Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Անշարժ գույքի շուկան ակտիվացել է

Վերադարձ լուրերի բաժին

13:29 , 23 Հուլիս 2019

Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվություն է նկատվում, աճել են ինչպես առուվաճառքի գործարքների քանակը, այնպես էլ բնակարանների գները: Ավելացել է նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող առուվաճառքների թիվը, անշարժ գույքի գործակալություններից որոշներն աճը նկատել են հեղափոխությունից հետո, ոմանք՝ ավելի վաղ: «Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է անշարժ գույքի գործակալությունների ու պատկան մարմնի ներկայացուցիչների հետ: Հարցազրույցը մասամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Դեռ նախորդ տարվա ապրիլ-մայիսից գների կայուն աճ ենք արձանագրում: Նույնը որոշակի տատանումներով շարունակվել է նաև 2019-ին: Գների վրա ազդող գործոններից մեկն առուվաճառքի գործարքներն են, որոնք աճել են: Բացի այդ, կառավարության կողմից որոշակի ծրագրեր են իրականացվում, որոնք խթանում են անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը, օրինակ՝ եկամտահարկի վերադարձի ծրագիրը: Բանկերը ևս որոշակիորեն բարելավել են վարկերի պայմանները: Այս բոլորը նպաստել են բնակարանների առուվաճառքի գործարքների, հետևաբար՝ գների աճմանը»,-ասաց Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգված դիտարկումների բաժնի պետի ժ/պ Աննա Նազարյանը:

Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2019-ի երկրորդ եռամսյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 46 հազար 798 գործարք, որն առաջին եռամսյակի համեմատ աճել է 24.3 %-ով, իսկ 2018 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ` 17.3 %-ով: Ընդ որում, 2019-ի երկրորդ եռամսյակում իրականացվել է անշարժ գույքի առուվաճառքի 12483 գործարք՝ 2018-ի նույն ժամանակի 11 190-ի և 2017-ի նույն ժամանակի 8 834-ի համեմատ:

Շուկայում աշխուժությունն առաջինը նկատել են անշարժ գույքի գործակալությունները: 2019-ի երկրորդ եռամսյակում Երևանի կենտրոնում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը եղել է 595 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակի 517 հազար 400 դրամի համեմատ՝ աճելով շուրջ 15 տոկոսով: 2019-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշն առաջին եռամսյակի համեմատ ևս աճել է 2.9 տոկոսով: Նույն ժամանակում աճ է նկատվել նաև Նուբարաշենում՝ 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը 174 հազար 200 դրամ՝ նախորդ տարվա 165 հազար 800 դրամի համեմատ: Գների աճ է նկատվել նաև որոշ մարզերում: Արտաշատում 2019-ի երկրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը եղել է 108 հազար 200 դրամ՝ առաջին եռամսյակի 105 հազար 100 դրամի համեմատ, Արմավիրում 102 հազար 450 դրամ՝ նախորդ եռամսյակի 96 հազար 600 դրամի համեմատ: Սակայն որոշ շրջաններում նկատվել է որոշակի նվազում, օրինակ` Ստեփանավանում՝ շուրջ 1.8 տոկոսով՝ կազմելով 64 հազար դրամ, Ծաղկաձորում՝ 1.3 տոկոսով՝ կազմելով 280 հազար դրամ:

Նազարյանը նկատեց՝ ցանկացած երկրում, երբ տունն ունի լավ արժեք, դրական է: «Դա ինչ-որ ձև բնութագրում է նաև երկրի իրավիճակը: Ուրեմն երկրում մարդկանց վաղվա օրվա նկատմամբ հավատ կա: Դա կայունության նշան է»,-ասաց նա:

Անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչները նաև օտարերկրյա քաղաքացիների կողմից առուվաճառքի գործարքների աճ են նկատել: Աննա Նազարյանն ասվածը ներկայացրեց թվերով՝ 2019-ի երկրորդ եռամսյակում առուծախի գործարքներից 1526-ը կատարել են օտարերկրյա քաղաքացիները: Երկրորդ եռամսյակում օտարերկրյա քաղաքացիների կողմից անշարժ գույքի գնումների (540 գործարք) գործարքների ցուցանիշը 87.5 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ,իսկ 39.9 տոկոսով՝ առաջին եռամսյակի համեմատ: Օտարերկրյա քաղաքացիների կողմից վաճառքի գործարքի ցուցանիշը (1041 գործարք) անցյալ տարվա համեմատ ավելացել է 81.4 տոկոսով, իսկ անցյալ եռամսյակի համեմատ՝ 32.1 տոկոսով:

Օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված առուծախի գործարքների 76 տոկոսը եղել է Ռուսաստանից, 8 տոկոսն ԱՄՆ-ից և 7,1 տոկոսը՝ եվրոպական պետություններից: «Ռուսաստանից առուվաճառքի գործարքներ կատարողների զգալի մասը հայեր են, իսկ ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից հենց ամերիկացիներ ու եվրոպացիներ»,-նկատեց Նազարյանը:

Օտարերկրյա քաղաքացիները 2019-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում ամենաշատ գնել են բնակարան, կատարվել է բնակարանի առքի 237 գործարք, այնուհետև՝ անհատական բնակելի տան առքի 99 գործարք, հողի առքի 88 գործարք և այլն:

Անդրադառնալով առհասարակ անշարժ գույքի շուկային՝ Նազարյանը նկատեց՝ վարձակալության գործարքների թիվը ևս զգալիորեն աճել է: «Երևանում երկրորդ եռամսյակում ունեցել ենք բնակարանների 507 վարձակալության գործարք, որը նախորդ տարվա համեմատ աճել է 9.6 անգամ: Դա անոմալ թիվ է: Մի ժամանակ վարձակալության գործարքները գրեթե չէին էլ գրանցում, հիմա սկսել են գրանցել: Նույնիսկ վարձակալության արժեքները սկսել են ճիշտ գրել»,-ասաց նա:

Նա նկատեց՝ վերջերս մարդիկ շատ են հետաքրքրված նորակառույց շենքերի բնակարաններով: Նույնը նկատել են նաև անշարժ գույքի գործակալություններից։ 2019-ի երկրորդ եռամսյակում կատարվել է 1493 հիփոթեքային գործարք, որից 999-ը միայն Երևանում: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 48.7 տոկոսով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանը շարունակում է գլխավորել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը

Այս տարվա հունվար-սետեմբերին ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում Ռուսաստանին բաժին է ընկնում 27 տոկոսը:

Ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքները շարունակվում են պահանջված մնալ

Կոշկեղեն, տեքստիլ, սնունդ` ահա ռուսական շուկայում պահանջված հայկական ապրանքի ոչ ամբողջական ցանկը:

Հայաստանը Վերին Լարսում կունենա մաքսային կցորդ

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշումը: