Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

Վերադարձ լուրերի բաժին

19:30 , 16 Հունվար 2018

 2017 թ. դեկտեմբերի 26-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրություն

2017 թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը: Խորհրդի նիստը սկսվեց դեկտեմբերի 26-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Արձանագրվեց, որ, ինչպես և սպասվում էր, 2017թ-ի չորրորդ եռամսյակի անցած ժամանակահատվածում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ նոյեմբերի վերջին կազմելով 2.2%: Գնաճին գերակշռող մասով նպաստել է «Սննդամթերք» խոշոր ապրանքախմբի ապրանքների գների աճը, որի կառուցվածքում սեզոնային բնականոն աճ են դրսևորել «Միրգ» և «Բանջարեղեն» ապրանքախմբերի ապրանքների գները: Եռամսյակի ընթացքում արձանագրվել է նաև կարագի և մսի գների էական աճ՝ պայմանավորված կարագի և խոզի մսի միջազգային գների աճով և տավարի մսի արտահանմամբ, ինչը զգալիորեն նպաստել է բնականոն գնաճի շարունակական աճին: Վերջինս էլ իր հերթին վկայում է վերականգնվող ներքին պահանջարկի և գնաճային սպասումների աճի մասին:

Ընդ որում, բնակչության գնաճային սպասումներն ավելի արագ են ավելանում՝ պայմանավորված պարենային ապրանքների միջազգային շուկայում վերը նշված ապրանքների գների աճի և 2018թ-ից ՀՀ-ում ակցիզային հարկի ու մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության՝ ներքին գների վրա գերագնահատված ազդեցության վերաբերյալ մամուլում պարբերաբար շրջանառվող տեղեկատվությամբ:

Միևնույն ժամանակ Խորհուրդն ակնկալում է գնաճային միտումների պահպանում նաև դեկտեմբերին, ինչի հետևանքով ամսվա գնաճը կգերազանցի նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը և 12-ամսյա գնաճը կշարունակի ավելանալ՝ տարեվերջին ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ:

Խորհրդի նիստում քննարկվեց ձևավորված տնտեսական իրավիճակը. ներկայացվեց, որ 2017թ-ի անցած 11 ամիսների ընթացքում ձևավորվել և մշտապես պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերով: Այսպես, վիճակագրական փաստացի տեղեկատվության համաձայն հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական աճը կազմել է 5.0%, իսկ հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար այն գնահատվում է 6.4%՝ չորրորդ եռամսյակի ԴՎՔ ծրագրում գնահատված 4.6%-ի դիմաց:

Միաժամանակ արձանագրվեց, որ չորրորդ եռամսյակում ևս ներքին պահանջարկի վերականգնումը զգալիորեն գերազանցել է սպասվող տեմպերը, ինչի արդյունքում թե՛ մասնավոր սպառման և թե՛ մասնավոր ներդրումների մասով ակնկալվում են ավելի քան 2.0 տոկոսային կետով բարձր ցուցանիշներ: Նշվեց, որ ներքին պահանջարկի արագ վերականգնմանը շարունակել են նպաստել իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը, պահպանվող համեմատաբար ցածր գնաճային միջավայրը և դրամական փոխանցումների բարձր աճը:

Ներքին բարձր պահանջարկն իր հերթին արտահայտվել է ներմուծման, առևտրի, տնտեսության վարկավորման աճերի և բնականոն գնաճի արձանագրված տեմպերում: Խորհրդի նիստում ներկայացվեցին նաև արտաքին հատվածի զարգացումները, որոնց համաձայն չորրորդ եռամսյակում հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի տեմպերը գերազանցել են սպասումները՝ պայմանավորված ներքին պահանջարկի վերականգնման արագ տեմպերով:

Միջազգային ապրանքահումքային շուկայում գնաճային զարգացումներն ընթացել են հիմնականում ԿԲ կանխատեսումներին համահունչ, միայն նավթի գնի մասով է արձանագրվել սպասվածից ավելի աճ՝ պայմանավորված արտադրության ծավալների կրճատմամբ:

Քննարկման արդյունքում Խորհուրդը գնահատեց. քանի որ առաջիկա ամիսներին միջազգային ապրանքային շուկաներում գնաճային միտումները կպահպանվեն և նման իրավիճակում արտաքին հատվածից ակնկալվում են չափավոր գնաճային ազդեցություններ:

Խորհրդի նիստում քննարկվեցին ֆինանսական շուկայի զարգացումները՝ փաստելով, որ եկամտաբերության կորի կարճաժամկետ հատվածի տոկոսադրույքներն հիմնականում կայունացել են քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում, իսկ երկարաժամկետ տոկոսադրույքները մնացել են գրեթե անփոփոխ:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Քննարկվեցին վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ թողնելու կամ 0.25 տոկոսային կետով բարձրացնելու տարբերակները:

Գնաճային սպասումների և գնաճային ռիսկերի շարունակվող ավելացման պարագայում, Խորհուրդը դեռևս նախապատվությունը տվեց քաղաքականության գործիքի տոկոսադրույքն անփոփոխ թողնելուն՝ հաշվի առնելով ներքին պահանջարկի վերականգնման տևականությունն ապահովելու անհրաժեշտությունը: Ամփոփվեց, որ վերոնշյալ բոլոր գնաճային գործոնները ներառված են չորրորդ եռամսյակում արված կանխատեսումներում և ԿԲ-ն մշտապես հետևում է գնաճային զարգացումներին ու առկա ռիսկերի դրսևորմանը:

Միևնույն ժամանակ Խորհուրդն այսօր առավել հաստատակամ է, որ կանխատեսված զարգացումների ներքո և միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման առումով առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որի արդյունքում 12- ամսյա գնաճը կանխատեսվող հորիզոնում կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում՝ հորիզոնի վերջում կայունանալով գնաճի նպատակային 4% միջին մակարդակի շուրջ: Խորհուրդը հաստատեց ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը և առաջարկվող մամլո հաղորդագրությունը, որոնք կցվում են:

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «գ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Ո ր ո շ ու մ է .

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 6.0%:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ֆինանսական շուկայում գործառնություններն իրականացնել հետևյալ տոկոսադրույքներով.

2.1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7.5%,

2.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4.5%:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան

2017թ. դեկտեմբերի 26 Երևան

 

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

26.12.2017թ. 2017 թվականի դեկտեմբերի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով 6.00% մակարդակը: 2017թ. նոյեմբերին արձանագրվել է 2.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.0%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա ընթացքում ավելացել է՝ ամսվա վերջի դրությամբ կազմելով 2.2%:

Ակնկալվում է, որ տարեվերջին, ինչպես և սպասվում էր, 12-ամսյա գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանում: Արտաքին հատվածում փաստացի զարգացումները հիմնականում համահունչ են եղել ԿԲ կանխատեսումներին, այսինքն՝ շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման և միջազգային ապրանքային շուկաների գնաճային միտումները: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդը շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ որոշակի գնաճային ազդեցություններ: Խորհուրդն արձանագրում է, որ 2017թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է սպասվածին մոտ տնտեսական աճ:

Միևնույն ժամանակ, հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը զգալիորեն գերազանցել է ակնկալիքները, որը պայմանավորվել է հատկապես ծառայությունների և արդյունաբերության ոլորտներում դիտված բարձր աճերով: Ներքին մասնավոր պահանջարկը նույնպես ավելի բարձր է սպասվում, քան կանխատեսվում էր, որին շարունակում է նպաստել ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը և ցածր գնաճային միջավայրը:

Ներքին պահանջարկի ավելացումը շարունակում է արտահայտվել առևտրի և ներմուծման բարձր աճերում, ինչպես նաև բնականոն գնաճի և գնաճային սպասումների վարքագծում:

ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա խթանող մակարդակը՝ հաշվի առնելով պահանջարկի վերականգնման կայունությունն ապահովելու անհրաժեշտությունը և գնաճային սպասումների վրա ակցիզային դրույքաչափերի և մաքսատուրքերի փոփոխության ազդեցության գերագնահատված լինելը: Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո առաջիկայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ միջինժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար:

Խորհուրդը գնահատում է նաև, որ գնաճի ընթացիկ եռամսյակի ծրագրից դեպի վերև շեղման ռիսկերը ավելանում են և հաստատում է իր պատրաստակամությունը դրանց դրսևորման պարագայում համապատասխանորեն ճշգրտելու դրամավարկային քաղաքականության պայմանները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գների կայունությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր բիզնեսի մեծացող դժգոհությունը

2018 թվականի առաջին կիսամյակի՝ ներքին առևտրաշրջանառության պաշտոնական տվյալները մի հետաքրքիր կողմ ունեն։

Երևանի և ՀՀ մարզերը՝ որպես արտահանողներ. որտեղից որքան է արտահանվում (գծապատկեր)

Արտահանման 42%-ը՝ 489 մլն դոլար, բաժին է ընկնում մայրաքաղաքին։

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: