Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արձանագրված 8.3% տնտեսական աճի անատոմիան. Media.am

Վերադարձ լուրերի բաժին

13:53 , 07 Սեպտեմբեր 2018

Տնտեսական Հայկազ Ֆանյանը Media.am-ում անդրադարձել է 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված տնտեսական աճի ցուցանիշին։

* * *

Սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Հայաստանում այս տարվա առաջին 6 ամսվա կտրվածքով վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել՝ 8.3%:

Ի՞նչ է նշանակում 8.3% տնտեսական աճ

Դա նշանակում է, որ նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում երկրի համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) աճել է 8.3%-ով։ Ոչ տնտեսագետների համար, փորձենք ավելի պարզ ներկայացնել։ Դիցուք երկիրը մի ավտոմեքենայի գործարան է, որը թողարկում է մեկ տեսակի արտադրանք, եթե նախորդ տարվա 6 ամիսներին թողարկել է 1000 ավտոմեքենա, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում թողարկել է 1083 ավտոմեքենա՝ աճը եղել է 8.3%։ Ուշադրություն դարձրեք, որ մենք չքննարկեցինք թե անցած տարի ավտոմեքենայի գինն ինչքան էր, այս տարի ինչքան է, դրա փոխարեն մենք դիտարկեցինք բացառապես ապրանքի թողարկման ֆիզիկական ծավալի փոփոխությունը։ Նույն տրամաբանությունն է աշխատում նաև տնտեսական աճը քննարկելիս։

Ո՞ր ճյուղերն են նպաստել այդ տնտեսական աճին և ինչով է դա պայմանավորված եղել

Համադրելով Վիճակագրական կոմիտեի (նախկինում՝ Ազգային վիճակագրական ծառայություն) հրապարակած տվյալները, կարող ենք ասել, որ 8.3% տնտեսական աճի 1%-ային կետը բաժին է ընկնում «Արտադրանքի հարկերին», իսկ 7.3%-ային կետը՝ «Ավելացված արժեքին», այսինքն տնտեսության ճյուղերին։

Տնտեսության ճյուղերից ամենամեծ նպաստումը աճին բաժին է ընկնում առևտրին (Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում), որն այս տարվա առաջին կիսամյակում ապահովել է 1.2%-ային կետի նպաստում ՀՆԱ-ի աճին։ Ընդ որում պետք է նշել, որ այսպիսի աճը հիմնականում պայմանավորված է մեծածախ առևտրի շրջանառության աճով՝ 17.8%: Համադրելով մանրածախ առևտրի շրջանառության ընդամենը 0.5% աճի հետ, կարող ենք փաստել, որ մեծածախ առևտրի այս երկնիշ աճը հիմնականում այսպես կոչված «վերաարտահանման» գործարքների արդյունք է, ինչը նշանակում է, որ այն խիստ խոցելի է և երկարաժամկետում տնտեսության կայուն աճ չի կարող ապահովել։

Առևտրին հաջորդում է մշակող արդյունաբերությունը, որը 8.3% տնտեսական աճին նպաստել է 1.1%-ային կետով։ Այս ոլորտում աճին հիմնականում նպաստել են՝ հագուստի արտադրությունը, ոսկերչությունը, ծխախոտի արտադրությունը, խմիչքների արտադրությունը և այլն։

Տնտեսական աճին նպաստելու առումով երրորդը ոլորտը՝ «Մշակույթի, զվարթճությունների և հանգստի» ոլորտն է, որն ապահովել է թողարկման 18.9% աճ և նպաստել ՀՆԱ-ի աճին մոտ 1%-ային կետով։ Այս ոլորտի թողարկման 97.3%-ն էլ բաժին է ընկնում շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությանը (մոտ 159 մլրդ դրամ)՝ այդ թվում վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպմանը, որը հունվար-հունիսին ապահովել է 44% աճ, իսկ միայն հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 59.1% աճ, ինչն անշուշտ պայմանավորված է Ռուսաստանում ընթացած ֆուտբոլի աշխարհի առաջնության հանգամանքով։ Պետք է նշել, որ ոչ միայն այս, այլ նախորդ մի քանի տարիներին ևս այս ճյուղը էականորեն նպաստել է տնտեսական աճին, սակայն այս տարվա աճը էականորեն արագացել է ՌԴ-ում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ֆոնին, ինչը մեկանգամյա երևույթ է։

Տնտեսական աճին շուրջ 0.8%-ային կետով նպաստել է նաև «Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում» ոլորտը, ինչը թերևս հիմնականում պայմանավորված է հիվանդանոցներում ստվերի կրճատմամբ, քանի որ 2018թ-ի առաջին կիսամյակում նրանց թողարկումն աճել է 30.7%-ով, ինչը միամտություն կլինի համարել «բնական» աճ։

Այլ ճյուղերից՝ 0.5-ական %-ային կետով տնտեսական աճին նպաստել են փոխադրումների և պահեստային տնտեսության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտները, իսկ հանքարդյունաբերությունը՝ 0.3%-ային կետով։

Ամփոփելով պետք է նշենք, որ մեր գնահատմամբ դե յուրե արձանագրված 8.3% տնտեսական աճի նկատելի մասը՝ 2.5%-3%-ային կետերը, պայմանավորված են մեկանգամյա, արտաքին երևույթներով կամ ստվերի կրճատմամբ, ինչը չի կարող ապահովել շարունակական տնտեսական աճ։

Տնտեսագետ՝ Հայկազ Ֆանյան

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Գիտություն-բիզնես» ժամանակակից պարադիգմը կամ ինչպե՞ս են մեր օրերում խոշոր կորպորացիաները նպաստում գիտության զարգացմանը

Այսօր կարիք կա վերաիմաստավորելու գիտությունն ու կրթությունը Հայաստանում, բարելավելու/ձևավորելու համապատասխան էկոհամակարգը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագծին դեմ քվեարկեցին: Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 71 կողմ, 40 դեմ քվեարկությամբ։

Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Կքննարկվեն նաև «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթը, «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծն ու մի շարք այլ նախագծեր: