Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ազգային պետություն:
Ազգային տնտեսություն

կամ`

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը

Այստեղ չկան աղյուսակներ, թվեր, ցուցանիշներ, բանաձևեր, գծապատկերներ, փորձարկման տվյալներ, հղումներ, և այլն:
Սա գիտական հոդված չէ…

Հնարավորինս պարզեցված ընդհանրացումներ և մոտեցումներ են:

Մարդկության ողջ պատմությունը ուղեկցվել է արդյունավետ տնտեսության մոդելի փնտրտուքով:

Մարդ էակն իր գոյության առաջին իսկ օրվանից ձգտել է բավարարել իր ֆիզիկական և հոգևոր պահանջները: Դրա համար նա միշտ պատրաստ է եղել գործադրել իր ֆիզիկական և մտավոր ունակությունները: Միևնույն ժամանակ` դրա իրագործումը ուղեկցվել է այդ նպատակին հասնելու համար գործադրվող ջանքերի և էներգիայի (ֆիզիկական և մտավոր) հնարավորինս նվազ ծախսով առավել արդյունք ստանալու բնատուր և մարդ էակին բնորոշ ձգտմամբ:

Այսինքն` ի սկզբանե մարդ էակի մեջ դրված է հնարավորինս նվազ ջանքերով առավելագույն արդյունքի հասնելու աստվածատուր հատկությունը:

Ասել է թե` արդյունավետ լինելու մղումը ծնվել է մարդ էակի հետ, և ուղեկցում է նրան իր ամբողջ գոյության ընթացքում: Ասել է թե` մարդու կողմից կազմակերպած տնտեսությունը բնականորեն ուղեկցվել է, և ուղեկցվում է առավել արդյունավետ դարձնելու ձգտմամբ:

Ըստ պատմագետների ու սոցիոլոգների առաջին փուլում մարդկությունը բավարարել է իր պահանջմունքները, այսինքն` վարել է իր տնտեսությունը որսորդությամբ, երկրորդ փուլում` գյուղատնտեսությամբ ու արհեստագործությամբ, իսկ հետագայում` աստիճանաբար այդ պահանջմունքների բավարարման միջոցներ ու գործիքներ են դարձել մեքենաներն ու սարքերը: Ի միջ այլոց` տնտեսական հեղափոխությունները սրանք են:

Այ հենց հետագայում էլ սկսվում է պահանջմունքները բավարարելուն ուղղված մարդկային աշխատանքի (ֆիզիկական ու մտավոր ունակությունների նպատակադրված գործադրման) առավել արդյունավետ կազմակերպմանը հասնելու ավելի արագ, լարված, բուռն, հնարավորինս գիտակցված, նաև` գիտականորեն հիմնավորելու դարաշրջանը:

Այս ծայրահեղ պարզունակ նախաբանից հետո կարելի է պնդել, որ որքան էլ փորձենք բարդացնել ու խճողել «տնտեսություն» հասկացության բուն նպատակն ու իմաստը, այն եղել, և մնում է` մարդու կողմից իր և իր հաջորդ սերունդների կենսական պահանջները բավարարելու և կենսագործունեությունը ապահովելու միջոց, և ոչ ավելին:

Հետևում է մի շատ պարզ հարց`
Իսկ ինչպե՞ս վարել տնտեսությունը, ինչպե՞ս կազմակերպել այն, որպեսզի այն լինի արդյունավետ, արդյո՞ք կա որևէ ունիվերսալ լուծում, մոդել, «դեղամիջոց»:
Անթիվ, անհամար ուսումնասիրություններ և մեկը մյուսից արժեքավոր գիտական աշխատություններ կան, սակայն վերջնական և բոլորի համար ընդունելի և հասկանալի սպառիչ պատասխան կարծես թե չկա, որովհետև առկա չէ տնտեսագիտության ամենագլխավոր հարցի սպառիչ ու հիմնավոր պատասխանը` իսկ ո՞րն է արդյունավետության չափանիշը: Տնտեսագիտության հարցերի հարցը այդպես էլ մնում է անպատասխան:

«Տնտեսագիտությունը` մաթեմատիկա չէ…»

Ամբողջ աշխարհը և բոլոր երկրները առանձին առանձին ձգտում են գտնել տնտեսության ինչ որ մի ունիվերսալ արդյունավետ մոդել, որն անշեղորեն ամենուրեք կապահովի մարդու բոլոր կենսական պահանջները և կերաշխավորի հաջորդ սերունդների կայուն զարգացումը:
Ի թիվս այլ պատճառների, սա նույնպես դրդել է, որպեսզի անընդհատ, անդադար, դարերի ընթացքում փոփոխվեն հասարակարգեր, քաղաքական համակարգեր, տնտեսական քաղաքականություններ, քաղաքական ղեկավարություններ, և լինեն պատերազմներ, հեղափոխություններ ու հեղաշրջումներ: Դրան զուգահեռ` տնտեսագիտական միտքը նույնպես չի դադարում արդյունավետ ունիվերսալ տնտեսության մոդելի փնտրտուքը: Ստեղծվում և տարածվում են նոր գաղափարներ, գաղափարախոսություններ, մոդելներ, շարքեր, գործակիցներ, պարզ ու բարդ բանաձևեր, ցուցանիշներ ու ցուցիչներ, վարկանիշներ ու համեմատություններ: Դարեր շարունակ իրականում շատ արժեքավոր, բացառիկ գիտական աշխատություններ են գրվել, բացառիկ հայտնագործություններ են արվել:

Իրոք` այս հրաշք գիտությունն այսօր էլ հարստանում է նոր գաղափարներով, մտքերով, մոտեցումներով: Նույնիսկ գերհզոր պետությունները այդպիսի մոդելների ու մոտեցումների կիրառման փորձարկումներ են կատարել առավել թույլ զարգացած շատ երկրներում, և երբեմն հաջողել են:

Այդուհանդերձ, դեռևս գոյություն չունի որևէ մի ունիվերսալ ցուցիչ, ցուցանիշ, մի պարզ, կամ բարդ մաթեմատիկական բանաձև, մի գործակից, կամ` ինչ որ մի հստակ գիտականորեն հիմնավորված ձևակերպում, որը վերջնական կսահմանի, թե` ինչպես չափել արդյունավետությունը: Այսինքն` ո՞րն է այն միակ ցուցանիշը (կամ թեկուզ մի քանիսը) որը կարելի է համարել, և հիմնավորված ընդունել, որպես արդյունավետության չափանիշ, ինչպես հաշվել այն: Հայտնի է, որ` ընդհանուր պարզագույն սահմանումը հետևյալն է` հնարավորինս նվազ ծախսով (ռեսուրսների, միջոցների, ֆիզիկական և մտավոր էներգիայի) առավելագույն արդյունքի հասնելն է արդյունավետությունը: Ըստ որում` շատ կարևոր է տարանջատել արդյունավետությունը երկրի կտրվածքով, և արդյունավետությունը` տնտեսության ճյուղի, կամ` մեկ տնտեսական միավորի կտրվածքով:

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ընդգծել, որ համարյա բոլոր տեսական մոտեցումների, մոդելների, բանաձևերի, գործակիցների, վարկանիշների, համեմատությունների մեջ հիմնականում անտեսվել է մարդ էակի բուն էությունը:

Նշվածը չի վերաբերվում տնտեսությունը արդյունավետ վարելու մարդու վերը նշված բնատուր ձգտմանը, այլ առավելապես վերաբերվում է` մշակութաբանական, ազգային, պատմականորեն ձևավորված առանձնահատկություններին:

Այնքան է այդ բանաձևերում ու մոդելներում ամեն ինչ «հեռացել» մարդուց, մարդ էակից, այնքան է մոռացվել մարդը` իր էությամբ, որ տնտեսագիտության մեջ փաստորեն, գործնականում մեծամասամբ հաշվի չի առնվում այդ նույն տնտեսությունը կազմակերպողի, կարգավորողի, կառավարողի, արդյունք ստեղծողի և բաշխողի ներքին բնույթը, տեսակը. այն է` ազգությունը, պատմությունը, մշակույթը, կրոնը, ազգային առանձնահատկությունները, նաև ամենակարևորը` էթնիկ հոգեբանությունը, դրանցից բխող և դրանցով կանխորոշվող գործողությունների յուրահատկությունները: Այսինքն` այն վարքագիծը, որը որոշ դեպքերում համընկնում, որոշ դեպքերում` սահմանափակում, իսկ որոշ դեպքերում ընդլայնում է այս կամ այն տնտեսական, կամ իրավական համակարգի գործնական կիրառումը:

Արդյո՞ք դրանք ոչ մի ազդեցություն չունեն առանձին վերցրած մեկ երկրի ( մանավանդ ազգային պետություն հանդիսացող ), տնտեսության զարգացման հեռանկարների կանխորոշման, տնտեսությունը վարելու, տնտեսական հարաբերությունները կարգավորելու, մարդու աշխատանքը կազմակերպելու, և ընդհանրապես` արդյունք ստեղծելու և այն բաշխելու ընթացքում ծագող բոլոր այն հարաբերությունների վրա, որոնք բնորոշում և ուղղորդում են տնտեսվարման ամբողջ ընթացքը:

Իսկ մի գուցե տնտեսագիտության մեջ հենց մարդու տեսակի, ազգի, ցեղի յուրահատկությունները հաշվից դուրս թողնե՞լն է պատճառը, որ մի քանի հարյուրամյակ է չի գտնվում այդ «չարաբաստիկ» արդյունավետ ունիվերսալ տնտեսության մոդելը:
Կամ մի գուցե այն (տնտեսության ունիվերսալ մոդելը) պետք չէ՞… և չարժե այլևս փնտրել:

Չի բացառվում, որ վերջինս էլ, այսինքն` ազգային առանձնահատկությունների և էթնիկ հոգեբանության հաշվից դուրս թողնելն է, որ ստիպել և հանգեցրել է արհեստական բանականության ստեղծման ու լայնորեն կիրառման օրակարգին, և ոչ միայն դրան: Սակայն նույնիսկ այս գաղափարի գործնական լայնորեն կիրառման պարագայում հնարավոր չի լինի խուսափել էթնիկ ազդեցություններից և մարդկային գործոնից: Հավանաբար այդ ազդեցությունից հնարավոր կլինի խուսաբել միայն այն դեպքում, երբ մարդու կողմից ստեղծված որևէ «մեքենա» ի զորու կլինի ստեղծել իրենից ավելի կատարյալ մի «մեքենա», բայց արդեն ինքնուրույն` առանց մարդու միջամտության: Սակայն նշված դեպքում կսկսվի արդեն ընդհանրապես մարդկության գոյությունը կասկածի տակ դնելու փուլը: Կարճ ասած, դա` կլինի մարդկության վերջի սկիզբը:

Այնուամենայնիվ, կա մի շերտ, որը համոզված է, որ նշված էթնիկ գործոնները անտեսելով, և տնտեսությունը վարող գլխավոր դերակատարի, այսինքն` մարդ էակի վրա զուտ արտաքին գործոնների ազդեցությամբ (բարոյական, տնտեսական և իրավական նորմերի կիրառմամբ) հնարավոր կլինի հասնել նաև` ունիվերսալ, միատիպ մարդու արարմանը:

Գուցե հենց ա՞յս նպատակի իրագործմանն են ուղղված եղել դեռևս Մակեդոնացու ժամանակից սկսված և 20-րդ դարի սկզբից լայն թափ ստացած «…ազգերի միջև պատնեշները վերացնելուն…» ուղղված Լենինյան ջանքերը: Չէ՞ որ հենց այդ ժամանակ ըստ էության ազդարարվեց գլոբալիզացիայի առավել բուռն դարաշրջանի սկիզբը:

Այսպիսով, վերոնշյալը հաշվի առնելով` առանձին վերցրած երկրի (մանավանդ ազգային ընդգծված մեծամասնություն ունեցող) տնտեսության կազմակերպման համար որևէ առավել նպատակահարմար մոդել կիրառելու խնդրի լուծման տրամաբանական և ընդհանրական երկու մոտեցում է առաջ գալիս:

Առաջին մոտեցումը.
քանի որ դեռևս հնարավոր չէ տնտեսական մոդելների մեջ ներառել և հաշվարկել էթնիկ յուրահատկության գործոնը, ( տարբեր տնտեսա-մաթեմատիկական մոդելների մեջ կիրառվող նույնիսկ էմպիրիկ գործակիցը շատ սուբյեկտիվ է ), ապա` պետք է աշխարհով մեկ ստեղծել մի ունիվերսալ մարդու մոդել` առանց ազգային, մշակութային, լեզվական, արժեքային և էթնիկ հոգեբանական առանձնահատկությունների և տարբերությունների: Այլ կերպ ասած` թվայնացված, ամբողջովին ռոբոտացված, արհեստական պարզագույն կենսաբանական անհոգի միավորների բազմություն: Բնական է, որ միայն այդ դեպքում տեսանելի կլինի տնտեսության կազմակերպման, կարգավորման ու կառավարման այնպիսի միատեսակ բանաձևումը, որի դեպքում գլխավոր գործող անձի, գլխավոր արդյունք ստեղծողի, այսինքն մարդու` ներքին, ազգային առանձնահատկություններից բխող հատկանիշները այլևս ոչ մի ազդեցություն չեն ունենա նրա վարքագծի, հետևաբար, նաև տնտեսական արդյունքի վրա: Մոդելավորելը կդառնա շատ դյուրին գործ:

Երկրորդ մոտեցումը.
Այնուամենայնիվ` տնտեսագիտական մոդելները, մոտեցումները տեղայնացնել` հաշվի առնելով, համադրելով, ադապտացնելով ու ներդաշնակեցնելով վերը նշված առանձնահատկությունների հետ:

Ստացվում է, որ առկա է երկու ուղի.

Առաջին`
Բոլոր երկրները, հատկապես ազգային պետությունները հրաժարվում են իրենց պատմությունից, մշակույթից, լեզվից, կրոնից, մնացած ազգային արժեքներից և միանում են «ունիվերսալ մարդ» ստանալու համաշխարհային «շարժմանը», և հայտնի չէ, թե երբ են սկսում զարգանալ առաջարկվող մոդելներով ու մաթեմատիկական բանաձևերով;
Երկրորդ`
Պահպանում են արժեքները, և ընտրում են իրենց ուրույն զարգացման ուղին, օգտվելով այդ նույն` արդեն փորձարկված տնտեսագիտության բավականին հարուստ ռեսուրսից:

Ցանկացած բանական և գիտակից մարդու պատասխանը պիտի որ միարժեք լինի, այն է` պահպանում ենք ազգը և փորձում ենք տնտեսապես զարգանալ:

Առանց մանրամասնելու պետք է նշել, որ ասվածին կարող են և հակադրվել, հատկապես նրանք, ովքեր ներքուստ դեմ են` ազգ, պետություն, հայրենիք, լեզու, կրոն, ազգային մշակույթ, բարոյականություն, և վերջապես` էթնիկ հոգեբանություն ասածին: Նրանց, չափազանց մեղմ և պայմանական անվանենք «մոդելապաշտներ»:
Այժմ մի քանի հռետորական հարց բոլոր «մոդելապաշտներին».
հնարավո՞ր է առանձին վերցրած մեկ երկրում, մանավանդ եթե այն ազգային պետություն է, թեկուզ երկարաժամկետ կտրվածքով կազմակերպել այնպիսի տնտեսություն, որի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա ազգային մշակույթը` լայն իմաստով, պատմությունը, կրոնը, և ամենակարևորը` էթնիկ հոգեբանությունը: Օրինակ` հնարավո՞ր է որ բացառապես միևնույն քաղաքական, սոցիալական, իրավական ու տնտեսական կարգավորման պայմաններում ( միևնույն սահմանադրական կարգի, հարկային, մաքսային, վարկային, ֆինանսական, բանկային, դատական, քաղաքացիական, քրեական, վարչական կարգավորումների, և այլն, և այլն, և այլն ) գործող մեքսիկացին և ճապոնացին միևնույն աշխատանքը կատարելիս դրսևորեն բացառապես միանման և իրարից իսպառ չտարբերվող վարքագիծ:

Եվ վերջապես` մի՞թե բոլոր ազգերը, մարդկային բոլոր ցեղերն ունեն միևնույն ունակությունները, նույն հակումները, նույն մոտեցումները բոլոր երևույթների և կատարվող աշխատանքի միևնույն տեսակի նկատմամբ:

Համոզված կարելի է պնդել, որ այս հարցերի պատասխանը միարժեք բացասական է: Զուտ տեսական առումով կարող են լինել նաև բացառություններ, բայց նույնիսկ դրա հավանականությունը` ձգտում է զրոյի:

Որպես մեջբերում, պարտադիր պետք է նշել, որ այսպիսի հարցադրումները` թաքնված, կամ անթաքույց չեն կարող ենթադրել մեկ ազգի` մյուսի նկատմամբ բացարձակ առավելության, կամ որևէ մի ազգի բոլոր առումներով բացառիկության ենթատեքստ` երբեք: Ճիշտ հակառակը` բոլորը բոլորի նկատմամբ հավանաբար ունեն` և’ առավելություններ, և’ թուլություններ:

Որպեսզի օրինակները ավելի պարզ մատուցվեն, անցնենք Հայաստանին: Բնականաբար` տնտեսագիտական տարրական վերլուծությունների աքսիոմատիկ պահանջն է` որոշել ցուցանիշներ, կատարել համեմատություններ, գործոնային վերլուծություններ, դետալային ու առանձնահատկային եզրահանգումներ, և այլն:

Դրան զուգահեռ, տարբեր քաղաքական, տնտեսական ու սոցիալական վերլուծությունների մեջ երբեմն հանդիպում են այնպիսի համեմատություններ, և դրանց վրա հիմնված ենթադրություններ ու եզրահանգումներ, որոնք ընդհանրապես համեմատվելու որևէ եզրեր չունեն և չեն կարող ունենալ: Որևէ մեկը կարո՞ղ է սպառիչ պատասխան տալ այն հարցին, թե ինչպես, և ինչու են համեմատում այս կամ այն երկրների տնտեսական ցուցանիշները այն դեպքում, երբ այդ երկրները իրարից տարբերվում ոչ միայն իրենց տնտեսական ու քաղաքական նախադրյալներով, նախորդ տնտեսական դինամիկայով, աշխարհագրությամբ և տնտեսության ընթացքի վրա ուղղակի ազդեցություն ունեցող հարյուրավոր այլ հայտնի գործոններով, այլ` նույնիսկ դեմոգրաֆիայով: Օրինակ` կառավարության կառուցվածքի, կամ պետական ապարատի աշխատողների թվաքանակի օպտիմալության հարցը քննարկելիս, վերցնում ու համեմատում են Հայաստանն ու Հնդկաստանը, Հայաստանն ու Ինդոնեզիան, Հայաստանն ու Հոլանդիան, Հայաստանն ու ԱՄՆ-ը, Հայաստանն ու ՌԴ-ը: Այդ ինչո՞վ ենք նման` պետության կողմից իրականացվող բոլոր գործառույթնե՞րն են նույնը, թե` խնդիրներն են նույնական: Համեմատում են արևելյան եվրոպայի երկրների, (թերևս մեկ-երկուսի հետ մի քանի ցուցանիշներով կարելի է համեմատել), արևմտյան եվրոպայի, երբեմն էլ ամբողջ աշխարհի ինչ-որ միջինացված ցուցանիշների հետ: Պարզունակ պատասխանը կլինի` «…համեմատում ենք, որ տեսնենք, թե որ մեկն է առավել արագ զարգանում, և ինչպես անենք, որ ձգտենք ու հասնենք այդ ցուցանիշներին…»: Թերևս մի քանի ցուցանիշներ կարելի է համեմատել, բայց լավ, համեմատեցինք, իսկ հետո՞…

Պիտի կրկնե՞նք այն, ինչ նրանք են արել: Շատ հաճախ Չինաստանի, կամ Ճապոնիայի օրինակն են մեջբերում: Իսկ որևէ մեկը համեմատում և հաշվի առնու՞մ է (ի թիվս այլ ցուցանիշների) օրինակ` միջին վիճակագրական չինացու, կամ ճապոնացու միջին օրական անհրաժեշտ կենսաբանական սննդային ռացիոնի քանակն ու արժեքը միջին վիճակագրական հայաստանցու համար անհրաժեշտ նույն ցուցանիշի հետ, նաև այն, թե` նույնատիպ ռացիոնով միջին վիճակագրական հայը օրվա մեջ քանի ժամ կարող է աշխատունակ լինել: Այստեղ կարելի է հավելել, որ նույնիսկ սովորական դեղերի դոզավորումն է երբեմն բազմապատիկ անգամ տարբերվում:

Նույնիսկ ինչ-որ ցուցանիշներ են մեջբերում` «…այ, եթե հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը մոտեցնենք արևելյան եվրոպայի երկրների միջին ցուցանիշին, ասենք` հասցնենք 30-35-40%%- ի ապա` ամեն ինչ լավ կլինի…»:

Այս ամենը, իհարկե, սովորաբար պարտադիր համեմված է լինում աշխարհահռչակ այս, կամ այն գիտնականի, կամ` այս, կամ այն միջազգային կազմակերպության հրապարակումներից հատվածային մեջբերումներով, աղյուսակներով, բանաձևերով, տարբեր կորերով, գծապատկերներով, օտարալեզու տերմիններով, և այլն:

Իսկ մի գուցե մեզ պետք է 60-70%%… Չէ՞ որ մենք ըստ էության պատերազմող երկիր ենք, և մեզ օդի և ջրի պես անհրաժեշտ է շեշտակի բարձրացնել երկրի պաշտպանունակությունը: Կամ` այդ ո՞ր ճյուղերն ու ենթաճյուղերն են, որ այնքան կենսունակ և հեռանկարային են Հայաստանում, և տեսանելի ապագայում կարող են իրենց դիրքերը այնքան ամրապնդել, դիմանալ մրցակցությանը, որ դրա հետ միասին նաև իրենց վրա վերցնեն այսօրվա համեմատ համարյա կրկնակի հարկային բեռ, զարգանան ու ընդլայնվեն: Իսկ մի գուցե մեզ անհրաժեշտ է հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը իջեցնել, ասենք` 10-15%%, իսկ հարկման բազան ընդլայնե՞լ: Թե՞ խնդիրը պարզապես նմանվելն է:
Իսկ մի գուցե անհրաժեշտ է նվազեցնե՞լ հարկային բեռը, կամ ո՞ր ճյուղերինը բարձրացնել, որոնցը` նվազեցնել, և ինչի՞ց ելնելով…

Բացի այդ` վաղուց մոդայիկ է դարձել, ընդ որում ոչ միայն Հայաստանում` մատնացույց անել այս կամ այն երկրի օրինակը (Իռլանդիա, Շվեյցարիա, Սինգապուր, Հոնկ Կոնգ, և այլն), և հայտարարել` «… այ եթե այս երկրի պես քաղաքականություն, օրենքներ ու կարգավորումներ ընդունենք և կիրառենք, ապա` կունենանք հիանալի անշեղ զարգացում, և շատ լավ կլինի ամեն ինչ…»:

Լավ ե՞նք մտածել: Իսկ կարո՞ղ ենք կիրառել այդ օրենքներն ու կարգավորումները, դա հնարավո՞ր է, իրատեսակա՞ն է: Իսկ մարդի՞կ… մարդիկ, որոնք ապրում են մեր երկրում, իսկ այդ մարդկանց գործոնը հաշվի առե՞լ ենք: Հաշվի առե՞լ ենք մեր երկրում ապրող ու արարող 3 միլիոն հայ «գործոնները», որոնք ի թիվս այլ, ենթադրենք մաթեմատիկորեն ու տնտեսագիտորեն ճշգրիտ հաշվարկված գործոնների` անմիջականորեն և ուղղակի ազդում են տնտեսության վրա` իրենց մշակույթով, պատմությամբ, կրոնով, և վերջապես` էթնիկ հոգեբանությամբ և դրանցից բխող վարքագծով: Հաշվե՞լ ենք, կամ` ի վիճակի ե՞նք հաշվել:

Օրինակ` կարող ե՞նք պատասխանել այն հարցին, թե ինչու՞ դեռևս ԽՍՀՄ կազմի մեջ գտնվող հանրապետություններում միաժամանակ կառուցված, գործարկված երկու բացառապես միատեսակ գործարանների արտադրանքի որակը, ըստ ԽՍՀՄ կազմի մեջ մտող հանրապետությունների` սար ու ձորի տարբերություններ էր ունենում: Կամ` որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե այդ ո՞ր ազգի ներկայացուցիչներն են, որ շատ արագ (2-5 ամսում ) , ադամանդ մշակողի, կամ ոսկերիչի աշակերտից դառնում են վարպետ:

Կամ` որքանով է կիրառելի ասենք` կորպորատիվ կառավարման շվեդական մոդելը Հայաստանի և հայերի համար: Կամ` կարո՞ղ է գերմանացին ձեռագործ մետաքսե գորգ գործել, այնպես ինչպես դա կարող է անել պարսիկը, իսկ պարսիկը` գերմանական որակի ավտոմեքենա արտադրել: Օրինակները շատ շատ են:

Ընդ որում` հենց սրա վրա է հիմնված «աշխատանքի միջազգային բաժանում» վերջերս իսպառ մոռացված, սակայն օբյեկտիվորեն գործող հասկացությունը:

Եվ վերջապես… Ի վիճակի ե՞նք հաշվել, թե ո՞ր պահին Ադրբեջանը կհարձակվի Արցախի վրա:

Այս ամենի հետ միասին, պետք է նշել, որ միանշանակ կարելի է համաձայնվել այնպիսի արդեն կիրառված ու հաջողված երկրի մոդելի ամբողջական կրկնօրինակմանն ու կիրառմանը, որը`
1. չունի ելք դեպի ծով;
2. որի սահմանակից հարևաններն են` Իրանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան, իրենց բոլոր առանձնահատկություններով;
3. որն ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմաններ;
4. որն ունի Հայաստանի հետ բացառապես նույնանման ռեսուրսային, կլիմայական պայմաններ ու աշխարհագրություն;
5. որն ունի աշխարհով մեկ սփռված, իր բնակչության համեմատ եռապատիկ քանակով Սփյուռք;
6. որն ունեցել է բացառապես նույնանման քաղաքական ու տնտեսական հետագիծ` նախորդ առնվազն երկու տեխնոլոգիական շրջափուլերի ընթացքում;
7. Եվ ամենակարևորն ու որոշիչը` որ այնտեղ ապրեն 3 միլիոն հայեր` իրենց պատմությամբ, կրոնով, լեզվով ու մշակույթով, կրթական մակարդակով:

Իսկ կա՞ այդպիսի երկիր: Եթե կա, ապա` թող ասեն «մոդելապաշտները»:

Ոչ ոք չի պնդում, և առնվազն խելամտության սահմաններից դուրս կլինի այն պնդումը, թե` մենք պետք է դեն նետենք համաշխարհային փորձը, հաշվի չառնենք գոյություն ունեցող իրողությունները, ահռելի գիտական պաշարն ու գործնական ընթացքը, այս, կամ այն հատվածում` երկրների փորձը, և այլն: Երբեք…

Սակայն այդ ամբողջի տեղայնացումը մեր երկրում, ներդաշնակեցումը Հայաստանի առանձնահատկություններ հետ, Հայ տեսակի էթնիկ վարքագծի և գործելակերպի յուրահատկությունների հետ պարզապես այլընտրանք չունի: Հակառակ դեպքում մենք պարզապես կկտրվենք օբյեկտիվ իրականությունից` իր բոլոր բացասական հետևանքներով: Չափազանց կարևոր է այդ համադրումը այն իմաստով, որպեսզի` առավելագույնս օգտագործվեն այդ առանձնահատկությունների առավելությունները, և միաժամանակ հաշվի առնվեն թերությունները, այսինքն` տնտեսվարման տեսանկյունից` ուժեղ և թույլ կողմերը: Պետք է պարտադիր հաշվի առնել, որ այդ առանձնահատկությունները որոշ դեպքերում` համընկնում, որոշ դեպքերում` սահմանափակում, իսկ որոշ դեպքերում ընդլայնում են այս կամ այն տնտեսական, կամ իրավական համակարգի գործնական կիրառումը:

Իսկ ինչպե՞ս հաշվի առնել այդ գործոնները, առանձնահատկությունները, ինչպե՞ս համադրել դրանք տնտեսության տարբեր մոդելների, կարգավորումների, օրենսդրության, տնտեսագիտության օրենքների, աքսիոմատիկ թվացող պնդումների հետ, որպեսզի դրան զուգահեռ` աշխարհի համար մնանք հասկանալի, ընկալելի, չափելի, և որպես պետություն` փորձենք պահպանել, ամրապնդել` վստահելի, արժանապատիվ կեցվածք և զարգացման հեռանկար ունեցող գործընկերոջ կերպարը:

Հարցերը շատ շատ են, և առաջին հայացքից շատ բարդ, սակայն լուծումները գործնականում այնքան էլ բարդ չեն:

Սակայն մինչ այդ, և այդ հարցերին առավել ճշգրիտ պատասխանելու համար, անհրաժեշտ է գիտակցել, զգալ, սահմանազատել, հստակեցնել մեր ազգային ու պետական նպատակադրումները, պարզ սահմանել դրանք:

Ըստ այդմ` ձևավորել այն գլխավոր ազգային գաղափարական առանցքը, որի շուրջ հնարավոր կլինի Սփյուռքի հետ միասին «հյուսել» հետագա զարգացման ուղին` ճկուն քաղաքական ու անվտանգային համակարգը, համաշխարհային գիտական ու գործնական հարուստ փորձի վրա հիմնված ու տեղայնացված տնտեսական առաջընթացի մեր` ազգային մոդելն ու դրանից ածանցվող ոլորտային քաղաքականությունները:
Ամենայն հավանականությամբ վերջինս է այն ելակետը, կամ մեկնակետը, որից սկսելը հնարավոր կդարձնի` հասկանալ և պատասխանել վերը շարադրված հարցերին:
Կընկալենք այս ամենը` հավանաբար կհաջողենք, իսկ եթե ոչ, ապա` մի գուցե այսպես էլ կշարունակենք ապրել` մի օր վատ, մի օր լավ, մի օր` նորից վատ, իսկ հետո` ավելի վատ…
Իսկ հետո, երբ` ինչ որ մի օր կհասկանանք, մի գուցե և` շատ լավ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Կապիտալիզմը մահացել է»,- ամերիկացի միլիարդատեր

Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Մարկ Բենիոֆը համոզված է, որ մեծահարուստները պետք է ստեղծեն նոր տնտեսական համակարգ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ աշնանային նստաշրջանին

Միջոցառման շրջանակում նախատեսված են Արթուր Ջավադյանի աշխատանքային քննարկումները Եվրոպական ներդրումային բանկի, գերմանական KfW բանկի, ՄՈւԴԻԶ վարկանշային կազմակերպության և միջազգային այլ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի բանակցորդները համաձայնության են հասել Brexit- ի վերաբերյալ

Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը: