Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ակնկալվում է որոշ ապրանքների գնի միջինը 3 տոկոսով նվազում

Վերադարձ լուրերի բաժին

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում կստանա երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնալ մաքսատուրքերի ժամկետի երկարաձգման հնարավորություն: Հայաստանի նախնական հաշվարկներով՝ այս արտոնությունը 1 տարով երկարաձգելու պարագայում որոշ պարենային ապրանքաների և արդյունաբերական նշանակության ապրանքների գինը միջինում կնվազի մոտ 3 տոկոսով:

Այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Փոխնախարարը նախ հիշեցրեց, որ Հայաստանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ից անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, ստանձնեց որոշակի պարտավորություններ, միևնույն ժամանակ 2015-ի հունվարի 1-ից 5 տարով ձեռք բերեց նաև ներմուծման արտոնյալ մաքսատուրքեր՝ մի շարք սպառողական և արտադրական նշանակության ապրանքների գծով: Հակառակ պարագայում, մեկ միասնական եվրասիական տարածքի մաքսատուրքերին միանալու հետևանքով, կարող էին առաջանալ որոշակի դժվարություններ և թանկացումներ: Սակայն արտոնյալ ժամկետն ավարտվեց 2020 թվականի հունվարի 1-ին: «Իրականացված աշխատանքների արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ժամանակ երկրների ղեկավարների առաջին դեմքերի կողմից որոշում կայացվեց, որ ՀՀ-ի արտոնությունները, որոնք ավարտվում էին հունվարի 1-ին, 2020 թվականին ևս 1 տարով երկարեցվեն: Համանման որոշում կայացվեց նաև Ղրղզստանի համար»,-ասաց Սիմոնյանը:

Հայաստանը մինչև սա արտոնություն էր ստացել 930 ապրանքատեսակների մասով: Դրանցից 293-ը 87 ապրանքային խմբին դասվող տրանսպորտային միջոցներն են, որոնք սակայն չեն ընդգրկվել այս արձանագրության փոփոխության մեջ: Այսպիսով արտոնությունների երկարաձգումը մեկ տարով չի ենթադրում, որ տրանսպորտային միջոցները կունենան նույն արտոնությունները: Ընդհանուր առմամբ, 647 ապրանքատեսակի համար ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի ևս մեկ տարով: «Այդ ապրանքային խմբերն են ընտանի թռչնի միսը, կարագը, սառեցված խոշոր եղջերավոր անասունի միսը, արևածաղկի ձեթը, մարգարինը: Դրանք սպառողական զամբյուղի ապրանքներն են, սոցիալական և արտադրական նշանակություն ունեցող: Մեր նախնական հաշվարկներով՝ այս արտոնությունը մեկ տարով երկարաձգելու պարագայում որոշ պարենային ապրանքների և արդյունաբերական նշանակության ապրանքների գինը միջինում կնվազի մոտ 3 տոկոսով: Եվ Հայաստանի տնտեսավարողներն առնվազն կտնտեսեն մոտ նախնական հաշվարկով 30 մլն ԱՄՆ դոլար»,-ասաց փոխնախարարը: Նա նկատեց՝ երկարաձգումը թույլ կտա տնտեսավարողներն այն ռեսուրսը, որը պետք է վճարեին որպես մաքսատուրք՝ արդեն իսկ ավելացված ձևով, ուղղեն իրենց բիզնեսի զարգացմանը՝ այն էլ այս կորոնավիրուսային ծանր պայմաններում: Նախնական հաշվարկով 30 մլն-ից ընդամենը 1.22 տոկոսն էր գնալու պետբյուջե:

Արձանագրությունը տարածվելու է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: Այս պահին քննարկումներ են ընթանում, թե ինչ վարչարարություն և ինչ մեխանիզմներ կիրառվեն: Սիմոնյանը նաև նկատեց, որ երբ դեռ արտոնությունը երկարաձգելու հարցը չկար, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019-ի հոկտեմբերին հրապարակել էր փաստաթուղթ՝ 2020 թվականին հունվարի 1-ից մաքսատուրքերի բարձրացման հետևանքով հնարավոր թանկացումների վերաբերյալ: Վերլուծական աշխատանքները ցույց էին տվել, որ այդ թանկացումները կարող էին տատանվել 0.5-0.6 տոկոսային կետով: Փոխնախարարը նկատեց, որ մաքսատուրքերի ավելացումը ոչ մեծ ազդեցություն էր ունենում գների թանկացման վրա, քանի որ այդ արտոնյալ 5 տարին տնտեսավարողներին թույլ էր տվել ձևավորվել այնպիսի արտադրություն և արդյունաբերություն, որ ապահովեն ներքին սպառումը, բացի այդ Հայաստանը ազատ առևտրի համաձայնագրեր ունի մի շարք երկրների հետ, որտեղից ներմուծում է անում:
Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը:

Ռուսաստանը բացել է սահմանը ԵԱՏՄ երկրների մեծամասնության համար

Հայաստանի մասով այսպիսի որոշումը հավանաբար պայամանավորված է կորոնավիրուսի տարածման առկա իրավիճակով։