Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առևտուրն աճել է 22, թե՞ 19 տոկոսով. Ռուսաստանի և Հայաստանի տվյալները կրկին տարբերվում են

Վերադարձ լուրերի բաժին

10:04 , 10 Սեպտեմբեր 2018

«Հատկապես ուրախալի է, որ նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճն արդեն կազմել է 22.2%, այսինքն` եթե այսպես շարունակվի, մենք կգերազանցենք նախորդ տարվա ցուցանիշները»: Այս մասին երեկ ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հրապարակային մասի ժամանակ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, պատասխանելով երկկողմ առևտրի հետ կատարված դիտարկմանը, պատասխանել է. «Դուք, իհարկե, իրավացի եք. մեր ապրանքաշրջանառության աճն այս տարի կազմել է ավելի քան 20 %, և դա շատ լավ նորություն է»:

Ուշագրավն այն է, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունն է աճել է 19.9%- ով և կազմել 885.8 մլն դոլար։

Այդ թվում, Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 27.5%-ով և կազմել 281.2 մլն դոլար։ Իսկ ներմուծումը աճել է 16.6%-ով և կազմել 604.6 մլն դոլար։

arm-rus-trade-june

Ստացվում է, որ թե՛ Պուտինի, թե՛ Փաշինյանի հնչեցրած թվերը տարբերվում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներից, չնայած Փաշինյանինը ավելի մոտ են 19.9%-ին։

Ինչո՞վ է պայմանավորված այս հակասությունը։

Ըստ ամենայնի, Վլադիմիր Պուտինը հիմնվել է Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների պաշտոնական վիճակագրության վրա։

Օրինակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով, Հայաստանից Ռուսաստան արտահանման ցուցանիշը 2018 թվականի առաջին կիսամյակում համընկնում է ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալին՝ 282.2 մլն դոլար, 27.5%-անոց աճ։ Սակայն Ռուսաստանից Հայաստան ներմուծումը, ըստ ԵՏՀ բազաների, 664 մլն դոլար է կազմել՝ աճելով 18.5%-ով։

Այսինքն, խնդիրը ներմուծման տվյալների մեջ է. ըստ ռուսաստանյան և եվրասիական վիճակագրության՝ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը մոտ 60 մլն դոլարով ավելի շատ է, քան այն թիվը, որը ցույց է տալիս ՀՀ պաշտոնական վիճակագրությունը։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի և Ռուսաստանի տվյալները չեն համընկնում։  Օրինակ,  2017 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի հանդիպման ժամանակ Դմիտրի Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած այն թվի հետ, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ ապրանքաշրջանառությունն այդ տարվա առաջին 8 ամսվա կտրվածքով աճել է 23.5 տոկոսով։ ՌԴ վարչապետն ասաց, որ իր տվյալներով՝ 2017 թվականի հունվարից օգոստոս հայ-ռուսական ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, և առաջարկեց հետագայի համար օգտագործել այդ ցուցանիշը: Կարեն Կարապետյանը համաձայնեց՝ ավելացնելով, որ առանց այն էլ կասկածներ կան, որ մեր Ազգային վիճակագրական ծառայությունը նվազեցնում է որոշակի ցուցանիշներ։

Հետո Ազգային վիճակագրական ծառայությունը պաշտոնական պարզաբանում հրապարակեց՝ նշելով 12 պատճառ (մեթոդաբանական, տեխնիկական և տվյալների դիտավորման աղավաղման), որոնցով կարող է բացատրվել տվյալների տարբերությունը։ Սակայն այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու է տարբերվում միայն Ռուսաստանից ներմուծման թիվը, իսկ արտահանման դեպքում ամեն ինչ նորմալ է։

Վերջում նշենք, որ չնայած Հայաստան-Ռուսաստան երկկողմ առևտրի աճին՝ Ռուսաստանի կշիռը ՀՀ արտաքին առևտրում նվազել է՝ 27.4%-ից հասնելով 25.5%-ի, որովհետև ՀՀ ընդհանուր արտաքին առևտուրն ավելի արագ է աճել (28.9%), քան Հայաստան-Ռուսաստան առևտուրը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

«Նոր Հայաստանի» տնտեսական աճը` թվերով

2018թ-ի մայիս-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.8%-ով:

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին