Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առաջին եռամսյակում բյուջեով ծրագրված ծախսերը թերակատարվել են 17․9 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

15:47 , 22 Մայիս 2020

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում փաստացի իրականացված եկամուտները պլանավորված եկամուտների համեմատ գերակատարվել են 2.1 տոկոսով, իսկ ծախսերը թերակատարվել են 17.9%-ով: Այդ մասին, ըստ b4b.am-ի նշված է EconoMood-ի հրապարակման մեջ: Առաջին եռամսյակում նախատեսված ծախսերից մոտ 72.6 մլրդ ՀՀ դրամի ծախս չի կատարվել:

Բյուջեի ծախսերը դասակարգվում են երկու խոշոր խմբերում՝ ընթացիկ ծախսեր և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ։ Ընթացիկ ծախսեր են համարվում աշխատավարձերը, գնումները, պետական պարտքի սպասարկումը, սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները։ Իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ներքո պետք է հասկանալ հիմնականում կապիտալ ծախսերը։ Ֆինանսների նախարարության տվյալները ցույց են տալիս, որ 2020 թ. առաջին եռամսյակում թերակատարված 72.6 մլրդ ՀՀ դրամի ծախսի 64.1%-ը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, 35.9%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերը երկու ուղղություններով էլ ավելացել են:

Ընթացիկ ծախսերն այս տարվա առաջին եռամսյակում կազմել են 315.3 մլրդ դրամ։ Ծրագրվածից 46.5 մլրդ դրամով կամ 12.9%-ով քիչ ծախս է կատարվել։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք աճել են 11.4%-ով կամ 32.2 մլրդ դրամով: Բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվություններում ընթացիկ ծախսերի շեղումներն առկա են եղել գրեթե ամեն տարի: Այսինքն՝ փաստացի ծախսերը որոշ դեպքերում քիչ են եղել, որոշ դեպքերում էլ գերազանցել են բյուջեով նախատեսված ցուցանիշները։ Այդ միտումը պահպանվել է նաև ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ Ընթացիկ ծախսերի կազմում ամենամեծ տեսակարար կշիռն ունեն սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները՝ 38.1%։ Առաջին եռամսյակում այս ծախսերը կազմել են գրեթե 120.1 մլրդ դրամ՝ թերակատարվելով 4.6%-ով։ Նպաստների թերակատարումը կազմել է 11.7%, իսկ կենսաթոշակներինը՝ 1.6%: Թերակատարումը հիմնականում վերաբերում է նպաստներին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նպաստների առումով բյուջեի ծախսերն աճել են 17.6%-ով (4.9 մլրդ դրամով), իսկ կենսաթոշակների ծախսերը՝ հաշվետու 11.6%-ով (9.1 մլրդ դրամով): Դա պայմանավորված է եղել աշխատանքային կենսաթոշակների և կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների հաշիվներին հատկացումների աճով:

Առաջին եռամսյակում 37.8 մլրդ դրամ ուղղվել է Կառավարության ներքին և արտաքին պարտքի սպասարկմանը։ Ծախսվել է գրեթե այնքան, որքան պլանավորված է եղել։ Ընթացիկ ծախսերից մոտ 33.8 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը 7.3%-ով (2.3 մլրդ դրամով) գերազանցել է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը: Այդ ուղղությամբ թերակատարումը եղել է 9.2%: Ընթացիկ ծախսերից պետական գնումների՝ ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետբյուջեից օգտագործվել է 25.1 մլրդ դրամ, իսկ սուբսիդիաների համար՝ 21.6 մլրդ դրամ, որոնց աումով թերակատարումները կազմել են համապատասխանաբար՝ 37.8% և 19.6%

Կապիտալ ծախսերի թերակատարման ցուցանիշը շատ ավելի մեծ է եղել, քան ընթացիկ ծախսերինը։ 2020 թ. առաջին եռամսյակում ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են գրեթե 16.9 մլրդ դրամ՝ թերակատարվելով 60.6%-ով։ Ոչ ֆինանսական ակտիվների ծախսերը կամ կապիտալ ծախսերը կազմել են 17.1 մլրդ ՀՀ դրամ: Առաջին եռամսյակում դրանք պետք է կազմեին 43 մլրդ դրամ։ Այսինքն՝ պլանավորվածի 39.8%-ը կամ այլ կերպ՝ կապիտալ ծախսերը թերակատարվել են 60.2%-ով։

Վերջին տարիներին կատարված կապիտալ ծախսերի կատարողականների ցուցանիշները ցույց են տալիս, որ դրանք ունեն թերակատարման նույն միտումն, ինչը նկատելի է ընթացիկ ծախսերի մասով։ Բացառություն է եղել 2016 թ., երբ կապիտալ ծախսերի կատարողականը նախատեսվածից բարձր է եղել: Կապիտալ ծախսերը հիմնականում իրականացվել են արտաքին միջոցների հաշվին, ինչը բացատրվում է ներքին ռեսուրսների սահմանափակությամբ: Սակայն ներքին ռեսուրսների հաշվին իրականացված կապիտալ ծախսերը հիմնականում կատարվել են նախատեսված պլանի համաձայն, իսկ թերակատարումը եղել է արտաքին միջոցների հաշվին իրականացվող ծախսերի առումով: Դրա պատճառն այն է, որ բյուջեի պակասուրդի անկառավարելի դառնալու ռիսկը չեզոքացնելու համար օրենքով սահմանափակվում է բյուջեով նախատեսված պարտավորություններից ավելին ներգրավել, ինչը եղել է նախկինում:

Կապիտալ ծախսերի բարձր կատարողականը կարևոր է երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից: Ծրագրված կապիտալ ծախսերի արդյունքում զարգանում են տվյալ երկրի ենթակառուցվածքները, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում: Օրինակ՝ մասնավոր ներդրումները: Որպես կանոն մասնավոր ներդրումների համար կարևոր է երկրում զարգացած ենթակառուցվածքների առկայությունը: Այսինքն, կապիտալ ծախսերն էապես նպաստում են ներդրումների իրականացմանը: Դրանք կարճաժամկետում լուծում են նաև սոցիալական խնդիր՝ ստեղծվում են նոր աշխատատեղեր:

Առաջին եռամսյակի կապիտալ ծախսերի թերակատարման վրա իրենց ազդեցությունն են ունեցել նաև որոշակիորեն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տնտեսական գործունեության սահմանափակումները։ Որպես հակաճգնաժամային միջոց առաջիկայում կառավարությունը պատրաստվում է մեկնարկել կրթական, մշակութային, սպորտային առողջապահական օբյեկտների կառուցման 100 կապիտալ նախագիծ: Սա թույլ է տալիս ենթադրել, որ տարվա վերջին, ինչպես նաև եռամսյակային կտրվածքով կապիտալ ծախսերի գծով թերակատարումը էականորեն կնվազի, որը կստեղծի նաև բարենպաստ միջավայր տնտեսության աշխուժացման համար:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։