Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Արագ ծախսելու» էֆեկտը. ինչպես 90-ականներին լուծվեց աշխատավարձերի ուշացման խնդիրը

Վերադարձ լուրերի բաժին

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում ուշագրավ գրառում է արել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

Պետական համակարգում աշխատածս տարիների ամենամեծ թերությունը համարում եմ չխոսելը։ Շատ բան էր արվում ու խոսելու, հաղորդակցելու ժամանակ չկար։ Այդ պատճառով էլ շատ խնդիրների լուծումներ չէին դառնում ինստիտուցիոնալ, սկզբունքային, իսկ շատ հարցերի հիմնավորումներն էլ չեք գտնի պատմական փաստաթղթերում. դրանք պարզապես չկան։ Ժամանակին խոստացել եմ երբեմն պատմական ակնարկներ անել, ու այս պատմությունը, կարելի է ասել, պատահաբար վերհիշեցի ու որոշեցի տեղադրել։ Գրածս միայն պատմական արժեք ունի, թող մնա որպես հայկական տնտեսագիտության պատմության փոքրի պատառիկ։

Խնդիրը՝ համատարած ապառքներ

1

Ինֆլյացիան զսպելուց հետո 1990-ականների խնդիրներից մեկը դարձել էին ապառքները։ Եթե նախկինում էմիսիայի միջոցով հնարավոր էր խուսափել ապառքներից, ապա 1996-ից դա այլևս հնարավոր չէր։ Կարող եք նայել 1997 թ.-ի բյուջեի հաշվետվությունը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=556 (նկարն այդտեղից է), որպեսզի խնդրի մասշտաբը պատկերացնեք։ Այս խնդրում մի քանի շերտ կա, բոլորին չեմ անդրադառնա, այլ միայն հարկերին, բյուջեին, հաշվանցումներին։

Սկսենք հարկերից.
1) Հարկերն անհրաժեշտ են բյուջեն կատարելու համար, սակայն կա քողարկված հարկ, որի մասին շատերը մոռանում են՝ ինֆլյացիոն հարկը։ Քանի որ բյուջեի ծախսերը ֆիքսված են, ցանկացած ինֆլյացիա ավտոմատ մեծացնում է բյուջեի եկամուտները՝ ծախսերը մնալով անփոփոխ։

2) Բյուջեն: Երբ Կենտրոնական բանկն անկախացավ, որի արդյունքում պարզապես էմիսիայով անհնար էր բյուջեն կատարել, այն ժամանակվա հնարամիտները մի հետաքրքիր լուծում էին գտել՝ բյուջեի կարևոր ծախսերը հետաձգում էին՝ առաջնային ծախսելով, այսպես ասած, այլ ծախսեր։ Տարեվերջին պարզվում էր, որ պետական համակարգում ահռելի քանակությամբ աշխատավարձ վճարված չէ։ Աշխատավարձի չվճարումները որոշ դեպքերում գերազանցում էին 6 ամիսը։ Մարդիկ չունեին աշխատավարձ, խանութներում մրոտվում էր «նիսյայի տետրը»։ Նմանապես, բիզնես համայնքում էլ շատ փող չկար, հիմնական փողը կրկին բյուջեից էր գոյանում՝ կոմունալ ծախսերից սկսած, շինարարությամբ ավարտած։ Տնտեսությունում նույնիսկ առողջ բիզնեսը չէր կարողանում նորմալ շրջանառություն ապահովել, քանի որ ապառքների, չվճարումների շղթայի ինչ-որ մեջտեղի օղակում լռվել էր։

3) Տնտեսությունում դրամաշրջանառության ապառքային արգելակման պատճառով չէին վճարվում նաև հարկերը։ Խնդրին որպես լուծում էր տրվել հաշվանցումների եղանակի կիրառումը։ Գտնվում էր պարտքերի մի ամբողջական շղթա, որի վերջնակետը հարկերն էին, իսկ սկզբնակետը բյուջեի որևէ ծախս, ու, առանց որևէ դրամական շարժի, կատարվում էր գործարք՝ բոլորը գոհ են, բացի … Այո, բացի պետական բյուջեի իրական շահառուներից։ Պատճառները շատ են, ու քանի որ գրում եմ ապառքների մասին, ոչ թե հաշվանցումների, սրա վրա չեմ կենտրոնանա՝ ուղղակի կթվարկեմ՝ ա) բյուջետային գերակայությունները խախտվում էին (օրինակ`ոչ մի աշխատավարձի համար նման շղթա գտնել հնարավոր չէր, ուստի բոլոր աշխատավարձերը թերակատարվում էին ու ուշացվում), բ) դիտավորյալ նման շղթաներ էին ստեղծվում (բյուջեից դուրս ծախսեր էին կատարվում), գ) կոռուպցիոն շատ մեծ ռիսկային դաշտ էր բացվել (կեղծ հարկային պարտքեր, որոնք հետո որպես գերավճարով հետ էին պահանջում, չիրականացված աշխատանքի դիմաց հաշիվ ապրանքագրի դուրս գրում և այլն)։

2

Հիպոթեզ՝ ծնված «Ֆրիդմանից» ու «Սամուելսոնից» – մաս 1` տեսություն

Շախմատը ռազմավարական խաղ է, սակայն նույնիսկ շաշկի խաղացողներն են ռազմավարություն կիրառում՝ ոչ թե հարվածին պատասխանում հակահարվածով՝ հուսալով, որ խնդիրները կվերանան։ Ցանկացած ոլորտում գիտելիքի կարևորությունն անգնահատելի է, ու այն ինչ այժմ եմ գրում, երբեք ոչ-ոքի չեմ պատմել՝ նույնիսկ անմիջական ղեկավարիս կամ էլ գործընկերներիս, որոնք այս պատմության գործնական քայլերին ծանոթ են, սակայն դրա հետևում առկա հիպոթեզի մասին տեղյակ չեն եղել։

Ֆրիդմանը մի հետաքրքիր տեսություն ունի, կոչվում է «Կայուն եկամտի հիպոթեզ» (Permanent income hypothesis)։ Այն թեկուզ հին է, բայց լրացնում է քեյնսյան սպառման սահմանային հակմամբ պայմանավորված աճի տեսությունը։ Եթե Քեյնսի մոտ սպառման սահմանային հակումը կախված է եկամտի փոփոխությունից, ապա Ֆրիդմանը կարևոր հիպոթեզ է բարձրացնում, որ մարդիկ որոշում են կայացնում, թե իրենց տնօրինվող եկամտից ինչքան ծախսեն ոչ միայն այսօրվա, այլ նաև ապագայի՝ ակնկալվող եկամուտներից ելնելով։ Ուստի, մարդկանց ծախսերի համապատասխանեցումը կախված է ոչ միայն եկամտից, այլև մարդկանց ընկալումից, թե ինչքանով են կայուն իրենց եկամուտները՝ բարձրանալու՞ են, թե՞ իջնելու են։ Ինչո՞վ է սա կարևոր հայաստանյան ապառքների համար։ Մարդիկ ամիսներով եկամուտ չեն ստանում, սակայն շարունակում են «նիսյայով» ապրանքներ գնել, գործարքներ անել։ Կգա եկամուտը՝ կփակվեն ծախսերը։ Այստեղ ինֆլյացիան հետաքրքիր դեր ունի՝ մարդկանց «նիսյայի» տետրը սոցիալական էր, ու այդտեղ մարդկանց պարտքի վրա տոկոս, տույժ-տուգանքներ չէին հաշվարկվում։ Մարդկանց այդ պահի գործարքը ֆիքսվում էր հենց այսօրվա գնով, ու պարտքը մնում էր անփոփոխ։ Սակայն, քանի որ մարդկանց եկամուտները կրկին ֆիքսված էին (մեծամասնությունը բյուջեից էր կախված), ըստ էության, մարդկանց չէր հուզում պարտք գոյացնելու գնային բաղադրիչը։ Տակը մնում էր մեկ բան՝ արդյո՞ք նա կստանա իր եկամուտը։ Այո, ստանում էին, թեպետ ուշ, ու այն կայուն էր։ Այսինքն՝ թեպետ մարդկանց աշխատավարձերը ժամանակին չէին վճարվում, մարդիկ, միևնույն է, սպառում էին, գոյացնում էին պարտքեր. Ֆրիդմանը հիպոթեզը գործում էր։ Սակայն մի խնդիր կար։ Ինչու՞ քեյնսյան մոդելը չէր աշխատում, ու տնտեսությունը չէր աշխուժանում։ Անցնենք Սամուելսոնին։

Սամուելսոնյան մոդելn այդքան էլ չի առնչվում ապառքներին, խոսքը աքսելերատիվ բազմապատկիչի մասին է։ Այսինքն` եթե կրկին նույն քեյնսյան մոդելով սպառման հակումը ապահովում է տնտեսական աճի «բազմապատկումը», ապա պետք է նաև հաշվի առնել այն արագությունը, որով մարդկանց եկամտից կախված խնայողության հակումը փոփոխվում է՝ փոփոխելով ներդրումների մակարդակը (induced investments): Կներեք, այսքանը մարդկային լեզվով գրելը շատ երկար կլինի։ Թարգմանեմ այն ժամանակվա իրականությունը։ Սամուելսոնյան մոդելն ապահովում է առևտրի ցիկլերի բացատրությունը, այսինքն՝ ոչ միայն բացատրում է որևէ գործակցով պայմանավորված մեր սպառման սահմանային հակումից կախված եկամուտների փոփոխությունը, այլև մտցնում է արագություն հասկացությունը։ Ինֆլյացիան զսպելուց հետո ապառքներն, ըստ էության, աքսելերացիան դարձնում էին զրո, արգելակում էին հնարավոր ինքնաբերաբար խանայողություն-ներդրումներ-տնտեսական աճ կապը, որն էլ իր հերթին արգելակում էր նաև հարկային եկամուտների մուտքը։ Այսինքն՝ տնտեսական այս շղթան արգելափակված էր, և բյուջեն, թեպետ ուշացումով, վճարում էր աշխատավարձերը, բայց դրանով իսկ հենց ինքն իր հարկային եկամուտների չստացման արգելակն էր հանդիսանում։

3

Հիպոթեզ՝ ծնված «Ֆրիդմանից» ու «Սամուելսոնից» – մաս 2՝ գործնական քայլեր

Վերոնկարագրած երկու տեսություններն էլ գրված են որպես տնտեսական աճին ուղղված մոդելներ, մինչդեռ մեր առաջ դրված էր այլ խնդիր, որի պարագայում երկու տեսությունն էլ որպես հիպոթեզ հայաստանյան ապառքների պարագայում աշխատում են հակառակ նշանով։ Ու ահա այստեղ մոտս ծնվեց հիպոթեզ, որը ոչ մի հետազոտությամբ ես ի վիճակի չէի հիմնավորել … Բայց հիպոթեզը ոչ միայն դուրս եկավ, այլև հակասության մեջ չէր մտնում բյուջեի իրականացման հետ։ Սակայն շատ մեծ հակասության մեջ էր մտնում երկու խոչընդոտի հետ, որոնք հետո կներկայացնեմ։

Ինչպե՞ս կյանքի կոչել տեսությունը. որպես հիմք ընդունեցի հետևյալ սկզբունքը՝ «փոքրացնելով բյուջետային ծախսերը՝ մեծացնել կատարվող ծախսերի արագությունը», իսկ դրա իրականացման կարգախոսն էր «աշխատավարձն ու սոցիալական ծախսերի հայտը ներկայացնել առանձին, կոմունալ ծախսերը ներկայացնել առանձին, շինարարական խոշոր ծախսերը մանրացնել, դոտացիաները մանրացնել, գրենական պիտույքների հետ զուգահեռ այլ ծախսեր չներկայացնել»։ Խոչընդոտներից նշեմ ձևավորված իշխանական կոնյունկտուրան (բոլոր պետական մարմինները հավասար են, սակայն ոմանք ավելի հավասար են) և գումարը չստանալու վախը։ Այդ պատճառով էլ կարգախոսը հայտարարելն ու իրականացնելը այլ թեմա է (վստահության և սկզբունքայնության), միայն նշեմ, որ սա ընդունված պրակտիկայի լուրջ փոփոխություն էր։ Ու երբ ասում ենք «կառուցվածքային փոփոխություններ», պետք է հասկանանք, որ ոչ մի մակրոտնտեսական հավասարակշռության մոդելում նման փոփոխության իրականացման մեխանիզմները չեն նկարագրվում ու չեն էլ կարող նկարագրվել։

4

Ինչ տեղի ունեցավ։
Մարդիկ սկսեցին ճիշտ ժամանակին աշխատավարձ ստանալ, Հայաստանում տեղի ունեցավ մի բան, որ մինչ այդ չէր եղել՝ ժամանակին ստանալ աշխատավարձ, ու դա կրկնվում էր ամսից-ամիս։ Մարդկանց վարքագիծը սկսեց համապատասխանել այդ նորմին։ Ավելին, նման պարբերականություն սկսեց գործել նաև մնացյալ ծախսերի դեպքում։ Եվ, հրա՜շք՝ հարկային և մաքսային մուտքերը նույնպես սկսեցին ավելանալ։ Այստեղ մի կարևոր լրացում անեմ. այդ թվականին բավական լուրջ փոփոխություն տեղի ունեցավ նաև հարկային և մաքսային մարմիններում։ Վարչարարության նոր մակարդակ ստեղծվեց։ Սա այլ թեմա է, այդ իսկ պատճառով չեմ մանրամասնում, սակայն ցանկանում եմ անպայման շղթան փակել։ Երբ մաքսային մարմինները սկսեցին հարկերի մուտքերը բազմապատկել (այո, բազմապատկել), նրանց մոտ այդպես էլ հարց չառաջացավ, թե որտեղից տնտեսավարողներին գումարներ, չէ՞ որ նախկինում էլ էին ներմուծում։ Գաղտնիքը հենց եկամուտների հաճախականությունը/արագությունը մեծացնելու մեջ էր. չես կարողանում շատ գումար մտցնել տնտեսություն (հիշեցնեմ, մոնետար դիսցիպլինա արդեն կար), ապա քիչ քանակությամբ, բայց ավելի մեծ հաճախականությամբ մտցրու։ Ինչքան էլ հարկային մարմինները պահանջեին գումարներ, խստացնեին վերահսկողությունը, պարտքի տետրներից փող չէին կարող գանձել. Կարևոր էր, որ տնտեսությունը «պարտքային բնատնտեսությունից» անցներ իրական տնտեսական ու դրամական հոսքերի։ Ասեմ, որ Քեյնսի, Ֆրիդմանի և Սամուելսոնի վերոնշյալ տեսությունները տարբեր ժամանակահատվածների համար են, տարբեր ցիկլեր են ենթադրում։ Սակայն դրանք ես օգտագործեցի որպես հիպոթեզ (նույնիսկ այն ժամանակ բանաձևերով հաշվում էի, որ հասկանայի թե աքսելերացիան ինչքան կլինի, փորձարկել եմ անգամ մեկ ամիս ավանս տրամադրել)։

5

Հետաքրքիր միջադեպեր
Նման տեսական քննարկմանն ավելացնեմ հումորային երկու միջադեպ, որ մի փոքր էլ ցուցադրեմ կոնյուկտուրային խնդիրները։ Առաջինը հուլիսի վերջին էր։ Սկզբունքիս հավատարիմ՝ որոշել էի աշխատավարձերը լիարժեք վճարելուց հետո նոր միայն անցնել այլ ծախսերի թույլատրմանը։ Ասեմ, որ ուսուցիչների աշխատավարձն ամենադժվարն էր, քանի որ նրանց աշխատավարձի համընդհանուր գումարն ամենամեծն էր։ Միևնույն ժամանակ նրանք իշխանական բուրգում ամենաստորին օղակում էին, ու պատմականորեն հենց իրենց աշխատավարձն էր միշտ երկրորդ պլան մղվում։ Որոշել էի, որ այդ տարի ուսուցիչներն առաջին անգամ կստանան արձարկուրդային՝ մինչև արձակուրդները։ Պետք էր այնպես պլանավորել, որ այլ ծախսերի իջեցմանը զուգընթաց՝ գումար խնայվի ուսուցիչների արձարկուրդայինի համար։ Ու հենց այդ ժամանակ էր, որ ոստիկանության կողմից (այն ժամանակ ԱԱ-ն էլ հետն էր) իրենց ծախսերն իրականացնելու ճնշում կար: Ես էլ տարա-բերեցի ու ուղղակի հայտարարեցի «մինչև ուսուցիչների աշխատավարձի պարտքերը չփակեմ, ոստիկանությունը ոչ մի ծախս չի ստանա, ուսուցիչները ոստիկաններից պակաս կարևոր չեն»։ Դարձել էր թևավոր խոսք 😊 Հա, այդպես էլ արեցի։

Այս մյուս միջադեպն ավելի հետաքրքրական է։ Ուրեմն, ամեն եռամսյակ, նույնիսկ ամսվա վերջում, որպեսզի հարկային մարմինները կատարեն իրենց «պլանները», Կենտրոնական բանկն ու հարկայինի սպասարկող բանկերը չէին փակում «գործառնական օրը», որպեսզի ամբողջությամբ մուտքագրեն հարկերը։ Պլանը կատարենք, ու բոլորը գոհ լինեն։ Այս պրակտիկան ես տանել չէի կարողանում։ Հերթական եռամսյակի ավարտին, բյուջեի պլանավորած ծախսերը կատարելուց հետո զանգահարեցի կենտրոնական բանկ ու ասացի, որ կարող են «օրը փակել», հարցին՝ արդյո՞ք բոլոր ծախսերն արվել են, ասացի, որ՝ այո, ոչ մի այլ ծախսի կարիք չկա։ Այդպես, օրը փակեցինք, իսկ ի՜նչ տեղի ունեցավ հաջորդ օրն առավոտյան: 😊 Հարկայինն ու մաքսայինն իրենց պլանները չէին կատարել. հեռախոսազանգին, թե ինչու եմ այդպես վարվել, հանգիստ պատասխանեցի, որ այդ մուտքերն ինքնանպատակ չեն, այլ բյուջեի ծախսերի համար են, իսկ ես դրանք արդեն ապահովել եմ։ Նեղացել էին ինձնից։ Սակայն կարևոր քաղված դասը այսօր էլ է արդի՝ հարկային և մաքսային մուտքերն առաջին հերթին կախված են տնտեսությունից ու տնտեսական օրենքներից, իսկ վարչարարությունը, հաշվապահությունը, աուդիտը, պլանը, ֆլանն ու ֆստանն ածանցյալ են երկրի տնտեսական վիճակից։

Ի դեպ, մոռացա նշել, որ ապառքների թեման այլևս հանրային օրակարգում չկար, տակը ինչ մնացել էր, պարզապես այն պարտքերն էին, որ բյուջեում չէին էլ եղել։ Սրանք էլ հետագայում այլ մեխանիզմով (մուրհակների միջոցով) լուծվեցին։ Կարող եմ համարել, որ հիպոթեզը ապացուցվեց, թեպետ կարելի է մի հետազոտություն անել։ Նշեմ տնտեսագետների համար, որ ՀՆԱ-ի 90-ականների տարօրինակ սեզոնայնությունը, որ տարբեր մոդելներով հարթեցնում եք, որ կարողանանք վերլուծել, բացատրվում է հենց ապառքների առկայությամբ, որի «մեգահաշվանցումը» տեղի էր ունենում դեկտեմբեր ամսին, ու այդպիսով էլ դեկտեմբեր ամսին գրանցվում էր մեգա ՀՆԱ ու մեգա բյուջետային մուտքեր ու ծախսեր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Այս տարի նվազել է առաջին անգամ Եմ երկրներում ապաստն հայցած ՀՀ քաղաքացիների թիվը

Անցած երեք տարիներին առաջին անգամ այդ թիվը 2000-ից պակաս է եղել:

Արմեն Սարգսյանն ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրենին

Քրիստոֆեր Դեյվիսն իր հերթին նշել է, որ HSBC-ն Հայաստանում ներդրել է լավագույն չափանիշները, և բանկի հայաստանյան թիմը համարվում է ամենապատրաստվածներից մեկը: