդարտացման շնորհիվ դրա մաքրումը և սպասարկումն ավելի արագ են լինում, ինչը նշանակում է, որ ինքնաթիռն ավելի երկար է լինում օդում և ավելի մեծ շահույթներ է բերում ընկերությանը: Դասական ավիաընկերությունները մեծ գումարներ են վճարում հենց օդանավակայանների տարածքում երկար կայանելու համար:

Բացի այդ, որպես կանոն, բյուջետային ավիաընկերությունները համագործակցում են երկրորդային նշանակության օդանավակայանների հետ, որոնք ունեն վայրէջքի ավելի ցածր տուրքեր և շուկայավարման աջակցություն: Օրինակ՝ հունգարական Wizzair ընկերությունը վայրէջք է կատարում Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմից 100 կմ հեռու գտնվող Սկավստա օդանավակայանում, որտեղից Ստոկհոլմ տրանսպորտն արժե մոտ 15-20 եվրո: Նույն տրամաբանությամբ, Երևանից Միլան չվերթը վայրէջք է կատարելու Բերգամո քաղաքում, որը, Միլանից հեռու է մոտ 60 կմ և որտեղից Միլան ճանապարհածախսը կարող է տատանվել 7-10 եվրոյի շրջանակում։

2

Վճարովի ուղեբեռ

Ավիատոմսի արժեքը ներառում է միայն ձեռքի փոքր պայուսակ՝ հստակ չափսերով, սակայն հնարավորություն կա նաև լրացուցիչ 10-30 եվրո վճարելու դեպքում ավելացնել համապատասխանաբար 10 կգ և 20 կգ ուղեբեռեր։ Այս սակագինը նույնպես կարող է փոփոխությունների ենթարկվել՝ կախված տոմսի արժեքից։ Ավիաընկերությունների պաշտոնական էջերում մանրամասն նշված են ուղեբեռերի թույլատրելի չափսերը և գերազանցող մասի սակագները: Բավական խիստ հսկողություն է իրականացվում, ստուգվում են բոլոր ուղեբեռները, իսկ անճշտությունների դեպքում ուղևորը կարող է տեղափոխել իր ուղեբեռը միայն հավելավճարի պարագայում։

Ավտոմատացում: Տոմսերի առցանց վաճառք և գրանցում (check-in)

Ավտոմատացման շնորհիվ բյուջետային ավիաընկերությունները գրեթե չեն ունենում գրասենյակային անձնակազմ։ Տոմսերի վաճառքն իրականացվում է առցանց, հիմնական դեպքերում վերադարձ կամ անվանափոխություն հնարավոր չէ անել կամ այս ծառայությունները կարող են գերազանցել տոմսի արժեքը: Բացի այդ, գրեթե անհնար է կանխատեսել, թե երբ ավելի ցածր գնով հնարավոր կլինի ձեռք բերել ավիատոմս: Ամեն դեպքում, ցանկալի է այն գնել մի քանի ամիս առաջ։ Անհրաժեշտ է նաև մինչև թռիչքը գրանցել ավիատոմսը, հակառակ դեպքում տուգանքներ են սպասվում: Համակարգը պատահականության սկզբունքով կընտրի նստատեղ ինքնաթիռում, իսկ եթե ուղևորն ունի տեղի հետ կապված նախապատվություններ, դրանք ևս կընդգրկվեն լրացուցիչ վճարովի ծառայությունների մեջ։ Որպես կանոն՝ գրանցումը հասանելի է լինում 48 ժամ առաջ: Այս քաղաքականությունը նույնպես ավիաընկերությանը հնարավորություն է տալիս կրճատել սպասարկող անձնակազմի ծախսերը, անգամ եկամուտ ստանալ դրանից:

Այլ լրացուցիչ վճարովի ծառայություններ

Այս ավիաընկերությունների մատուցած ծառայություններն էականորեն տարբերվում են դասական ավիաընկերությունների մատուցած ծառայություններից։ Իրականում բյուջետային ավիաընկերությունների ինքնաթիռներում չկան էկոնոմ և բիզնես կարգեր: Տպավորություն է, որ բոլոր ավիատոմսերը պետք է լինեն նույն արժեքի, սակայն իրականում դրանք նույնպես տարբերվում են: Օդանավի նստատեղերը նեղ են, և չեն բացվում: Ինքնաթիռի առաջին 2 շարքերը և պատուհանին մոտ նստատեղերն ավելի թանկ արժեն, քան մնացածը: Երբեմն կարող են լինել անգամ ավիատոմսի արժեքը գերազանցող ծառայությունների վճարներ։ Օրինակ՝ տոմսի անվանափոխությունն արժե մոտ 120 եվրո։

Այսպիսով, ավտոմատացման, ծախսերի օպտիմալացման և մասշտաբի էֆեկտի հաշվին բյուջետային ավիաընկերությունները հաջողում են դիմակայել մրցակցությանը և հաջողություններ գրանցել ոլորտում: Անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել թռիչքի պայմանները, հետևել դրանց և ճամփորդել մատչելի ավիատոմսերով:

Ըստ Economood-ի:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Համաշխարհային ՀՆԱ-ն անկում կունենա 4,7 տոկոսով

Նման կանխատեսում է կատարել Ֆիտչը:

Հայաստանի օգնության փաթեթը կազմում է ՀՆԱ-ի 2 տոկոսը

ԱՄՀ-ն վերլուծել է տարբեր երկրների արձագանքը COVID-19-ի տնտեսական հետևանքներին:

Միջազգային տուրիզմն ունենալու է մոտ 80% անկում

Նման կանխատեսում է արել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO):