Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկ ներկայացող ապօրինի կառույցն ու Արծվիկ Մինասյանի «կիքսը»

Վերադարձ լուրերի բաժին

00:02 , 05 Հուլիս 2018

Երկու օր առաջ՝ հուլիսի 3-ին, մի շարք ԶԼՄ-ներ գրեցին, որ շվեյցարական Swissquote bank-ը մուտք է գործում հայկական շուկա:

Հրապարակումներում նշվում էր, որ Հայաստանում Swissquote bank-ը գործելու է միջնորդական ընկերության միջոցով, որն առաջարկում է ծառայություններ գործակալի ֆինանսական շուկայում, մասնավորապես` Swissquote առցանց–բանկում հաշիվ բացելու միջնորդ է հանդիսանում։

Նշվում էր նաև, որ ընկերությունը բանկի հաճախորդներին վարձակալության է տրամադրելու ռոբոտներ (ավտոմատացված համակարգ), որոնք կատարելու են Արտարժութային գործարքներ, անդադար աշխատեցնելու են առևտրային հաշվի գումարները` ապահովելով եկամուտ` փոխարժեքի բորսայական տոկոսադրույքների փոփոխության հաշվին:

«FTH կողմից տրամադրվող ֆինանսական գործիքի առավելությունն այն է, որ այն` ի տարբերություն այլ բանկային ծառայությունների, ունի ամսական եկամտաբերություն. ավանդատուն վաստակում է 4-8 տոկոս եկամուտ յուրաքանչյուր 25 օրը մեկ»,- նշվում էր հրապարակումներից մեկում:

Այլ հետաքրքիր ու գայթակղիչ հանգամանքներ էլ էին նշվում. օրինակ՝ թե ինչպես հաճախորդը կարող է տանը նստած հետևել, թե ինչպես են ռոբոտներն իր համար գումար վաստակում և այլն։

Սակայն այս ամենի մեջ մի զարմանալի ու տարօրինակ բան կար։ Բանկը առևտրի կրպակ չէ, և կոնկրետ Հայաստանում բանկ բացելը բավականին ռեսուրսատար ու ժամանակատար գործընթաց է։ Համենայնդեպս, եթե Հայաստանում նոր բանկ բացվեր, ապա ԿԲ-ն պետք է լիցենզիա տրամադրեր, ինչի մասին նախապես համապատասխան հաղորդագրություններ կլինեին։

Եվ ահա, Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը երեկ ֆեյսբուքի իր էջում կիսվելով Swissquote bank-ի մասին հրապարակումներից մեկը՝ գրել էր. «ՀՀ կենտրոնական բանկը նման «բանկ» կամ ֆինանսական կազմակերպություն չի լիցենզավորել: Ուշադիր եղե՛ք ու ձեր ընկերներին էլ ասեք զգուշավոր լինեն: Այս պահին Կենտրոնական բանկում ուսումնասիրություններ են իրականացվում այս «բանկ»-ի Հայաստանում գործունեության օրինականության վերաբերյալ»:

Ավելի ուշ Վ. Ավետիքյանը գրեց, որ կասկածները հաստատվել են՝ գործ ունենք անօրինականության հետ։

«Կասկածներս հաստատվեցին: Նախապես ասեմ. ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ: Հին ու «բարի» ֆորեքս մեքենայության սխեմա է սա: Financial Trading House կոչվող կազմակերպությունը գովազդում է Հայաստանում բանկային լիցենզիա չունեցող կազմակերպության online և robo-trading ծառայությունները` խոստանալով Ձեր համար բացել առևտրային հաշիվներ և դրանց վրա ներդրված գումարներից` եկամուտներ: Նման գործունեությունը անօրինական է: Կրկնում եմ. ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ: Ասեք ու տարածեք Ձեր ընկերներին, որ պետք է ՀԵՌՈՒ ՄՆԱՆ Financial Trading House-ից»,- գրել էր Վարուժան Ավետիքյանը:

Կարճ ասած, սա հերթական մեքենայությունն է, որից պետք է հեռու մնալ։

Սակայն սա մեծ հաշվով արտառոց չէ. նման կառույցներ ստեղծելու փորձեր միշտ եղել են և կլինեն։

Արտառոցն այն է, որ «բանկ» կոչվածի գործունեության մեկնարկին նվիրված պաշտոնական շնորհանդեսին մասնակցել է նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։ Ոչ միայն մասնակցել է, այլև ելույթ է ունեցել և ողջունել  նշեց, որ «Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայում շվեյցարական բանկի հայտնվելը»։

«Այս նախաձեռնությունը վկայում է մեր երկրում իրականացվող փոփոխությունների նկատմամբ վստահության աճի մասին, այդ թվում` ներդրողների վստահության: Swissquote bank-ի ներկայությունը Հայաստանում ֆինանսական ռեսուրսների հավելյալ հնարավորություն է տալիս տեղի տնտեսություններին, ինչպես նաեւ թույլ է տալիս ավելացնել դրանց շրջանառությունը մեր երկրում: Իհարկե, որքան ավելի շատ են գումար ներդնելու նման հնարավորությունները, այնքան ավելի մեծ է մրցակցությունը ֆինանսական սեկտորում»,- ասել է նախարարը:

Արծվիկ Մինասյանը նաև ասել է, որ Swissquote bank-ի ներկայությունը իրական հնարավորություն է ստեղծում Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներով հետաքրքրվող օտարերկրյա ներդրողների համար` օգտվելու «հեղինակավոր բանկային այս ծառայությունից»:

Սա էլ դեռ ամենը չէ։ Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան  Լուկաս Գասսերը և նշել, որ որ ևս մեկ շվեյցարական ընկերության առկայությունը հայաստանյան շուկայում դրական ազդանշան է այլ ընկերությունների համար:

Ստացվում է՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան և Շվեյցարիայի դեսպանը գովազդում և գովեստի խոսքեր են շռայլում մի կազմակերպության հասցեին, որը ապօրինի գործունեությամբ է զբաղվում՝ ըստ ՀՀ Կենտրոնական բանկի։ Սա կարող է դառնալ ոչ միայն ներհայաստանյան, այլև միջազգային սկանդալ։ Հուսով ենք, որ այդպես չի լինի։

Իհարկե, ոչ Արծվիկ Մինասյանը, ոչ էլ Շվեյցարիայի դեսպանը այդ միջոցառմանը չէին մասնակցի, եթե անգամ թեթև կասկածներ ունենային, որ սա ապօրինի, ֆինանսական մեքենայություններով զբաղվող կառույց է։ Իսկ դա նշանակում է, որ այս մարդկանց իրենց ենթակաները փաստի առաջ են կանգնեցրել՝ պատշաճ չհետաքրքրվելով, թե ուր են գնում և ինչի համար։ Կարճ ասած, որոշ պատասխանատուներ դրսևորել են անթույլատրելի փնթիություն և PR-ով տարված՝ մոռացել մնացած ամեն ինչի մասին։

Հուսով ենք, պետական կառույցները այս դեպքից համապատասխան հետևություններ կանեն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն կրկին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել խթանող դրամավարկային պայմանները և անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես (լուսանկարներ)

Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար: