Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՄՀ-ի դրական և մտահոգիչ կանխատեսումները Հայաստանի տնտեսության մասին

Վերադարձ լուրերի բաժին

17:26 , 12 Հոկտեմբեր 2018

Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) հրապարակել է մի շարք երկրների տնտեսական աճի հոկտեմբերյան կանխատեսումները՝ ընթացիկ տարվա և 2019 թ. համար։ Կոնկրետ Հայաստանի մասով՝ ԱՄՀ-ն տնտեսական աճի կանխատեսումը վերանայել է աճման ուղղությամբ. 3.4%-ի փոխարեն՝ այս տարի կանխատեսվում է 6% աճ։

Բարելավվել է նաև 2019 թվականի տնտեսական աճի ցուցանիշը. եթե նախկինում կանխատեսվում էր 3.5% աճ, ապա այժմ՝ 4.8%։

ԱՊՀ երկրների թվում Արժույթի միջազգային հիմնադրամն ավելի բարձր՝ 6.2% տնտեսական աճ կանխատեսում է միայն Թուրքմենստանի համար։

Ռուսաստանի տնտեսական աճը 2018-ին կկազմի 1.7%, 2019-ին՝ 1.8%։

Ադրբեջանի տնտեսությունն այս տարի կաճի ընդամենը 1.3%-ով, իսկ հաջորդ տարի աճը կարագանա մինչև 3.6%։

Վրաստանի համար ԱՄՀ տնտեսագետներն այս տարի կանխատեսում են 5.5% աճ, իսկ հաջորդ տարի՝ 4.8%։

Ընդհանուր առմամբ, ԱՊՀ տարածքում նավթ արտահանող երկրների միջին տնտեսական աճն այս տարի կկազմի 2.1%, նավթ ներմուծող երկրներինը՝ 3.9%։

Նշենք, որ ԱՄՀ-ի կանխատեսումները շատ չեն շեղվում ՀՀ կառավարության գնահատականներից։ Ինչպես նշված է 2019 թվականի պետական բյուջեի նախագծում, կառավարությունն այս տարվա համար կանխատեսում է՝ 6.5%, հաջորդ տարվա համար՝ 4.9% տնտեսական աճ։

Ո՞ւմ շնորհիվ է բարելավվել ցուցանիշը

Միգուցե նկատել եք, որ նոր կառավարության ներկայացուցիչներն ու համակիրներն առանձնապես շատ չեն խոսում այս ցուցանիշների մասին։ Պատճառն այն է, որ այդ ցուցանիշներն ու կանխատեսումներն առավելապես նախորդ կառավարության գործունեության արդյունքն են։ Կարեն Կարապետյանի կառավարությանը հաջողվեց 2017 թվականին ապահովել 7.5% տնտեսական աճ, որն ամենաբարձրն էր մեր տարածաշրջանում։ Այս տարվա համար կանխատեսվող 6% աճն էլ տարվա առաջին ամիսներին գրանցված ցուցանիշների արդյունքն է։ Անգամ հաջորդ տարվա համար կանխատեսվող 4.8%-ը (կանխատեսումը, ոչ թե աճը՝ ինքնին) դեռ նախկինի շարունակությունն է, որովհետև ԱՄՀ-ն իր գնահատականներում հիմնվում է նախորդ ժամանակահատվածների փաստացի ցուցանիշների և քայլերի վրա։

Ներկայիս կառավարությունը, իհարկե, կարող է պնդել, որ իր «ներդրումն» այս հարցում այն է, որ հեղափոխությունից հետո տնտեսության աճի տեմպը պահպանվել է, և միջազգային կառույցների լավատեսությունը ոչ միայն չի նվազել՝ Հայաստանի տնտեսական աճի հետ կապված, այլև՝ ավելացել է։ Մյուս կողմից, սակայն, հաջորդ տարվա համար կանխատեսվող 4.8% տնտեսական աճը չի կարող գոհացնել կառավարությանը, քանի որ հակասում է հասարակության ակնկալիքներին և հետհեղափոխական շրջանում տնտեսական բում գրանցելու հավակնություններին։ Ի դեպ, նույնը կարելի է ասել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծում տեղ գտած 4.9% աճի կանխատեսման մասին։ Այսինքն, կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի արդեն հաջորդ տարվա կեսերին այդ կանխատեսումը վերանայվի՝ աճի ուղղությամբ։

Մտահոգիչ կետերը

ԱՄՀ զեկույցում, բացի տնտեսական աճի կանխատեսումներից, ներկայացված են նաև այլ կանխատեսումներ՝ օրինակ, գնաճի մասով։ Ինչպես տեսնում եք աղյուսակում, այս տարվա համար կանխատեսվում է 3% գնաճ, հաջորդ տարվա համար՝ 4.4% գնաճ։ Իհարկե, թե՛ 3%-ը, թե՛ 4.4%-ը գտնվում են Կենտրոնական բանկի կողմից նպատակադրվող միջակայքում (2.5%-ից 5%)։

Սակայն փաստն այն է, որ եթե այս կանխատեսումներն իրականություն դառնան, ապա 2 տարվա ընթացքում ապրուստը թանկանալու է 7.5%-ով։ Ընդ որում, անապահով ու ցածր վարձատրվող խավի համար գնաճն ավելի զգալի է լինելու, քանի որ թանկացել է հիմնականում սննդամթերքը։ Հիմա տեսեք, մի կողմից՝ 2 տարվա մեջ (2018-2019) տնտեսության աճը կազմելու է ավելի քան 11%՝ բյուջեի եկամուտների և ծախսերի զգալի աճով, մյուս կողմից՝ լինելու է 7.5% գնաճ, այսինքն՝ աշխատավարձերի և թոշակների փոփոխության բացակայության դեպքում մարդկանց գնողունակությունը նվազելու է։

Իսկ 2019 թվականի բյուջեով նախատեսված չէ ո՛չ թոշակների, ո՛չ պետական հատվածի աշխատավարձերի բարձրացում։ Սա նշանակում է, որ եթե կառավարությունը հաջորդ տարի փոփոխություններ չկատարի բյուջեում և թոշակ/աշխատավարձ չբարձրացնի, ապա դառնալու է արդարացված քննադատության առարկա։

Սակայն ԱՄՀ զեկույցում կա ևս մի հետաքրքիր մանրուք։ Տեսեք, ստացվում է՝ 3 տարվա ընթացքում (2017, 2018 և 2019 թվականներին) ՀՀ իրական տնտեսական աճը (կումուլյատիվ) կազմելու է ավելի քան 19%։ Այսինքն՝ ԱՄՀ-ն հավատում է այդ թվին։ Սակայն, մյուս կողմից՝ այդ տպավորիչ աճի ֆոնին՝ գործազրկության մակարդակի էական կրճատում չի կանխատեսում։

IMF-2018-2019

Օրինակ, այս տարի լինելու է 6% աճ, սակայն գործազրկության մակարդակը մնալու է նույնը՝ 18.6%: Հաջորդ տարի տնտեսական աճը լինելու է 4.8% (ինչը նույնպես քիչ չէ), սակայն գործազրկությունը նվազելու է ընդամենը 0.3 տոկոսային կետով։

Սա, թերևս, ամենակարևոր կետերից մեկն է, որին պետք է ուշադրություն դարձնի կառավարությունը. տնտեսական աճը չի բերում զբաղվածության զգալի աճի։ Այսինքն, հնարավոր է շատ պղինձ արդյունահանել կամ ունենալ բուքմեյքերական ընկերությունների շրջանառության աճ՝ արդյունքում ապահովելով բարձր տնտեսական աճ, որը, սակայն, որևէ կերպ չի նպաստում գործազրկության կրճատմանը։ Ու երբ ասում ենք, որ աճը պետք է ներառական լինի, հենց սա նկատի ունենք։

Հաջորդ տարվա տնտեսական աճը ներառակա՞ն կլինի, թե՞ ոչ՝ հնարավոր կլինի ասել միայն այն բանից հետո, երբ կունենանք 2018 թվականի աղքատության, գործազրկության մակարդակների և այլ ցուցանիշներ։

Վերջում  նշենք, որ պաշտոնական վիճակագրությունն այդ հարցում բավականին դանդաղկոտ է։ Տարին շուտով կավարտվի, իսկ մենք դեռ չգիտենք՝ որքան է եղել աղքատության մակարդակը 2017 թվականի վերջի դրությամբ, և որքան է գործազրկության մակարդակն այս տարվա երկրորդ եռամսյակում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ազատվի հարկերից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարն այցելել է սիրիահայերի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Ուշացած աղմուկը՝ կարմիր գծերի ու տրանսպորտի սակագնի շուրջ

Վերջին 2 օրերին սոցցանցերում քննարկման թոփ թեման Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էր

«Այսօր կարևոր օր է». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ…