Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ադրբեջանական լոնդրոմատ. Բացահայտվել է փողերի լվացման և եվրոպացի չինովնիկների կաշառման 3 մլրդ դոլարանոց սխեման

Վերադարձ լուրերի բաժին

16:23 , 05 Սեպտեմբեր 2017

Ադրբեջանի կառավարող էլիտան 2.9 մլրդ դոլարի գաղտնի սխեմա է գործի դրել՝ եվրոպացի պաշտոնյաներին կաշառելու, շքեղ առարկաներ գնելու և փող լվալու համար։ Այս մասին նշվում է բրիտանական Guardian-ի հետաքննության մեջ։

«Գաղտնազերծված տվյալները ցույց են տալիս, որ մարդու իրավունքների պարբերաբար խախտումների, կոռուպցիայի և ընտրակեղծիքների մեջ մեղադրվող ադրբեջանական իշխանությունը 2012-2014թթ. ընթացքում ավելի քան 16 հազար հատ դրամական փոխանցում է կատարել»,- նշվում է հոդվածում։

Գումարի մի մասը վճարվել է քաղաքական գործիչներին և լրագրողներին՝ լոբբիստական գործողության շրջանակներում, որի նպատակն է եղել հակազդել Իլհամ Ալիևի հասցեին հնչող քննադատություններին և դրական իմիջ ձևավորել նրա՝ նավթով հարուստ երկրի համար։ Guardian-ը չի բացառում, որ ստացողների մի մասին հայտնի չի եղել գումարների սկզբնաղբյուրը, քանի որ փոխանցումները կատարվել են քողարկված եղանակներով։

Ադրբեջանական լոնդրոմատը

Փողերի լվացման և կոռուպցիոն այս սխեման լրատվամիջոցներն արդեն կնքել են «ադրբեջանական լոնդրոմատ» (Azerbaijani Laundromat) անունով (money laundering – փողերի լվացում):

Գումարները փոխանցվել են երեք աղբյուրներից՝

1. Ադրբեջանի կառավարություն։ Guardian-ը նշում է, որ Ադրբեջանի իշխող ընտանիքի անունը ուղղակիորեն չի նշվում փաստաթղթերում, սակայն կապը ակնհայտ է։ Մեծ գումարներ են փոխանցվել հատկապես Ադրբեջանի միջազգային բանկի միջոցով, որը պետական սեփականություն է։

2. Ադրբեջանական Baktelekom MMC ընկերություն։ Այն անվանումով նման է հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից մեկից, սակայն դրա հետ կապ չունեն։ Ըստ Guardian-ի, այն ասոցացվում է Իլհամ Ալիևի կնոջ անվան հետ։ Անգամ սեփական կայք չունեցող այս ընկերությունը «Լոնդրոմատին» փոխանցել է 1.4 մլրդ դոլար։

3. Ռուսաստանի կառավարություն՝ ի դեմս «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության, որից փոխանցվել է մոտ 30 մլն դոլար։ Հոդվածում այս ընկերության դերակատարության մասին մանրամասն չի նշվում, սակայն կարելի է ենթադրել, որ «Ռոսօբորոնէքսպորտը» պարզապես սեփական կարիքների համար օգտագործել է այս սխեման։

Որպես ֆինանսական միջնորդ հանդես է եկել եվրոպական առաջատար բանկերից մեկի՝ Danske-ի եվրոպական մասնաճյուղը։

Այդ մասնաճյուղից գումարները բաշխվել են Բրիտանիայում գրանցված 4 ընկերությունների միջև։ Դրանք են՝ Metastar Invest, Hilux Services, Polux Management և LCM Alliance։

Այս ընկերությունների կորպորատիվ «գործընկերներն» էլ Բրիտանական Վիրջինյան Կղզիների, Սեյշելների և Բելիզի օֆշորներում գրանցված ընկերություններ են։

Այս ընկերությունների միջոցով էլ գումարը արդեն բաշխվել է վերջնական հասցեատերերին։ Գումարները ծախսվել են 3 հիմնական ուղղություններով՝ ադրբեջանական էլիտայի ներկայացուցիչներ, եվրոպական չինովնիկներ, շքեղության առարկաների գնում։

guardian4

Ովքեր են գումարներ ստացել

Հոդվածում շրջանառվող ամենահայտնի անուններից մեկը Էդուարդ Լինտներն է՝ գերմանացի քաղաքական գործիչ, բունդեսթագի նախկին պատգամավոր և ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նախկին փոխնախագահ։

2013 թվականին Լինտերը Ադրբեջանում էր և գլխավորում էր դիտորդական առաքելությունը։

Ի զարմանս շատերի, նա նշել էր, որ ընտրությունները կազմակերպվել են բարձր մակարդակով, «Գերմանիայում անցակվող ընտրությունների ստանդարտներով»:

Դրանից 2 շաբաթ անց Լինտներին փոխանցվել է 61 հազար եվրո, իսկ 2013-2014թթ. նա ստացել է ընդհանուր առմամբ 891 հազար եվրո։

Eduard_Lintner

Ադրբեջանական լանդրոմատի «հերոսների» թվում է նաև Յունեսկոյի տնօրեն բուլղարացի Իրինա Բոկովան։

2013 թվականին նրա նախաձեռնությամբ լուսանկարների ցուցահանդես անցկացվեց՝ «Ադրբեջան՝ հանդուրժողականության տարածք» խորագրով։ 3 օր անց նրա ամուսնու՝ Կալին Միտրևի հաշվին փոխանցվել է 20 հազար եվրո։

Ընդհանուր առմամբ, 2 տարվե ընթացքում Միտրևի հաշվին փոխանցվել է մոտ 425 հազար եվրո։ Ինքը՝ Միտրևը, նշել է, որ գումարը վճարվել է իրեն՝ բիզնես-խորհրդատվական ծառայությունների մատուցման դիմաց։

Irina-Bokova

Ադրբեջանցիների կողմից վարձատրված եվրոպացի չինովնիկների թվում է նաև իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեն։ Նրա Novae Terrae կոչվող հիմնադրամի հաշվին փոխանցվել է ավելի քան 2 մլն եվրո։

Նշվում է, որ ադրբեջանցիները Վոլոնտեին վճարել են, որպեսզի նա արգելափակի ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղբանտարկների հարցով բանաձևի ընդունումը։ Վոլոնտեն նույնպես հերքում է այդ պնդումները, սակայն Միլանի դատախազությունը արդեն նրան մեղադրանք է ներկայացրել՝ փողերի լվացման և կոռուպցիայի հետ կապված։

volonte

 

Ինչպես դա կարող էր տեղի ունենալ

Danske բանկը արդեն ընդունել է, որ իր էստոնական մասնաճյուղի միջոցով տեղի է ունեցել փողերի լվացում և այլ ապօրինի գործարքներ։ Առաջին անգամ նման գործարքները բանկում նկատել են 2014 թվականին։ Էստոնիայի ֆինանսական կարգավորիչը հայտարարել է, որ մասնաճյուղի՝ փողերի լվացման դեմ պայքարի համակարգը ձախողվել է։

Ադրբեջանական լոնդրոմատի վերաբերյալ գաղտնի տվյալները փոխանցվել են Berlingske դանիական թերթին, դրանք տրվել են նաև Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի կազմակերպությանը (OCCRP), Guardian-ին և այլ լրատվամիջոցների։

Տվյալները ծածկում են 30 ամսվա ժամանակահատված, սակայն ԶԼՄ-ները ենթադրում են, որ սա միայն այսբերգի գագաթն է, և հանցագործությունների մասշտաբն ավելի լայն է։

Բրիտանական լրատվամիջոցները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ բրիտանական «հարկային դրախտները» հերթական անգամ օգտագործվել են ապօրինի սխեմաների գործարկման համար։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները