Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Անելիք» բանկի տարօրինակ թռիչքն ու վայրէջքը

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

09:09 , 24 Հոկտեմբեր 2017

Անցած տարվա վերջին հայաստանյան «Անելիք» բանկը, որը ակտիվների մեծությամբ երբեք առաջատարների մեջ չէր եղել, իսկական անակնկալ մատուցեց՝ թե՛ իր գործընկերներին ու հաճախորդներին, թե՛ մրցակիցներին և ընդհանրապես՝ ֆինանսական շուկայով հետաքրքրվող մարդկանց։

Բանկի վարկային պորտֆելը (հաճախորդներին տրված վարկերի ծավալը) թռիչքաձև աճ էր գրանցել՝ 2016 թվականի 4-րդ եռամսյակի վերջի դրությամբ գերազանցելով 217 մլրդ դրամը։ Այն դեպքում, երբ տարվա սկզբին այն մոտ 60  մլրդ դրամ էր ։

«Անելիք»-ի վարկերը աճել էին նաև 3-րդ եռամսյակում՝ հասնելով 98,7 մլրդ դրամի։ Սակայն 98,7-ից 217 մլրդի հասնելը այնքան ճչացող էր մյուս բանկերի՝ տոկոսներով չափվող աճի կամ նվազման ֆոնին, որ վարկային ցուցանիշների հրապարակումից հետո շատերը հետաքրքրվում էին՝ արդյո՞ք ցուցանիշը ճիշտ ենք ներկայացրել։

Կատակ բան չէ՝ բանկի վարկային պորտֆելը տարվա ընթացքում աճում է 3,5 անգամ և բանկը միանգամից հայտնվում է առաջատարների հնգյակում։

Աճել էր նաև ավանդային պորտֆելը (հաճախորդների հաշիվները և ավանդները)՝ առաջին եռամսյակի 53 մլրդ դրամից տարեվերջին հասնելով 167,6 մլրդ դրամի։

Նման թռիչքներ բանկային համակարգում գրեթե չեն պատահում։ B4B.am-ը դեռ այն ժամանակ գրավոր հարցում ուղարկեց «Անելիք» բանկ՝ խնդրելով պարզաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված վարկերի շեշտակի աճը։ Ու չնայած բանկը վարկառուների տվյալները չի տրամադրում, ամեն դեպքում խնդրեցինք հնարավորության դեպքում նշել խոշոր վարկառու ընկերությունների ցանկը կամ գոնե ոլորտը։

«Անելիք» բանկից մեզ եկել էր այս պատասխանը. «Բանկի 2016 թվականի հաջողությունները պայմանավորված են կապիտալի համալրմամբ եւ աշխատակազմի արդյունավետ աշխատանքով։ Բանկի հաճախորդների ցանկը ըստ ՀՀ օրենսդրության հանդիսանում է բանկային գաղտնիք։ Կապիտալի համալրման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ՝ http://www.anelik.am/news/detail.php»։

Ինչպես տեսնում եք, այս պատասխանից դժվար էր հասկանալ՝ ինչի շնորհիվ է նման աճ գրանցվել։

Ինչևէ՝ «Անելիք» բանկը բարձր ցուցանիշները պահպանեց երեք եռամսյակ, մինչև ամփոփվեցին 2017 թվականի 3-րդ եռամսյակի ցուցանիշները։

2017 թվականի երրորդ եռամսյակում բանկի վարկերն ու ավանդները պարզապես գահավիժել են։

Վարկային պորտֆելը այս տարվա 2-րդ եռամսյակի վերջի համեմատ կրճատվել է 3.7 անգամ՝ 246.8 մլրդ դրամից հասնելով 66.8 մլրդ դրամի։

Իսկ ավանդները կրճատվել են 3.4 անգամ՝ 183.2 մլրդ դրամից հասնելով 53.1 մլրդ դրամի։

«Անելիք» բանկը վերադարձել է իր նախկին՝ մինչթռիչքային համեստ դիրքերին։

Դժվար է կոնկրետ ասել՝ ինչ է տեղի ունեցել։ Քանի որ վարկերի ու ավանդների փոփոխությունը համահունչ է, որոշ ենթադրություններ, իհարկե, կարելի է անել։ Սակայն զերծ կմնանք չստուգված տեղեկություններ հրապարակելուց։

Պարզապես հիշեցնենք, որ «Անելիք» բանկը վարկային պորտֆելի թռիչքը բացատրում էր կապիտալի համալրմամբ եւ աշխատակազմի արդյունավետ աշխատանքով։ Ըստ այդմ՝ կարելի է ինքնուրույն պատասխան գտնել վայրէջքի համար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։