Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ակնկալվող ներդրումների արդյունքում տնտեսական աճի հնարավորությունները շատ ավելին են, քան 3.2%-ը». Հովհաննես Ազիզյան

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

18:15 , 01 Մարտ 2017

Որքան օտարերկրյա ներդրումներ կլինեն Հայաստանում 2017-ին, որ ոլորտներում, ինչ կտա դա Հայաստանին։ Այս և ներդրումներին վերաբերող այլ հարցերի շուրջ B4B.am-ը զրուցել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի հետ։

Պրն Ազիզյան, վերջերս գործարկվեց ներդրումային ծրագրերի InvestmentProjects.am կայքը, որտեղ ներկայացված են մի քանի տասնյակ ներդրումային ծրագրեր։ Կասե՞ք՝ որքանով էր դա կարևոր և գործնականում ի՞նչ խնդիր է լուծելու։

– Այդ կայքի ստեղծումը շատ կարևոր նախաձեռնություն էր, որովհետև դրա միջոցով մենք կամուրջի դեր ենք կատարում ներդրողներին և ծրագրերի հեղինակների միջև։ Այնտեղ ներկայացված են ինչպես նախարարությունների և տարբեր այլ գերատեսչությունների կողմից կողմից մշակված, այնպես էլ  բիզնես հատվածի կողմից ներկայացված ներդրումային ծրագրերը։ Սրանք այն ծրագրերն են, որոնք դեռևս ֆինանսավորման կարիք ունեն, և ֆինանսական աղբյուրըները դեռևս հստակեցված չեն: Կայքը հետաքրքրվողներին կամ  ներդրողներին հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե ինչպիսի ծրագրեր կան Հայաստանում, նաև ուղղվածությունը հասկանալ, քանի առանձին ներդրումային ծրագիրը նաև ընդհանուր պատկերացում է տալիս տվյալ ոլորտի գրավչության մասին։

Կարճ ասած՝ հուշում եք, թե որտեղ կարելի է փող ներդնել։

– Այո։ Մեր հիմնական նպատակն է՝ մի կողմից իրազեկել ներդրողներին առկա ծրագրի վերաբերյալ, մյուս կողմից՝ մեր մասնավոր հատվածին, տարբեր այլ շահագրգիռ մարմիններին, կամ, ինչու ոչ, ՀԿ-ներին, որոնք ներկայացնում են տարբեր միություններ, մշակել ծրագրեր կամ ունեցած ծրագրերը տրամադրել մեզ, որ տեղադրենք մեր կայքում և փորձենք ֆինանսավորում գտնել:

Նշեցիք, որ կան և՛ պետական գերատեսչությունների կողմից մշակված, և՛ գործարար հատվածի կողմից ներկայացված ծրագրեր։ Իսկ համամասնությունը ինչպիսի՞ն է, քանի՞ տոկոսն է բաժին ընկնում գործարար հատվածին։

– Ներդրումային ծրագրերի մոտ 60 տոկոսը մասնավոր սեկտորից եկած ծրագրերն են, 40 տոկոսը՝ գերատեսչությունների կողմից մշակված ծրագրերն նտ վերաբերվում: Օրինակ, էներգետիկայի ոլորտում հիմնական ծրագրերը նախարարության կամ պետական մարմինների մշակած ծրագրեր են:

Դեռևս 2016թ. նոյեմբերից մենք հայտարարեցինք, որ ծրագրեր ենք հավաքագրում։ Բիզնես հատվածից մոտ 40 ծրագիր ստացանք (չհաշված մարզային ծրագրերը), որոնիցից 20-ը մշակվել են և այժմ տեղադրված են կայքում։ Այս պահին նույնպես ստանում ենք ծրագրեր և  նախնական վերլուծություն ենք կատարում։ Միևնույն ժամանակ, շարունակում ենք աշխատել արդեն կայքում տեղ գիած բիզնես հատվածի ծրագրերի հեղինակների հետ։

– Դրանք արդեն մշակված և վերջնական տեսքով ներկայացված չե՞ն։

– Ներկայացված են, սակայն որոշ ծրագրերի դեպքում դեռ աշխատանք ունենք անելու։  Որովհետև կան ծրագրեր, որ ընդհանուր գաղափարը լավն է, սակայն ծրագիրը Հայաստանում կարող է չաշխատել՝ մեծության պատճառով։ Որպես օրինակ կարող եմ նշել 500 հիվանդատեղ ունեցող բժշկական կենտրոնի կառուցման ծրագիրը։ Այդտեղ խոսքը  750 միլիոն դոլարի մասին է, այսինքն՝ մեկ հիվանդատեղի հաշվով 1.5 մլն դոլարի ներդրում է ենթադրում։ Հեղինակը ամերիկահայ ներդրող է և ծրագիրը բավականին հիմնավորված է՝ ներկայացված հաշվարկների տեսակետից։ Սակայն թերևս ավելի ճիշտ կլինի այդ գումարը վերանայել, ներդրման չափը նվազեցնել, որպեսզի ծրագիրն ավելի իրատեսական լինի:

– Այդ ծրագրի հեղինակը ինքը պատրա՞ստ է սեփական միջոցները ներդնել։

– Այո, ինքը պատրաստ է 100 միլիոն դոլարի ներդրում կատարել՝ ծրագրի արժեքի 15 տոկոսի չափով։ Մենք այժմ նրա հետ քննարկում ենք ծրագիրը փուլային տարբերակով իրականացնելու հնարավորությունը։ Այսինքն՝ սկսել ավելի փոքր գումարից, որ այլ ներդրողների էլ կարողանանք ներգրավել։ Նորից կրկնեմ, թեպետ հաշվարկների տեսակետից հիմնավորված ծրագիր է, հեղինակն էլ հիմնավորում է, որ բժշկական ծառայությունները նշված գնով հնարավոր կլինի իրացնել, ամեն դեպքում Հայաստանի համար լրացուցիչ 750 միլիոն դոլար բավականին բարդ է ներկայացնելը:

– Խոշոր ծրագրերից մեկն էլ պղնձաձուլական գործարանի կառուցումն էր։

– Այո, դա 450 միլիոն դոլարի ներդրում պահանջող ծրագիր է։ Արդեն իսկ հետաքրքրություն կա չինական մի ընկերության կողմից և ներկայումս քննարկումներ են ընթանում, մասնավորապես, պետություն-մասնավոր համագործակցության հնարավորությունների առումով:

Իսկ կայքի, այնտեղ ներկայացված ծրագրերի նկատմամբ հետաքրքրություն կա՞, արձագանքներ և առաջարկներ ստացե՞լ եք։

– Այո, կայքի պաշտոնական բացման առաջին օրն ունեցել ենք 10 հազար այցելություն։ Այժմ օրական 1000 այցելություն  ունենք, որը լավ ցուցանիշ է: Այցելությունների 30%-ը Հայաստանից է, 70%-ը՝ օտարերկրյա տարբեր երկրներից։ Կան, իհարկե, ներկայացված ծրագրերով հետաքրքրվող, աշխատում ենք և պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին։  Մյուս կողմից, ստանում ենք նաև նոր ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ, քանի որ կայքը ծրագիրը օնլայն ներկայացնելու հնարավորություն է տալիս։ Ընտրում ենք հետաքրքիր և իրատեսական ծրագրերը և հեղինակների հետ աշխատում ենք, որ այն մշակվի, բիզնես-պլանի տեսք ստանա և ներկայացվի կայքում։ Նման մեկ ծրագիր արդեն ավելացվել է, ևս 3-ը շուտով կավելանան։

– Պրն Ազիզյան, ներդրումային այս ծրագրերի մասով վերջին շրջանում տեղեկատվությունն այնքան շատ է, որ մի տեսակ շփոթ է առաջացել։ Մի կողմից այս կայքը, մյուս կողմից՝ վարչապետի հայտարարած 840 մլն դոլարի ներդրումները, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից հայտարարված 460 մլն դոլարը, մարզային ծրագրերը և այլն։ Կպարզաբանե՞ք՝ ի վերջո որը որի մաս է կազմում, որի հետ կապ ունի և ի վերջո ինչ ծավալի ներդրումներ են ակնկալվում այս տարի։

– Ուրախ եմ, որ այդ հարցը տալիս եք, որովհետև իրոք պարզաբանման կարիք կա։

Սկսեմ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ծրագրերից։ Հայտարարված 53 ծրագրերը՝ 460 մլն դոլար ներդրմամբ, պետական տարբեր գործիքներով աջակցություն ստացած այն ծրագրերն են, որոնց դեպքում արդեն հստակեցված են և՛ ներդրողները, և՛ ֆինանսական միջոցները: Դրանք իրականացվելու են 2017 թ., արդեն ընթացքի մեջ են և այդ մասին ինֆորմացիան ներդրումների կայքում տեղադրելու անհրաժեշտություն չկա։ Ավելին ասեմ, այդ 53 ծրագրերին ավելացել են ևս 4-ը։

Վարչապետի հայտարարած 840 մլն դոլար ներդրումային ծրագրերի մասին նշեմ։ Դրանց մի մասը՝ 460 մլն դոլարը, իմ նշած, մեր նախարարության հայտարարած ծրագրերն են։ Մյուս մասը, որոնց մեջ ներառված են որոշակի վարկային միջոցներով և դրամաշնորհներով իրականացվող ծրագրեր, նույնպես հստակեցված են և արդեն իսկ իրականացվում են:

Այս ամենին զուգահեռ վարչապետի մոտ քննարկվում են նաև մարզային ծրագրերը, որոնք ներկայացվել են մարզեր այցելությունների ընթացքում։ Դրանք դեռևս ներառված չեն հրապարակված թվերի մեջ։ Վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ ծրագրերից որոշակի մասը կֆինանսավորեն կամ ուրիշ տեսակի աջակցություն կստանան։ Այստեղ ուզում եմ նշել, որ մարզային ծրագրերը ոչ միայն ֆինանսավորման խնդիր ունեն: Կան ծրագրեր, որոնք ենթադրում են հողերի հատկացում, կարգավորումներ՝ հատկացվող հողերի կատեգորիան փոփոխելու իմաստով և այլն: Այսինքն, գործ ունենք ոչ միայն ֆինանսական, այլ նաև ուրիշ գործիքներով աջակցության տարբերակների հետ: 11 ծրագիր արդեն իսկ աջակցություն է ստացել, այդ գործընթացը սկսել ենք, և կարծում եմ, որ առաջիկա քննարկումների արդյունքում դրանց թիվը կավելանա:

Իսկ InvestmentProjects.am կայքում ներկայացված ծրագրերը սրանց հետ կապ չունեն։

– Խոստացված ներդրումները՝ այդ 840 մլն դոլարը, ամբողջությամբ այս տարվա ընթացքո՞ւմ են կատարվելու, թե՞ դրանք մի քանի տարվա տևողությամբ ծրագրերի ընդհանուր արժեքն է և ներդրումները փուլ առ փուլ են լինելու։

– Ոչ, նշված գումարը ներդրվելու է հենց 2017 թվականի ընթացքում։ Իհարկե, կան ծրագրեր, որ ավելի մեծ են և երկարաժամկետ, սակայն հայտարարությունների մեջ մենք ֆիքսել ենք, թե կոնկրետ 2017 թվականին այդ ծրագրերից որ մասն է իրականացվելու, որքան ներդրումներ են լինելու, քանի աշխատատեղ է ստեղծվելու:

Եթե հաջողվի ներդրումների նշված հոսքը ապահովել, ինչպե՞ս դա կազդի Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի վրա։

– Ընդհանուր առմամբ, մեր գնահատականներով, յուրաքանչյուր 100 միլիոն դոլար ներդրումը բերելու է 1 տոկոս տնտեսական աճ:

Այսինքն, եթե խոսքը 800 մլն դոլարից ավելի ներդրումների մասին է, ապա կարո՞ղ ենք 8% տնտեսական աճ ակնկալել 2017-ին։

– Այստեղ պետք է նկատի ունենալ, որ խոսքը զուտ ներդրումային հոսքերի մասին է, պետք  հաշվի առնել նաև ներդրումների արտահոսքի հանգամանքը։ Օրինակ, եթե օտարերկրյա ներդրողը տեղական ընկերությունում ունեցած իր բաժնեմասը վաճառի տեղական ներդրողի, ապա դա ներդրումային վիճակագրության մեջ կֆիքսվի բացասական նշանով։ Զուտ ներդրումները ցույց են տալիս, թե մարումները հանած՝ իրականում որքան ներդրում է կատարվել։ Իմ նշած 1% տնտեսական աճի ազդեցությունը վերաբերում է զուտ ներդրումներին։

Մի կարևոր հանգամանք էլ նշեմ։ 840 մլն դոլարի ներդրումները միայն այն ներդրումային ծրագրերն են, որոնք պետության աջակցության, պետության խորհրդատվության կամ գործիքակազմի աջակցությամբ են իրականացվելու։ Կան նաև շատ այլ ներդրումային ծրագրեր, որոնց ներդրողները չեն դիմել պետությանը՝ աջակցության համար, պետությունը տեղյակ էլ չի դրանց մասին։ Ինչպես նախարարն է ասել, այս ներդրումային ծրագրերը հնարավորություն են տալու առնվազն ապահովել նախատեսված 3.2% տնտեսական աճը։ Այսինքն, մեր կարծիքով, տնտեսական աճի հնարավորությունները շատ ավելին են, քան մեր ֆիքսածը։ Ու 2017 թվականի առաջին ամսվա տվյալները հույս են տալիս որ արդեն իրականացվող ներդրումային ծրագրերը հնարավորություն են տալիս ապահովել 3.2%-ից բարձր աճ։

Պրն Ազիզյան, սակայն շատերը նշում են, որ ներդրումների մասով դեռ գործ ունենք միայն հայտարարությունների և խոստումների հետ և գործնականում ոչինչ չի արվել։

– Այս 53 ծրագրերից մի մասն արդեն մեկնարկել են։ Մենք ընդհանրապես եռամսյակային մոնիթորինգ ենք անում, սակայն օպերատիվ տվյալներով կարող եմ հստակ ասել, որ արդեն ստեղծված են 650 աշխատատեղ՝ թեթև արդյունաբերության և ջերմոցային տնտեսության ոլորտներում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։