Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամուլսարի ծրագիրը՝ Հայաստանի հանքարդյունաբերության համար լուծում, ոչ թե խնդիր

Վերադարձ լուրերի բաժին

Լիդիանի կայուն զարգացման գծով փոխնախագահ, գիտությունների թեկնածու Արմեն Ստեփանյանծավալուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիչակին: Այն ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամբողջությամբ:

Տարիներ շարունակ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը քննադատվել է վատ բնապահպանական կառավարման և թափանցիկության բացակայության համար: Որպես բնապահպանության ոլորտի գիտնական, վստահ եմ, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը հնարավոր է շտկել՝ լուրջ բարեփոխումներով: Հանքարդյունաբերությունն այնպիսի երկրների տնտեսությունների ողնաշարն է, ինչպիսիք են Կանադան, Ավստրալիան, Շվեդիան: Հանքարդյունաբերությունը վերջին տասնամյակներում զգալի փոփոխությունների է ենթարկվել՝ առաջարկելով պատասխանատու բնապահպանական և սոցիալական կառավարման համար նոր լուծումներ: Այսօր հանքարդյունաբերությունը, որը գործում է “Zero Harm” («Զրոյական վնաս») կամ նույնիսկ “Beyond Zero Harm” («Զրոյական վնասից ավելին») հայեցակարգի շրջանակում, իրականություն է բազմաթիվ զարգացած հանքարդյունաբերական երկրներում: Հայաստանն այս առումով դեռևս ճանապարհ ունի անցնելու: Պատասխանատու իրականացման դեպքում հանքարդյունաբերությունը կարող է շահավետ լինել տնտեսության և երկրի համար:

Մենք վստահ ենք, որ Ամուլսարի ծրագիրը Հայաստանի հանքարդյունաբերության համար լուծում է, այլ ոչ թե ևս մեկ խնդիր:

Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Լիդիան Ինթերնեյշնլին: Ամուլսարի ծրագիրը Հայաստանի անկախությունից ի վեր խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկն է: Առ այսօր ներդրվել է ավելի քան 400 միլիոն ԱՄՆ դոլար: Լիդիան Ինթերնեյշնլը բաց բաժնետիրական ընկերություն է, որը ցուցակված է Տորոնտոյի Ֆոնդային բորսայում: Սա նշանակում է, որ ընկերության մասին տեղեկատվությունը թափանցիկ է և հասանելի է բոլոր շահագրգիռ կողմերի համար: Խոշոր բաժնետերերի շարքում են մի շարք հեղինակավոր ինստիտուցիոնալ ներդրողներ՝ ներառյալ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), որոնք պահանջում են խիստ բնապահպանական և սոցիալական ստանդարտների պահպանում: Ամուլսարը Հայաստանում միակ հանքարդյունաբերական ծրագիրն է, որը նախագծվել և կառավարվում է ՎԶԵԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի բնապահպանական և սոցիալական ստանդարտներին և պահանջներին համապատասխան:

Հարկ եմ համարում նշել, որ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ը աննախադեպ է Հայաստանում՝ թե՛ բովանդակությամբ, թե՛ ծավալով: Սկսած 2008 թվականից՝ Լիդիանը բնապահպանական հետազոտությունների վրա ծախսել է ավելի քան 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ ներգրավելով հեղինակավոր միջազգային և տեղական կազմակերպությունների, ինչպիսիք են Wardell Armstrong International-ը, Golder Associates-ը, Global Resource Engineering-ը: Ծրագիրը նախագծվել և կառուցվում է այնպես, որպեսզի բոլոր հնարավոր ազդեցությունները կանխարգելվեն կամ մեղմացվեն: Նույնիսկ Ծրագրի ընդդիմախոսներից շատերն ընդունում են, որ Ամուլսարը բարձր նշաձող է սահմանել հանքարդյունաբերության ոլորտում:

Չնայած այս մոտեցմանը, դեռևս գոյություն ունի որոշակի անվստահություն: Մենք հասկանում ենք, որ այս անվստահության արմատները գալիս են այն բացասական փորձից, որին հասարակությունն ականատես է եղել անպատասխանատու հանքարդյունաբերական ծրագրերի պատճառով: Բայց Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական կառավարումը հազիվ թե բարելավվի, եթե փաստերի փոխարեն քննադատությունը հիմնված լինի միֆերի և մանիպուլյացիաների վրա: Նման մանիպուլյացիաներից և միֆերից մեկն այն պնդումն է, թե Ամուլսարի ծրագիրն ազդեցություն կունենա Սևանա լճի և Ջերմուկի ջրերի վրա՝ հավանական թթվային դրենաժի (ԹԱԴ) պատճառով:

ELARD_at_Amulsar

Նախ պետք է նշեմ, որ Ջերմուկի և Ամուլսարի ծրագրի ստորգետնյա ջրային համակարգերի միջև հիդրավլիկ կապ չկա, և Ջերմուկի ջրերն առանձին են Ամուլսարի ստորգետնյա ջրային համակարգից: Այս փաստը ապացուցվել է 2013 և վերահաստատվել 2018 թվականներին Golder Associates-ի կողմից իրականացված իզոտոպային անալիզներով և երկու տարբեր եվրոպական անկախ լաբորատորիաների կողմից իրականացրած հետազոտություններով: Ամուլսարի ծրագիրը չի կարող ազդել Ջերմուկի ջրերի վրա նույնիսկ տեսականորեն: Բայց սա ջրերի վրա ազդեցության բացակայության միակ երաշխիքը չէ: Ամուլսարում ցանկացած ջրային համակարգ պաշտպանվելու է ժամանակակից միջոցառումներով, ինչպիսիք են պաշտպանիչ շերտերը, ջրահեռացման և ջրի մաքրման համակարգերը: Նույնը վերաբերվում է նաև Ամուլսարից 50 կմ հեռավորության վրա գտնվող Սևանա լճին: Բոլոր ապացույցներն առկա են, որ Ամուլսարը չի կարող ազդել Սևանա լճի վրա, նույնիսկ՝ տեսականորեն: Ամուլսարի ծրագրի բնապահպանական ազդեցության գնահատումը հասանելի է ընկերության կայքում և յուրաքանչյուր ոք կարող է տեսնել բոլոր մոդելները և հաշվարկները, որոնք ցույց են տալիս, որ նույնիսկ տեսականորեն որևէ արտահոսք չի կարող ազդել Սևանա լճի և/կամ Ջերմուկի ջրերի վրա:

Հատկանշական է, որ ԹԱԴ-ը բնական երևույթ է և հայտնի խնդիր է ոսկու, արծաթի կամ պղնձի հանքերում աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում: Որքանով, որ մենք տեղյակ ենք, Ամուլսարի ծրագիրը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որը նախատեսել է ԹԱԴ-ի կանխարգելման միջոցառումներ, որոնք ներկայացված են ՇՄԱԳ-ում: Սա չնայած այն փաստին, որ այլ, այդ թվում՝ հայաստայան հանքերի համեմատ, Ամուլսարում ԹԱԴ-ի առաջացման պոտենցիալը բավականին ցածր է: Սակայն հենց Լիդիանն էր, որ առաջինը բացահայտեց հանքարդյունաբերության մեջ ԹԱԴ-ի խնդիրը հայ հասարակության համար՝ 2014 թվականին հանրայնացնելով ԹԱԴ-ի ռիսկի գնահատման և մեղմացման միջոցառումներն իր փաստաթղթերում: Մեզ հայտնի չէ որևէ հրապարակային ապացույց, որ մինչ Լիդիանի կողմից ԹԱԴ-ի խնդրի հրապարակային քննարկումը, հայաստանյան ակտիվիստները այս խնդրի մասին խոսել են: Հայ բնապահպանները կարող էին օգտվել Լիդիանի կողմից այս ռիսկի կանխարգելման ու վերահսկման աշխարհի ժամանակակից հանքերում կիրառվող մեթոդների հրապարակումից: Փոխարենը, որոշ քննադատներ այս ինֆորմացիան օգտագործեցին ճշմարտությունը մանիպուլյացիայի ենթարկելու և այն Լիդիանի դեմ օգտագործելու համար: Նման մոտեցումը հազիվ թե լուծի բնապահպանական խնդիրները: Լիդիանի չաշխատելով, կխոչընդոտվի նաև ժամանակակից միջոցառումների ներդրումը և Հայաստանը կարող է մնալ հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական բազմաթիվ չլուծված խնդիրներով:

Amulsar

Հայաստանում հանքարդյունաբերությունը գոյություն ունի հարյուրավոր տարիներ: Հանքերը շահագործվում են այսօր, կշահագործվեն նաև վաղը: Այսպիսի ներդրումային ծրագրի գոյությունը, որը բերում է նոր բնապահպանական ստանդարտներ, կարող է բարձրացնել բնապահպանական կառավարման նշաձողը: Չնայած այս պարզ իրողությանը, հե՛նց Լիդիանն է, որ ավելի քան 10 ամիս ապօրինաբար զրկված է աշխատելու իր իրավունքից, հե՛նց Ամուլսարի ճանապարհներն են ապօրինաբար շրջափակված: Այս իրավիճակը ոչ միայն վնասում է Հայաստանի տնտեսությանը և ներդրումային միջավայրին, ոչ միայն իր բացասական ազդեցությունն է թողնում Ամուլսարի ծրագրի հազարավոր ուղղակի և անուղղակի շահառուների վրա, այլ նաև արդեն իսկ շրջակա համայնքներից մոտ 400 մարդու արտագաղթի պատճառ է դարձել:

Մենք վստահ ենք, որ նրանք, ովքեր ժամանակ, ջանքեր և ռեսուրսներ են ծախսում՝ խոչընդոտելով Լիդիանին իրականացնել Ամուլսարի ծրագիրը, մտածված կամ չգիտակցված խոչընդոտում են Հայաստանում այնպիսի հանքարդյունաբերական ծրագրի իրականացմանը, որը նոր բնապահպանական ստանդարտներ կսահմանի հանքարդյունաբերության ոլորտում:

Թե՛ մենք՝ Լիդիանի աշխատակիցներս, թե՛ Հայաստանում բնապահպանական ոլորտի շատ գիտնականներ վստահ ենք, որ Ամուլսարի ծրագիրը կարևոր դերակատատրություն է ունենալու Հայաստանի տնտեսության զարգացման մեջ և սահմանելու է նոր ստանդարտներ բնապահպանական և սոցիալական կառավարման ոլորտներում: Ուստի որպես այս ոլորտի մասնագետ և Հայաստանի քաղաքացի հուսով եմ, որ առողջ բանականությունը կհաղթի և օրենքը կգործի: Դա Հայաստանի համար միակ շահավետ լուծումն է:

Ամուլսարի ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման և Կառավարության կողմից ձեռնարկված մի շարք ստուգումների հետ կապված Լիդիանը 2019թ. մարտի 11-ին պաշտոնապես ծանուցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Հայաստանի կառավարության հետ գոյություն ունեցող անհամաձայնությունների մասին: Արդյոք Լիդիանը կսկսի արբիտրաժային բուն գործընթացը կախված կլինի Հայաստանի կառավարության գործողություններից: Լիդիանը իրավունք է վերապահում լիովին օգտվել հայաստանյան և միջազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավական պաշտպանության միջոցներից՝ բոլոր վեճերի լուծման հարցում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է

Անվճար SMS հաղորդագրության միջոցով կարող եք ծանուցվել կատարողական վարույթներով կիրառված արգելանքների մասին:

Հայտնի է 2019 թ. ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրը

Նա «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեն է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE հնարավորությունն իրական է iPhone օգտատերերի համար

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է iOS 13 օպերացիոն համակարգով աշխատող iPhone-ի կարգավորումներից նախ ակտիվացնել VoLTE ծառայությունը՝ մուտք գործելով Settings –> Cellular –> Cellular Data Options –> Voice & Data: Այնուհետև պետք է ընտրել 4G, VoLTE On տարբերակը։