Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Այլևս ժամանակ չունենք ուշացնելու». ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ ծնելիության աճի մասին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Լուրեր

17:17 , 13 Ապրիլ 2016

«Մինչև անկախությունը` 1985-90 թվականներին, մենք ունեցել ենք տարեկան մոտավորապես 81 հազար ծնունդ, ինչն այսօր Հայաստանում մոտավորապես 42 հազար է կազմում, այսինքն` մոտ երկու անգամ անկում է ապրել ծնունդների թիվը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` խոսելով անկախության տարիներին և դրանից առաջ Հայաստանում բնակչության բնական աճի և սեռատարիքային կազմի փոփոխությունների մասին:

Նրա խոսքով` Հայաստանի ժողովրդագրությունն անկախությունից հետո բավական մեծ փոփոխությունների է ենթարկվել, որոնք, ցավոք, հիմնականում բացասական են եղել: Ըստ նրա` մոտ երկու անգամ անկում է ապրել նաև ծնելիության գործակիցը, այսինքն` մեկ կինն իր վերարտադրողական տարիքի ընթացքում ունենում է միջինը  1,5 երեխա, իսկ եթե պրակտիկ հաշվարկներով ասենք, ապա երկու կին ունենում է երեք երեխա. «Ստացվում է` պարզ վերարտադրություն տեղի չի ունենում Հայաստանում, մեկ զույգն իրեն չի վերարտադրում մեծ հաշվով: Այս ամբողջին 1993թ.-ից սկսած ավելացավ նաև սեռերի անհամամասնությունը, երբ սկսեց շեղում նկատվել տղաների և աղջիկների ծնունդների միջև: Թվում է, թե սա առաջին հայացքից առանձնապես լուրջ ցուցանիշ չէր կարող լինել, բայց կանխատեսումներն ու հաշվարկները ցույց են տալիս, որ եթե մենք այսպես շարունակենք, ապա մինչև 2060թ.-ը 93 հազար աղջիկ կամ ապագամ մայր չի ծնվի: Սա բավական լուրջ ազդեցություն է ունենալու Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա»,- ընդգծեց նա:

Գարիկ Հայրապետյանը նաև նշեց, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել` 3-4 երեխա ունեցող ընտանիքների թիվը մինչև 1993 թ.-ը բավական բարձր էր, և 60 տոկոսից ավելիի դեպքում այդ ընտանիքների վերջին ամենափոքր երեխան տղա էր: Դա նշանակում է, որ տղայի գերակայությունը գոյություն ուներ նաև մինչև 1993թ.-ը, պարզապես այն ժամանակ չկային նորագույն տեխնոլոգիաներ, և մարդիկ ունենում էին այնքան երեխաներ, մինչև ծնվեր իրենց ցանկալի սեռի երեխա:

Խոսելով նաև ծերացման ցուցանիշների մասին` նա ասաց, որ այս առումով նույնպես բավական մտահոգիչ է իրավիճակը, և Հայաստանի Հանրապետությունն արդեն վաղուց պետք է սկսեր աշխատել այդ ուղղությամբ. «Այլևս ժամանակ չունենք ուշացնելու, որովհետև կա մի հասարակ ցուցանիշ. 63+ տարիքի բնակչությունը (իսկ 63-ը, գիտեք, Հայաստանում կենսաթոշակային տարիքն է) կազմում է արդեն 12.6 տոկոս, այսինքն` մենք մոտեցել ենք ծերացող ազգերի վերին շեմին. ինչպես հայտնի է, 13 տոկոսն արդեն համարվում է ծերացած, և մենք հիմա փաստորեն ծերացողի վերջին շեմին ենք մոտենում: Կանխատեսումները ցույց են տալիս, և դա բնական է, որ եթե ունենք ցածր ծնելիություն ու բարձր միգրացիա, ապա ծերացումը բարձր տեմպերով սկսելու է նորից առաջ գնալ: Տարբեր կանխատեսումներով մեզ մոտ ծերացումը 25 տոկոսի է հասնելու, և 65+ տարիքը կհասնի մոտ 25-27 տոկոսի մինչև 2050 թվականը: Սա լուրջ ցուցանիշ է, որովհետև եթե մենք մեր ինֆրաստրուկտուրաները, մեր տնտեսությունը, մեր սոցիալական ապահովության ծրագրերը չնախապատրաստենք մեր ազգաբնակչության մեկ քառորդի պահանջներին, ապա կարող ենք ունենալ բավական լուրջ հետևանքներ»,- շեշտեց պարոն Հայրապետյանը:

Ծերացման հետ կապված նա խոսեց նաև կախվածության գործակցի մասին: Այս ցուցանիշը ներկայացնում է աշխատող և չաշխատող բնակչության թվային  հարաբերակցությունը, այսինքն` քանի աշխատող են վճարում մեկ չաշխատողի համար տվյալ երկրում. «Եթե մինչև անկախությունը` մինչև 90-ական թվականների սկիզբը, Հայաստանում այդ գործակիցը 1/8 էր, այսինքն` 8 աշխատող վճարում էր մեկ չաշխատողի համար, ապա հիմա դա մոտավորապես 4 է, դրանից մի քիչ էլ պակաս, և ևս մի 20 տարի հետո դա մոտավորապես կդառնա 1/2, այսինքն` 2 աշխատող կվճարեն մեկ չաշխատողի համար: Սա բավական լուրջ սոցիալ տնտեսական բեռ է: Ես ուզում եմ` հասկանանք, որ մեր երեխաները մեզ համար չեն կարողանալու վճարել, որովհետև երկու հոգի պետք է աշխատեն, որ մեկիս պահեն»,- ասաց նա:

Եվ երրորդ կետը, որին անդրադարձավ Գարիկ Հայրապետյանը, միգրացիան էր: Նրա խոսքով` անկախությունից հետո մոտ 1 միլիոն մարդ ենք կորցրել միգրացիայի հետևանքով. «Մինչև 2000-ական թվականները բավական բարձր էին այդ միգրացիոն հոսքերը, 2000-2007 թվականները ստաբիլացան և անգամ շատ փոքր, բայց դրական սալտո ունեցանք, այսինքն` ներգաղթ գոյություն ուներ: Դա այն 10 և ավելի տոկոս տնտեսական աճի տարիներն էին, երբ աշխատանք կար, և մարդիկ վերադառնում էին: Բայց համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո նույն անկումը տեղի ունեցավ, և մենք նորից ունեցանք միգրացիայի բացասական սալտո, ըստ որի` վերջին 7-8 տարիների ընթացքում միջինը մոտավորապես 30 հազար գնացող ենք ունենում ամեն տարի»,- նշեց նա:

Ամփոփելով խոսքը` պարոն Հայրապետյանը նաև ասաց, որ կան տարբեր կանխատեսումներ և դրանցից ամենահոռետեսականը, օրինակ, անցյալ տարվա կեսերին ՄԱԿ-ի հրապարակած համաշխարհային գլոբալ կանխատեսումներն էին, որտեղ բոլոր երկրների թվում կար նաև Հայաստանը որպես առանձին երկիր: Ըստ այդմ` 1 միլիոնից պակաս բնակչություն է կանխատեսվում 2100 թվականին Հայաստանի համար. «Կան այլ կանխատեսումներ, որ առավելագույնը մինչև 3.2 մլն կարող ենք աճել` այսօրվա արդեն 2.9 միլիոնի համեմատ: Այս առումով ուզում եմ ասել, որ սրանց պետք չէ վերաբերվել շատ մեծ տրագիզմով, որովհետև դրանք ընդամենը կանխատեսումներ են շատ անհայտներից կախված, բայց կա մի կետ, որ կուզեի շեշտել. բոլոր այդ կանխատեսումների մեջ 22-25 տոկոս ծերացումը որպես այդպիսին ստաբիլ պահպանվում է: Այսինքն` սա այն խնդիրն է, որի վրա մենք պետք է սկսենք լուրջ աշխատել արդեն այսօրվանից: Իհարկե, մենք վաղուց պետք է սկսեինք աշխատել ծնելիությունը բարձրացնելու վրա, որովհետև դա հիմնական պոտենցիալն է ժողովրդագրական, բայց ծերացումը շատ կարևոր հանգամանք է, որ մենք չպետք է բաց թողնենք մեր ուշադրությունից»,- հավելեց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Բուհերին խնդրել ենք ուսման վարձերը չբարձրացնել». Լևոն Մկրտչյան

Հայաստանում այս տարի դիմորդների թիվը նվազել է 1500-ով։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարն այդ ամենը մեկնաբանել է կրթության ոլորտում փոփոխություններով

Ադրբեջանական խնձորի ներկրման դեպքով հարուցվել է քրգործ. ՊԵԿ-ը չարաշահումներ է թույլ տվել

Պետական եկամուտների կոմիտեն տեղական շուկայի տարբեր վաճառակետերում իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Մարտական հերթապահություն իրականացնել ցանկացող նորակոչիկները ծառայության ավարտին կստանան 5 մլն դրամ. ՊՆ-ն քննարկման է դնում «ԵՍ ԵՄ» ծրագիրը

Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: