Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Այսօրվանից ՀՀ կենտրոնական բանկի հիմնական նպատակներն են գների և ֆինանսական կայունության ապահովումը

Վերադարձ լուրերի բաժին

16:05 , 09 Ապրիլ 2018

 

Վերջին տասնամյակում համաշխարհային և տարածաշրջանի տնտեսություններում տեղի ունեցած ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ մակրոտնտեսական կայունության ապահովման գործընթացում կենտրոնական բանկերը, գների կայունության նպատակին զուգահեռ, պետք է կարևորեն նաև ֆինանսական կայունությունը:

Այդ ժամանակահատվածում, շատ երկրներում համեմատաբար հարթ բիզնես պարբերաշրջանների՝ ցածր գնաճի և չափավոր տնտեսական աճի արձանագրմանը զուգահեռ ձևավորվում էին ֆինանսական շատ տատանողական պարբերաշրջաններ, որոնք խաթարում էին մակրոտնտեսական հավասարակշռությունը: Բիզնես պարբերաշրջանների կարգավորմանը զուգընթաց ֆինանսական պարբերաշրջանների կարգավորումը տնտեսությունում ընդհանուր հավասարակշռություն ձևավորելու նպատակով դարձավ մարտահրավեր շատ երկրների կենտրոնական բանկերի համար:

Խնդիրն այն էր, որ մի կողմից թույլ  ֆինանսական համակարգը բարդություններ էր առաջացնում դրամավարկային քաղաքականության արդյունավետության հետ կապված՝ գների կայունության նպատակի իրագործման համար, մյուս կողմից գների անկայունությունն էր ռիսկեր առաջացնում ֆինանսական կայունության ապահովման համար:

Զարգացումները բերեցին նրան, որ մի շարք երկրներ, ի լրումն գների կայունության ապահովման հիմնական նպատակի, ֆինանսական կայունության ապահովումը ևս սահմանեցին իրենց հիմնական նապատակ:

Հայաստանի հանրապետության կենտրոնական բանկը մշտապես կարևորել է ֆինանսական կայունությունը, որը որպես Կենտրոնական բանկի խնդիր ամրագրված էր «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում: 2018 թվականի ապրիլի 9-ից գների կայունության հիմնական նպատակին զուգահեռ՝ ֆինանսական կայունությունը ևս դառնում է Կենտրոնական բանկի հիմնական նպատակ (համաձայն 2015 թվականին իրականացված Սահմանադրական փոփոխությունների (հոդված 200.2):  

 

Գների կայունություն

Գների կայունությունը սահմանվում է սպառողական զամբյուղի գնաճի ցուցանիշով, որի նպատակային մակարդակը ներկայումս կազմում է 4%: Գների կայունութան ապահովման համար Կենտրոնական բանկն իրականացնում է դրամավարկային քաղաքականություն, որի հիմնական գործիքն է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Գնաճի նպատակային ցուցանիշն ապահովելու գործընթացում որպես գործառնական նպատակ հանդես է գալիս կարճաժամկետ շուկայական տոկոսադրույքը, որպես միջանկյալ նպատակ հանդես է գալիս դրամավարկային քաղաքականության ծրագրի ներքո գնաճի կանխատեսված մակարդակը: Դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացում Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որի միջոցով ազդակ է հաղորդում ֆինանսական շուկայի կարճաժամկետ տոկոսադրույքներին՝ քաղաքականության դիրքի վերաբերյալ: Ազդակը փոխանցվում է ֆինանսական շուկայի մյուս տոկոսադրույքներին՝ ազդելով գնաճային սպասումների, համախառն պահանջարկի վրա: Իրականացված քաղաքականության արդյունքում, գնաճն աստիճանաբար մոտենում է նպատակային մակարդակին:

 

Ֆինանսական կայունություն

ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական կայունությունը բնորոշում է որպես իրավիճակ, երբ ֆինանսական համակարգը բնականոն կերպով իրականացնում է ֆինանսական միջնորդի իր գործառույթը՝ չվտանգելով տնտեսության զարգացման ներկա և ապագա հեռանկարը, և, միևնույն ժամանակ, ի վիճակի է դիմակայելու բացասական ցնցումներին: Ֆինանսական կայունության խնդիրը ոչ թե մեկ առանձին ֆինանսական հաստատության, այլ ամբողջ ֆինանսական համակարգի կայունությունն է:

Ֆինանսական կայունության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է մակրոպրուդենցիալ քաղաքականություն, որը ենթադրում է համապատասխան գործիքակազմի կիրառում: Գործիքների կիրառումն ուղղված է համակարգային ռիսկերի` կամ այլ կերպ ասած՝ ամբողջ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունը խաթարող ռիսկերի նվազեցմանը:

Արդյունավետ մակրոպրուդենցիալ քաղաքականության իրականացման համար Կենտրոնական բանկը մշակել է համապատասխան գործիքակազմ: ՀԻմնական մակրոպրուդենցիալ գործիքները սահմանված են «Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենք»-ում, որոնք հնարավորություն են տալիս Կենտրոնական բանկին անհրաժեշտության դեպքում ընտրել և կիրառել գործիքները, որոնք առավելագույնս կարող են նպաստել ֆինանսական կայունության ամրապնդմանը՝ կախված տեղի ունեցող տնտեսական գործընթացներից: Գործիքներն են՝ կապիտալի և իրացվելիության պահանջները, փոխառության պայմանների սահմանափակումները և այլն: Մակրոպրուդենցիալ գործիքների կիրառման ձևաչափը որոշում է Կենտրոնական բանկի Խորհուրդը:

Կենտրոնական բանկը յուրաքանչյուր գործիքի համար սահմանում է այն միջանկյալ նպատակը, որը պետք է հասցեագրվի, ինչպես օրինակ՝ վարկերի ավելցուկային աճի, լեվերեջի, ավելցուկային ժամանակային անհամապատասխանության և իրացվելիության, կենտրոնացվածության, սխալ խթանների կամ բարոյական ռիսկի վտանգով պայմանավորված խնդիրները:

Հաշվի առնելով, որ ֆինանսական համակարգը և ֆինանսական գործիքները դինամիկ զարգացող են, Կենտրոնական բանկը կարող է չսահմանափակվել միայն վերը ներկայացված միջանկյալ նպատակներով, և, ժամանակ առ ժամանակ, անդրադառնալ դրանց վերաձևակերպմանը կամ համալրմանը:

ՀՀ կենտրոնական բանկը, իրականացնելով դրամավարկային քաղաքականություն,  ֆինանսական համակարգի վերահսկողություն և կարգավորում, հանդիսանալով վերջին ատյանի վարկատու և ունենալով ֆինանսական համակարգի մասնակիցներից անհրաժեշտ տեղեկատվություն հավաքագրելու իրավասություն, առավել օպերատիվ և արդյունավետ կերպով կարող է բացահայտել Ֆինանսական համակարգին սպառնացող ռիսկերը և անհրաժեշտության դեպքում կիրառել համապատասխան վաղ արձագանքման միջոցառումներ: Ֆինանսական կայունության համակարգի նման կառուցակարգը հնարավորություն տվեց վերջին տասնամյակի ընթացքում տեղի ունեցող ճգնաժամերի և ցնցումների ընթացքում, ի տարբերություն բազմաթիվ զարգացած և զարգացող երկրների, խուսափել որևէ ֆինանսական կազմակերպության պետական աջակցության տրամադրումից և լրացուցիչ բյուջետային բեռի ձևավորումից:

Իր գործունեության ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը գիտելիք, փորձառություն, ինստիտուցիոնալ կարողություն և հեղինակություն է ձեռք բերել, օժտված է բավարար անկախությամբ՝ արդյունավետ դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների իրականացման համար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

Կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ

Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստը (լուսանկարներ)

Ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

Տնային տնտեսությունների կշիռը ՀՆԱ-ում նվազել է

2017 թվականի ՀՆԱ-ի 90.3%-ն ապահովել են վերջնական սպառման ծախսերը, որը գումարային առումով կազմում է մոտ 5.04 տրլն դրամ