Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բարեգործության օրենքի կոմպրոմիսն ու մյուս թաքնված կողմերը

Վերադարձ լուրերի բաժին

10:32 , 24 Հունիս 2018

Անցած 10 օրերի ընթացքում ամենաաղմկահարույց նախագծերից մեկը դարձավ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Աղմուկը շատ արագ ծավալվեց, արագ էլ մարեց, ու շատերի համար անհասկանալի մնաց, թե, ի վերջո, սա ի՞նչ պատմություն էր։ Հիմա՝ ամեն ինչ հերթով։

Կոնֆլիկտը

Մոտ 10 օր առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ հունիսի 19-ին կայանալիք նիստի օրակարգում ներառված է «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Սա բավականին զայրացրեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին։

Հունիսի 12-ին ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը

ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց. «Կարճ ժամանակ առաջ իմացա, որ շրջանառվում է ամսի 19-ի նիստի համար մի տարօրինակ և ժամանակավրեպ օրենքի նախագիծ՝ բարեգործության մասին անվանմամբ, և շատ հիասթափվեցի, կտրուկ, երբ որ դա համադրեցի միջազգային ամբողջ փորձի հետ և այս տիպի երկրների հետ, որտեղ որ 1 միլիոն մարդ աղքատ է, և պետք է իմ լուրջ մտահոգությունը հայտնեմ՝ շատ հստակ և պարզ։ Պարոն վարչապետ, պրն Փաշինյան, եթե մի ոլորտի մասին դուք ցանկանում եք կարգավորում տալ (խոսքը գնում է բարեգործության մասին) և բարեգործության հիմնական՝ 90-95%-ը կատարվում է Գագիկ Ծառուկյանի կողմից մեր հանրապետությունում։ Խորհրդակցե՞լ եք Դուք Գագիկ Ծառուկյանի հետ»:

«Ծառուկյան» դաշինքի այլ պատգամավորներ ևս անարգանքի սյունին գամեցին օրենքը։ Իսկ դրան զուգահեռ՝ հունիսի 16-ին «Կենտրոն» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվեց «թեմայի մեջ» մի ռեպորտաժ։ Այն «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացված հերթական ակցիայի մասին էր, սակայն դրա շրջանակներում երեխաները գրկներին, ծրարներով դրամական օգնություն ստացող կանայք ոչ միայն շնորհակալություն էին հայտնում Ծառուկյանին, այլև, մեղմ ասած, մտահոգություն հայտնում «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ։ Նրանց թվում էր, որ օրինագծի ընդունմամբ՝ Ծառուկյանն այլևս չի կարողանալու իրենց օգնել։ Կարճ ասած, ձևավորվեց խորհրդարանական և արտախորհրդարանական դիմադրություն՝ այս նախագծի առնչությամբ։ Իսկ ուղղվա՞ծ էր այս օրենքը Գագիկ Ծառուկյանի կամ որևէ մեկ այլ բարեգործի դեմ։ Հասկանալու համար եկեք սկսենք նախապատմությունից։

Նախապատմությունը և փոփոխության իմաստը

Բարեգործության մասին ՀՀ օրենքն ընդունվել է դեռևս 2002թ. նոյեմբերին։ Այն ժամանակ ԲՀԿ-ն դեռ գոյություն չուներ (այս կուսակցությունը հիմնադրվել է 2004 -ին)։ Օրենքը կարգավորում է բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները, սահմանում է բարեգործության կարգավորման իրավական հիմքերը, նպատակները, իրականացման սկզբունքները, պետության կողմից բարեգործությանն աջակցելու ձևերը, բարեգործական կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները: Այսինքն՝ օրենքը տալիս է այն հարցի պատասխանները, թե ինչ ասել է՝ բարեգործություն և բարեգործական ծրագիր, ովքեր կարող են բարեգործական ծրագրեր իրականացնել, ինչ ակնկալիքներ կարող են ունենալ բարեգործները պետությունից (կոչումներ, հարկային արտոնություններ և այլն)։ Օրենքի ընդունումից հետո այն միայն մեկ անգամ՝ 2003-ին է թեթև փոփոխության ենթարկվել։

Փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված էր սահմանադրական փոփոխություններով։ Բարեգործական ծրագրերի հանձնաժողով կար նաև նախորդ կառավարության օրոք, պարզապես Սահմանադրության փոփոխություններից հետո այն կորցրել էր լիազորությունները։ Այժմ պետք է ձևավորվի նոր մարմին, որը պետք է ունենա այդ հանձնաժողովի իրավասությունները։

Մասնավորապես, օրենքի 13-րդ հոդվածում ավելանում է կետ, ըստ որի՝ ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկությնուններ է ներկայացնում սույն օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատվում է ՀՀ Վարչապետի որոշմամբ: Օրենքում նաև հստակեցված են լիազոր մարմնի գործառույթները։

Այն է՝ բարեգործական որակված ծրագրերի վարչական ռեգիստրը վարելը, ներառյալ՝ բարեգործական ծրագրերը գրանցելը, բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառումը վարելը, որպես բարեգործական որակված ծրագրերի ընթացքի և ավարտի վերաբերյալ տեղեկատվություն ստանալը, և այլն։

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ օրենքի բովանդակությունն ու սկզբունքները նույնն են մնում, շահառուների շրջանակն էլ չի փոխվում։ Պարզապես հստակեցվում է, որ հանձնախմբի կազմն ու կանոնադրությունը հաստատվում է վարչապետի կողմից։ Այսինքն, խոսքը զուտ տեխնիկական բնույթի փոփոխության մասին է։

Խնդրի հանգուցալուծումն ու կոմպրոմիսը

Թեպետ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները դժվար թե խոստովանեն, սակայն նրանք ակնհայտորեն շտապել էին, սխալ էին հասկացել նախագիծը և այդտեղ վտանգ էին տեսել՝ իրենց քաղաքական ուժի առաջնորդի նկատմամբ։ Նրանք համոզված էին, որ դրանով Ծառուկյանը կաշկանդված է լինելու իր գործողություններով։ Ավելին, Միքայել Մելքումյանի խոսքից դատելով՝ երևում է, որ նրան սկզբում թվացել է, թե խոսքը լիովին նոր օրենքի մասին է, և ոչ թե՝ օրենքի նախագծի փոփոխությունների։

Մելքումյանը խոսում էր բարեգործության ոլորտի կարգավորումներ տալու մասին, մինչդեռ այդ դաշտը կարգավորվում է արդեն 16 տարի։ Թյուրիմացությունը պարզվեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 18-ի նիստում։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները սկզբում շատ մարտական էին տրամադրված։

Միքայել Մելքումյանը պահանջում էր հստակ վիճակագրություն ներկայացնել՝ որտեղ ինչ տիպի բարեգործություն է եղել, ինչ է կատարվել, Հայաստանում աղքատության մակարդակը ինչքան է, ովքեր են շահառուները բարեգործության, և որոնք են, որ պարբերական բնույթ են կրել։ «Խնդրում եմ բերեք Հայաստանի նման նույն եկամտի ու աղքատության մակարդակի երկիր, որտեղ էս որակի կարգավորում կա։ Երբ որ բոլոր այս հարցերին դուք կպատասխանեք, ես սիրով կարձագանքեմ»,- ասում էր նա։

«Ծառուկյան» դաշինքի մեկ այլ պատգամավոր էլ՝ Գևորգ Պետրոսյանը, անհասկանալի էր համարում, թե վարչապետն ինչո՞ւ պետք է հանձնախումբը հաստատի, կանոնադրություն ձևավորի, և այլն։ Ըստ նրա՝ ավելի հրատապ խնդիրներ կան։

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը պարզաբանեց, որ օրենքը բացարձակապես ոչ մի կերպ չի սահմանափակում երկրում բարեգործություն իրականացնելը, որը շարունակվելու է նույն կերպ, ոնց որ հիմա։

«Այսօր այդ հանձնաժողովը որ կա, ընդամենը մի հարց է լուծում. ասում է՝ հարգելի բարեգործ, եթե դու քո բարեգործությունը իրականացնելու հետ մեկտեղ՝ ևս ինչ-որ ակնկալիք ունես՝ ստանալ հանրապետության նախագահից կոչումներ, ստանալ հարկային արտոնություն, ստանալ աջակցություն պետությունից, դիմիր մեզ։ Մենք քո ծրագիրը կնայենք և կհասկանանք՝ մեր տեսանկյունից ինքը բարեգործակա՞ն է, թե՞ ոչ։ Եթե ոչ՝ դու շարունակիր քո բարեգործությունը»,- ասաց նա՝ նշելով, որ հիմա պարզապես ցանկանում են տալ այդ լիազորությունները համապատասխան պետական մարմնին։

Հարցը պարզվեց, կրքերը հանդարտվեցին, սակայն «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներն անհրաժեշտ համարեցին, այսպես ասած, «ստրախովկա» կորզել կառավարությունից, որպեսզի օրենքն ընդհանրապես իրենց չկաշկանդի։

«Օրենքի մակարդակով պետք է հստակ ամրագրվի, որ այս օրենքը քար անտարբերություն է դրսևորելու բոլոր այն բարեգործների և բարեգործական կազմակերպությունների նկատմամբ, որոնք ի սկզբանե գրավոր չեն հայտնել օրենքով նշված նպատակներով բարեգործություն անելու վերաբերյալ։ Կարելի՞ է սա որպես փաստ արձանագրել»,- հարցրեց Գևորգ Պետրոսյանը։ Հովհաննիսյանը համաձայնեց, սակայն Միքայել Մելքումյանը ևս մեկ անգամ հարկ համարեց ճշտել.

«Եթե բարեգործություն անողը այդ ձեր նշած արտոնություններից և այլ հետաքրքրություններից դուրս է, ի վերուստ ինքը մի տարվա համար էլ հայտարարում է, որ՝ չկամ դրանցում, ուրեմն օրենքում արձանագրում ենք, որ այլևս այդ մարմինը նրա հետ որևէ գործ չունի, և որևէ խնդիր չկա»։  Այս փոխհամաձայնությամբ էլ հանձնաժողովն ավարտեց այս հարցի քննարկումը։

Արդյունքում՝ օրենքի 13-րդ հոդվածում ավելացավ այս կետը։

2.1. Ծրագիրը բարեգործական որակելու հարցը կարող է դրվել այն դեպքերում, երբ ծրագիրն իրականացնող անձը՝

1) ակնկալում է սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված խրախուսում,

2) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա նախատեսում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից, եթե նշված արտոնությունները կամ վերը նշված որակումն ուղղակիորեն չեն բխում օրենսդրությունից կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից,

3) սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ակնկալում է Կառավարությունից կամ համապատասխան համայնքից ստանալ նյութատեխնիկական աջակցություն կամ դրամական օժանդակություն:

Սա, պարզ ասած, նշանակում է հետևյալը՝ եթե Ծառուկյանը կամ որևէ մեկն ինքնակամ չեն դիմում լիազոր մարմնին ու պետությունից որևէ բան (հարկային արտոնություն կամ կոչում) չեն ուզում, պետությունը նրանց հանգիստ է թողնում, ինչ բարեգործություն ուզում են՝ անեն։ Կոմպրոմիսը, որի մասին խոսում էին «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, հենց սա էր։ Արդյունքում՝ հունիսի 19-ին ԱԺ-ն 84 կողմ ձայնով հավանություն տվեց «Բարեգործության մասին» օրենքի փոփոխություններին ու լրացումներին։

«Ծառուկյան» դաշինքը կողմ քվեարկեց։ Ու երբ մամուլում գրվեց, որ կոմպրոմիս չի եղել, և «Ծառուկյան» դաշինքը պարզապես փոխել է դիրքորոշումը, դա նյարդայնացրեց այս ուժի պատգամավորներին։ «Օրենքով եղել է լուրջ փոփոխություն։ Նախկինում կառավարության որոշմամբ էր սահմանվում, թե որ ծրագիրը կարող է որակվել բարեգործական։ Մեր դաշինքի հետ քննարկումների արդյունքում այդ ձևակերպումը ներառվեց օրենքի մեջ։ Սա այն փոփոխությունն էր, որը ազդեց մեր դիրքորոշման վրա, և որի արդյունքում մենք քվեարկեցինք կողմ»,- հունիսի 21-ին ԱԺ-ում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

«Բարեգործական» աղմուկի հակառակ կողմը

«Բարեգործության մասին» օրենքի փոփոխությունների ու լրացումների նախագծի հետ կապված այս պատմությունը մեկ անգամ ևս ի ցույց հանեց հայաստանյան քաղաքական համակարգի խոցելի կետերը։ Բավականին «անշառ» օրենքի դեմ միանգամից տագնապով ոտքի բարձրացավ մի ամբողջ խմբակցություն՝ բացահայտորեն պաշտպանելով մեկ անձի, ընդ որում՝ անհասկանալի է, թե ումից և ինչից։ Նման հիպերակտիվություն վերջին անգամ նկատվել էր այն ժամանակ, երբ Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ էր անցկացնում «Առինջ մոլում»։

Բացի խորհրդարանական հարթակից՝ գործի դրվեց նաև «ժողովուրդը»։ Անգամ տնտեսական լրահոսին մշտապես հետևող մարդկանցից շատերը տեղյակ չէին, որ նման օրինագիծ կա օրակարգում, սակայն պարզվեց՝ տարբեր մարզերի տարբեր տարիքի տնային տնտեսություններն օպերատիվ տեղեկացել էին, կարդացել էին նախագիծը, զգացել վտանգը և անհրաժեշտ համարել իրենց մտահոգությունն արտահայտել։ Իհարկե, բոլորը հասկանում են, որ սա «ուժի ցուցադրման» ձև էր։

Այս ջղաձիգ արձագանքը ոչ միայն հերթական անգամ հաստատեց, որ բարեգործություն ասվածը մեզանում ընդգծված քաղաքական ենթաշերտեր ունի, այլև պարզ դարձրեց, թե ինչ դիմադրություն կլինի, եթե ԱԺ մտնի իրոք այնպիսի օրինագիծ, որը էապես կսահմանափակի փողի ու կապիտալի ազդեցությունը քաղաքական պրոցեսներում։ Այսինքն, բիզնեսի ու քաղաքականության սերտաճման խնդիրը դեռ ակտուալ է մնում և կլուծվի միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Հենց ընտրություններով էլ կորոշվի, թե այդ լուծումն ում օգտին կլինի՝ կապիտալի՞, թե՞ քաղաքականության։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ պետական կառավարման ոլորտում աշխատել ցանկացողներին

Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր…

Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, և ինչո՞ւ նրանք չեն աշխատում. ՀՀ աշխատաշուկայի կառուցվածքը

Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: