Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ալեքս Գրիգն» անցնում է պատմության գիրկը

Վերադարձ լուրերի բաժին

18:21 , 17 Ապրիլ 2017

ՀՀ խոշորագույն հարկատու ընկերություններից մեկը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն, որի մեջ էին մտնում «Yerevan City» սուպերմարկետների ցանցն ու Ախուրյանի շաքարի գործարանը, ըստ ամենայնի, մոտ ապագայում այլևս չի լինի։

Ճիշտ է, ՀՀ պետական ռեգիստրի կայքում ընկերության համար նշված է, որ լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեության (գոյության) դադարման մասին պետական միասնական գրանցամատյանում տեղեկություններ գրառված չեն, սակայն նման տեղեկություն կարելի է գտնել ՊԵԿ հարկային ծառայության կայքում։

Այսպես, ՊԵԿ կայքի՝ ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգ բաժնում «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ով փնտրում կատարելիս հայտնվում է գրառում, որ ընկերության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։

Alex1

«Ալեքս Գրիգի» հեռանալու մասին անուղղակի վկայություն կարելի է գտնել նաև Զինծառայողների ապահոգագրության հիմնադրամի պաշտոնական կայքում։ Եթե ընկերությունը 2017թ. հունվարի համար այս հիմնադրամին վճարել էր ավելի քան 2 մլն դրամ, ապա մարտ ամսվա համար վճարել է ընդամենը 19 հազար դրամ։ Ու քանի որ վճարման չափը կախված է աշխատողների քանակից, կարող ենք ենթադրել, որ «Ալեքս Գրիգն» ազատվել է աշխատողներից։

Հիշեցնենք, որ 2016 թվականի արդյունքներով՝ «Ալեքս Գրիգը» հանրապետության 5-րդ խոշոր հարկատուն էր՝ պետբյուջե վճարված մոտ 15 մլրդ դրամ հարկերով։

Սակայն սա չի նշանակում, որ Սամվել Ալեքսանյանի բիզնես կայսրությունը փլուզվում է, «Yerevan City»-ները փակվում են կամ անցնում մեկ այլ սեփականատիրոջ, աշխատողներն էլ աշխատատեղերն էլ փակվում են։ Ըստ ամենայնի, գործ ունենք զուտ տեխնիկական ձևակերպման հետ։

Հիշեցնենք, որ «Yerevan City»-ներն ու Ալեքսանյանին պատկանող մյուս բիզնեսները 2000-ականներին մտնում էին «Սալեքս Գրուփ» ընկերության մեջ։ Հետագայում դրա գործունությունը դադարեցվեց և «Yerevan City»-ները մտան 2007 թվականին գրանցված «Ալեքս Գրիգի» մեջ։

«Ալեքս Գրիգն» արդեն 10 տարի է գործում է, և ըստ երևույթին՝ սեփականատերերը որոշել են, որ եկել է այս ընկերությանը վաստակած հանգստի ուղարկելու ժամանակը։ Նրա փոխարեն կգա նոր ընկերություն։

Իսկ ո՞ր ընկերությունը կփոխարինի «Ալեքս Գրիգին»։ Չի բացառվում, որ ստեղծվի լրիվ նոր իրավաբանական անձ։ Սակայն ավելի հավանական է, որ Ալեքսանյանի բիզնեսներով կսկսի զբաղվել արդեն գոյությություն ունեցող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը։

«Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ն գրանցվել է 2016 թվականի օգոստոսին։ Ընկերությունը 1 տարվա պատմություն էլ չունի, սակայն 2016 թվականի տարեկան արդյունքներով հասցրել է վճարել ավելի քան 1.2 մլրդ դրամի հարկ և զբաղեցնել ՀՀ խոշոր հարկատուների ցանկի 108-րդ հորիզոնականը։ Ավելին, մի քանի ամիս առաջ գրանցված այս ընկերությունն ունի ավելի քան 3600 աշխատող։

Գրեթե համոզված կարելի է պնդել, որ այս բոլոր իրողությունների անուղղակի վկայությունը հնարավոր կլինի գտնել 2017 թվականի առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկում։ Ամենահավանական տարբերակն այն է, որ «Ալեքս Գրիգը» այդ ցանկի 5-րդ տեղից նահանջած կլինի ցածր հորիզոնականներ, իսկ նրա փոխարեն ցանկի առաջատարների մեջ կհայտնվի «Ալեքս հոլդինգը»։

Այնպես որ, ՀՀ տնտեսական անցուդարձով հետաքրքրվողները պետք է պատշաճ ուշադրություն դարձնեն «Ալեքս հոլդինգին»՝ չմոռանալով, իհարկե, դրա «նախնիներին»՝ «Ալեքս Գրիգին» և «Սալեքս Գրուփին»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է