Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արժե՞ բարեփոխել «կուտակայինը». Վարուժան Ավետիքյանը՝ առաջարկվող 20 փոփոխությունների մասին

Վերադարձ լուրերի բաժին

09:10 , 26 Հունիս 2018

Դ!ԵմԵմ-ը հրապարակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ իր առաջարկություններն ու պնդում, որ դրանք ներկայացվել կամ ներկայացվելու են վարչապետի ուշադրությանը որպես բեկումնային (այստեղ կսազեր Groundbreaking բառը) փոփոխություններ: Մամուլն էլ ակտիվ շրջանառում է առաջարկությունների ցանկը:

ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը Linkedin-ում անդրադարձել է այդ կետերին։ Ստորև ներկայացնում ենք Ավետիքյանի գրառումը, որը վերնագրված է «Կուտակայինի բարեփոխման պատրանքը: Եկե՛ք ռեալ խոսենք»:

Առաջարկությունների ցանկը (Գրված Italic-ով) վերցված են նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:

* * *

1. Կենսաթոշակային վճարները պիտի չհարկվեն

Կենսաթոշակային վճարները չեն էլ հարկվում: Այն ժամանակ երբ մարդը դուրս է գալիս թոշակի ու ետ պահանջում իր կուտակածը որևե լումա հարկ չի վճարում ինչպես իր կուտակածի, այնպես էլ պետության ավելացրածի ու կառավարումից ստացած իր եկամուտների: Ընդամենը 5% (այժմ 2.5%) կուտակումը կատարվում է իր «կեղտոտ» աշխատավարձից: Եթե դա այդպես չլիներ, ապա մարդը ստիպված կլիներ «պոչից»` այսինքն թոշակի դուրս գալուց հարկվեր, ինչը ահռելի մեծ գումար կլիներ: Սա պարզ մաթեմատիկա է:

2. 40 տարի դա շատ մեծ տեւողություն է եւ ուսումնասիրելով տարբեր երկրների փորձ, եւ խորհրդակցելով տնտեսագետների հետ առաջարկվում է փոխել 10 տարի

Հայտնի չէ թե ինչպիսի տնտեսագետներ են խորհուրդ տվել, սակայն 10 տարին չափազանց քիչ է կուտակել այնքան, որ թոշակի անցնելուց մարդը ստանա իր վերջին աշխատավարձի գոնե 40%-ը: Չափազանց քիչ: Սա նույնպես պարզ մաթեմատիկա է:

3. 2020 թվականի փոփոխությունը անհանգստացնում է մարդկանց, Վերին շեմը շատ բարձր է, առաջարկվում է պահել 25000

Կենսաթոշակային համակարգերի աշխարհի լավագույն գիտակները պնդում են, որ մարդն իր աշխատավարձի գոնե 10%-15%-ի չափով պետք է կուտակում անի, որ թոշակի անցնելուց ստանա իր վերջին աշխատավարձի գոնե 40%-ը-60%-ը: Ամսեկան մինչև 500 000 դրամ ստացողների համար 25 000 դրամ վերին շեմը նորմալ է, սակայն դրանից բարձր ստացողները փաստացի 10%-ից քիչ են կուտակում այսօր: Օրինակ 750 000 դրամ ստացողը կուտակում էր իր աշխատավարձի 6.6%-ը, ինչը փոքր կուտակում է նորմալ թոշակ ստանալու համար:

Գործող օրենքը սկսած 2020 թվականից բարձր աշխատավարձ ստացողների համար սահմանել է «շարժվող վերին շեմ»: Դա նվազագույն աշխատավարձի 15-պատիկն է (այս պահին 825 000): Դա նշանակում է, որ 825 000 դրամ աշխատավարձ ստացողները պետք է կուտակեն իրենց աշխատավարձի առնվազն 10%-ը (պետության սուբսիդիան ներառյալ), իսկ դրանից վերև` իրենց կամահայտնությամբ: Տրամաբանությունն այն է, որ շատ բարձր աշխատավարձ ստացողը միգուցե կմտածի այլ խնայողություններ անելու համար: Չնայած անկեղծ ասած 825 000 դրամը բարձր աշխատավարձ իրականում չէ լավ մասնագետի համար: Բայց դա այլ հարց է:

4. լինի շատ լավ ապահովագրական փաթեթ մասնակցի ընտանիքի համար շատերի համար այս համակարգը գրավիչ կլինի , փաթեթը ներառի նաեւ մեծ գումարի փոխհատուցում արտասահմանում բուժվելու համար, եթե այդ հիվանդությունը այստեղ չի բուժվում

Այստեղ ուզում եմ ասել. «Իսկ լողավազանի ու սպորտ դահլիճի անվճար բաժանորդագրություն չե՞ք ուզում: Իսկ անվճար հանգստյան ուղեգրե՞ր:» Ինձ կզսպեմ սակայն: Բժշկական ապահովագրությունը բոլորովին այլ ծառայություն է, իր ենթակառուցվածքով, օրենսդրությամբ, ծառայությունների համալիրով, գնային կառուցվածքով և այլն: Համաձայն եմ սակայն, որ հանրությունը պետք է սկսի քննարկել Հայաստանում ունիվերսալ բժշկական ապահովագրություն ներդնելու հարցը: Սատանան նաև ականջիս ասում է, որ դրա շուրջ էլ մի 2-րդ Դ!եմԵմ է ծնվելու:

5. Մասնակիցը երբ կորցնում է աշխատանքը, նա 3 ամիս ստանում է աշխատավարձի չափ գումար իր կուտակած գումարներից – որպեսզի կատարի իր վարկային պարտականությունները եւ ընտանիքը պահի, զուգահեռ գտնի ուզած գործը:

Պայմանական իմաստությունը (conventional wisdom) պնդում է, որ մարդ պետք է «սև օրվա» համար խնայողություն ունենա պահած, որը պետք է հավասար լինի իր 6 ամիսների աշխատավարձի հանրագումարին: Ես չեմ ասում. personal finance-ի գուրուներն են ասում; Դա նրա համար է, որ մարդ կարողանա աշխատանք կորցնելու կամ փոխելու, հիվանդանալու և այլ դժբախտ դեպքերում ունենա «անվտանգության բարձիկ»: Կուտակային համակարգը զուտ խնայողական համակարգ չէ: Դրա համար այլ մեխանիզմներ կան: Այն ծերության համար խնայողության համակարգ է: Քննարկումների ժամանակ շատերն ինձ ասում են. «Էհ, ես էտքան կապրե՞մ»: Տղեք ու աղջկեք ջան, ես ցավոք այդ հարցի պատասխանը չունեմ: Իսկ եթե ժամանակից շուտ եք մահացել, ապա մի շտապեք տխրել: Ձեր ժառանգները ամբողջությամբ կստանան Ձեր կուտակածը: Cash-ով:

6. Լինի ճկուն ներդրումային տոկոս Հայաստան , Հայաստանից դուրս, այսինքն մարդը կարողանա ընտրել ՀՀ ներդրումները 0-100%

Եթե այդքանը կարող եք ընտրել, միգուցե գնաք ակտիվների կառավարի՞չ աշխատեք: Իսկ ավելի լուրջ, մենք ակտիվների կառավարիչներին ընտրում ենք ու նրանց վճարում ենք, քանզի նրանք պրոֆեսիոնալ են, իրենց տրամադրության տակ ունեն ահռելի մեծ ծավալի շուկայական հետազոտություն (market research), որոշումների կայացման ու գործարքների կնքման ընթացակարգեր: Իրենց ունեցած իմաստությունն օգտագործելով նրանք փորձում եմ կայացնել այնպիսի ներդրումային որոշումներ, որոնք լավագույնս կծառայեն ֆոնդի փայատերերի շահերին:

7.Հանել սահմանափակում տարիքային , ցանկացած տարիքի մարդ իրավունք ունի մասնակցի այս կուտակումներին ու ստանա բոլոր արտոնությունները ինչ 1974 ծնվածները

Բա ասում էիք դեմ ենք: Լավ, փորձեմ սարկազմից զերծ մնալ: Ուրեմն այսպես: Եթե մարդը ծնվել է 1974 թականից հետո, ապա նա ունի բավարար ժամանակ կուտակելու ու նորմալ թոշակ վաստակելու համար: Եթե ծնվել է 1964 – 1974 թվականների արանքում, ապա համեմատած 1974 թվականից հետո ծնվածների գտնվում է մի փոքր ավելի անբարեացկամ կարգավիճակում, քանզի իրեն համեմատաբար քիչ է մնացել թոշակի դուրս գալու համար: Այդ իսկ պատճառով էլ պետությունն իրեն ասում է, որ եթե միանաս համակարգին, ապա թոշակի անցնելուց հետո ոչ միայն կստանաս կուտակածդ, այլ նաև սերունդների համերաշխության ներքո քեզ հասանելիք ամբողջ ստաժային թոշակդ: Այս կարգավորումը պետությունը տվել է, բալանսավորելու համար 1974 թվականից հետո ու դրանից առաջ բայց 1964-ից հետո ծնվածների թոշակների գումարները: Ինչ վերաբերվում է 1964 թվականից առաջ ծնվածներին, ապա նրանք ավելի լավ է չմիանան համակարգին, քանզի ժամանակը քիչ է բավարար կուտակումներ անելու համար:

8. Մասնակիցը այս համակարգին լավ կլինի ունենա արտոնություն բանկերում վարկ վերցնելուց

Լավ կլինի (տե՛ս նավ 4-րդ կետը): Խոսեք բանկերի հետ: Եթե 18-44 տարեկան բոլոր աշխատող քաղաքացիները հուլիսի 1-ից միանում են համակարգին, ապա դա Հայաստանի աշխատող բնակչության 70%-80%-ն է: Իսկ եթե ավելի լուրջ, ապա բանկերը մասնավոր տնտեսավարողներ են ու ընդամենը կատարում են ֆինանսական միջնորդի դեր:

9. Հավաքված գումարների կամ մի մասի օգտագործում հիփոթեքի, երեխայի ուսման վարձի եւ այլն …

Տե՛ս կետ 5, ինչպես նավ ներքևում բերված առաջարկներս:

10. Մեխանիզմ որպեսզի այս բարեփոխումը սատարի այսօրվա թոշակառուներին – կարող է լինել մասնակցի ցանկությամբ

Այս փողը հազիվ մեզ կհերիքի: Պետական բյուջեն իր հնարավորությունների սահմաններում սատարում է այսօրվա թոշակառուներին:

11. Երբ կուտակողը կուտակում է ասենք պայմանականորեն 3 000 000 դրամ, նա կարող է մեկ տարով վերցնել կուտակած գումարի 1/3 պարտքով , պարտավորվելով ամեն ամիս վճարել գումարի 1/12 չափով գումար

Որոշ երկրներ նմանատիպ կարգավորում ունեն, բայց ինքդ քեզնից վերցրած պարտքի տոկոսը տուգանային է, որպեսի ապախրախուսվի «մեղրի կարասի» մեջ ձեռքդ ժամանակից շուտ մտցնելը:

12. Մարդիկ ուզում են ունենալ այնպիսի ներդրումային գործիք որի ընտրելու դեպքում համոզված կլինեն որ իրենց գումարները կներդրվեն ռեալ գործառույթներոմ օրինակ վճարովի ճանապարհաշինության, կամուրջների, թունելների, ՏՏ ոլորտի

Նման առաջարկ անողը եթե մի փոքր հասկանար ներդրումների կառավարումից, ապա նման առաջարկ չէր անի: Ճանապարհաշինությունը, կամուրջաշինությունը կամ թունելներ կառուցելը ենթակառուծվածքային նախագծեր են, որոնք որպես կանոն նախատեսված չեն ներդրողների համար եկամուտներ ապահովել` նույնիսկ այն դեպքում երբ վճարովի են: Նման նախագծերի իմաստը ավելի շատ տրանսպորտի, տուրիզմի, բիզնեսի համար հաղորդակցման ուղիների ստեղծումն է: Ինչ վերաբերվում է ՏՏ ոլորտին, ապա այստեղ կառավարիչների կողմից հնարավոր է ներդրումներ անել, եթե այդ ձեռնարկությունները քայլ անեն ու դառնան հանրային և (կամ) հրապարակային/թափանցիկ` նոր ներդրողներ գրավելու համար:

13. Անցնելով ինչ որ մի գումարային կամ ժամանակային շեմ, հնարավորություն տալ մարդուն կապիտալիզացնի գումարները կամ գումարների մի մասը:

Հասկանալի չէ առաջարկի էությունը: Պետք է նշել սակայն, որ գործող օրենքը թույլ է տալիս 55 տարեկան դառնալու և այդ պահին այսօրվա հաշվարկով մոտ 20 միլիոն դրամ կուտակած լինելու դեպքում ժամանակից շուտ դուրս գալ թոշակի ու վայելել կուտակածը (տատ ու պապի մոտոցիկլետով գովազդը հիշեցի):

14. Թափանցիկ հաշվարկ տարեց տարի թանկացումների հետ կապված, վերահսկողություն ԿԲ օֆիցիալ գնաճի տոկոսը համապատասխանի ռեալին

Գնաճը հաշվարկվում ու հրապարակվում է ոչ թե Կենտրոնական բանկի, այլ մասնագիտացված կառույց հանդիսացող Ազգային վիճակագրական ծառայության կողմից: ԱՎԾ-ի կողմից հրապարակվող գնաճի ցուցանիշ իրական գնաճն է:

15. Ֆոնդից ֆոնդ փոխելը լինի ավելի արագ գործնթաց

Դա այսօր էլ շատ արագ է: Կատարվում է վարկյանների ընթացքում առցանց` www.epension.am կայքի «Իմ հաշիվը» (aqomx.am:8080/ampis-public/login.do) հղման շնորհիվ:

16. Ձմռան ամիսներին կուտակումները մեղմեն :-)

Սա ավելի շատ կատակի է նման: Անցնենք առաջ:

17. ֆենդերի հետ պայմանագրերը հանրայնացնել

Ֆոնդերի հետ պայմանագրեր չկան կնքված (առաջարկողը հավանաբար կոնսպիրացիաների տեսության մասնագետ է): Չեղած բանը հնարավոր չէ հանրայնացնել:

18. ֆոնդերի գումարների հստակ եկամտաբերության ներկայացում

Ֆոնդերի եկամտաբերության ներկայացումը ավելի թափանցիկ չէր կարող լինել քան այսօր կա: Ընդամենը պետք է այցելել երկու կառավարիչների կայքերը ու ի թիվս այլ մանրամասն տեղեկությունների ծանոթանալ նաև ֆոնդերի եկամտաբերության հետ (https://www.c-quadrat-ampega.am/am) և (http://www.amundi-acba.am/en)

19. Հետազոտություն ինչու չեն ցածրացել հիփոթեքային վարկի տոկոսները

Հիփոթեքային վարկերի տոկոսները 2014 – 2018 թվականների ընթացքում նվազել են 2%-ով (դոլարային ու դրամային վարկերի միջին կշռված տոկոս)` 12.5%-ից նվազելուվ 10.5%-ի: Այդ և այլ հարցերի մասին տեղեկատվությունը կարող եք տեսնել «Բացել դեպի բիզնես կենսաթոշակային ֆոնդերի փողերի մուտքը: Բանալին կա:» հոդվածումս (https://www.linkedin.com/pulse/%D5%A2%D5%A1%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A4%D5%A5%D5%BA%D5%AB-%D5%A2%D5%AB%D5%A6%D5%B6%D5%A5%D5%BD-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%A9%D5%B8%D5%B7%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D6%86%D5%B8%D5%B6%D5%A4%D5%A5%D6%80%D5%AB-%D6%83%D5%B8%D5%B2%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%B8%D6%82%D5%BF%D6%84%D5%A8-avedikian/)

Ասեմ ավելին, այսօր «Բնակարան երիտասարդներին» ծրագրի ներքո հնարավոր է վերաֆինանսավորվող հիփոթեքային վարկ ստանալ Երևանում 6%-ով, իսկ մարզերում 4%-ով:

20. Կառավարությունը ստանձնի հսկող դերը ֆոնդերի ներդրումների եւ գործունեության – վերակնքում պայմանագրերի

Ա. Սա առնվազն հակասահմանադրական առաջարկ է, քանզի Հայաստանում ֆինանսական կայունությունը Կենտրոնական բանկի հիմնական խնդիրն ու գործառույթն է:

Բ. Կառավարությունները անկախ նախահեղափոխական, հեղափոխական թե հետհեղափոխական լինելուց` քաղաքական մարմիններ են: Կառավարիչների վերահսկողությունը քաղաքական մարմնին վստահելը չի բխում հենց ֆոնդերի մասնակիցների շահերից, քանզի որոշումները կարող են ոչ թե մասնագիտական այլ քաղաքական լինել:

Գ. Կնքված պայմանագրեր չկան: Չկնքված պայմանագրերը չեն կարող վերակնքվել:

Այժմ ասեմ թե ինչ փոփոխություններ կուզենայի ես տեսնել օրենքում:

1. Մասնակիցը հնարավորություն ունենար ամեն ամիս նույնիսկ, որոշեր թե որքան կուտակեր (նվազագույնից ավել իհարկե): Սա նրա համար է, որ երբ մարդու գործերը լավ են ու նա բարձր եկամուտ է ստանում, կարողանա ամրապնդել իր ծերության «անվտանգության բարձիկ»-ը:

2. Գործատուներին հնարավորություն տրվեր իրենց կամքով ավելացումներ անել իրենց աշխատակիցների կենսաթոշակային հաշիվներին:

3. Ստեղծվեին ու թողարկվեին «Կենսաթոշակային կուտակման սերտիֆիկատներ», որոնք մասնակիցները կկարողանային գրավադրելով` հիփոթեքային, բիզնես կամ ուսման վարկ վերցնել:

4. Կենսաթոշակային հաշիվը ընդգրկվեր մասնակցին սպասարկող բանկի սովորական Online Banking համակարգում, որ հնարավոր լիներ հենց այդտեղից կառավարել կենսաթոշակային հաշիվը:

5. Արտերկրում աշխատող մեր քաղաքացիներին հնարավորություն տրվեր միանալ մեր կուտակային կենսաթոշակային համակարգին ու կուտակումներ անել: Այդ դեպքում սա իսկական համահայկական նախագիծ կլիներ:

6. Կառավարիչներին հնարավորություն տրվել բացել ևս մեկ ֆոնդ` 100% բաժնետոմսերի կառուցվածքով: Նման ֆոնդը «դուխավիկներ»-ին լավ փող աշխատելու հնարավորություն կտար:

Այսքանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2019-ին հաջորդող տարիներին տնտեսական քաղաքականությունը պետք է տանի նրան, որ ՀՆԱ-ի տարեկան աճը լինի ոչ պակաս, քան 5%-ը. Տիգրան Խաչատրյան

Տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը լինելու է Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացումը

«Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառմանը կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ

«Շտիգեն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանը նշեց, որ այս միջոցառումն իրականացվում է ոչ միայն ոլորտի մասնավոր ընկերությունների բիզնեսի զարգացման համար…

ՊԵԿ-ը ստուգողական միջոցառումներ է իրականացրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ