Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկային համակարգն առաջինն իր ներդրումն ունեցավ ճգնաժամի հաղթահարման գործում

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ ԱԺ-ն քննարկում է ԿԲ նախագահի պաշտոնում Մրատին Գալստյանի թեկնածությունը: Մինչև պատգամավորների հարցերին պատասխանելը Գալստյանը մի քանի թեզեորվ ներկայացրել է իր դիրքորոշումը և ծրագրերը: Ձեզ ենք ներկայացնում նրա ելույթը:

Մարտին Գալստյան

Ազգային ժողովի մեծարգո Նախագահ, հարգելի պատգամավորներ, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությանը՝ իմ թեկնածությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջադրելու համար։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցություններին հանդիպման և արդյունավետ քննարկման համար:

Եթե ես այս բարձր ամբիոնից ելույթ ունենայի մի քանի ամիս առաջ, ապա իմ ելույթը կառուցված կլիներ այլ տրամաբանությամբ, և հիմնականում կներկայացնեի այն տեսլականը, որն ունեմ որպես կենտրոնական բանկի նախագահի թեկնածու, բայց մենք այսօր ապրում ենք այլ իրականությանում։

Այսօր, արագ փոփոխվող և անորոշություններով լի աշխարհը, որի մասին տեսական բանավեճեր էին ծավալվում, արդեն կայացած փաստ է: Մենք ապրում ենք մարդկության պատմության արդի ժամանակաշրջանի համար նախադեպը չունեցող իրողությունում: Ամբողջ աշխարհն իրական ժամանակում հետևում է մարդկային ողբերգության, փորձում է ինչ-որ հույս գտնել, իսկ բոլոր երկրների կառավարությունները անում են հնարավորինը մարդկանց կյանքերը փրկելու համար՝ չկանգնելով նույնիսկ տնտեսական ահռելի կորուստների առջև:

Ուստի, ելույթիս առաջին մասում կանդրադառնամ կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արձագանքին: Ելույթիս երկրորդ մասը նվիրված կլինի կենտրոնական բանկի՝ որպես կառույց, անցած ճանապարհին, հետագա անելիքներին և իմ տեսլականին:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում շատ բան է փոխվել: Հաճախ լսելի են դարձել «պատերազմական իրավիճակ», «աշխարհը նույնը չի լինելու» արտահայտությունները: Շատ տնտեսագետների կանխատեսումների համաձայն տնտեսական անկումը լինելու է շատ ավելի խորը, քան նույնիսկ 2008-09 թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ:

Տնտեսական քաղաքականության ձևակերպման տեսանկյունից կան անասելի դժվարություններ՝ նախ և առաջ պայմանավորված ճգնաժամի առաջին հերթին առողջապահական լինելու փաստով և ուղեկցվող անորոշություններով: Հատկանշական է սակայն, որ տնտեսագետները միակարծիք են ճգնաժամի հաղթահարման և տնտեսական քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: Հիմնական հնչող եզրույթը հետևյալն է «արձագանքել արագ և անել ամենն, ինչ անհրաժեշտ է»։

Կենտրոնական բանկը դեռևս մարտի սկզբին առևտրային բանկերի ղեկավարների հետ կայացած հանդիպումների ընթացքում քննարկել էր հնարավոր զարգացումները՝ պայմանավորված վարկառուների ֆինանսական դիրքի հնարավոր վատթարացմամբ և հորդորել էր ցուցաբերել անհատական մոտեցում վարկառուներին և հետաձգել վարկերի վճարումները: Պայմանավորվածության համաձայն կենտրոնական բանկը որոշակիորեն թուլացրել է ֆինանսական հաստատությունների կարգավորման ռեժիմը: Ինչպես նաև 6 ամիս ժամկետով երկարաձգվել է ընթացիկ մարումների ժամկետները՝ միջազգային ծրագրերով տրամադրված և ծրագրային հիպոթեքային վարկերի համար: Բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն է տրվել ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկերի պայմանները (ժամկետայնությունը, տոկոսադրույք, արժույթ և այլն) վերանայել այնպես, որ առկա իրավիճակում վարկերի մարումների ուշացումները բացասաբար չանդրադառնան վարկառուների վարկային պատմության վրա, ինչպես նաև հնարավորինս չավելանա վերջիններիս վարկային բեռը: Փաստացի, համակարգը առանց պետության կողմից որևէ աջակցություն ակնկալելու առաջիններից էր, որը իր դերակատարումն ունեցավ ճգնաժամի հետևանքները մեղմելու գործում:

Մարտի 17-ին կենտրոնական բանկի խորհուրդը որոշում կայացրեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, առաջին հայացքից բավականին օրինաչափ, սակայն ստեղծված իրավիճակում ոչ պահպանողական քայլ: Տարածաշրջանի շատ գործընկերներ, բախվելով ազգային արժույթների արժեզրկման ճնշումների, չգնացին այս ճանապարհով՝ Ռուսաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը չիջեցրեցին տոկոսադրույքը, իսկ Ղազախստանի կենտրոնական բանկը նույնիսկ ստիպված եղավ բարձրացնել այն:

Երրորդ կարևորագույն քայլը շուկաներում կայունության պահպանումն էր: Կենտրոնական բանկը հայտարարեց և համակարգին տրամադրեց իրացվելիության անհրաժեշտ քանակ՝ թե՛ ազգային արժույթով, և թե՛ արտարժույթով: Համակարգն այս պահին չունի իրացվելիության որևէ խնդիր, իսկ շուկաները գործում են բնականոն ռիթմով:

Քննարկվում է նաև բանկային գործունեության կարգավորման դաշտի ճշգրտման խնդիրը՝ մասնավորապես դիտարկվում է հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվը 1 տոկոսային կետով նվազեցնելու, ինչպես նաև իրացվելիության նորմատիվների ներդրման ժամկետը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը երկարաձգելու հնարավորությունը:

Հարկ է նշել նաև, որ կենտրոնական բանկը բանկերի և վարկային կազմակերպությունների հետ աշխատում է ամենօրյա օպերատիվ կապի ռեժիմով, հնարավորինս արագ հավաքագրելով և հընթացս լուծում տալով ներկա իրավիճակի հետ կապված խնդիրներին: Մեր առանձնակի ուշադրության կենտրոնում է նաև կառավարության կողմից իրականացվող ծրագրերի փաթեթի իրագործումը: Կենտրոնական բանկի թեժ գիծը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, և քաղաքացիներին մտահոգող հարցերին փորձ է արվում տալ սպառիչ պատասխաններ, շատ հարցերի դեպքում կենտրոնական բանկը հանդիսանում է կամուրջ վարկատու-վարկառու հարաբերություններում։

Կցանկանայի նշել նաև, որ մեր քայլերի վերաբերյալ միջազգային գործընկերների արձագանքը ևս դրական է: Մասնավորապես ԱՄՀ վերջին հայտարարության մեջ ասվում է, մեջբերում եմ, – «Կենտրոնական բանկն իր երկակի՝ գների և ֆինանսական կայունության ապահովման իրավասությունների շրջանակում, ձեռնարկեց կորոնավիրուսային վարակով (COVID-19) պայմանավորված ճգնաժամին արձագանքելու արագ քայլեր: Այն անհապաղ իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը խթանելու և տնտեսական աշխուժությանն աջակցելու, սակայն պատրաստ է քաղաքականության ճշգրտմանը՝ կապիտալ արտահոսքի ճնշումների և փոխարժեքի անկանոն տեղաշարժերի դեպքում ֆինանսական կայունությունը պահպանելու համար: Ներքին ֆինանսական շուկաներն համավարակի սկզբից էլ, ընդհանուր առմամբ, անխափան են գործել, ինչին օգնել է ՀՀ ԿԲ կողմից իրացվելիության տրամադրումը: ՀՀ Կենտրոնական բանկի կարգավորման և վերահսկողական արձագանքը եղել է ֆինանսական կայունության, առողջ բանկային համակարգի և տնտեսական ակտիվությանը միտված»։

Մեջբերվածը վկայում է, որ Կենտրոնական բանկի գործողությունները համահունչ են եղել ստեղծված իրավիճակին, սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ անորոշությունը դեռևս շատ մեծ է: Այդ է պատճառը, որ մենք ներկայումս իրականացնում ենք սցենարային վերլուծություններ և գտնվում ենք օպերատիվ կառավարման փուլում, որպեսզի հնարավորինս պատրաստ լինենք դեպքերի ցանկացած զարգացման:

Կցանկանայի նշել նաև, որ այնուամենայնիվ թե ներկայիս սթրեսային իրավիճակում և թե ընդհանրապես մեր գործողությունների ուղղորդող սկզբունքը հասարակության երկարաժամկետ բարեկեցության ապահովումն է:

Թերևս, այսքանը այն ներկայի մասին, որում ապրում ենք, իսկ այժմ ձեր թույլատրությամբ անդրադառնամ կենտրոնական բանկի անցած ճանապարհին և ապագա անելիքներին, այն կյանքին, որը գալու է կորոնավիրուսից հետո։

Չնայած ապրում ենք բացառիկ դժվար ժամանակներում, բայց արդարության համար պետք է փաստել, որ մեր նորանկախ հանրապետության պատմության ընթացքում տնտեսական քաղաքականության իրականացումը երբեք դյուրին չի եղել:

Այդուհանդերձ, Կենտրոնական բանկին հաջողվել է ապահովել ցածր գնաճային միջավայր:

Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Հայաստանի կառավարությունը և Ազգային Ժողովը բավականին շուտ իրականացրեցին Կենտրոնական բանկի բարեփոխումը՝ օրենսդրորեն ամրագրելով Կենտրոնական բանկի անկախությունը և գների կայունության նպատակը դեռևս 1996 թվականին: Պետական այրերի կողմից կենտրոնական բանկի անկախության գիտակցման շնորհիվ է, որ կենտրոնական բանկում ձևավորվել է մի միջավայր, որտեղ գիտելիքը ու մասնագիտական որակները համարվում են կարևորագույն արժեք, ինչն էլ թույլ է տվել կենտրոնական բանկին արդյունավետ կերպով լուծել սահմանադրությամբ իրեն վերապահված խնդիրները: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ կերտվածքի հիմքերը դրվել են հենց այդ օրերին:

Երկրորդ կարևորագույն իրադարձությունը, որն արժանի է հիշատակման, դա կենտրոնական բանկի մանդատի փոփոխությունն էր, որի արդյունքում ֆինանսական կայունության ապահովումը դասվեց կենտրոնական բանկի հիմնական խնդիրների շարքին: Մի քանի գլոբալ և տարածաշրջանային ճգնաժամերի հորձանուտով անցնելուց հետո ոչ միայն մենք, այլև աշխարհի բազում կենտրոնական բանկեր գիտակցեցին մանդատի փոփոխության հրատապությունը և գների ու ֆինանսական կայունության գործառույթները կենտրոնական բանկում կենտրոնացնելու անհրաժեշտությունը:

Մասնավորապես, մեր պարագայում մանդատի ընդլայնման վերաբերյալ քննարկումները սկսվեցին 2008-09թթ. գլոբալ ֆինանսական ճգնաժամի ընթացքում, երբ ֆինանսական կայունության ապահովումը դարձավ կենսական անհրաժեշտություն: Սակայն գաղափարը ավելի բյուրեղացավ և քաղաքականությունների կոորդինացման խնդիրն ավելի սրվեց 2014թ. տարածաշրջանային ճգնաժամի ժամանակ:

2014 թվականին մենք բախվեցինք նոր իրականության հետ: Մեր հասարակությունը շտապեց իրեն ապահովագրել սպասվող գնաճից: Ոմանք արտարժույթ էին գնում, ոմանք՝ ոսկի, ոմանք էլ նույնիսկ պարկով շաքարավազ և ալյուր: Մի քանի օրով ամբողջ երկիրը տեղափոխվեց հիպերինֆլյացիոն միջավայր և մենք բոլորս վկա եղանք, թե ինչ է տեղի ունենում, երբ խաթարվում է գների կայունությունը: Վտանգված էր նաև ֆինանսական կայունությունը: Ճգնաժամը դադարեց միայն այն պահից սկսած, երբ Կենտրոնական բանկը համալիր միջոցառումներ ձեռնարկեց՝ կտրուկ բարձրացնելով տոկոսադրույքը, ինչպես նաև խստացնելով մակրոպրուդենցիալ կարգավորումները:

Ավելին, ճգնաժամից հետո կենտրոնական բանկը առևտրային բանկերի համար բարձրացրեց կապիտալի նվազագույն շեմը՝ այն նախկինում գործող 5 մլրդ դրամի փոխարեն սահմանելով 30 մլրդ դրամ մակարդակի վրա: Սա որոշակի մտահոգություններ առաջացրեց բանկային համակարգում, սակայն մենք գործում էինք հանրային շահից՝ ունենալով ապագայի հստակ տեսլական: Կարող ենք փաստել, որ հենց այդ քայլերի շնորհիվ է, որ այսօր համակարգը կապիտալացված է և ունակ կլանել շատ ավելի լուրջ ռիսկեր:

Վերաիմաստավորելով ապագա ռիսկերը՝ Կենտրոնական բանկը 2015 թվականից ի վեր որդեգրեց որոշակիորեն ավելի ցածր գնաճի քաղաքականություն, ինչը, մեր կարծիքով, խստագույն անհրաժեշտություն էր հասարակության գնաճային սպասումները աստիճանաբար նվազեցնելու, ավելի լավ խարսխելու և ապագա մարտահրավերներին դիմակայելու համար: Գնաճի ցածր մակարդակի համար բազմիցս ենթարկվել ենք քննադատությունների, այնուամենայնիվ կարծում եմ, որ այդ քաղաքականությունը արդարացված էր, և դրա պտուղները մենք բոլորս քաղեցինք հետագայում, երբ տարածաշրջանային տարբեր ցնցումների ժամանակ և նույնիսկ 2018 թվականի հեղափոխության օրերին գների կայունությունը չխաթարվեց, իսկ ֆինանսական համակարգը շարունակեց գործել անխափան:

Մեկ կարևոր փաստ ևս, ճգնաժամերի ընթացքում չունեցանք գեթ մեկ անվճարունակության դեպք, պետությունը ոչ մի ֆինանսական կազմակերպության փրկօղակ չնետեց, հարկատուների փողերը չուղղվեցին ֆինանսական կազմակերպություններին փրկելու:

Այս ամենը վկայությունն է նրա, որ անցել ենք բազում փորձությունների միջով, ունեցել բացթողումներ և սխալներ, արժանացել ենք քննադատության, բայց նաև ունեցել ենք արժեքավոր ձեռքբերումներ: Ինձ համար գոնե մի բան անառարկելի է, դժվարությունները թրծել են մեզ, թիմը դարձրել կուռ, բայց միևնույն ժամանակ ազատ ու բաց նոր, համարձակ գաղափարների համար: Իսկ Կենտրոնական բանկը որպես կառույց դարձել է կարևորագույն տարածաշրջանային գործընկեր միջազգային հեղինակավոր կառույցների համար:

Ապագայի անելիքների մասին խոսելիս կցանկանայի ընդգծել, որ մարտահրավերների կերպարանափոխվելուն զուգընթաց բարդանալու է նաև իրականացվելիք քաղաքականությունների մշակումն ու կիրարկումը: Վստահության կամուրջի կառուցումն է միակ գրավականը, որ մենք կունենանք արդյունավետ՝ շահառուների համար ընկալելի քաղաքականություն, և քաղաքացիներն ու գործարարները էլ ավելի կվստահեն ազգային արժույթին:

Կարծում եմ, որ դրամավարկային քաղաքականության արդյունավետության ամենակարևոր չափանիշը հասարակության վստահությունն է դրա նկատմամբ: Միայն այդ պարագայում է հնարավոր արդյունավետորեն խարսխել հասարակության գնաճային սպասումները՝ ինչը հանդիսանում է արդյունավետ դրամավարկային քաղաքականության հիմքը: Վստահության բարձրացման հիմնական գրավականը իրականացվող քաղաքականության թափանցիկության հետևողական բարձրացումն է: Չափազանց կարևոր է հասարակության և պրոֆեսիոնալ հանրության հետ քաղաքականության վերաբերյալ երկխոսությունը, ինչը ենթադրում է հաղորդակցման նոր ռազմավարության իրագործում:

Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ունենք դինամիկ աճող ֆինանսական համակարգ։ Պետք է աշխատենք հավասարակշիռ և տարբերակված աճի ուղղությամբ՝ խորացնելով ֆինանսական շուկաները և ընդլայնելով գործունեության տեսակները։ Միևնույն ժամանակ, համակարգի աճին և զարգացմանը զուգընթաց պետք է ներդնենք միջազգային լավագույն փորձը՝ հնարավոր ռիսկերը գնահատելու և կառավարման մասով համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ Այս առումով ճիշտ և հավասարակշռված քաղաքականության իրականացումը էլ ավելի է կարևորվում տարածաշրջանային և գլոբալ անորոշությունների համատեքստում:

Կցանկանայի նաև առանձնակի անդրադառնալ ֆինանսական կրթության խնդրին: Գիտակցված որոշումներ կայացնող անհատն է մեր քաղաքականությունների հաջող իրականացման գրավականը: Պատասխանատու վարկավորման կարևորագույն էլեմենտը մարդկանց կողմից իրենց ֆինանսական հոսքերին համահունչ որոշումների կայացումն է: Կարծում եմ, որ արդյունավետ քաղաքականությունը ոչ թե ֆինանսական հնարավորությունների սահմանափակումն է, այլ ֆինանսական կրթվածության բարձր մակարդակ ունեցող հասարակությունը, որն ունակ է կայացնել հաշվարկված որոշումներ: Այս ուղղությամբ ևս անելիքները շատ են, և կենտրոնական բանկը, գործընկերների հետ՝ ներառյալ ԱԺ պատգամավորներին, շարունակելու է աշխատանքները արդյունավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Չափազանց կարևոր է նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: Նոր տեխնոլոգիաների ներդաշնակ ինտեգրումը, իմ պատկերացմամբ, մեզ թույլ է տալու փաստերի վրա հիմնված որոշումների կայացման կուլտուրան հասցնել նոր մակարդակի: 21-րդ դարի մարտահրավերներից շատերը գալու են կիբեր տիրույթից, և կարծում եմ, որ ժամանակակից կիբեր անվտանգության ռազմավարության ներդրումը հրամայական է:

Պետք է հասկանալ, սակայն, որ մարտահրավերները կարող ենք փոխել իրենց կերպարանքը, ուստի լուծման գաղտնիքը ոչ թե խնդիրների հետևից գնալն է, այլ ապագայի ցանկացած մարտահրավերի նորովի նայելու ու մարտահրավերը որպես հնարավորություն տեսնելու ունակությունը:

Իմ խորին համոզմամբ, այս ամենը պատվով իրականացնելու հիմքը կենտրոնական բանկի թիմն է: Արժեքային հենքի վրա համախմբված, երկրի ապագայով մտահոգ, ազնիվ ու բանիմաց անհատների թիմը, ովքեր իրենց գործն անում են մարդկանց և հայրենիքին ծառայելու խորը գիտակցմամբ:

Եվ որպես վերջաբան կցանկանայի նշել.

Շոկերը մեր կյանքի անբաժանելի ուղեկիցն են լինելու, դրանք լինելու ավելի հաճախ, ավելի անկանխատեսելի և ուժեղ:

Նման միջավայրում, հսկայական անորոշությունների ներքո, մարդիկ կարիք ունեն կայացնելու որոշումներ, կազմակերպությունները՝ կազմելու պլաններ, կառավարությունները՝ մշակելու ռազմավարություններ: Եվ այդ ամենը անելու համար իրենց պետք է հենման կետ, որից հայացք նետեն ապագային: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ ցանկացած իրավիճակում մակրոկայունությունը կպահպանվի՝ գները կմնան կայուն և ֆինանսական համակարգը կաշխատի անխափան:

Հայաստանում այդ հենման կետը Կենտրոնական բանկի կողմից ստեղծված մակրոկայունության միջավայրն է: Մեր անտեսանելի ներկայության շնորհիվ է, որ մարդիկ խնայողություններ են ձևավորում՝ հավատալով, որ դրանք չեն արժեզրկվի, գործարարները իրականացնում են երկարաժամկետ ներդրումներ՝ հավատալով, որ ռիսկերը կառավարելի են, և կառավարությունը կարող է կենտրոնանալ զարգացման ծրագրերի վրա՝ չմտածելով անկայունության սպառնալիքների մասին:

Համոզված եմ, որ մենք հաջողելու ենք:

Շնորհակալություն ուշադրության համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: