Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը» ներկայացրել է իր առաջին հաշվետվությունը

Վերադարձ լուրերի բաժին

16:26 , 22 Մայիս 2018

2018թ.-ի մայիսի 22-ին Երևանում, ի պատասխան շահագրգիռ կողմերի պահանջների, իր առաջին տարեկան հաշվետվությունը ներկայացրեց Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը», որի կազմում ընդգրկված են կայուն զարգացման հարցերով զբաղվող հայ և միջազգային յոթ փորձագետ:

Խումբը ձևավորվել է 2017 թվականին՝ Ամուլսարի ծրագրի սոցիալական և բնապահպանական պարտավորությունների կատարման մշտադիտարկման, ծրագիրը ֆինանսավորող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության և ծրագրի տեղական և ազգային շահագրգիռ կողմերի հետ համագործակցության, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի սկզբունքներին համահունչ գործելու նկատառումներով ընկերության ստանձնած պարտավորությունների իրագործման մասով հաշվետվողականությունն ապահովելու նպատակով: Սա երրորդ առիթն է, երբ Խումբը հավաքվում է Հայաստանում՝ կառավարության ներկայացուցիչների, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, համայնքների ներկայացուցիչների, ՀԿ-ների, ակադեմիական շրջանակների, տեխնիկական փորձագետների, գործարարների ու միությունների ներկայացուցիչների հետ քննարկումներ ծավալելու և համագործակցելու նպատակով: Հաշվետվությանը կարելի է ծանոթանալ Խմբի կայքէջում՝ www.amulsarpanel.com:

Թեև որոշ ուղղություններով Ամուլսարի ծրագիրն իրականացնում է ավելին, քան Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ընդունված բնապահպանական և սոցիալական պրակտիկան է, այդուհանդերձ, հաշվետվության մեջ ներկայացված է 19 առաջարկություն այն ուղղություններով, որտեղ «Լիդիանը», թերևս, կարող է բարձրացնել իր գործունեության արդյունավետությունը: Խումբը գտնում է, որ «Լիդիանը» սոցիալական և բնապահպանական խիստ ստանդարտների համաձայն աշխատելու մի շարք հավակնոտ պարտավորություններ է ստանձնել , և իր գործողություններում հիմնականում դրսևորում է այդ պարտավորությունները կյանքի կոչելու հաստատակամություն: Մասնավորապես, Խմբի կարծիքով, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) գործընթացում կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ ընկերության իրականացրած աշխատանքը, համագործակցությունը տեղական համայնքների հետ և թափանցիկ գործելու պարտավորությունը ՝ կայուն զարգացում ապահովելու և հանքարդյունաբերության բարձր չափանիշներին համահունչ գործելու իր հանձնառության վկայությունն են: Խումբն, այդուհանդերձ, արձանագրում է, որ շահագրգիռ կողմերի որոշ ներկայացուցիչներ հանքարդյունաբերության բնապահպանական և սոցիալական ազդեցությունների վերաբերյալ դեռևս ունեն մտահոգություններ: Ամուլսարի ծրագրի վերաբերյալ մտահոգությունները կենտրոնացված են ջրային պաշարների վրա հնարավոր ազդեցությունների, այդ թվում՝ հնարավոր թթվային դրենաժի (թթվային ապարների դրենաժ) և ցիանիդի նախատեսվող կիրառության շուրջ: Շինարարության ծավալմանը զուգընթաց, տեղական մակարդակում ծավալվող քննարկումների հիմնական թեման, փոշու տարածման խնդրի հետ միասին, ակնկալվող աշխատատեղերի և գնումների գործընթացին մասնակցելու հնարավորություններն են:

Այս կապակցությամբ Խմբի նախագահ դոկտոր Ջոն Հարքերը նշում է. «Ուրախ ենք ձեր դատին հանձնել մեր առաջին հաշվետվությունը, որտեղ մանրամասն ներկայացված է 2017թ․-ի ապրիլից 2018թ․-ի մարտն ընկած ժամանակահատվածում Ամուլսարի ծրագրի կողմից իրականացված սոցիալական, բնապահպանական և կառավարման գործառույթների վերաբերյալ մեր գնահատականը: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ծրագրի բոլոր այն շահագրգիռ կողմերին, ում հետ աշխատելու հնարավորություն ենք ունեցել, և շինարարության փուլից հետո ևս՝ արտադրության փուլում ակնկալում ենք շարունակել Ամուլսարի ծրագրի մեր վերահսկողությունը: Մենք մեր գնահատականը տվել ենք՝ ելնելով «պատասխանատու հանքարդյունաբերության» միջազգային չափանիշներից: Ողջունում ենք այն հանգամանքը, որ մի շարք առումներով ծրագրի թիմը իրեն դրսևորում է հավակնոտ և հանձնառու՝ ժամանակակից հանքարդյունաբերության նոր մոդելին:

Դոկտոր Հարքերը նշում է նաև. «Մենք ողջունում ենք ծրագրի թիմի՝ թափանցիկ գործելու հանձնառությունը, այդ թվում հանրային հաշվետվության և «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» հայաստանյան գործընթացին մասնակցելու միջոցով: Այդուհանդերձ, մեր պատկերացմամբ, հանքարդյունաբերության ոլորտի թերի գործունեության պատճառով հանրության շրջանում վստահության աստիճանը ցածր է: Ըստ այդմ, Խմբի առանցքային երաշխավորություններից մեկն այն է, որ Ամուլսարի ծրագիրը պետք է աշխատի ակադեմիական հաստատությունների և տեղի բնակչության հետ, որպեսզի ջրի, փոշու աղտոտվածության և կենսաբազմազանության ուղղություններով ծավալվող իր գործունեությունը մանրազնին ուսումնասիրության ենթարկվի մասնակցային մոնիթորինգի ծրագրերի միջոցով: Մենք դա դիտում ենք որպես քաղաքացիներին լիազորելու և, եթե ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է խոստացածի համաձայն, մտահոգություններ ունեցողներին համոզելու, իսկ հակառակ պարագայում՝ ընկերությանը պատասխանատվության կանչելու միջոց»:

Մյուս երաշխավորությունների միջոցով Խումբը հորդորում է ընկերությանը՝ իր կապալառու ընկերությունների կողմից սոցիալական և բնապահպանական գործունեությունը կառավարելու մեխանիզմները հզորացնել, օրինակ, տեղական աշխատուժի ներգրավվման և փոշու աղտոտման կառավարման ուղղություններուվ, բարելավել այն մեխանիզմները, որոնց միջոցով տեղի բնակչությունը կարող է բարձրաձայնել և լուծել իր բողոքները, արագացնել «Ջերմուկ» ազգային պարկի հիմնման աշխատանքները և հավաստիանալ, որ կենսաբազմազանության մոնիթորինգի մասով իր աշխատանքները երկարաժամկետ հեռանկարում կծառայեն նախատեսված նպատակին, համագործակցել կառավարության հետ՝ ի նպաստ առողջապահության համակարգի հզորացման, ինչպես նաև աշխատել Ջերմուկի համայնքապետարանի հետ՝ զբոսաշրջության պլանավորման և խթանման ուղղությամբ:
Ի լրումն Խմբի հաշվետվողականության դերի՝ Խմբի առանձին անդամներ ընկերության հետ կենսաբազմազանության, առողջապահության և համայնքային զարգացման նախաձեռնությունների ուղղությամբ տարել են ավելի ծավալուն աշխատանք: Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբը» կրկին Հայաստան է այցելելու աշնանը՝ շահագրգիռ կողմերի հետ կլոր սեղանի ձևաչափով քննարկման նպատակով, որի ընթացքում Ամուլսարի ծրագրի թիմից ակնկալում է պաշտոնական պատասխան ստանալ ներկայացված երաշխավորությունների և առաջարկությունների, ինչպես նաև դրանց մի մասի արդեն իրականացման առաջընթացի վերաբերյալ:

Ծանոթություն

Խմբի անդամներն են՝

Դոկտոր Ջոն Հարքերը (Խմբի նախագահ) պատասխանատու հանքարդյունաբերության և բազմաշահառու գործընթացների առաջատար միջազգային փորձագետ է: Դոկտոր Հարքերը վերջին շրջանում եղել է Կանադայի Քեյփ Բրեթոն համալսարանի նախագահը և փոխկանցլերը: 1999-2000 թվականներին Կանադայի կառավարության խնդրանքով ուսումնասիրել է երկրի խոշորագույն նավթային ընկերության` Թալիսմանի գործունեության հնարավոր ազդեցությունը Սուդանի քաղաքացիական պատերազմի խորացման վրա: Նախկինում Ջոն Հարքերն աշխատել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունում և եղել է նախագահ Նելսոն Մանդելայի խորհրդականը Հարավային Աֆրիկայում, Ազգային զարգացման գործակալության ստեղծման ժամանակ: 2007-2008թթ. Կոլումբիայում նախագահել է Հարավային Ամերիկայի ածխի խոշորագույն Կերեխոն հանքավայրի անկախ փորձագիտական հանձնախումբը:

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ակարմազյանը բնապահպան ճարտարագետ է։ Դասավանդում է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ «էկոլոգիական մենեջմենթ», «բնօգտագործման տնտեսագիտություն» առարկաները։
Դոկտոր Յարություն Արմենեանը առողջապահության համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետ է: Նա Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախկին նախագահն է: Նա Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի առողջապահության ֆակուլտետի համաճարակաբանության պրոֆեսոր է, ինչպես նաև Ջոն Հոփկինս համալսարանի առողջապահության դպրոցի պատվավոր պրոֆեսոր:

Նունե Հարությունյանը Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի տնօրենն է և փորձագետ` բնապահպանության չափանիշների և օրենսդրության կիրառություն, ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության, ինստիտուցիոնալ և իրավական շրջանակների, կանաչ տնտեսության զարգացման հարցերով:

Ջոն Հոբբսը բնապահպանության ոլորտում առաջատար միջազգային մասնագետ է: 2010-2017 թթ. WWF-ի (Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ) արդյունահանող ճյուղերի գծով միջազգային տնօրենն էր, նախկինում տաս տարի համանման պաշտոն է զբաղեցրել նաև Միացյալ Թագավորության միջազգային զարգացման գործակալությունում:

Քեթի Ռիչարդը բնապահպանության ոլորտի առաջատար մասնագետ է և 30 տարի աշխատել է հանքարդյունաբերության ոլոտում և արդյունաբերության բնապահպանական և սոցիալական ազդեցությունների ակադեմիայում: Նա աշխատել է որպես հիդրոերկրաբան և ունի շինարարության, կույտային տարալվացման հարթակների
կառուցման և շահագործման փորձ: 2006 թվականից գրանցված է որպես աուդիտոր և ստուգում է կազմակերպությունների համապատասխանությունը Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի պահանջներին:

Լյուկ Զանդվլիեթը սոցիալ-տնտեսական ոլորտի փորձագետ է, մասնագիտացած է շահագրգիռ կողմերի ներգրավման, գանգատների կառավարման և կանխարգելման, ինչպես նաև սոցիալական ներդրումների ռազմավարության հարցերով հանքարդյունաբերական ընկերություններին խորհրդատվություն մատուցելու ոլորտում: «Ինչպես ճիշտ հասկանալ ընկերություն-համայնք կապը» գրքի համահեղինակն է, որն այս ոլորտի մասնագետների համար առաջատար աշխատություններից է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունն իրականացնելու է Պաշտպանության նախարարությունում

Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունն իրականացնելու է Պաշտպանության նախարարությունում:

2017թ. ՀՀ արտաքին առևտրի ծավալը  283 մլն դոլարով պակաս է նախկինում հրապարակված ցուցանիշից. ԱՎԾ-ն հրապարակել է ճշգրտված տվյալները

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. ՀՀ արտաքին առևտրի ճշգրտված տվյալները՝ ըստ հիմնական գործընկեր երկրների։

Մայիս ամսվա հարկերի հավաքագրումը գերակատարվել է 2%-ով. Դավիթ Անանյան

Փաստացի հարկային մուտքերը 2%-ով գերազանցել են լավատեսական սցենարը