Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աղքատացել է արդյոք Սամվել Ալեքսանյանը (վերլուծություն՝ ինֆոգրաֆիկայով)

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

Խորագրեր

EXCLUSIVE

21:05 , 06 Մայիս 2016

Վերջերս ԶԼՄ-ներից մեկը գրել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ալեքս Գրիգ» և մի քանի այլ խոշոր ընկերությունների սեփականատեր Սամվել Ալեքսանյանը նախորդ տարվա ընթացքում աղքատացել է. փողերը պակասել են։ Ու քանի որ պրն Ալեքսանյանը Հայաստանի ամենահարուստ, ամենից շատ քննարկվող և ամենակոլորիտային անձանցից մեկն է, որոշեցինք մանրամասն դիտարկել հետևյալ հարցը՝  աղքատացե՞լ է արդյոք Սամվել Ալեքսյանյանը նախորդ տարվա ընթացքում։

Առաջին հայացքից` այո։ Նրա հայտարարագրած դրամական միջոցները նվազել են։

Գույքի և եկամուտների 2015թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ Սամվել Ալեքսանյանը տարվա սկզբին ունեցել է 350.96 մլն դրամ և 8.2 մլն դոլար, իսկ տարվա վերջին՝ 347.19 մլն դրամ և 8.1 մլն դոլար։ Ինչպես տեսնում եք, պատգամավորի թե՛ դրամային, թե՛ դոլարային միջոցները նվազել են։

Ընդհանուր առմամբ, դոլարային արտահայտությամբ՝ Սամվել Ալեքսանյանի դրամական միջոցները 2015 թվականի ընթացքում պակասել են 121.2 հազար դոլարով և կազմել 8.8 մլն դոլար։

Սակայն սա դեռ ոչինչ չի նշանակում։ Որովհետև հարստությունը միայն դրամական միջոցները չեն, և Սամվել Ալեքսանյանից բացի պետք է դիտարկել նաև նրա հետ փոխկապակցված անձանց։

Պաշտոնական հայտարարագիր է լրացվում նաև պատգամավորի հետ փոխկապակցված անձի համար։ Ս. Ալեքսանյանի փոխկապակցված անձը նրա կինն է՝ Շողերինա Մկրտչյանը։

2015 թվականի վերջի դրությամբ նա հայտարարագրել է 3.7 մլրդ դրամ և 8.3 մլն դոլար։ Դոլարային արտահայտությամբ՝ Ս. Ալեքսանյանի կնոջ դրամական միջոցները կազմել են շուրջ 16 մլն դոլար։

 

Գումարն արտացոլում է դրամով և ԱՄՆ դոլարով հայտարարագրված միջոցների հանրագումարը։ Որպես հիմք վերցվել է դոլարի փոխարժեքը՝ 2015թ սկզբին և վերջին։ Աղբյուրը՝ պաշտոնատար անձի հայտարարագիր (կայք՝ ethics.am)

Ինչպես տեսնում եք՝ պատգամավորի կնոջ դրամական միջոցները նույնպես պակասել են. տարվա սկզբին նա ունեցել է 27 մլն դոլար։ Այսինքն՝ Սամվել Ալեքսանյանի և իր կնոջ դրամական միջոցները միասին նվազել են 11.2 մլն դոլարով (դոլարային արտահայտությամբ) կամ 5.11 մլրդ դրամով (դրամային արտահայտությամբ)։

Սակայն սա էլ դեռ ոչինչ չի նշանակում։ Այս դեպքում բաժնետոմսերի հետ գործ չունենք, որոնք կարող են 1 ժամում արժեզրկվել։ Խոսքը կոնկրետ փողի մասին է (բանկային հաշվին կամ կանխիկ)։ Ու եթե այդ փողի չափը 5.11 մլրդով նվազել է, ուրեմն դրան պետք է բացատրություն լինի։

Եվ այսպես, ինչի՞ վրա է ծախսվել այդ 5.11 մլրդ դրամը։

Սամվել Ալեքսանյանը 2015 թվականի ընթացքում ձեռք է բերել LEXUS LX 570 ավտոմեքենա՝ 48.5 մլն դրամով։ Սա, իհարկե, շատ քիչ է ընդհանուրի մեջ։

5.1 մլրդ դրամի բացատրությունը կարելի է գտնել պատգամավորի կնոջ հայտարարագրում։ Շ. Մկրտչյանը տարվա ընթացքում ձեռք է բերել արտադրական նշանակության շինություն՝ 1.9 մլն դրամ արժեքով, հողամաս՝ 141.3 մլն դրամ արժեքով, ևս մեկ հողամաս՝ 1 մլրդ 987.3 մլն դրամ արժեքով։ Այսինքն՝ ամուսինները միասին 2015 թվականի ընթացքում ձեռք են բերել 2 մլրդ 179 մլն դրամի շարժական և անշարժ գույք։

Մնում է պարզել՝ ինչի վրա է ծախսվել մնացած 2 մլրդ 931 մլն դրամը։ Դա էլ է երևում հայտարարագրից։

Կա մի տող, որի վրա լրագրողները սովորաբար ուշադրություն չեն դարձնում։ Խոսքը վերաբերվում է փոխառություններին։ Վերջին տարիներին մեր պաշտոնյաները նախընտրում են իրենց գումարները ոչ թե քնեցնել, այլ պարտքով տալ՝ դրա դիմաց ստանալով համապատասխան տոկոսավճարներ։

Սամվել Ալեքսանյանի կինը այս առումով խոշոր փոխատու է։ 2015 թվականի սկզբին նա ունեցել է հանձնած փոխառություններ 6.5 մլրդ դրամի չափով։ Իսկ տարվա վերջին այդ թիվը դարձել է մոտ 9.6 մլրդ։ Այսինքն, նա 3.1 մլրդ դոլարով ավելացրել է հանձնած փոխառությունները։ 2.931 մլրդը վերցվել է առկա դրամական միջոցներից, մնացածը՝ տարվա ընթացքում ստացված եկամուտներից։

Ալեքսանյանի և նրա կնոջ եկամուտները  

ԱԺ պատգամավորն ու իր կինը 2015 թվականին ունեցել են ընդհանուպր առմամբ 334.7 մլն դրամի եկամուտ։ Այդ թվում՝ Ալեքսանյանն ինքը ունեցել է ընդամենը 16.2 մլն դրամի եկամուտ (6.2 մլն՝ աշխատավարձ, 8.8 մլն դրամի շահաբաժին և 1.2 մլն դրամ՝ վարձակալությունից)։ Այսինքն, եկամտի մեծ մասը ստացել է նրա կինը։

Ինչպես տեսնում եք՝ ամուսինների եկամտի ամենախոշոր աղբյուրը վարձակալությամբ տրված գույքն է՝ ավելի քան 126 մլն դրամ, և շահաբաժինները՝ 121 մլն դրամ։

Այսքանից հետո ինքներդ կարող եք որոշել՝ աղքատացե՞լ է Սամվել Ալեքսանյանը, թե՞ ոչ։ Ամեն դեպքում, հայտարարագրերը հակառակի մասին են վկայում։

Վերջում 2 հետաքրքիր հանգամանք նշենք։

Նախ, ինչպես նշեցինք, Ալեքսանյանի կինը խոշոր փոխատու է՝ ունի մոտ 9.6 մլրդ դրամի հանձնած փոխառություն։ Սակայն հայտարարագրում չի նշվել տոկոսային եկամուտ կամ հատուցում՝ այդ փոխառությունների դիմաց։ Ստացվում է՝ նրանք գումարը տվել են անտոկոս։

Չի բացառվում, որ փոխառությունների դիմաց ստացված եկամուտը նշվել է որպես քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտ (ինչը ճիշտ չէ): Սակայն եթե այդպես է, ապա նշանակում է` ամուսինները գումարը տվել են 1%-ից էլ պակաս տոկոսադրույքով՝ մի քանի միլիարդի դիմաց ստանալով ընդամենը 81 մլն դրամ։

Վերջին ուշագրավ հանգամանքը։ Սամվել Ալեքսանյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը բիզնեսով չի զբաղվում. բիզնեսը կառավարում է նրա կինը։ Հայտարարագրերը դա անուղղակիորեն ապացուցում են՝ հիմնական շարժը Ալեքսանյանի կնոջ հայտարարագրում է։ Իսկ այդպիսի խոշոր բիզնեսի ղեկավարը պետք է որ բավականին բարձր աշխատավարձ ստանա։  Սակայն Ալեքսանյանի կինը, ըստ իր կողմից լրացված հայտարարագրի, աշխատավարձ չի ստացել։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։