Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աճի ներուժ. Բյուջե 2018-ի գլխավոր մեսիջներից մեկը

Վերադարձ լուրերի բաժին

13:00 , 01 Նոյեմբեր 2017

«Տնտեսական աճի ներուժ» (կամ պոտենցիալ)։ Վերջին շրջանում այս արտահայտությունը բավականին հաճախ է հնչել տնտեսական բլոկի պատասխանատուների շուրթերից և դեռ կշարունակի հնչել, քանի դեռ քննարկվում է 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Այնպես որ, եկեք հասկանանք՝ ինչ կա «դրա տակ»։

Պատկերացրեք, որ դուք պետք է անցնեք 15 կմ ճանապարհ։ Ձեր միջին արագությունը (կամ, պայմանականորեն ասած՝ ձեր պոտենցիալը) 3կմժ է։ Այսինքն՝ նորմայից չշեղվելով դուք 15 կմ-ն կանցնեք 5 ժամում և առանց խնդիրների կշարունակեք ձեր ճանապարհը՝ անցնելով հաջորդ 15, 20 կամ 30 կմ-ն՝ կախված ձեր թիրախներից։ Հիմա, ենթադրենք, ճամփա ընկնելուց կարճ ժամանակ անց դուք ստիպված եք լինում վազել։ Ընդ որում, պատճառը ձեզանից կախված չէ, ասենք, ճամփեզրի տներից մեկից ձեզ վրա է հարձակվել մի շուն։ Զարգացնում ենք 10-15կմժ արագություն։

Սակայն պարզ է, որ երկար չեք կարող շարունակել, ձեր օրգանիզմը նման արագությունների սովոր չէ։  Դրա համար կարճ ժամանակ անց կանգ եք առնելու և շունչը ետ բերեք։ Սա՝ լավագույն դեպքում։ Իսկ վատագույն դեպքում չի բացառվում՝ լուրջ առողջական խնդիր ձեռք բերեք և կիսատ թողնելով ճանապարհը՝ զբաղվեք բուժումներով։ Նույնը տնտեսության դեպքում է։ Կառավարությունն ասում է, որ 2000-ականների վերջին Հայաստանի երկնիշ տնտեսական աճն իր պոտենցիալից բարձր էր։

Պատկերավոր ասած, տնտեսությունն ավելի արագ էր «վազում», քան նրա հնարավորություններն էին՝ պայմանավորված պղնձի գների աճով, արտերկրից եկող դրամական փոխանցումների աճով, որոնք ուղղվում էին շինարարությանը. և այլն։  Աճը, այսպիսով, արհեստական էր, և տնտեսական օրգանիզմը «գերտաքացել» էր։ Հետևանքը եղավ այն, որ 2009 թվականին այդ տնտեսությունը չկարողացավ դիմակայել ցնցումներին և շատ խորը՝ 14%-անոց անկում ապրեց։ Անցնենք առաջ՝ շարունակելով մեր օրինակը։

Վազելու հետևանքով ուժասպառ լինելուց հետո սկսում եք ավելի դանդաղ քայլել. և՛ ի վիճակի չեք արագ ընթացքի, և՛ վախենում եք կրկին վատանալ։ Դրան էլ գումարած՝ ճանապարհը լավը չէ, տեսանելիություն չկա, լիքը խոչընդոտներ են, և այլն։ Ու ձեր արագության պոտենցիալը կամաց-կամաց նվազում է՝ նախկին 3կմժ-ից՝ նախ հասնելով 2.5-ի, հետո՝ 2-կմժ-ի։

Ու դուք սկսում եք ետ ընկնել ձեր մրցակիցներից։ Սա էլ այն է, ինչ տեղի է ունեցել մեր տնտեսության հետ՝ ճգնաժամից հետո։ «Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ՝ աստիճանաբար նվազեցնելով տնտեսական աճի ներուժը»,- ԱԺ-ի իր ելույթում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Ավելին, ոչ միայն ներուժն է թուլացել, այլև դուք ձեր ներուժից էլ պակաս արագություն եք զարգացրել։ Դուք կարող էիք ժամում 2 կմ անցնել, սակայն վերջին շրջանում բավարարվել եք 1 կմ անցնելով՝ ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված։  2016 թվականին, օրինակ, տնտեսությունն իր ներուժից ցածր է գտնվել։

Ըստ Ֆիննախի գնահատականների՝ 2016 թվականին իրական ՀՆԱ-ի պոտենցիալը կազմել է 3 տրիլիոն 447 մլրդ, սակայն փաստացի ունեցել ենք 3 տրիլիոն 359 մլրդ դրամ իրական ՀՆԱ։ Այսինքն՝ մեր տնտեսությունն իր պոտենցիալից 2.3%-ով քիչ է եղել (դա անվանում են ՀՆԱ-ի բացասական ճեղք)։ Այս ամենը ներկայացված է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կազմված այս գծապատկերում՝ 2000-2020թթ. ժամանակահատվածի համար։

potencial

Ու հիմա՝ ինչ է ասում կառավարությունը՝ 2018 թվականի բյուջեով և ընդհանրապես։ Նախ՝ խոստանում է տնտեսությունը վերադարձնել իր պոտենցիալին։ Այսինքն՝ գեներացնել այնքան ՀՆԱ, որքան հնարավոր է՝ այդ պահին առկա ռեսուրսներով։ Ըստ կառավարության կանխատեսումների՝ 2018 թվականին ՀՆԱ-ի բացասական ճեղքը կկրճատվի, իսկ 2019 թվականին ՀՆԱ-ն կվերադառնա իր պոտենցիալ մակարդակին։ Կամ, ըստ մեր օրինակի, կսկսենք շարժվել 2կմժ արագությամբ:

Սակայն կա մեկ այլ հետաքրքիր հանգամանք՝ ուշադրություն դարձրեք 2020 թվականին։ Կտեսնեք, որ ՀՆԱ-ն կրկին գերազանցում է պոտենցիալ մակարդակը։ Այսինքն՝ կրկին սկսում ենք մեր օրգանիզմի հնարավորություններից արագ վազել, ինչը կարող է կրկին խնդիրների առաջ կանգնեցնել։

Ուրեմն ի՞նչ՝ պետք է թուլացնե՞նք արագությունը, սահմանափակվենք 2 կմժ-ով։ Ոչ, իհարկե, որովհետև այդպես մեր նշանակետից շատ կուշանանք։ Լուծումն օրգանիզմի հնարավորությունները մեծացնելն է՝ մարզվել, ճիշտ սնվել, առողջ ապրելակերպ վարել և աստիճանաբար մեծացնել արագությունը՝ 2.1կմժ, հետո 2.2 և ավելի բարձր։ Այնպես, որ օրգանիզմն առանց շոկերի հարմարվի բարձր արագություններին։ Նույնը խոստանում է անել կառավարությունը՝ ավելացնել տնտեսական աճի ներուժը։ Սա էլ երկրորդ խոստումն է՝ զարգացնել ենթակառուցվածքները, բարելավել բիզնես միջավայրը, օրենսդրությունը, և այլն։ Որպեսզի առաջիկա տարիներին 5-6% տնտեսական աճը լինի ոչ թե նորմայից բարձր, այլ նորմայի մեջ։ Դրա համար էլ կառավարությունը 2016 թվականի բյուջեում արդեն «աշխատեցրել է» կապիտալ ծախսերի ավելացման մոտեցումը։

2018 թվականին պետբյուջեի կապիտալ ծախսերը կրկնապատկվելու են՝ 2017 թվականի բյուջեով հաստատվածի համեմատ. եթե 2017 թվականի պետական բյուջեով նախատեսվում էր 98.6 մլրդ դրամի կապիտալ ծախսերի իրականացում, ապա 2018-ին՝ 172.4 մլրդ։ Կառավարության համոզմամբ՝ հենց կապիտալ ծախսերն են ավելացնելու տնտեսական աճի ներուժը ու երկարաժամկետ հեռանկարում կայուն աճ ապահովելու։ Ու այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի հանգիստ խղճով ավելացնել թոշակներն ու աշխատավարձերը՝ առանց վախենալու, որ բյուջեն կարող է խնդիրներ ունենալ։  Ահա սա է բյուջեի ամենակարևոր մեսիջը։

Ճի՞շտ մոտեցում է սա, թե՞ սխալ։ Կապիտալ ծախսերի ավելացումն արդյոք սպասված էֆեկտը կտա՞, թե՞ ոչ։ Արդյոք շեշտը պետք է դնել պետբյուջեի հաշվին կապիտալ ծախսերի՞ վրա, թե՞ հիմքում պետք է լինեն մասնավոր ներդրումները։ Սրանք կարևոր հարցեր են։ Սակայն ամենատխուրն այն է, որ նման հարցերը բյուջետային քննարկումների ժամանակ շատ քիչ կհնչեն։ Հիմնականում կլինեն սիրողական, առանձին հոդվածներով ծախսերի վերաբերյալ հարցեր, որոնց տակից կառավարությունն առանց դժվարության դուրս կգա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը: