Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԶԲ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման ծրագրին

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

13:37 , 26 Փետրվար 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի նորանշանակ գլխավոր տնօրեն Շոն Օ’Սուլլիվանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավար Շեյն Ռոզենթալը:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Շոն Օ’Սուլլիվանին և Շեյն Ռոզենթալին՝ պաշտոններն ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նրանց գործուն աջակցությամբ ՀՀ-ԱԶԲ 10-ամյա արդյունավետ համագործակցությունը զարգացման նոր լիցք կստանա: Վարչապետը բարձր է գնահատել մեր երկրում բանկի աջակցությամբ բազմաթիվ ծրագրերի իրականացումը և շնորհակալություն հայտնել տարեցտարի Հայաստանի՝ թե´ հանրային, թե´ մասնավոր հատվածի ծրագրերի պորտֆելի ընդլայնման համար:
ԱԶԲ տարածաշրջանային տնօրենը շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ գործակցության համար և ներկայացրել ՀՀ-ում ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավար Շեյն Ռոզենթալին: Պարոն Օ’Սուլլիվանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի հետ հուսալի գործընկերությունն այսուհետ ավելի մեծ թափով կզարգանա և բանկի անունից պատրաստակամություն հայտնել շարունակել աջակցությունը մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին:

Զրուցակիցները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի առաջընթացն ու համագործակցության հեռանկարները: Արծարծվել են ճանապարհատրանսպորտային, ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև էներգետիկ ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր:

Վարչապետը կարևորել և առաջնահերթ է համարել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագիրը՝ նշելով, որ այն ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար: Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման մայրուղու վերականգնման ծրագրին՝ կարևորելով նաև դրա իրականացումը: ԱԶԲ տարածաշրջանային տնօրենը նշել է, որ երեկ Վրաստանից դեպի Հայաստան ճանապարհին ԱԶԲ պատվիրակությունը ծանոթացել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման աշխատանքների, ինչպես նաև Մ6 մայրուղու նախնական աշխատանքների ընթացքին, և բանկը պատրաստ է շարունակել աջակցել այս ծրագրերի սահուն իրականացմանը:

Կողմերը քննարկել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի», «Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ծրագրի», «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի» ընթացքին վերաբերող հարցեր, կարևորել այս ծրագրերի շարունակականությունը և քննարկել հետագա քայլերը: Վարչապետ Աբրահամյանն անդրադարձել է նաև «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացման» ծրագրին և գոհունակություն հայտնել ծրագրի նախապատրաստման գործընթացում ԱԶԲ ակտիվ գործակցության համար: Իր հերթին պարոն Օ’Սուլլիվանը ևս ողջունել է այս ծրագրի նախաձեռնումը և իրականացումը՝ բարձր գնահատելով ՀՀ կառավարության քայլերն այդ ուղղությամբ:

Վարչապետը գոհունակություն է հայտնել ԱԶԲ հայաստանյան գրասենյակի և ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների համատեղ աշխատանքի կապակցությամբ՝ նշելով, որ ձևավորվել է կառուցողական և ակտիվ համագործակցություն: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստան-ԱԶԲ գործընկերությունը կշարունակի ծավալվել արդյունավետ փոխգործակցության մթնոլորտում, և կուտակված փորձը լավագույնս կծառայի համատեղ ծրագրերի հաջող իրականացմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6%

2017 թ. նոյեմբերի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%:

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»

Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում. վարչապետը համապատասխան հանձնարարական է տվել

Վարչական դատարանում 2017 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ քննության փուլում է գտնվում շուրջ 9,200 գործ։