Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ապօրինի, ժողովրդի հաշվին, պետության հաշվին հարստացող մարդիկ Հայաստանում չեն լինելու»,- Վարչապետը՝ գազալցակայանների մասին

Վերադարձ լուրերի բաժին

13:24 , 04 Ապրիլ 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի բացման ժամանակ անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե կառավարության որոշումների արդյունքում գազալցակայաններում թանկացումներ են արձանագրվել: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Գործադիրի ղեկավարը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար պարոն Կոտոլյանից հետաքրքրվել է, թե ինչ է կատարվում:

«Որպես այդպիսին՝ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Ուղղակի խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկներով գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7.1, բայց վերջին 3-4 օրվա ընթացքում «Գազպրոմ-Արմենիա»-ից գազի միջին խտությունը գալիս է 7.9-ով, այսինքն՝ աճել է, հետևաբար, տնտեսվարողներն իրենց ծրագրային փոփոխությունների մեջ պետք է դա անեին, որը չեն արել: Հետևաբար, մեր սպառողներն ստիպված են եղել ավելի գումար վճարել, որի համար Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բոլոր տնտեսվարողներին տեղեկացրել է, որ անպայման ամեն օր փոփոխություն կատարեն իրենց դիսպենսերներում և ճիշտ խտություն տեղադրեն, որպեսզի սպառողներն ստիպված չլինեն ավելի գումար վճարել»,- պարզաբանել է Արմեն Կոտոլյանը:

Վարչապետի պարզաբանող հարցին, թե ինչո՞ւ չեն մտցրել այդ ծրագիրը, այսինքն՝ ավելի մե՞ծ խտությամբ են տալիս գազը հիմա «Գազպրոմ-Արմենիա»-ից, քան նախկինում: Արմեն Կոտոլյանը բացասական է պատասխանել և նշել, որ «Գազպրոմ Արմենիա»-ն ամեն օր գազի խտություն է տալիս, պարոն վարչապետ, ու ԱԳԼՃԿ-ներում ամեն օր այդ խտությունը պետք է փոփոխեն, որպեսզի քաղաքացիներն ստիպված չլինեն ավելի վճարել: «Այսինքն՝ դա որակում ենք որպես միտումնավոր կամ ոչ միտումնավոր չարաշահում»,- մանրամասնել է պաշտոնյան:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հարցրել է, թե դա կարո՞ղ է կապ ունենալ այն գործընթացի հետ, որ վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունն իրականացնում է. «Այն է՝ գազալցակայաններում ստվերի կրճատման և չարաշահումների դեմ պայքարը, այսինքն՝ հնարավո՞ր է, որ գազալցակայանների տերերն այսպիսով փորձում են ինչ-որ պրովոկատիվ գործողություններով, իրենց խելքով, այսպես ասած, որոշակի դժգոհություն հարուցել»,- մասնավորեցրել է հարցը վարչապետը:

ananyan

«Տեսականորեն հնարավոր է, պարոն վարչապետ, որովհետև, ինչպես մեր գործընկերն արդեն նշեց, գազալցակայանների աշտարակները դեռևս 2008 թվականին ընդունված կառավարության որոշմամբ հնարավորություն ունեն և՛ կիլոգրամներով, և՛ խորանարդ մետրերով ցուցմունքներ ապահովել, բայց այդ խտության ցուցմունքն ամեն օր առավոտյան մարդկային գործոնով է պայմանավորված, այսինքն՝ ամեն առավոտ համակարգիչ մուտք է արվում խտության գործակից, և տարիներ շարունակ, մենք այդպիսի տեսակետ ունենք, որը դեռ ճշգրտման կարիք ունի, որ նաև այդ գործակիցը տասնորդականների ճշգրտության կամ փոփոխության պայմաններում կարող էր ապահովել որոշակի ինչ-որ ծավալների փոփոխություն: Կարող է այդպես պայմանավորված լինել»,- պատասխաել է Անանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Ես հետևյալի վրա ուշադրություն դարձրի, որ երեկ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածվում, թե իբր կառավարության որևէ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է, և այդ է պատճառը, որ այդ ամեն ինչը տեղի է ունեցել: Նախ, ուզում եմ արձանագրենք, որ որևէ նման գործողություն տեղի չի ունեցել, երկրորդը՝ նույնիսկ մանիպուլյատիվ տեղեկատվություն կար, թե իբր կառավարությունն այն օրենքի նախագիծը, որ ընդունել է, այդ օրենքի հետ է կապված:

Ես ուզում եմ ասել՝ նախ, այդ օրենքն Ազգային ժողովում ընդհանրապես դեռ չի քննարկվել, այսինքն՝ առաջին ընթերցմամբ նույնիսկ ընդունված չէ: Երկրորդն էլ, մեր փորձագիտական գնահատականներով՝ այդ օրենքը չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ: Հետևաբար, ես ինչքան վերլուծում եմ, այստեղ մենք կարող ենք ուրիշ խնդրի հետ գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, և այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ: Ես էլի ուզում եմ կրկնել, որ որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են: Ես էլի բոլորին ուզում եմ զգուշացնել արդեն վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան անձնապես, բոլորը՝ առանց բացառության: Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու: Ես սա շատ ուղիղ եմ ասում և շատ հասցեական եմ ասում: Հետևաբար, Շուկայի վերահսկողության տեսչությունը, Պետական եկամուտների կոմիտեն, մյուս այն մարմինները, որոնք ունեն իրավասություններ, շատ արագ արձագանքում են և գտնում են շատ խիստ պատժի ենթարկելու այն տնտեսվարողներին, ովքեր այս իրավիճակում փորձում են որոշակի մանիպուլյացիաներ անել»:

Nikol555

Փաշինյանը շեշտել է, որ ստվերի դեմ պայքարում կառավարությունը փոխզիջում չունի: «Չլինի Հայաստանում որևէ գազալցակայան, որը ՀԴՄ չխփի, չլինի այդպիսի գազալցակայան ուղղակի: Եթե պետք է այդ ճանապարհով գնալ՝ գազալցակայանները ՀԴՄ խփեն, սնանկանան, չնայած այդպիսի բան հնարավոր չէ, ուրեմն թող սնանկանան: Ապօրինի, ժողովրդի հաշվին, պետության հաշվին հարստացող մարդիկ Հայաստանում չեն լինելու, և ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ամեն ինչը շատ հստակ արձանագրենք»,- ընդգծել է վարչապետը:

Վարչապետն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ուշադրությունն է հրավիրել այն իրողությանը, որ երույթը, իր կարծիքով, նաև ազգային անվտանգության խնդիր է: «Այո՛, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է, և ես հույս ունեմ, որ Ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ, որպեսզի այդ բաները՝ ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրոք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է՝ իհարկե, որևէ ձևով կասկածի տակ չդնելով Հայաստանի Հանրապետությունում խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը»,- նշել է վարչապետը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հարկային արտոնություն ստանալու համար դիմել է տեխնոլոգիական ոլորտի մոտ 100 ընկերություն

Նորաստեղծ ընկերություններին հավաստագրով տրամադրվում են հետևյալ հարկային արտոնությունները` 0% շահութահարկ և 10% եկամտային հարկ։

«Արմենիա» ավիաընկերությունն ստացել է Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթերի թույլտվություն

Այժմ ընթանում է նոր՝ Boeing 737-700 օդանավի Հայաստանում գրանցելու գործընթացը:

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Եվրոպական միությունը ևս կարևորում է Հայաստանի հետ համագործակցության դինամիկ զարգացումը և պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրին՝ տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու գործում: