Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առաջին տնտեսական ցուցանիշները՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության «օրոք»

Վերադարձ լուրերի բաժին

12:52 , 22 Հունիս 2018

Ազգային վիճակագրական ծառայությունը 2 օր առաջ հրապարակեց 2018 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածի ցուցանիշները։ Սկսենք, թերևս, ամենակարևոր՝ տնտեսական ակտիվության ցուցանիշից (ՏԱՑ)։

Այսպես, 2018 թվականի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8.6%-ով։ Ինչպես տեսնում եք գծապատկերում, ՏԱՑ-ի հավելաճը ժամանակահատվածի կտրվածքով այս տարվա ընթացքում նվազել է։ 2018 թվականի հունվար-մարտին այն 11% էր, հունվար-ապրիլին՝ 9.7%։

Աճի տեմպը նվազել է նաև 12-ամսյա կտրվածքով՝ յուրաքանչյուր ամիսը՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Այսպես, 2018 թվականի մայիսին՝ 2017-ի մայիսի համեմատ, ՏԱՑ-ն աճել է 5.4%-ով։ Մինչդեռ ապրիլին՝ ապրիլի համեմատ, աճը 7.3% էր, իսկ մարտին՝ մարտի համեմատ՝ 11%։

Դինամիկան ավելի լավ պատկերացնելու համար պետք է ուշադրություն դարձնել նաև ամսական ցուցանիշին. ինչպե՞ս է փոխվել տնտեսական ակտիվությունը յուրաքանչյուր ամիս՝ նախորդ ամսվա համեմատ։

tac-may

Գծապատկերում այդ ցուցանիշն արտացոլված է մուգ հաստ կորով։ Ինչպես տեսնում եք, ապրիլին՝ մարտի համեմատ, տնտեսական ակտիվությունը նվազել էր։ Նախապես հրապարակված տվյալներով՝ ՏԱՑ-ը նվազել էր 3.1%-ով, սակայն սեզոնային ճշգրտմամբ՝ նվազումը 1.6% է։ Ապրիլին՝ մարտի համեմատ, անկում էր գրանցվել գրեթե բոլոր ուղղություններով՝ բացառությամբ շինարարության։ Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխության հետ կապված՝ զանգվածային անհնազանդության ակցիաները տեղի էին ունենում հենց ապրիլի երկրորդ կեսին, և այս ժամանակավոր անկումը մասամբ նաև այդ իրադարձությունների հետևանք էր։ Ապրիլյան անկման հետևանքով էլ տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլացավ՝ նվազեցնելով հունվար-ապրիլ և հունվար մայիս ժամանակահատվածների ցուցանիշները։

Սակայն մայիսին՝ ապրիլի նկատմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.6%-ով (ընդգծենք, որ հունվարից ապրիլ ամսական այս ցուցանիշները ճշգրտված են, մայիսինը՝ դեռ նախնական)։ Այս կտրուկ աճն ինչ-որ չափով պայմանավորված է նախորդ ամսվա անկմամբ։ Սակայն ընդհանուր առմամբ ցույց է տալիս, որ տնտեսական աճի տեմպը սկսում է վերականգնվել։

Ամեն դեպքում, ամիսը նախորդ ամսվա հետ համեմատելով՝ չի կարելի պատկերացում կազմել նախորդ տարվա համեմատ զարգացումների մասին, քանի որ դեր է խաղում սեզոնային գործոնը։ Այդ իսկ պատճառով եկեք դիտարկենք առանձին ուղղությունների շարժը՝ նախորդ տարվա համեմատ։

Արդյունաբերական արտադրանք

2018 թվականի մայիսը՝ 2017 թվականի մայիսի համեմատ, 3.1% անկում։ 2018 թվականի հունվար-մայիսը՝ 2017 թվականի հունվար-մայիսի համեմատ՝ 3.3% աճ։ Արտադրանքի ծավալը հունվար-մայիսին ընթացիկ գներով՝ 658.3 մլրդ դրամ։

Գյուղատնտեսություն

2018 թվականի մայիսը 2017 թվականի մայիսի համեմատ՝ 0.1% աճ։ 2018 թվականի հունվար-մայիսը՝ 2017 թվականի հունվար-մայիսի համեմատ, 1.1% աճ։ Արտադրանքի ծավալը հունվար-մայիսին ընթացիկ գներով՝ 180.3 մլրդ դրամ։

Շինարարություն

2018 թվականի մայիսը՝ 2017 թվականի մայիսի համեմատ, 8.8% աճ։ 2018 թվականի հունվար-մայիսը՝ 2017 թվականի հունվար-մայիսի համեմատ, 17.4% աճ։ Շինարարության ծավալը հունվար-մայիսին ընթացիկ գներով՝ 93.7 մլրդ դրամ։

Առևտրաշրջանառություն

2018 թվականի մայիսը 2017 թվականի մայիսի համեմատ՝ 8.8% աճ։ 2018 թվականի հունվար-մայիսը 2017 թվականի հունվար-մայիսի համեմատ՝ 10.2% աճ։ Առևտրաշրջանառության ծավալը հունվար-մայիսին ընթացիկ գներով՝ 1 տրլն 23.3 մլրդ դրամ։

Ծառայություններ

2018 թվականի մայիսը 2017 թվականի մայիսի համեմատ՝ 17% աճ։ 2018 թվականի հունվար-մայիսը 2017 թվականի հունվար-մայիսի համեմատ՝ 17.5% աճ։ Ծառայությունների ծավալը հունվար-մայիսին ընթացիկ գներով՝ 626.7 մլրդ դրամ։

Արտաքին առևտուր

Արտաքին առևտրաշրջանառությունը 2018 թվականի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով և կազմել 2.8 մլրդ դոլար։

Այդ թվում՝ արտահանումն աճել է 24.1%-ով և կազմել 935.6 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 37%-ով և կազմել 1 մլրդ 868.5 մլն դոլար։

* * *

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ նշանակվեց մայիսի 8-ին և նոր կառավարության կազմը մինչև մայիսի 15-ն արդեն գրեթե ամբողջությամբ ձևավորված էր։ Այսինքն, զուտ ժամանակագրական առումով՝ մայիսը մասամբ կարելի է համարել Փաշինյանի կառավարության օրոք ընկած ժամանակահատված։ Սակայն, բնականաբար, մայիսին արձանագրված սոցիալ-տնտեսական ցուցանիշները ոչ մի դեպքում չի կարելի համարել նոր կառավարության գործունեության արդյունք, քանի որ դրանք նախորդ կառավարության գործունեության արդյունքներն են։

Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքները տնտեսական վիճակագրության մեջ կերևան 2-3 ամսից ոչ շուտ։ Ընդ որում, նոր կառավարությունը դեռևս տնտեսական բնույթի որևէ լուրջ օրենսդրական նախաձեռնություն չի ցուցաբերել (բացառությամբ՝ կուտակային կենսաթոշակի), և տնտեսությունը շարժվելու է նախկին ամիսների իներցիայով։

Սակայն կա մի կարևոր հանգամանք, որը կարող է նկատելիորեն ազդել տնտեսական ցուցանիշների վրա։ Ստվերի և կոռուպցիայի դեմ իրականացվող քայլերը, որոնք թափ առան մայիսի վերջին և շարունակվում են մինչ օրս, կարող են նպաստել, որ հատկապես ներքին և արտաքին առևտրի ոլորտում արդեն հունիսի արդյունքներով գրանցվեն կտրուկ փոփոխություններ՝ «սպիտակ» դաշտ տեղափոխված ստվերի հաշվին։ Սակայն դա կարտացոլի ոչ թե տնտեսական վիճակի փոփոխություն, այլ կլինի պարզապես վիճակագրական տվյալների ճշգրտում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ