Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ապագայում մարդկային ուղեղի գերբեռնվածությունից ազատվելու համար հատուկ սարքերի անհրաժեշտություն կլինի. մասնագետ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

23:01 , 23 Հունիս 2017

Մարդկային ուղեղը փոփոխության չի ենթարկվել ավելի քան 50 հազար տարի, սակայն այդ ժամանակահատվածում զգալիորեն փոխվել է շրջակա միջավայրը, ինչն ապագայում կարող է հանգեցնել ուղեղի գերբեռնվածության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության 20-ամյակին նվիրված մամուլի ասուլիսին այս մասին նշեց հոգեֆիզիոլոգ, կենսաբանական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի առաջին ուղեղային համակարգչային ինտերֆեյսի լաբորատորիայի հիմնադիր Ալեքսանդր Կապլանը:

«Մարդու ուղեղն ամենաբարդ և ամենախորհրդավոր օբյեկտն է տիեզերքում: Ուղեղի ներկայիս ձևը գտնվել է Ֆրանսիայի Քրո-Մանյոն քարանձավում, որի տարիքը թվագրվում է 50 հազար տարի: 50 հազար տարի առաջ Քրո-Մանյոն քարանձավում ապրում էին մարդիկ, ովքեր ունեին նույն ուղեղը, ինչպիսին մենք: Եթե հնարավորություն լիներ 50 հազար տարի առաջ վերցնել երեխայի և ժամանակակից մեթոդներով դաստիարակել, նա կմեծանար սովորական ժամանակակից երեխայի նման», – ասաց Կապլանը:

Ըստ գիտնականի` խնդիրը նրանում է, որ մարդու ուղեղը հարմարեցված է այն պայմաններին, որոնք անհրաժեշտ էին 50 հազար տարի առաջ գոյատևելու համար:

«Այն ժամանակ չկար ոչ համակարգիչ, ոչ հեռախոսներ, այն ժամանակ ոչ մի տեխնոլոգիա չկար: Եվ զարմանալին այն է, որ ուղեղը պահպանում է նույն կառուցվածքը 50 հազար տարվա ընթացքում, մենք իսկապես բավականին տարբեր ձևով ենք օգտագործում ուղեղը այն ժամանակ և այսօր»,- ընդգծեց հոգեֆիզիոլոգը:

Նա նշեց, որ բացի հոգեբանական էվոլյուցիայից այդ ժամանակահատվածում մարդն այլ էվոլյուցիայի չի ենթարկվել. էվոլյուցիան ինքը կարող է սահման ունենալ:

«Կարծում եմ, որ ի վերջո սահման գոյություն ունի: Մենք մի օր կզգանք այն, և, հնարավոր է, դրանով են պայմանավորված հոգեկան և նյարդային հիվանդությունների շատ արագ աճը: Չի՞ խոսում դա այն մասին, որ ուղեղն արդեն գերբեռնված է այն միջավայրի պատճառով, որում նա ապրում է»,- ասաց Կապլանը:

«Ի՞նչը կարող է ուղեղի գերբեռնվածության պատճառ հանդիսանալ» հարցին Ռուսաստանի առաջին ուղեղային համակարգչային ինտերֆեյսի լաբորատորիայի հիմնադիրը պատասխանեց. « Տեղեկատվական չափազանց մեծ հոսքը: Մարդու ուղեղի համար անսովոր է միանգամից և ինտենսիվ մի քանի զգայարաններով տեղեկատվություն ստանալ: Մեր ուղեղը հարմարեցված է քարանձավներում ապրող մարդու պայմաններին, որտեղ նրա զգայարանները հաջորդաբար էին ստանում տեղեկատվություն: Մենք պետք է կարողանանք այս ամենը կառավարել»:

Ըստ գիտնականի` ժամանակակից աշխարհում ուղղակի անհրաժեշտ է լուծել ուղեղի գերբեռնվածության խնդիրը:

« Մենք մի օր ուղեղի հնարավորությունների սահմանին կարող ենք հասնել, սակայն դա լուծելի խնդիր է: Մարդկությունը տեխնոլոգիապես մեծ զարգացում է ապրել, և ամենամեծ ձեռքբերումներից մեկը նեյրոկենսաբանության ոլորտում հատուկ սարքերի միջոցով ուղեղի հետ կապի ստեղծումն է: Իհարկե, ներկայումս բժշկության մեջ գոյություն ունեն հատուկ սարքեր, որոնց միջոցով կարելի է պարզել գլխուղեղի հետ կապված այս կամ այն հիվանդությունները, սակայն դեռևս չի ստեղծվել որևէ գործիք, որը կարող է պարզել՝ ի՞նչ է մտածում մարդը , ի՞նչ մտադրություն ունի նա: Հետազոտողները հետաքրքրվել են` արդյո՞ք կա հնարավորություն ստանալ այդ տեղեկատվությունը ուղեղից և կարելի՞ է արդյոք ուղեղի աշխատանքի մի մասը տեղափոխել սարքի մեջ, որը նաև կկատարի բանականության աշխատանքը: Այսինքն` արդյոք հնարավոր կլինի աշխատանքի բաժանում ուղեղի և սարքի միջև»,- ասաց Կապլանը:

Ըստ հոգեֆիզիոլոգի` գիտնականները աշխատում են նաև մարդու հիշողության կառավարումը իրականություն դարձնելու ուղղությամբ:

«Ինչպե՞ս անել, որ ուղիղ ձևով կարողանանք հիշողությունը օգտագործել, ուղեղին հրամաններ ուղարկենք և ստանանք պատասխան: Այս խնդիրը, հավանաբար, լուծվող է, և աշխարհի գիտնականներն աշխատում են այս ուղղությամբ»,- նշեց Կապլանը:

Նա նաև նշեց, որ ստեղծվում են հատուկ սարքեր այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում խոսել ու շարժվել, և նրանց հնարավորություն է տրվում համացանցի միջոցով շփվել:

Կարեն Խաչատրյան

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5 հայտնի մոդելների չինական ամենահաջողված կրկնօրինակները (տեսանյութ)

Mercedes Gelandewagen, Range Rover, Porsche, Ford, Lexus մակնիշների առանձին մոդելներն ու դրանց չինական պատճենները

Citizen. կոկտեյլի բաղադրատոմս՝ Երևանի կոնյակի գործարանից

ARARAT Brandy ֆեյսբուքյան էջը կիսվել է «Citizen» կոկտեյլի բաղադրատոմսով։

Հավելվածների համաշխարհային շուկայի ծավալը հասել է 60 մլրդ դոլարի

Շուկայի առաջատարը Apple-ն է՝ մոտ 66%: App Store-ի 38.5 մլրդ դոլարից 26.5 մլրդ-ը վճարվել է IOS դևելոփերներին։