Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱԱՀ՝ «արագ առաքմամբ». Հարկայինը փաստի առաջ է կանգնեցրել Menu.am-ի հետ համագործակցող օբյեկտներին

Վերադարձ լուրերի բաժին

10:59 , 31 Օգոստոս 2017

Երևանում գործող մեծ ու փոքր բազում ռեստորանների, պանդոկների, շաուրմայանոցների և հանրային սննդի այլ օբյեկտների սեփականատերերի համար օգոստոսը եղել է տխուր բացահայտումների ամիս։ Նրանք  պարզել են, որ իրենց պատրաստած ուտեստները Menu.am-ի և սննդի առաքման այլ ծառայությունների միջոցով հաճախորդին հասցնելը ավելի թանկ հաճույք է, քան իրենք պատկերացնում էին։

Տնտեսվարողներին այս բացահայտման հարցում օգնել է ՊԵԿ-ը՝ անսպասելիորեն տեղեկացնելով, որ նրանք Menu.am-ի միջոցով առաքված սննդի և այլնի համար պետք է նաև ԱԱՀ կամ շրջանառության հարկ վճարեին՝ արտոնագրային վճարից բացի։

Սա իսկական սառը ցնցուղ է եղել այս ոլորտում գործող և արտոնագրային (կամ հաստատագրված) վճարի ռեժիմում աշխատող հարյուրավոր փոքր ու միջին գործարարների համար։

Սակայն ամեն ինչ հերթով։

Ինչպե՞ս են հարկվում հանրային սննդի օբյեկտները Հայաստանում

Ներկայումս գործող օրենսդրությամբ՝ հանրային սննդի ոլորտի օբյեկտները հարկվում են արտոնագրային վճարով։ Այսինքն՝ ԱԱՀ-ի և շրջանառության հարկի փոխարեն վճարում են ֆիքսված (հաստատագրված) գումար՝ կախված օբյեկտի մակերեսից, գտնվելու վայրից և մի քանի այլ գործոններից։

Օրինակ՝ Երևանում գործող մինչև 20քմ տարածք ունեցող ռեստորանը կամ «բիստրոն» ամսական վճարում է 30 հազար դրամ։ 20-ից մինչև 50քմ տարածք ունեցողները վճարում են 30 հազար դրամ՝ գումարած
20 քմ   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 քմ-ի  համար` 15 հազար դրամ և այդպես շարունակ։ Որքան մեծ է տարածքը՝ այնքան շատ է վճարը։

Մարզերում նույն մակերես ունեցող օբյեկտները վճարում են ավելի քիչ։ Սահմանամերձ շրջաններում՝ է՛լ ավելի քիչ։

Կան նաև գործակիցներ։ Օրինակ, եթե հանրային սննդի օբյեկտը ունի սպառողների սահմանափակ քանակ (ասենք՝ Ազգային ժողովի բուֆետը, որտեղ պատահական մարդիկ չեն կարող մտնել), ապա արտոնագրային վճարի չափը կիսվում է։ Իսկ եթե հանրային սննդի օբյեկտում ցուցադրվում է նաև ստրիպտիզ, ապա արտոնագրային վճարի չափը հնգապատկվում է։

Այս ամենը կարգավորվում է Արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքով։

Հանրային սննդի օբյեկտներին հարկման այս ռեժիմը ձեռնտու է, քանի որ նրանք հիմնականում գերփոքր, փոքր և միջին ընկերություններ են և նախընտրում են աշխատել պարզ հարկային դաշտում՝ հստակ իմանալ, որ յուրաքանչյուր ամիս պետք է վճարեն Xգումար՝ անկախ իրենց շրջանառությունից։

Ահա այդպես էլ աշխատում էին հայրենի ռեստորանատերերը, պանդոկատերերն ու բիստրոյատերերը մինչև բոլորովին վերջերս, որովհետև Պետական եկամուտների կոմիտեն նրանց համար անակնկալ էր պատրաստել։

«ԱԱՀով շաուրմայի» դառը համը

Մեր տեղեկություններով, ՊԵԿ հարկային ծառայության աշխատակիցները վերջին շրջանում զանգահարում են Menu.am-ի հետ համագործակցող օբյեկտների տնօրեններին և տեղեկացնում, որ այդ ծառայության միջոցով վաճառված սննդի արժեքից պետք է ԱԱՀ կամ շրջհարկ վճարել։

Հիմնավորումը հետևյալն է. եթե սնունդը կամ խմիչքը տվյալ օբյեկտի տարածքում չի սպառվում, ապա դա արդեն ոչ թե հանրային սննդի ոլորտի գործունեություն է, այլ ուրիշ բան, ասենք՝ սննդի վաճառք, որը ԱԱՀ կամ շրջհարկ է գոյացնում։

Ըստ այդ տրամաբանության, եթե հաճախորդը շաուրման ուտում է շաուրմայանոցում, դա նորմալ է՝ տնտեսվարողը գործում է արտոնագրային վճարի դաշտում։ Իսկ եթե շաուրմայանոցի տարածքից դուրս՝ ապա արդեն ԱԱՀ-ի կամ շրջանառության հարկի հարց է  է ծագում։

Իհարկե, տեխնիկապես անհնար է վերահսկել թե, շաուրման որ տարածքում մուտք գործեց հաճախորդի ստամոքս՝ շաուրմայանոցի ներսո՞ւմ, թե՞,ասենք, դիմացի մայթին կամ տանը։ Իսկ Menu.am-ի դեպքում դա արդեն վերահսկելի է։  Եթե շաուրման պատվիրվել է Menu.am-ով, ուրեմն փաստ է՝ որ այդ ուտեստը շաուրմայանոցի տարածքում չի սպառվել՝ իր հարկային հետևանքներով հանդերձ։ Menu.am-ը աշխատում է սպիտակ դաշտում, այսինքն՝ պատվերների արժեքները հստակ ֆիքսում է, հարկայինը այդ հաշիվների հիման վրա էլ լրացուցիչ հարկային պարտավորություններ է ներկայացնում տնտեսվարողներին։ Պարզ ասած, ձեզ առաքված յուրաքանչյուր շաուրմայի դիմաց ՊԵԿ-ը համապատասխան չափով ԱԱՀ է «առաքում» տնտեսվարողին։

Տարբերությունն այն է, որ դուք սպասում էիք ձեր շաուրմային, իսկ տնտեսվարողները ՊԵԿ-ի առաքած «շաուրմաներին» չէին սպասում:

Մյուս տարբերությունն էլ այն է, որ ձեր շաուրման ստանում եք անմիջապես, իսկ ՊԵԿ-ի «շաուրմաները» առաքվել են ուշացած և, ինչպես ասում են, «բիրիքով»:

Եվ վերջապես, երրորդ տարբերությունը. եթե դուք շաուրմա չեք պատվիրել, ապա կարող եք հրաժարվել առաքումից և չընդունել այն։ Իսկ ՊԵԿ-ի կողմից տնտեսվարողներին ուղարկված «ԱԱՀ-ով շաուրմայից» հրաժարվելու հնարավորություն չկա։

ՓՄՁ Համագործակցություն ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իրենց կազմակերպության անդամ հանդիսացող գործարարներին նույնպես զանգեր են եղել տարբեր հարկային տեսչություններից, և այդ զանգերը առավել ակտիվացել են վերջին մի քանի օրերին։ «Հարկային տեսուչների պահանջները հանրային սննդի օբյեկտներին եղել է նույնը՝ ովքեր աշխատել են Menu.am–ի հետ և նրանց միջոցով հասույթ գեներացրել, այդ հասույթի մասը պետք է ճշգրտեն. դրանք հաշվառեն կա՛մ ընդհանուր հարկման դաշտում՝ առանձնացնելով և պետական բյուջե վճարելով Ավելացված Արժեքի Հարկ, կամ շրջանառության հարկ», – ասում է Հակոբ Ավագյանը։

Անիրական պահանջների շարքից

Հակոբ Ավագյանի խոսքով, հարկային մարմինները տնտեսվարողներից պահանջում են գրեթե անհնարինը՝ հանրային սննդի ոլորտի հասույթը տարանջատել ըստ այդ ապրանքի սպառման վայրի. «Այսինքն, եթե հաճախորդը ասում է՝ ուտելիքը տանում եմ հետս, ապա պետք է վաճառքն իրականացվի ԱԱՀ հարկման ռեժիմով, եթե ասում է ուտում եմ այստեղ, ապա արտոնագրային վճարների (հաստատագրված) ռեժիմով: Սա ծիծաղելի է։ Հանրային սննդի օբյեկտների համար, որոնք հատել են ԱԱՀ-ի շեմը, սա գլխապտույտի հասնող պահանջ է»:

ՓՄՁ Ասոցիացիայի տնօրենը ուշադրություն է հրավիրում նաև մի կարևոր նրբերանգի վրա. եթե խոսում ենք հայկական խոհանոցների մասին, ապա նրանց մոտ ձեռքբերումների մեծ մասը գյուղմթերք է։ «Դա նշանակում է, որ նրանք ԱԱՀ-ի հաշվանցման ձեռքբերումներ չունեն, հետևաբար՝ ինքնաբերաբար գնալու  են իրենց արտադրանքի ու ծառայությունների գների թանկացմանը»:

Որպեսզի  «գլխացավանքի սխեման» ավելի պարզ լինի, պատկերացրեք, որ հաճախորդը ասում է՝ վերցնում եմ աղցան՝ հետս տանելու համար։ Այդ դեպքում տվյալ օբյեկտի հաշվապահը պետք է արագ վերահաշվարկի տվյալ ուտեստի գինը և սպառողին ավելի թանկ գին ներկայացնի (ավելացնելով ԱԱՀ-ն): Եթե հաճախորդը կեսից փոշմանի, որոշի սնվել տվյալ օբյեկտում, ապա գինը պետք է նորից վերահաշվարկվի՝ հաստատագրված վճարներով և էժան գնով… և այսպես շարունակ: «Ունենք տնտեսվարողներ, ովքեր ունեն իրենց սեփական առաքիչները, շատերն օգտվում են նաև Menu.am –ի ծառայություններից: Հիմա մեր շատ«սիրելի» հարկային մարմինները պահանջում են բոլոր վաճառքները, որոնք հասնում են սպառողին՝ առաքմանծառայություն ների միջոցով, հաշվառել ԱԱՀ-ի դաշտով, կամ շրջանառության հարկով, որոնք սեփական առաքիչների միջոցով կամ տեղում են սպառելու եղանակով՝ հաստատագրված վճարով»,- ասում է Հակոբ Ավագյանը։

Իսկ որպեսզի գլխացավանքի մասշտաբները ավելի պարզ լինեն, հիշեցնենք, որ միայն Menu.am համակարգը հայաստանյան շուկայում գործում է 2012 թվականից և համախմբում է երևանյան մի քանի հարյուր ռեստորաններ, սրճարաններ ու մասնագիտացված խանութներ։ Կան նաև այլ առաքման ծառայություններ, որոնք նույնպես համագործակցում են սննդի օբյեկտների հետ։

Այսինքն, հարկային մարմինը կարող է ետ գնալ և նախորդող մի քանի տարիների համար ԱԱՀ պահանջել տնտեսվարողներից՝ իրենց տույժ ու տուգանքներից բացի։

Պատկերացրեցի՞ք ամբողջ էֆեկտը։ Սակայն սա դեռ ամենը չէ։ Այսքանը միայն սննդի ոլորտում գործող տնտեսվարողների մասով էր։ Սակայն կան նաև կողմնակի էֆեկտներ։

Menu.am. հպարտանանք, բայց չխնայենք

Մոտ մեկ ամիս առաջ բոլորս հպարտությամբ տարածում էինք այն լուրը, որ Menu Group-ի վրացական մասնաճյուղը՝ Menu.ge-ն, ընդամենը 3 տարում այնքան է ամրապնդել իր դիրքերը, որ գնել է վրացական շուկայում իր հիմնական մրցակցին՝  DeliveryHero-ի foodpanda.ge-ին։

«Menu.am ասելով՝ մենք այսօր տարբեր հարթակներում հպարտանում ենք մեր հայկական բիզնես մոդելով և իր հաջողություններով։ Ես ինքս սկսնակ գործարարների մասնակցությամբ տարբեր միջոցառումների ժամանակ այս ընկերությունը օրինակ եմբերում, թե ինչպես հայկական ստարտափը կարող է մրցունակ բիզնես գաղափար ունենալ և սահմաններ չճանաչելով՝ գրավել ևս երկու երկրների շուկաներ»,- ասում է Հակոբ Ավագյանը։

Հիմա տրամաբանենք. եթե Menu.am-ի հետ համագործակցությունը լրացուցիչ հարկային պարտավորություններ է առաջացնում տնտեսվարողի համար, ապա նա ի՞նչ պետք է անի։ Կա՛մ պետք է խուսափի համագործակցությունից, կա՛մ պետք է ավելի թանկ գնով պատվեր ընդունի, ինչը բացասաբար է ազդելու օնլայն պատվերների պահանջարկի վրա։

Մենք շեշտում ենք Menu.am, որովհետև խնդիրը հնչեղություն է ստացել, մասնավորապես, այս ընկերության մասով։ Սակայն դրա տակ պետք է հասկանալ նաև նմանատիպ գործունեությամբ զբաղվող այլ ընկերություններին։

Իսկ այդ տիպի ընկերություններ ասելով՝ պետք է հասկանել ՏՏ ոլորտ, ստարտափեր, էլեկտրոնային առևտուր… Մի խոսքով, լիքը բաներ, որոնք տնտեսական առաջնահերթություն ենք հայտարարել ու ցանկանում ենք զարգացնել։

Ամեն դեպքում՝ ինչո՞ւ

Ինչու հանկարծ հարկային ծառայությունը որոշեց մտնել «խոհարարի և առաքողի արանքը»:

Հակոբ Ավագյանն ասում է, որ խնդիրը ամենևին օրենսդրության բացերի կամ նման այլ բաների մեջ չի։  «Պարզապես ներքին մեթոդաբանական և շրջաբերական հրահանգ է իջեցվել տեսուչներին և վերջ՝ առանց կաբինետներից դուրս գալու, առանց փորձելու իրենց իսկ մեկնաբանությունն իրական կյանքում կիրառելու, հաշվապահորեն ձևակերպելու, վերաձևակերպելու…»,- ասում է Հ. Ավագյանը։

Նա խոստովանում է, որ ցավոք դա իր համար արդեն վաղուց ծանոթ շատ վատ ձեռագիր է ֆիսկալ գործառույթ իրականացնող մարմինների կողմից, որ խաղի նոր կանոններ են հնարում և փաստի առաջ կանգնեցնում տնտեսվարողներին։

«Չի կարելի մեկ մեկնաբանությամբ կամ շրջաբերականով մեջքից խփել մեր սկսնակ բիզնեսների համար որպես օրինակելի մոդել ծառայող, երկրներ «զավթող» ընկերությանը և  դրա հետ փոխկապակցված 400-ից ավելի ՓՄՁ-ներին: Եթե հարկային մարմինները շարունակեն իրենց պնդումները այս հարցում, ապա ես նույնիսկ վախենում եմ պատկերացնել դրա արդյունքում առաջացած տուժանքները ինչպիսի բացասական տրամադրություններ կավելացնեն բիզնես միջավայրում, և սա որքան վատ էֆեկտ կունենա մեր մեր տնտեսության վրա»,- ասում է Հակոբ Ավագյանը:

Այս տիպի խնդիրները կրկնվում են, և դրա պատճառը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ ՊԵԿ-ն ու իր մեթոդաբանները գործում են լրիվ անկախ և առաջնորդվում են բացառապես ֆիսկալ մտածելակերպով՝ ավելի  շատ հարկ, ավելի շատ խճճվածություն: «Եթե մեր երկրի ֆինանսների նախարարությունը իրականում ստանձներ քաղաքականություն մշակող մարմնի դերակատարումը և իրականում ազդեցություն ունենար հարկային մարմինների վրա, ապա այսպիսի պատկեր և բարձիթողի վիճակ չէինք ունենա։ Կլիներ այնպես, ինչպես եղել է տարիներ առաջ և կա զարգացած երկրներում հարկային մարմինը կկատարեր միայն իրեն վերապահված լիազորությունները, ոչ թե և՛ քաղաքականություն մշակեր, և՛ կիրառեր, ինչպես այժմ է անում»,- ասում է ՓՄՁ Ասոցիացիայի տնօրենը։

Ապագա գլխացավանքների մասին

Եթե առաքման հետ կապված այս խնդիրը օրենսդական դաշտից չէր, ապա մեկ այլ՝ արդեն օրենսդրական խնդիր հենց այս ոլորտի վրա սպասվում է արդեն եկող տարվա հունվարի 1-ից։ Հակոբ Ավագյանը, խոսելով այս մասին, ընդգծում է, որ դա էլ արդյունք է առանց պատշաճ քննարկման, թեստավորման և վերլուծության ընդունված Հարկային Օրենսգրքի:

«Ըստ ՀՕ-ի, հանրային սննդի օբյեկտները, որոնց սպասարկման մակերեսը գերազանցում է 100 քմը, հայտնվում են ԱԱՀ-ի դաշտում և մեկ օրում կանգնում են լուրջ խնդիրների առաջ։ Դրա արդյունքում բարձրանալու են հանրային սննդի գները, տնտեսվերողները գործելու են անհավասար պայմաններում, կորցնելու են ներդրումները», – ասում է Հ. Ավագյանը։

Նա նշում է, որ այդ դաշտում կան հանրային սննդի այնպիսի օբյեկտներ, որոնք կարևոր են մեր երկրի համար ոչ միայն հարկեր գեներացնելու տեսանկյունից, այլ նաև՝ զբոսաշրջության վրա  ազդեցությամբ, գյուղմթերքի սպառման շղթայում իրենց դերակատարությամբ, վարձու աշխատողնեի քանակով և այլն:

Հակոբ Ավագյանն ասում է, որ այս հարցը ներկայացվել է վարչապետին կից գործող ՓՄՁ խորհրդում, որին հաջորդել է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը։ «Բայց հիմա չեմ ուզում անդրադառնալ, թե այդ հանձնարականն ինչպես է կատարվում, ինչպիսի «կաբինետային» վերլուծություններով են առաջնորդվում, և խիստ կասկածում եմ, որ այս հարցը մինչև սկսվող տարին լուծում կստանա»,- ասում է ՓՄՁ Ասոցիացիայի տնօրենը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի հաշվին է աճելու տնտեսությունը

Կառավարությունը համոզված է, որ կանխատեսվող աճերի պայմաններում տնտեսությունն իր պոտենցիալ մակարդակին կվերադառնա 2019թ.

Թաքուն թանկացող զամբյուղը

2017 թվականի 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 33 781.1 դրամ։

Տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլանում է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։