Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ազգային ժողովին «մակրոտնտեսագիտականից քաղաքական լեզու և հակառակը» թարգմանիչներ են պետք. ICHD

Վերադարձ լուրերի բաժին

09:48 , 07 Փետրվար 2018

2018 թվականը հանրային-քաղաքական քննարկումների դաշտում սկսվեց գնաճի մասին բուռն և լայն բանավեճով։ Առիթը՝ հարկային դաշտի փոփոխություններով, մասնավորապես ակցիզային հարկի ավելացմամբ պայմանավորված վառելիքի թանկացումն էր հենց հունվարի առաջին օրերից։ Հանրային մտահոգության ալիքն, իհարկե, եկել էր դեռ նախորդ տարեվերջից, երբ առաջին անհրաժեշտության մի քանի պարենային ապրանքներ էին թանկացել։ Քննարկումների հիմնական բաց հարթակը դարձավ խորհրդարանը, առանցքային բարձրաձայնողները՝ քաղաքական գործիչները։

Ի՞նչ ցույց տվեցին այս քննարկումները.

– հայտնի ճշմարտությունը, որ ֆինանսական շուկաների, գնաճի, փոխարժեքի մասին պետք է հրապարակավ զգույշ արտահայտվել, քանզի այդ ասպարեզում հասարակական բացասական սպասումները կարող են մեծ վնասներներ հասցնել, մեր երկրում դեռ հաստատապես ընկալել են մատների վրա հաշված գործիչներ,

– քաղաքական գործիչներին, ովքեր խորապես տիրապետում են, թե իրականում ինչ է գնաճը, ինչպես է այն հաշվարկվում, ինչպես է այն կառավարվում, ինչու ենք մենք տարեկան 4 տոկոս շեմ սահմանում, էլի կարելի է մատների վրա հաշվել,

– մատների վրա կարելի է հաշվել նաև այն տնտեսագետների անունները, ովքեր կարող են հրապարակավ մեկնաբանել ֆինանսական երևույթները, և մարդիկ դա հասկանան. ճիշտ այնպես, ինչպես ոչ ոք բան չի հասկանա, երբ հմուտ վիրաբույժը հրապարակավ պատմի վիրահատության մանրամասները,

– մատների վրա կարելի է հաշվել այդ դրվագները, երբ մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնող բարձրաստիճան պաշտոնյայի և հանրային-քաղաքական գործչի բաց քաղաքական բանավեճում մի կողմը հասկանում է, թե մյուսն ինչ է ուզում, իսկ երկրորդը՝ թե առաջինն ինչ իրեն պատասխանեց։

Եզրակացություն. ֆինանսական հատվածի, մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ մեր երկրում պատասխանատուների և «պահանջատերերի» բանավեճը նման է այն գերմանացու և ֆրանսիացու զրույցին, ովքեր մայրենիից բացի այլ լեզվի չեն տիրապետում։

Արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ բանավեճն իր դասական իմաստով ոչ միայն անօգտակար, այլև վնասակար է։ Գնաճը դառնում է հանրային քննարկման ամենաբարձր հնչող թեման, ենթագիտակցորեն ավելացնում է հանրային սպասումները, բայց փոխարենը չի կարողանում ամրապնդել քաղաքական դաշտ – քաղաքականություն իրականացնողներ փոխադարձ վստահությունն ու ապահովել արդյունավետ վերահսկողություն։ Որովհետև մարդիկ պարզապես տարբեր լեզուներով են խոսում…

Այլընտրանքը կամ իրավիճակի շտկման առաջարկ

Կարելի է առանձնացնել վերը նշված խնդրի լուծման երեք տարբերակ.

– օգնել ՀՀ ԱԺ պատգամավորներին և շահագրգիռ հանրային գործիչներին մակրոտնտեսական գիտելիքների խորացման հարցում. Սա իսկապես կարող է օգտակար լինել ոլորտն ավելի լավ հասկանալու և ավելի առարկայական խոսք կառուցելու հարցում, բայց կատարյալ լուծում լինել սա իհարկե չի կարող, քանի որ ակնհայտ է, որ բազմազբաղ գործիչներին բարձրակարգ մասնագետ դարձնել հնարավոր չէ ու պետք էլ չէ։

– օգնել երկրում մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնող պրոֆեսիոնալներին հանրային խոսքն ավելի պարզ ու հասկանալի դարձնելու հարցում. Սա էլ իսկապես օգտակար կարող է լինել իրականացվող քաղաքականությունն ավելի հասու կերպով ներկայացնելու, քաղաքական բանավեճը մի քիչ ավելի փոխադարձ հասկանալի դարձնելու տեսանկյուններից։ Սակայն սա էլ վերջնական լուծում համարել չի կարելի։ Ի վերջո ոլորտի պատասխանատուները կառավարում են միլիարդներ․ եթե նրանց շատ մոտեցնենք հանրային խաղի, երբեմն նաև պոպուլիզմի գայթակղությանը, ապա դա հղի կարող է լինել ենթագիտակցական այնպիսի որոշումներով, որոնք անդառնալի հետևանքներ կունենան երկրի համար։

– օգնել խորհրդարանին զարգացնելու մակրոտնտեսական վերլուծությունների կարողություններ, ստեղծել պրոֆեսիոնալ միավորներ, որոնք կլինեն մասնագիտական դաշտում իրական բանավիճողը գործադիր կառույցների հետ, հանրային խոսքի դրույթների մատակարարը պատգամավորներին և «թարգմանիչը» այդ երկու աշխարհների միջև.

Ազգային ժողովի աշխատակազմը նման փորձ շատ ունի։ Ի վերջո, չէ՞ որ երբ ֆրանսիացիների կամ գերմանացիների պատվիրակություններ են ժամանում հանդիպման, խորհրդարանի աշխատակազմը պատշաճ թարգմանություն է ապահովում։ Տարեսկզբյան հանրային քննարկումները ցույց տվեցին, որ Ազգային ժողովին «մակրոտնտեսագիտականից քաղաքական լեզու և հակառակը» թարգմանիչներ էլ են պետք։ Ազգային ժողովը բոլոր լեզուներով թարգմանիչներ իր աշխատակազմում չունի, բայց բոլոր լեզուներով թարգմանություններ կազմակերպում է անթերի։ Սա էլ է հնարավոր անել։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն (ՄԶՄԿ – ICHD)

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

#Cloud_VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին (տեսանյութ)

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud_VivaCell-MTS՝ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայություն՝ նախատեսված մեծ, միջին և փոքր ընկերությունների համար:

Ամուլսարն ու Հայաստանի արտաքին պարտքի ռիսկը

2020 թվականին լրանում է դեռևս 2013 թվականին պարտատոմսերի ժամկետը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բազկամարտիկին

Բանկը ֆինանսավորել է Հայաստանի բազկամարտի բազմակի չեմպիոն, Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Վարդան Դավթյանի մասնակցությունը