Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Արզնի» հանքային ջրերի գործարանի և IDBank-ի միջև դատական գործընթացը շարունակվում է

Վերադարձ լուրերի բաժին

01:35 , 19 Նոյեմբեր 2019

IDBank-ը, (նախկինում՝ «Անելիք բանկ») մանրամասներ է ներկայացրել «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությունն ընդդեմ «Անելիք բանկ»-ի դատական գործի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել են Վերաքննիչ դատարան: «Մենք կարծում ենք, որ «Արզնի» հանքային ջրերի գործարանի օտարման գործարքում բանկը չի խախտել որևէ նախապես ձեռք բերված պայմանավորվածություն»,-ասաց Մհեր Աբրահամյանը:

2010 թվականի հունիսի 10-ին «Անելիք Բանկ»-ի և «Բյուրակն» ընկերության միջև կնքվել է վարկային պայմանագիր, որով իրական շահառու Գևորգ Աֆանդյանի ընկերությունը բանկից ստացել է 7 մլն դոլար վարկ՝ գրավադրելով այդ բիզնես-խմբի անդամ «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությանը պատկանող «Արզնի» հանքային ջրերի գործարանի շենքը: 2015 թվականի հունվարին, «Բյուրակն» ընկերության կողմից իր վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով, բանկը ստիպված է եղել գրավադրված գույքի բռնագանձում կատարել:

2015 թվականի մարտի 4-ին «Անելիք բանկ»-ի և «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերության միջև կնքվել է համաձայնագիր, որով բանկը պարտավորվել է գրավատուին կամ նրա նշած 3-րդ անձին տրամադրել գնման իրավունք: «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությունը չուներ ոչ իրավական, ոչ էլ ֆինանսական կարողություններ հետ գնելու բռնագանձված գույքը, քանի որ սնանկ էր: Հետևաբար, 2016 թվականին բանկը գրավադրված գույքը վաճառել է հատուկ այդ նպատակով իրական շահառու Գևորգ Աֆանդյանի հետ ունեցած համաձայնությամբ ստեղծված մի ընկերության, որում վերջինիս որդին առանց որևէ ներդրման ստացել է 33.3 տոկոս մասնաբաժին: Այսինքն՝ գույքն օտարվել է Գևորգ Աֆանդյանի կողմից նշված անձին, ինչը և սահմանված էր համաձայնագրով: Ամիսներ անց սնանկ ճանաչված «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերության սնանկության կառավարիչ Հ. Ասոյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Անելիք բանկ»-ի այն հիմքով, որ խախտվել է ընկերության՝ գրավի առարկան 2 տարվա ընթացքում անձամբ կամ իր կողմից նշված անձի կողմից ձեռք բերելու նախապատվության իրավունքը: Ըստ Ասոյանի՝ բանկը գույքը վաճառել է ավելի շուտ, ինչի համար համաձայնությամբ սահմանված էր տույժ՝ գույքի արժեքի հնգապատիկի չափով՝ 21, 863, 856.35 դոլար:

«Բանկը կատարել է իր պարտավորությունը՝ վաճառելով տվյալ գույքը հենց Գևորգ Աֆանդյանի նշած երրորդ անձին՝ «Տարմակ» ընկերությանը, որը հատուկ ստեղծվել է հենց այդ նպատակով: Գևորգ Աֆանդյանի որդին՝ Վահե Աֆանդյանը, այդ ընկերությունում առանց որևէ դրամ ներդրում կատարելու ստացել է 33 տոկոս փայամասնակցություն»,-ասել է Մհեր Աբրահամյանը: Նա հավելել է, որ Հայաստանի բանկային համակարգի ամբողջ պատմության ընթացքում չի եղել նման մեծության դատական գործընթաց, և այս առումով այն աննախադեպ է: Նա ընդգծել է, որ թեև այս գործընթացը վերաբերում է «Անելիք բանկ»-ին, սակայն տվյալ գործարարը և նրա հետ կապված ընկերություններն ունեն բազմաթիվ դատական գործընթացներ Հայաստանի մի շարք բանկերի հետ ևս:

«Ազգային ժողովում անդրադարձ կատարվեց այս գործընթացին և որակվեց, որ անբարեխիղճ տնտեսավարողի գործունեությունը վտանգում է Հայաստանի բանկային և ֆինանսական համակարգի կայունությունը: Մենք հրավիրում ենք Կենտրոնական բանկի և վարչապետի ուշադրությունն այս խնդրի վրա: Այստեղ համակարգային խնդիր կա»,- նշել է Մհեր Աբրահամյանը:

IDBank-ի իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը նկատել է, որ սկզբում դատական գործը արհեստական մեխանիզմի կիրառմամբ, տրամաբանությունից դուրս քննվել է Կոտայքի մարզում, դա այն դեպքում, երբ բանկը գրանցված է Երևանում: Դրանից բացի, Կոտայքի դատարանը գործը քննում է շատ արագ՝ 5 ամսում անցկացնելով 8 դատական նիստ՝ վճիռ կայացնելով հօգուտ հայցվորի: Բանկը, համամիտ չլինելով վճռի հետ, գործը բողոքարկել է Վերաքննիչ դատարան՝ ներկայացնելով հիմքերը: Վերաքննիչ դատարանը բեկանել է դատական ակտը, և գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը: 2019 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացել մոտ 22 մլն դոլար բանկից բռնագանձելու մասին:

«Մենք այն նույնպես վերաքննիչ կարգով բողոքարկել ենք: Մենք գտնում ենք, որ դատարանը մի շարք խախտումներ է իրականացրել, առկա են սխալներ»,-ասել է Արթուր Մելիքյանը: Ներպետական ատյանները սպառելուց հետո բանկը չի բացառում, որ կարող է դիմել միջազգային դատարան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ իր, երկրի ղեկավարի և Ազգային ժողովի միջև ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ:

Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան:

Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են օրհասական հարցը: