Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արտաքին առևտուր. Սուրեն Կարայանը ամփոփեց տարին (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

18:17 , 28 Դեկտեմբեր 2016

Արտաքին առևտրաշրջանառությունը այն հատուկենտ ցուցանիշներից է, որով այս տարի կարող ենք փոքրիշատե ուրախանալ։

Մասնավորապես, արտահանման ծավալը Հայաստանից 2016 թվականի հունվար-նոյեմբերին աճել է մոտ 21.2%-ով (նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ) և կազմել մոտ 1.6 մլրդ դոլար։ Իսկ ներմուծման աճի տեմպը շատ ավելի ցածր է՝ 2%, ծավալը՝ մոտ 3 մլրդ դոլար։

gc01

Արտահանման առաջանցիկ աճը, իհարկե, դրական իրողություն է։ Սակայն սա չի նշանակում, որ խնդիրներ չկան։ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության հիմնական դիվերսիֆիկացման ցածր մակարդակն է՝ թե՛ շուկաների և թե՛ ապրանքների առումով։

Այդ իսկ պատճառով, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը արտահանման իր տեսլականում նշում է՝ նեղ ուղղվածությամբ արտահանող տնտեսությունից ան­ցում դեպի դիվերսիֆիկացված, զարգացած տնտեսություններին հա­տուկ ֆինանսական և այլ ենթակառուցվածքներով ապահովված, հա­րևան­ների պահանջներին արձագանքող արտահանում ունեցող տնտեսության։

Այս մասին իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում խոսեց նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Կարայանի խոսքով՝ թեպետ արտահանման աճն այս ընթացքում եղել է ռեկորդային, իսկ չորրորդ եռամսյակում այն կկազմի 25%, սակայն. «Կայուն տնտեսական աճ ապահովելու համար մենք գտնում ենք, որ միջնաժամկետ հատվածում մեր ամբողջ ներուժը պետք է դնենք, որ արտահանման ծավալները կազմեն ՀՆԱ-ի 40-50%»:

gc02

Իսկ ինչի՞ հաշվին է աճել արտահանումը։ Կարծիքներ կան, որ այն իրականում աճել է ոչ հայկական ապրանքների վերաարտահանման հաշվին։ Օրինակ՝ այս տարի Հայաստանից Ռուսաստան լոլիկի արտահանումը ռեկորդային աճ ունեցավ, սակայն խոսակցություններ կան, որ հայկականի անվան տակ արտահանվել է թուրքական լոլիկ։ Անդրադառնալով այս հարցին՝ Ս.Կարայանը վստահեցրեց, որ այդ աճը պայմանավորված է մեր արտադրության ծավալների ավելացմամբ։ «Դրա մասին խոսում է մեր արտադրության աճը: Մեր կանխատեսումներով՝ 7% աճով տարին կփակենք, որը խոսում է, որ հենց արդյունաբերությունն է աճել»,- ասաց նախարարը։

gc03

gc04

Խոսելով ՀՀ արտահանման հնարավորությունների և ներուժի մասին՝ Սուրեն Կարայանը մի հետաքրքիր տվյալ նշեց. «Դեպի ՌԴ արտահանումը մեկ շնչի հաշվով կազմում է 1.7 ԱՄՆ դոլար, իսկ Իրանը` 1 դոլար: Այսինքն` կա բավականին չօգտագործված ներուժ, և այս երկրներ արտահանումը մեծացնելը լինելու է մեր առաջնահերթ քայլերից մեկը»:

Այդ ներուժն օգտագործելու և արտահանման ծավալները մեծացնելու համար տարվում են աշխատանքներ՝ 5 հիմնական ուղղություներով.

1. Վերազգային կորպորացիաների ցանցերում հայաստանյան կազմակերպությունների արտադրանքի ներկայացվածության ապահովում,

2. ԵԱՏՄ շուկաներում հայաստանյան ապրանքների մուտքի համար առավե­լագույն բարենպաստ պայմանների ապահովում,

3. Տարածաշրջանային երկրների շուկաներում հայկական ապրանքների մուտքի ապահովում և արտահանման զգալի ավելացում,

4. Գործարար կապերի խթանում և արտերկրում Հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացում,

5. Արտահանման ապահովագրման ծառայությունների ընդլայնում:

Սրանցից յուրաքանչյուրի ուղղությամբ արդեն իսկ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել։ Օրինակ, խոշոր կորպորացիաների հետ համագործակցության մասով՝ METRO AG ընկերության ռուսաստանյան ներկայացուցչության պատվիրակության այցը։ Ներկայումս բանակցություններ են տարվում «Սևանի Իշխան», «Մխչյան Ֆիշ», «Դուստր Մարիաննա» և այլ ընկերությունների հետ հայկական արտադրանքի արտահանման ուղղությամբ։ Պանրի արտահանման նպատակով ընկերությունները բանակցություններ են վարում նաև ռուսական «Լենտա» և x5 առևտրային ցանցերի հետ։

Տարածաշրջանային ծրագրերից՝ բանակցություններ են տարվում Իրանի Իսլամական Հան­րա­պե­տության Ստանդարտ­ների և արդյունաբերական հետազոտութ­յուն­նե­րի ինստիտուտի հետ Հա­յաս­տանում կա­տար­ված սերտիֆիկացման արդյունքները ճանաչելի դարձնելու և Հայաստանում պարենային և ոչ պարենային արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների ներկայացուցչություններ կամ մասնաճյուղեր բացելու ուղղությամբ: Դա թույլ կտա նախապես համաձայնեցված եղանակով Հայաստանում կատարված համապատասխանության գնահատման արդյունքները ճանաչելի դարձնել Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Իրանից բացի՝ գործնական պայմանավորվածություններ կան նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Ըստ Սուրեն Կարայանի՝ Հյաստանն արտահանման մեծ ներուժ ունի նաև դեպի ԱՄԷ. «Սա շատ մեծ և լայն հնարավորություններով շուկա է և մեծ ներուժ կա, որ մեր արտահանման ծավալներն ավելացնենք»

ԵԱՏՄ-ի մասով՝ շուկաներ հայաստանյան ապրանքատեսակների արտահանման խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով Ռուսաստանի Դաշնության Վերին Լարս մաքսային կետի, ՀՀ ԿԱ ՊԵԿ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ:

Արդեն 2017 թվականի սկզբին կպարզեցվեն արտահանողներին ԱԱՀ-ի վերադարձման մեխանիզմները և կսահմանվեն ԱԱՀ-ն արտահանողներին վերադարձնելու ժամկետների փուլային կրճատման մոտեցումները: Կքննարկվեն և կառավարության հաստատմանը կներկայացվեն արտահանման ապահովագրության կատարելագործման նոր գործիքների ներդրման մոտեցումներ: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ ակտիվ աշխատանքներ կտարվեն հայկական ապրանքների արտահանմանն աջակցելու մինչ այժմ չօգտագործված նոր հնարավորություններ բացահայտելու և դրանք կիրառելու ուղղությամբ: Կշարունակվեն աշխատանքները կազմակերպվելիք ցուցահանդեսներին և գործարար համաժողովներին Հայկական ընկերությունների ակտիվ մասնակցության ապահովման ուղղությամբ:

Գործարար միջավայրի, ներդրումների և զբոսաշրջության մասին՝ հաջորդիվ

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է