Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ա՞ճ, թե՞ զարգացում. Ինչու 7% տնտեսական աճը չի ոգևորում բնակչությանը

Վերադարձ լուրերի բաժին

14:21 , 07 Փետրվար 2018

Պաշտոնական վիճակագրությունն այս ամսվա վերջին կհրապարակի տնտեսական աճի (ՀՆԱ-ի աճի) ցուցանիշը՝ 2017թ. համար։ Արդեն գրեթե համոզված կարելի է ասել, որ այն կլինի 7%-ի սահմաններում, և, ինչպես անթաքույց ուրախությամբ նշում են ՀՀ տնտեսական քաղաքականության պատասխանատուները՝ կլինի տարածաշրջանում ամենաբարձր աճի ցուցանիշը։

Հետո միջազգային կազմակերպությունները կսկսեն հիմնավորել, թե ինչպե՞ս իրենք այդքան սխալվեցին՝ կանխատեսելով շատ ավելի ցածր աճ։ Կանխատեսվածից բարձր աճը կպայմանավորեն արտաքին բարենպաստ գործոններով, Հայաստանի տնտեսության՝ սպասվածից բարձր դիմադրողականությամբ, տրանսֆերտներով ու կառավարության քայլերով։

Մնացած ցուցանիշներն արդեն հրապարակվել են՝ ներքին առևտրի երկնիշ աճ, արտահանման ու ներմուծման երկնիշ աճ, արդյունաբերության ու ծառայությունների երկնիշ աճ, շինարարության համեստ աճ, որը դրական զարգացում է՝ տևական անկումից հետո։ Այս ցուցանիշները ոչ միայն արդեն հրապարակվել են, այլև գեղեցիկ գծապատկերներ են կազմվել, և դրանց հիման վրա լավատեսական ելույթներ են հնչել։

Բնակչությանը, սակայն, այդ 7%-ը չի ուրախացնում։ Հակառակը՝ ինչ-որ առումով նաև նյարդայնացնում է, քանի որ այդ աճի ազդեցությունը մարդիկ չեն զգում։ Սովորաբար ընդունված է համարել, որ բնակչությունը տնտեսական աճի էֆեկտը զգում է, երբ աճի տեմպը 3%-ից բարձր է։ Թվում է՝ 7%-անոց աճն արդեն պիտի բավարար լիներ՝ դրա արդյունքները զգալու համար, սակայն այդպես չէ։ Ճիշտ է, կառավարությունն ի սկզբանե հայտարարել էր, որ սա, այսպես ասած, կայունացնող աճ է՝ հետագա առաջընթացի համար հիմքեր ստեղծող աճ, սակայն բնակչին դա այնքան էլ չի մխիթարում։ Կենցաղային օրինակով եթե խոսենք, սա նման է նրան, որ ընտանիքի հայրը տուն մտնող եկամտի մեծ մասն ուղղի մեքենայի վերանորոգմանը՝ ասելով, որ այսօր պետք է դիմանալ, մինչև ինքը վերանորոգելուց հետո սկսի տաքսի քշել և ավելի շատ փող բերել տուն։

Հիմա մեզ մոտ բնակչությունն այդ սպասողական վիճակում է։ 2017-ին սպասողական վիճակ էր, այս տարի՝ նույնպես (թոշակների ու աշխատավարձի բարձրացում չկա)։ Կառավարությունը խոստանում է, որ 2019-ից հետո աճի էֆեկտը կզգացվի։ Սակայն բնակչությունը, հատկապես՝ խոցելի խավերի ներկայացուցիչները, արդեն զգում են մեկ այլ էֆեկտ՝ սննդամթերքի գների աճի ազդեցությունը։

Ու տեսեք` ինչ է ստացվում։ 2016թ. տնտեսական աճը զրոյականին մոտ էր, սակայն գնաճի փոխարեն՝ գնանկում էր։ Մարդկանց եկամուտները չէին աճել, սակայն ապրուստն էլ չէր թանկացել։ 2017-ին, ինչպես նշեցինք, 7%-անոց տպավորիչ աճ է եղել։ Մարդկանց եկամուտները կրկին չեն աճել, սակայն արդեն կա որոշակի գնաճ, հատկապես՝ սննդամթերքի մասով։

Ճիշտ է, երջանկության մակարդակը գրեթե անհնար է չափել, սակայն ակնհայտորեն բնակչության մի զգալի մասը 0.2% տնտեսական աճի ժամանակ ավելի երջանիկ էր, քան 7%-անոց աճի ժամանակ։

Ըստ այդմ, առաջ է գալիս առաջին հայացքից տարօրինակ թվացող մի հարց՝ 7%-անոց ա՞ճն է ավելի նախընտրելի, թե՞ զրո կամ 1%-անոց աճը։ Այո, 7-ը 1-ից մեծ է, սակայն չափազանց կարևոր է հաշվի առնել՝ ի՞նչ որակ ունեն այդ աճերը։ Ո՞վ է օգտվում այդ աճի բարիքներից, կամ, ինչպես ընդունված է ասել, որքանո՞վ է այդ աճը ներառական։

Այսինքն, միայն տնտեսական աճի մեխանիկական ցուցանիշը ոչինչ չի նշանակում և մյուս երկրների հետ համեմատվելու համար բավարար չէ։ Դրա համար էլ տնտեսագետները վերջին շրջանում ՀՆԱ աճին այլընտրանքային գնահատման համակարգեր են առաջարկում։ Ամենից շատ քննարկվողներից մեկը, այսպես կոչված, ներառական զարգացման համարաթիվը կամ ինդեքսն է (Inclusive Development Index – IDI): IDI-ի նախաձեռնությունը պատկանում է Համաշխարհային տնտեսական ֆորումին, և արդեն 2-րդ տարին կազմվում է երկրների վարկանիշ։

IDI-ը հաշվի է առնում ոչ միայն ՀՆԱ-ն, այլ նաև այլ 11 պարամետրեր, այդ թվում՝ աղքատության մակարդակը, եկամուտների և սպառման բևեռացվածության մակարդակը, գործազրկության մակարդակը, կյանքի սպասվող տևողությունը և այլ ցուցանիշներ։ Այսինքն, այս ցուցանիշն ավելի լիարժեք է արտացոլում իրական վիճակը երկրում։

Հայաստանում այս բոլոր առումներով պատկերը մտահոգիչ է։ Ջինի գործակիցը՝ ըստ եկամուտների և սպառման անհավասարության, ոչ միայն բարձր է, այլև վերջին տարիներին շարունակել է աճել։ Այսինքն՝ անհավասարությունը խորացել է։ Գործազրկության մակարդակը բավականին բարձր է։ Աղքատության մակարդակ՝ նույնպես. վերջին 3 տարիներին աղքատության մակարդակը 30%-ի շրջակայքում է և էական նվազում չի գրանցում։

Ավելին ասենք, Ազգային վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակեց մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի բաշխվածությունը՝ ըստ մայրաքաղաքի և մարզերի (տես աղյուսակը)։ Նման բան առաջին անգամ է հրապարակվում, սա փորձնական հաշվարկ է, սակայն ցույց է տալիս խզումը Երևան քաղաքի և մարզերի միջև։

Ինչպես տեսնում եք, 2016թ. ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով հանրապետության մասշտաբով կազմել է 1678637 դրամ, իսկ Երևանում՝ 2756301 դրամ։ Մայրաքաղաքը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով 3.5-4 անգամ գերազանցում է Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերին (այս մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ

growth

Կարճ ասած, այս ամենը նշանակում է, որ տնտեսական աճը անհավասարաչափ է բաշխվում ոչ միայն հասարակության տարբեր շերտերի, այլև բնակավայրերի միջև։ Ստեղծված հավելյալ արժեքը կուտակվում է հիմնականում մայրաքաղաքում՝ հիմնականում մի խումբ մարդկանց մոտ։ Կարճ ասած, աճը ներառական չէ։ Հենց սա է «գաղտնիքը», թե բնակչությունն ինչու չի զգում տնտեսական աճը։ Իհարկե, անգամ ոչ ներառական աճի դեպքում բարեկեցության որոշակի բարձրացում լինում է. իրականացվող ծրագրերն ապահովում են նոր աշխատատեղեր, պետբյուջեն խոշոր ընկերություններից ավելի շատ հարկեր է հավաքագրում, որը կարող է ուղղել տնտեսության ակտիվությանը։ Սակայն դա բավարար չէ։

Ընդ որում, կառավարությունն այս ամենը բոլորից լավ է գիտակցում։ Այդ իսկ պատճառով էլ վերջին շրջանում ամեն հարմար առիթով շեշտվում է, որ տնտեսական աճը պետք է ներառական լինի։ Օրինակ, ՀՀ կառավարության անդամների հետ մեր հարցազրույցում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասել էր. «Այսօր մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ 1% տնտեսական աճն աղքատության մակարդակը նվազեցնում է 0.3 տոկոսային կետով։ Մեր խնդիրն է, որպեսզի տնտեսական աճը լինի ավելի որակյալ, ավելի ներառական։ Ի դեպ, կան երկրներ, որ 1% տնտեսական աճը հանգեցնում է աղքատության նվազեցման 1 տոկոսային կետով։ Մենք 2 ուղղություններով էլ աշխատանքներ ենք իրականացնում՝ ունենալ կայուն 5% տնտեսական աճ, և դրան զուգահեռ՝ այնպես անել, որ դրա ազդեցությունն ավելի մեծ լինի եկամուտների վերաբաշխվածության տեսանկյունից»։

Իսկ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ավելացրել էր, որ Հայաստանում աղքատության և պոտենցիալը բարձրացնելու տեսանկյունից ամենամեծ տեղը գյուղն է, և, որ ներառական աճի ամենամեծ ազդեցությունը կգա հենց այդ գյուղատնտեսությունից՝ հաշվի առնելով այն ծրագրերը, որ կառավարությունն իրականացնում է գյուղում։

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի բնակչությանը երջանկացնելու է ոչ թե տնտեսական աճը՝ անկախ դրա մեծությունից, այլ զարգացումը, որը կազդի բոլոր շերտերի վրա։ Կհաջողվի՞ արդյոք կառավարությանը զարգացում (ընդ որում՝ ներառական) ապահովել, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, այս պահին դժվար է անգամ գնահատական տալ 2017թ. աճի որակին։ 2017-ի աղքատության ցուցանիշը կհրապարակվի սեպտեմբերից ոչ շուտ. այնպես որ, դժվար է ասել՝ 7%-անոց աճը որքանո՞վ է նպաստել աղքատության կրճատմանը։5

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեզ համար անհնար ոչինչ չկա, մեր նպատակներն իրագործելի են». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի աշխատանքներին:

Ինչպես է ազդել թավշյա հեղափոխությունն ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշների վրա

Հիշեցնենք, որ ապրիլի 2-րդ կեսը և հատկապես վերջին շաբաթը նշանավորվեց թավշյա հեղափոխության ակտիվ պրոցեսներով