Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աշխատատեղերը վերականգնվել են

Վերադարձ լուրերի բաժին

17:18 , 16 Սեպտեմբեր 2020

Համաճարակը և դրա արդյունքում վրա հասած տնտեսական ճգնաժամը Հայաստանի աշխատանքի շուկայում դրսևորվեցին հետևյալ հիմնական խնդրի տեսքով՝ հարկադիր պարապուրդում գտնվող չվճարվող աշխատողներով: Այս ամիսների ընթացքում գործատուները հիմնականում աշխատանքից չեն ազատել իրենց աշխատողներին կամ ազատելուց 1-2 ամիս անց կրկին աշխատանքի են վերականգնել նրանց: Սակայն թե ճգնաժամի սկզբում և թե մինչ այժմ մեծ է այն գրանցված աշխատողների թիվը, որոնք չեն վարձատրվում: Խնդիրը նախևառաջ սոցիալական է և առնչվում է վարձու աշխատողների իրավունքների պաշտպանությանը:

Հուլիսի դրությամբ Հայաստանում գրանցված աշխատողների 3%-ը կամ մոտ 20 հազարը պարապուրդում է կամ աշխատավարձ չի ստացել: Ապրիլ ամսին պարապուրդում գտնվողների թիվը եղել է ավելի մեծ՝ 37 հազար կամ այդ պահին գրանցված աշխատողների 6.4%-ը: Տվյալները մոտարկված են՝ հիմք ընդունելով երկու տարբեր ցուցանիշներ՝ Վիճակագրական կոմիտեի հրապարակած գրանցված աշխատողների թիվը և Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը: Այս երկու ցուցանիշների տարբերության մատնանշումն առանցքային է, ինչի կարևորությանը կանդրադառնանք ստորև:

b4b.am
Գծապատկերում կապույտով ներկայացված է Հայաստանում պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը, որը հրապարակվել է Վիճակագրական կոմիտեի կողմից: Կարմիր գծով ներկայացված է եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը, այսինքն՝ այն աշխատատեղերը, որոնց համար գործատուն իր ներկայացրած հարկային հաշվետվություններում 0-ից բարձր եկամուտ է հայտարարագրել: Այս ցուցանիշը հավաքագրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից, սակայն այն պարբերաբար հրապարակվող ցուցանիշ չէ: Տրամաբանորեն եթե գրանցված աշխատողների թվից հանենք եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը, կստանանք այն գրանցված աշխատողների թիվը, որոնք տվյալ ամսում եկամուտ չեն ստացել (ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ գրանցված աշխատողների թիվը չի ներառում ֆիզարձակուրդում գտնվողների, ժամանակավոր անաշխատունակների տվյալները):

Ինչպես երևում է գծապատկերից՝ արտակարգ դրության և լոքդաունի սահմանման հետևանքով ապրիլ ամսին գրանցված աշխատողների թիվը նվազել է 33.4 հազարով, մինչդեռ եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը նվազել է շատ ավելի մեծ չափով՝ 70.8 հազարով: Սա նշանակում է, որ ավելի քան 37 հազար աշխատող, շարունակելով մնալ գրանցված աշխատող, ապրիլ ամսին աշխատավարձ չի ստացել: Ինչպես նշվեց հոդվածի սկզբում՝ հաջորդող ամիսներին աշխատավարձ չստացած աշխատողների (ըստ էության՝ հարկադիր պարապուրդում գտնվողների) թիվը որոշակի նվազել է՝ մայիսին կազմելով 10 հազար, հունիսին՝ 23.6 հազար, իսկ հուլիսին՝ գրեթե 20 հազար:

Տվյալները ցույց են տալիս, որ մինչև 2020 թվականը եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը հաճախ ավելի մեծ է, քան գրանցված աշխատողների թիվը: Սրա պատճառը կարող է այն լինել, որ մեկ անձը գրանցված լինի մեկից ավել աշխատատեղերում և դրանցից եկամուտ ստանա:

Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլ ամսին 70 հազար աշխատատեղ կրճատվել է և հետագայում 50 հազար աշխատատեղ վերաբացվել է, ինչը որոշ լրատվամիջոցների և որոշ շրջանակների կողմից կասկածի տակ դրվեց: Վերջիններս վկայակոչում էին Վիճակագրական կոմիտեի տվյալները և պնդում էին, թե վարչապետի հրապարակած թվերը չեն համապատասխանում կոմիտեի պաշտոնական վիճակագրությանը: Մինչդեռ իրականում խոսքը երկու բացարձակապես տարբեր ցուցանիշների մասին էր, որոնց մասին խոսվեց նյութի սկզբում, իսկ թյուրիմացության պատճառը շրջանառված սխալ տերմիններն էին և ոչ թե թվային տվյալները: Եվ իսկապես՝ ապրիլ ամսին եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կրճատվել է 70 հազարով, իսկ մայիս ամսին այն կրկին ավելացել է 50 հազարով:

b4b.am
Ընդհանուր առմամբ՝ ապրիլին մարտ ամսվա համեմատ կրճատվել է 40 հազար գրանցված աշխատող, սակայն արդեն հուլիս ամսվա դրությամբ գրանցված աշխատողների թիվն ավելացել է գրեթե 54 հազարով: Աշխատատեղերի մասով տնտեսության ամենազգայուն ճյուղը մեծածախ և մանրածախ առևտուրն է, որտեղ ապրիլին կրճատվել էր 8.6 հազար աշխատող, իսկ հուլիսի դրությամբ գրանցված աշխատողների թիվն ավելացել է 11.6 հազարով: Երկրորդ ամենազգայուն ճյուղը կացության և հանրային սննդի կազմակերպումն է, որտեղ ճգնաժամի մեկնարկին կրճատվել էր 7.6 հազար աշխատող, իսկ հուլիսի դրությամբ վերականգնվել է 5.1 հազարը: Ակնհայտ է, որ այս ճյուղը դեռևս ամբողջությամբ չի վերականգնվել, քանի որ ուղղակի առնչություն ունի զբոսաշրջության հետ, իսկ սահմանները շարունակում են փակված մնալ:

Հատկանշական է, որ եթե ապրիլին մշակող արդյունաբերության ճյուղում կրճատվել էր 2 հազարից քիչ աշխատող, ապա հուլիս ամսին ապրիլ ամսվա համեմատ աշխատողների թիվն ավելացել է 8 հազարով: Սա հիմնականում կարող է պայմանավորված լինել սեզոնային աշխատանքների ակտիվացմամբ, ինչպիսին են օրինակ՝ պահածոների արտադրությունը և կաթնամթերքի արտադրությունը: Աշխատատեղերի ավելացումը տեղի է ունեցել նաև ի հաշիվ շինարարության (+5.3 հազար), առողջապահության և բնակչության սոցիալական սսպասարկման (+4.3 հազար), սպասարկման այլ ոլորտների (+4.7 հազար), ինչպես նաև՝ գյուղատնտեսության (+2.5 հազար) ճյուղերի:

Եվս մեկ կարևոր փաստ է այն, որ չնայած տնտեսական ճգնաժամին և սահմանափակումներին, այս տարվա հուլիսի դրությամբ գրանցված աշխատողների թիվը (632.4 հազար) մոտ 30 հազարով ավելին է, քան 2019 թվականի հուլիսին արձանագրված աշխատողների թիվը (603 հազար): Այս միտումը պահպանվել է շնորհիվ աշխատանքի շուկայում ստվերի շարունակական կրճատման, ինչպես նաև՝ միկրոձեռնարկատիրության համար եկամտային հարկի բեռի մոտ 4 անգամ կրճատման, ինչի արդյունքում գործարարների համար աշխատողներին գրանցելը մեծ հարկային բեռ չի առաջացնում:

Չնայած օգոստոս ամսվա տվյալները դեռևս առկա չեն, սակայն Հայաստանի աշխատանքի շուկայում ակնհայտ է երկու միտում. դրականը՝ գրանցված աշխատողների թիվը վերականգնվել է և այժմ նախաճգնաժամային մակարդակից բարձր է, բացասականը՝ շարունակում են մնալ մեծ թվով գրանցված աշխատողներ, որոնք գտնվում են հարկադիր պարապուրդում և աշխատավարձ չեն ստանում:

Ինչ վերաբերում է չգրանցված (օրավարձով) աշխատողներին, ապա այստեղ տվյալները բացակայում են և անհրաժեշտ է իրականացնել դաշտային ծավալուն ուսումնասիրություն՝ եղած իրավիճակն ուսումնասիրելու համար:

EconoMood
Օրբելի կենտրոն: Հեղինակ՝ Գոռ Ծառուկյան

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: