Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ամենաերիտասարդ բանկիրն իր կարիերան սկսել է վարկային մասնագետի պաշտոնից

Վերադարձ լուրերի բաժին

17:04 , 12 Մայիս 2017

Հարցազրույց  «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Արամայիս Գալստյանի հետ

– Պարոն Գալստյան, որքա՞ն ժամանակ է, ինչ աշխատում եք «Հայէկոնոմբանկում» եւ ե՞րբ եք նշանակվել գործադիր տնօրենի պաշտոնում։

– «Հայէկոնոմբանկն» իմ առաջին աշխատավայրն է. ավարտելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 2008թ.-ին ընդունվել եմ «Հայէկոնոմբանկ», սկզբում աշխատել եմ մասնաճյուղում՝ որպես վարկային մասնագետ, այնուհետ ներքին աուդիտի վարչությունում՝ որպես աուդիտոր, գլխավոր աուդիտոր, հաշվապահական հաշվառման վարչությունում՝ որպես բաժնի պետ, գլխավոր հաշվապահի տեղակալ, պլաստիկ քարտերի վարչությունում՝ որպես վարչության պետ: 2016թ. հուլիսին նշանակվել եմ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում, իսկ օգոստոսից զբաղեցնում եմ «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի պաշտոնը: Շատ եմ կարեւորում այդ տարիների ընթացքում ձեռք բերված փորձն ու հմտությունները, որոնք, անշուշտ, օգտագործվում են հօգուտ բանկի զարգացման, բարգավաճման եւ նորանոր բարձունքների նվաճման:

– Ի՞նչ արդյունքներ է գրանցել «Հայէկոնոմբանկը» հիմնական ցուցանիշների մասով 2017թ. առաջին եռամսյակում։

– Գնահատելով «Հայէկոնոմբանկի» 2017թ. առաջին եռամսյակի գործունեությունը` նշեմ, որ բանկն արձանագրեց հիմնական ցուցանիշների զգալի աճ եւ ապահովեց կարեւոր որակական դրական տեղաշարժեր: Այժմ համառոտ ներկայացնեմ բանկի հիմնական ցուցանիշները 31.03.2017թ. դրությամբ եւ դրանց աճի տեմպերը գրաֆիկական տեսքով։ Բանկի ակտիվները կազմել են 154.0 մլրդ․ դրամ` աճելով նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 41.2%-ով, իսկ տարեվերջի համեմատ` 3.8%-ով։ Վարկային ներդրումները կազմել են 80.6 մլրդ․ դրամ` աճելով նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 39.4%-ով, իսկ տարեվերջի համեմատ` 6.4%-ով։ Արժեթղթերը (հիմնականում պետական պարտատոմսեր) կազմել են 17.1 մլրդ․ դրամ` աճելով նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 95.7%-ով, իսկ տարեվերջի համեմատ` 2.7%-ով։ Պարտավորությունները կազմել են 126.4 մլրդ․ դրամ` աճելով նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 41.3%-ով, իսկ տարեվերջի համեմատ` 4.4%-ով։ Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները կազմել են 31.5 մլրդ․ դրամ` աճելով նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 35.1%-ով:

Նշեմ նաեւ շատ կարեւոր փաստ. բանկի հիմնական բաժնետերերի` Սուքիասյանների ընտանիքի կողմից մայիս ամսին ստորադաս փոխառության տեսքով կատարված հերթական ներդրման արդյունքում «Հայէկոնոմբանկի» նորմատիվային ընդհանուր կապիտալը ներկա պահին կազմում է ավելի քան 32 մլրդ․ ՀՀ դրամ: Բանկի հաճախորդների քանակը կազմել է 158,071 հաճախորդ` աճելով նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 18.6%-ով: Եռամսյակի ընթացքում բանկը տրամադրել է մոտ 7,700 հատ տեղական եւ միջազգային պլաստիկ քարտեր` հասցնելով քարտերի քանակը մոտ 104,950-ի:

– Ի՞նչ ձեռքբերումներ ունի բանկը 2017թ. առաջին եռամսյակում միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցության ոլորտում։

– Միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ համագործակցությունը, միջազգային շուկաներից ռեսուրսների ներգրավումը եղել եւ մնում է բանկի ռազմավարական նպատակներից մեկը: Եռամսյակն արդյունավետ էր նաեւ միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ «Հայէկոնոմբանկի» համագործակցության առումով. ընդլայնվեցին գործող ծրագրերը, եւ ծավալվեց գործակցություն նոր բանկային ծառայությունների ոլորտում: Այսպես. բանկի եւ շվեյցարական SYMBIOTICS SA ընկերության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող SYMBIOTICS – SEB IV MICROFINANCE FUND ներդրումային հիմնադրամի, շվեյցարական SYMBIOTICS SA ընկերության կողմից կառավարվող՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող SYMBIOTICS – GLOBAL FINANCIAL INCLUSION FUND ներդրումային հիմնադրամի, գերմանական FRANKFURT SCHOOL FINANCIAL SERVICES GMBH ընկերության կողմից կառավարվող՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող GLS ALTERNATIVE INVESTMENTS – MIKROFINANZFONDS ներդրումային հիմնադրամի միջեւ կնքվեցին ավելի քան 6.0 մլն․ ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագրեր, որոնցով ներգրավված միջոցներն ուղղվելու են փոքր, միջին եւ միկրոբիզնեսի վարկավորմանը:

– Մի փոքր կմանրամասնե՞ք բանկի առաջիկա զարգացման ծրագրերի մասին։

– Բանկն առաջիկայում եւս հավատարիմ է մնալու իր որդեգրած ռազմավարությանը` հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման ու զարգացման եւ միջոցների ներգրավման նոր շուկաների յուրացման ոլորտներում` ապահովելով հաճախորդների սպասարկման որակի էլ ավելի բարձրացում` առանձնահատուկ շեշտը դնելով նորագույն արդիական տեխնոլոգիաների կիրառման վրա: Ուշադրության կենտրոնում կմնա բանկի միջազգային համագործակցության ընդլայնումը, միեւնույն ժամանակ կընդլայնվի բանկի մասնաբաժինը տեղական շուկայում:

Բանկը նախատեսում է սկսել «Ապագայի բանկ» նախագիծը՝ առանց սպասարկող անձնակազմի` հաճախորդների շուրջօրյա ավտոմատ սպասարկում իրականացնող մասնաճյուղերի գործարկումը, ներդնել «Mobile Banking» ծառայությունը, զարգացնել «Internet Banking»-ի որակական հատկանիշները եւ «CashBack» ծառայությունը: Բանկի տարածքային քաղաքականությունն ուղղված կլինի ոչ միայն բանկի ներկայացվածության ընդլայնմանը, այլ նաեւ մատուցվող ծառայությունների օպտիմալացմանը, մասնաճյուղերի գործունեության արդյունավետության բարձրացմանը: Նախատեսում ենք նոր մասնաճյուղեր բացել ինչպես Երեւան քաղաքում, այնպես էլ՝ մարզերում: Առավել մեծ ուշադրություն կդարձվի բանկի ռիսկերի կառավարման կանխարգելիչ գործելաոճին, ինչպես նաեւ ներքին հսկողության պահանջների կատարմանը, կորպորատիվ կառավարման զարգացմանը եւ բանկի անձնակազմի մասնագիտական որակավորման բարձրացմանը: Բանկի այս տարվա գործունեության զարգացման ուղղությունները որոշելիս առանձնակի շեշտադրում է կատարվել հաճախորդներին առավելագույն հարմարավետություն եւ օգտակարություն ապահովելու նպատակի իրագործմանը:

– Դուք ընդամենը 30 տարեկան եք եւ համարվում եք Հայաստանի ամենաերիտասարդ բանկիրը՝ ղեկավարել «Հայէկոնոմբանկի» նման մեծ ֆինանսական կառույցը։ Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվել։

– Իհարկե, այդ ամենն իրականացվում է՝ ունենալով պատասխանատվության մեծ զգացում թե՛ հաճախորդների եւ թե՛ բանկի բաժնետերերի նկատմամբ: «Հայէկոնոմբանկը», համարվելով Հայաստանի թիվ 1 բանկային գործունեության լիցենզիա ստացած ֆինանսական կառույցը, արդեն իսկ ունի 26 տարվա պատմություն, եւ այդ տարիների ընթացքում ձեւավորվել են կառավարման ավանդական մոտեցումներ: Ավանդույթների պահպանումը, կատարելագործումը, նոր մոտեցումների մշակումը եւ երիտասարդ արհեստավարժ կադրերով համալրված ուժեղ թիմի առկայությունը հնարավորություն են ընձեռում առավելագույնս արդյունավետ կազմակերպել բանկի ղեկավարումը:

Մեր կողմից կիրառվող բանկի կառավարման մոդելի հիմքում ընկած են ղեկավարների եւ աշխատակիցների ամենօրյա թիմային նվիրված աշխատանքը, բանկի առջեւ ծառացած խնդիրների լուծման եւ սահմանված նպատակների իրականացման հարցում ակտիվ համագործակցությունը, միասնականության դրսեւորումը եւ աշխատակիցների՝ միմյանց աջակցելու պատրաստակամությունը: Բանկի կառավարման արդյունավետությունը պայմանավորված է նաեւ ներդրված կորպորատիվ կառավարման գործուն համակարգի առկայությամբ, որն ապահովում է առաջադրված խնդիրների օպտիմալ լուծումներ՝ քննարկումների վրա հիմնված կոլեգիալ որոշումների կայացման թափանցիկ գործունեության միջավայրում:

Հարցազրույցը` Անի Առաքելյան

Սկզբնաղբյուր կայք` hraparak.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանցիներն ամենաարդար որոշումներն ակնկալում են Կարեն Կարապետյանից. սոցհարցում

Ըստ Ահարոն Ադիբեկյանի կատարած հարցումների` բնակչությունն ամենաշատը վստահում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Լիդիանի պատասխանը՝ Ամուլսարի հանքի վերաբերյալ քննադատություններին

Լիդիանը հրապարակում է Ամուլսարի բնապահպանական կառավարմանը վերաբերող վերջերս հրապարակված մի քանի զեկույցների անկախ ուսումնասիրություններ

Ինչու է Հայաստանի սահմանին ավտոմեքենաներից 14-24 հազար դրամ գանձվում և երբ է դա վերացվելու. ՊԵԿ պարզաբանումը

Ավտոմեքենաներով ժամանող անձանցից ՀՀ սահմանին գանձվող 14000-24000 դրամ գումարների խնդրի վերաբերյալ ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է